Փաշինյանի աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի. 2027 թ.-ից ՀՀ պաշտոնյաներն ավելի շատ կվճարվեն
Պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում ՀՀ-ում
2027 թվականի հունվարի 1-ից կբարձրանան Հայաստանի վարչապետի և բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կստանա 2 մլն 662 հազար դրամ աշխատավարձ՝ ներկայիս 1,5 մլն դրամի փոխարեն։
Փոխվարչապետների աշխատավարձը ներկայիս 1 մլն 289 հազար դրամի փոխարեն կկազմի 2 մլն 163 հազար դրամ։ Կավելանան ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների աշխատավարձերը։ Այս նպատակին է ուղղվելու ավելի քան 25 մլրդ դրամ։
Կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել նախագծին։ Այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։
«Էս պաշտոնյան բա ո՞նց ա ապրում, ո՞նց ա կոստյում ու ժամացույց առնում։ Մենք դրա նեգատիվ ազդեցությունը մեր պետության զարգացման համար չենք գնահատում երբեք։ Բայց սա շատ նեգատիվ ազդեցություն է ունենում։ Այս խնդիրը չլուծելը բերելու է աղետների»,- գործադիրի նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Իշխող ուժի ներկայացուցիչները այս որոշման ընդունումը համարում են բարեփոխում։ Վարչապետ Փաշինյանը համոզված է՝ բարեփոխումը չանելը կնշանակի «Հայաստանը դատապարտել տեղապտույտի վիճակի ու պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը»։
Ընդդիմությունը, սակայն, ահազանգում է այն մասին, որ նման որոշումներն էլ ավելի են խորացնելու սոցիալական անարդարության զգացումը։
«Քաղաքացիները հաճախ հիասթափվում և հեռանում են երկրից ոչ միայն տնտեսական դժվարություններից, այլև անարդարության զգացումից»,- արձանագրել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Գառնիկ Դանիելյանը։
Ո՞վ և որքա՞ն աշխատավարձ է ստանալու, իշխող ուժի ներկայացուցիչների և ընդդիմադիրների դիրքորոշումը, քաղաքացիների մեկնաբանությունները սոցցանցերում
- Հակակոռուպցիոն արշավ ՀՀ-ում. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառումը
- Փաշինյանի դեմ վարույթ չի հարուցվի․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը
- ՀՀ քաղաքացիություն ստանալը` ավելի դժվար և 5 անգամ ավելի թանկ․ ՆԳՆ նոր նախագիծը
Առաջարկվող փոփոխության մասին՝ թվերով
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝
- ՀՀ նախագահի աշխատավարձը կդառնա 2 մլն 662 հազար դրամ՝ ներկայիս 1 մլն 664 հազար դրամի փոխարեն,
- վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նախարարների աշխատավարձը կդառնա 2 մլն 163 հազար դրամ՝ ներկայիս 998 հազար դրամի փոխարեն,
- Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը կդառնա 2 մլն 496 հազար դրամ՝ ներկայիս 1 մլն 497 հազար 600 դրամի փոխարեն,
- պատգամավորների աշխատավարձը կդառնա մինչև 1 մլն 497 հազար 600 դրամ՝ ներկայիս 832 հազար դրամի փոխարեն,
- Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը կդառնա 2 մլն 412 հազար 800 դրամ՝ ներկայիս 1 մլն 664 հազար դրամի փոխարեն,
- Սահմանադրական դատարանի դատավորի աշխատավարձը կդառնա 1 մլն 830 հազար 400 դրամ՝ ներկայիս 998 հազար 400 դրամի փոխարեն,
- Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը կդառնա 2 մլն 163 հազար 200 դրամ՝ ներկայիս 1 մլն 331 հազար 200 դրամի փոխարեն,
- Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձը կդառնա 1 մլն 996 հազար 800 դրամ՝ ներկայիս 1 մլն 248 հազար դրամի փոխարեն,
- Գլխավոր դատախազի աշխատավարձը կդառնա 1 մլն 830 հազար 400 դրամ՝ ներկայիս 1 մլն 248 հազար դրամի փոխարեն,
- Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների նախագահների աշխատավարձը կդառնա 1 մլն 830 հազար 400 դրամ՝ ներկայիս 1 մլն 206 հազար 400 դրամի փոխարեն։
Կբարձրանան նաև մարզպետների, նախարարների տեղակալների, ԱԺ նախագահի տեղակալների աշխատավարձերը։
Որոշումը կտարածվի նաև ինքնավար մարմինների վրա։ Մասնավորապես՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը կդառնա 1 մլն 830 հազար 400 դրամ՝ ներկայիս 998 հազար 400 դրամի փոխարեն։
Վերոնշյալ գումարները ներառում են նաև հարկերն ու այլ պարտադիր վճարները։
Իշխող ուժի և ընդդիմադիրների գնահատականները
ՀՀ ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր, իշխանական Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում նշել է․
«Պետական կառավարման համակարգը մշտապես ունեցել է բարձրակարգ մասնագետների ներգրավման խնդիր։ Այդ խնդիրն առավել սրված է դարձել հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունն արմատապես փոխվել է։ Համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և մոտիվացիոն համակարգերն ու շղթաներն ամբողջությամբ փոխվել են։
Այն աշխատավարձերը, որոնք փաստացի եղել են, պետական կառավարման համակարգը դարձրել են ոչ հետաքրքիր բարձրակարգ մասնագետների համար։
Մենք արդեն ութ տարի կառավարման ղեկին ենք, և կարծում եմ՝ ութ տարի անց այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է։
Ես ողջունում եմ կառավարության որոշումը և վստահ եմ, որ այն համապատասխան արդյունք կունենա՝ բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»։
ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2024 թ․-ի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21,7 տոկոս, աղքատ է համարվում ամեն չորրորդ երեխան, հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել սոցիալական ծանր պայմաններում, իսկ մարդիկ կանգնած են տարրական կարիքները հոգալու խնդրի առաջ։ Ավելին՝ 21-րդ դարում Հայաստանում արձանագրվում են սովից մահվան դեպքեր։
2021 թ․-ի նախընտրական ծրագրով խոստացել էիք մինչև 2026 թվականը կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը։ Աղքատությունը կրկնակի չնվազեց, բայց փոխարենը դուք սկսեցիք ավելի բարեկեցիկ ապրել։ Այլևս ապառիկով փոշեկուլ ու հեռուստացույց ձեռք չեք բերում, այլ ավելացնում եք ձեր գույքը։
Իհարկե, ոչ ոք դեմ չէ, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ։ Բայց աղքատության նման ցուցանիշի պարագայում արդյո՞ք առաջին հերթին պետք չէ մտածել սոցիալական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման և մարդկանց արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով ապահովման մասին։
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ գերազանցում է 14 միլիարդ դոլարը։ Հազարավոր արցախցիների համար շարունակում են գերխնդիր մնալ կացության, բնակարանի, աշխատանքի հարցերը։ Հարյուրավոր մարդիկ դեռևս ապրում են վագոն տնակներում, շատ հայրենակիցներ խանութներից պարտքով սնունդ են խնդրում։
Ակնհայտ է, որ այս որոշման հիմքում նաև պետական համակարգը լոյալ պահելու քաղաքական հաշվարկ կա»։
Ի՞նչ են մտածում քաղաքացիները․ կարծիքներ
Սոցիալական ցանցերում վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը թեժ քննարկումների տեղիք է տվել։ Մեկնաբանությունները հիմնականում քննադատական են։ Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․
«Շատ կարևոր է հանրային ծառայողների և պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը, բայց չպետք է մոռանալ Հայաստանի ամոթի մասին՝ գրադարանավարների աշխատավարձը ամենացածրն է [75 հազար դրամ]։ Բարձրացրեք»։
««Ժողովրդավար» կառավարությունը օր ու գիշեր ժողովրդի մասին մտածելուց հետո որոշեց 60-80% բարձրացնել իր իսկ աշխատավարձը։ 80.000-150.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները թող շարունակեն մտնել տոտալ թանկացումների ֆոնին հագեցված ապրանքներով խանութներ և երկմտեն` երեխայի համար սնունդ առնե՞ն, թե՞ իրենց թույլ տան նոր կոշիկներ գնել»։
«Անգլիական թագավորական ընտանիքի անդամներին տրամադրվող փողերից էլ բարձր աշխատավարձ ա տալիս մեր տված հարկերի հաշվին։ Մեր կաշին քերթելու են, դեռ ուր եք»։
«Ասում է՝ որ աղետից խուսափեն, պետք է բարձրացվի իր ու մյուս պաշտոնյաների աշխատավարձը։ Ըստ կրքոտ հռետորի՝ աղետ է, երբ հարցնում են, թե որտեղի՞ց է պաշտոնյայի կոստյումը կամ ժամացույցը: Մեկը իրեն հարցնի՝ բա դու ինչի՞ վրա ես ծախսելու ամսական 2 միլիոն 662 հազար դրամը կամ ամսական մոտ 7400 դոլարը, երբ արդեն այդքան թանկ ես նստում մեր պետության վրա․ արդեն 9-րդ տարին է՝ ոչ տան վարձ ես տալիս, ոչ գույքահարկ, ոչ կոմունալներ ես վճարում, ոչ ավտոմեքենա, ոչ բենզին, ոչ ԱՊՊԱ, ոչ տեխսպասարկում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում ՀՀ-ում