Հայաստանը Թուրքիայի տարածքով երկաթուղային կապ է ստացել․ ի՞նչ սպասել
Թուրքիան ՀՀ-ի համար բացել է երկաթուղային կապը
«Ախալքալաք–Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ՀՀ ներմուծումների համար»,- նախօրեին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտել է, որ սա մեծ իրադարձություն է երկրի տնտեսական կյանքում։ Նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին։ X-ում Հայաստանի վարչապետի գրառումը վերահրապարակել է նաև ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Հուսով եմ, որ այս նոր քայլը, որը նաև կխթանի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցությանը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում, հաջողություն կբերի այդ բոլոր երկրներին»,- գրել է դիվանագետը։
Հայ փորձագետները դեռևս չեն շտապում գնահատականներ հնչեցնել։ Tvyal.com կազմակերպության ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը JAMnews-ի հետ զրույցում նշել է՝ ներկա պահին որոշումն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, իսկ երկաթուղային կապի բացման տնտեսական հետևանքները հնարավոր կլինի վերլուծել միայն խորքային ուսումնասիրությունից հետո։
Թավադյանն անդրադարձել է ՀՀ-Թուրքիա սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսության օգուտներին և ռիսկերին։ Նկատել է՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը «որոշակիորեն կլուծի» դեպի ԵՄ շուկաներ արտահանման հետ կապված լոգիստիկ խնդիրները։ Անհրաժեշտ է համարել նաև ապրանքները ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելն ու կոնկրետ ապրանքատեսակներ՝ «հայկական բրենդներ» արտահանելը։
Այս պահին հայտնի մանրամասները, փորձագիտական կարծիք
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կվերագործարկվի. ի՞նչ է նշանակում տարածաշրջանի համար
- ՀՀ-ում թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին կեղծ լուրեր են տարածվում
- «Ակնարկ դժգոհության մասին»․ ՀՀ ԱԳ նախարարը չի մեկնել Թուրքիա
- «Թուրքիայի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքը վերացվել է»․ Հայաստանի ԱԳՆ
Ի՞նչ է հայտարարել ՀՀ վարչապետը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ այժմ Հայաստանը Վրաստանի և Թուրքիայի տարածքով երկաթուղային կապ ունի Եվրոպական միության հետ։ Հիշեցրել է՝ մինչ այդ ՀՀ-ն Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ էր հաստատել Ռուսաստանի, ապա և Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։
«Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,- հայտնել է Փաշինյանը։

Մեկնաբանություն
Տնտեսագետ Աղասի Թավադյանն ասում է, որ դեռ չի վերլուծել տնտեսական ասպեկտները՝ ինչ կտա ՀՀ-ին Վրաստանի և Թուրքիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը։ Փոխարենը տնտեսագետն ուսումնասիրել է ՀՀ-Թուրքիա սահմանի բացման տնտեսական հետևանքներն ու պարզել՝ ինչ օգուտներ և ռիսկեր կարող են լինել ինչպես ապրանքների ներմուծման, այնպես էլ արտահանման պարագայում։
Աղասի Թավադյանը հիշեցրել է՝ Հայաստանն այսօր էլ Վրաստանի միջոցով ներմուծում է թուրքական ապրանքներ։ Խոսքը տեքստիլ, գյուղատնտեսական և շինարարական ապրանքների մասին է։ Չնայած տրանզակցիոն ծախսերին՝ այդ ապրանքները «շատ մրցունակ» են հայկական շուկայում և բավականին էժան։
«Եթե ՀՀ-Թուրքիա սահմանը բացվի, այդ տրանզակցիոն ծախսերը չեն լինի։ Ավելի կէժանանա թուրքական ապրանքը Հայաստանում ու կշատանա տեսականին։ Առաջին հերթին, մենք հստակ կունենանք տնտեսական աճ»,- կարծում է տնտեսագետը։
Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տնտեսական աճը հիմնականում կգրանցվի Երևանում։ Դրանից կշահեն մայրաքաղաքում ապրող մարդիկ և ռեստորանային բիզնեսը, որն ավելի էժան կգնի ապրանքներ։
Թավադյանի գնահատմամբ՝ սահմանի բացման պարագայում կտուժի գյուղատնտեսության ոլորտը։ Օրինակ է բերել հայկական լոլիկն ու նշել՝ վերջին տարիներին այն փոխարինվել է թուրքական լոլիկով։ Իսկ Ուկրաինան, օրինակ, հրաժարվել է Թուրքիայից ներմուծել որոշ գյուղատնտեսական ապրանքներ՝ դա դիտարկելով որպես «ռիսկ» իր տնտեսության համար։
Փորձագետը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Մասնավորապես՝ նշել է, որ «2018 թ․-ից հետո ՀՀ-ում տնտեսական աճը հիմնականում արտահայտվել է ՏՏ և բանկային ոլորտներում, որոնք աճել են 3 և ավելի անգամ․
«Իսկ գյուղատնտեսությունը մոտ 15 տոկոսով կրճատվել է։ Եթե Թուրքիան որոշի բավականին էժան լոլիկ, ծիրան կամ այլ ապրանք ներմուծել ՀՀ, դա, իհարկե, կմեծացնի տնտեսական աճը, սակայն կհարվածի գյուղատնտեսությանը»։
Թավադյանի խոսքով՝ կարևոր է ոչ միայն Երևանի, այլև գյուղական համայնքների տնտեսական զարգացումը։ Ասում է՝ այդպիսով հնարավոր կլինի լուծել նաև «տնտեսական անվտանգության» հետ կապված խնդիրները։
Խոսելով հայկական ապրանքները Թուրքիայի տարածքով ԵՄ արտահանելու մասին՝ շեշտել է՝ Փաշինյանի ղեկավարման տարիներին ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է գրեթե 5 անգամ և հավելել՝ «դեպի Եվրամիություն աճ չի գրանցվել»։
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացումը որոշակիորեն կլուծի ԵՄ շուկաների հետ կապված լոգիստիկ խնդիրները, սակայն պետք է քայլեր ձեռնարկել նաև ստանդարտացման ուղղությամբ։
«Պետք է մտածենք բարձր արժեք և ցածր քաշ ունեցող ապրանքների մասին, որոնք չեն փչանում։ Ավանդական գյուղատնտեսական ապրանքները՝ լոլիկ, ծիրան, մինչև հասնեն ԵՄ, արժեքը բավականին կբարձրանա, կփչանան, այլ խնդիրներ կառաջանան»,- ասել է նա։
JAMnews-ը տնտեսագետից հետաքրքրվել է՝ ՀՀ-ից դեպի ԵՄ երկրներ ո՞ր ապրանքատեսակների արտահանումն է իրատեսական համարում։
Ի պատասխան Թավադյանը թվարկել է՝
- ընդեղենի՝ գեղեցիկ, հայկական ատրիբուտներով փաթեթավորմամբ,
- չրերով կոնֆետների,
- ծնեբեկի,
- մեղրի։
Կարևորում է հայկական բրենդի ստեղծումը, ինչպես նաև ԵՄ տարբեր երկրներում էքսպոների մասնակցելն ու այդ ընթացքում նրանց պահանջարկը հասկանալը, նոր կապեր հաստատելը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թուրքիան ՀՀ-ի համար բացել է երկաթուղային կապը