«Թուրքիայի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքը վերացվել է»․ Հայաստանի ԱԳՆ
ՀՀ-Թուրքիա ուղիղ առևտրի նախապատրաստության ավարտ
Պաշտոնական Անկարան հայտարարել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին։ ՀՀ-ն ողջունել է Թուրքիայի կողմից «երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման» որոշումը։
Այն, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժեր են լինելու, սպասվում էր դեռ երեկվանից։ Լրագրողները ֆիքսել էին, թե ինչպես է արտգործնախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին շշնջում «թուրքերն էսօր բացում են» արտահայտությունը։
Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ նախկինում Թուրքիայի կարգավորումները թույլ չէին տալիս Հայաստանը նշել որպես «առաքման երկիր», ապրանքները մատակարարվում էին երրորդ երկիր, հետո նոր միայն՝ Հայաստան։ Խոսքը այդ սահմանափակումը վերացնելու մասին է։
- «Թշնամանքի էջը երկուստեք փակել ենք»․ ՀՀ ԱԺ նախագահի արձագանքը Ֆիդանին
- «Հայաստան-Թուրքիա կարգավորման պահը մոտենում է»․ Փաշինյան
- «Հայաստանը սպասում է Թուրքիայի գործուն քայլերին»․ կարգավորման ներկայիս փուլի մասին
Ի՞նչ է հայտնել Անկարան
«2022 թ․-ից ի վեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և վստահության ամրապնդման ձեռնարկված միջոցառումների շրջանակում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2026 թ․-ի մայիսի 11-ի դրությամբ»,- X-ում գրել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեչելին։
Նրա փոխանցմամբ՝ նոր կարգավորման շնորհիվ այժմ հնարավոր է «Թուրքիայից երրորդ երկիր և այնուհետև Հայաստան գնացող կամ նույն երթուղով ՀՀ-ից եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագման վայրը նշել «Հայաստան/Թուրքիա»։
Քեչելին նաև ընդգծել է, որ դեռևս շարունակվում են երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ «տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հարավային Կովկասում «երկարատև խաղաղությունն ու բարգավաճումը ամրապնդելու պատմական հնարավորության լույսի ներքո՝ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հետագա առաջխաղացմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների»։
«Կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է»․ արձագանքներ Երևանից
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը։ Անի Բադալյանն այն բնորոշել է որպես «կարգավորման գործընթացի հերթական արդյունք»․
«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից»։
ԱԳՆ մամուլի խոսնակը նաև ընդգծել է, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է «իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»։
Կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է գործարարների համար լավ լուրը։
«Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր»,- գրել է նա։
Ռուբինյանի փոխանցմամբ՝ շարունակում են աշխատել սահմանի, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ։
Միրզոյանի և Փաշինյանի քննարկումը չէր վրիպել լրագրողների աչքից․ նախապատմություն
Նախօրեին Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին շշնջացել էր, թե «թուրքերն էսօր բացում են… հիշում ե՞ք՝ կոդերը… մի հատ վելքամինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ»: Ի պատասխան Փաշինյանը ցույց էր տվել իրեն ամրացված միկրոֆոնը:
«Որ փսփսալու պահը անցած լիներ, չէինք փսփսա, միանգամից կամերայի առաջ կգայինք ուղիղ կասեինք»,- «Ազատության» հետ զրույցում ասել էր Միրզոյանն ու հավելել՝ եթե մի բան դեռ չի հանրայնացվում է, նշանակում է՝ ընթացքի մեջ է։
Վարչապետ Փաշինյանն ավելի ուշ պարզաբանել էր, թե ինչ առաջընթաց է ակնկալվում ՀՀ-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ուղղությամբ։
«Ապրանքը երբ որ առնում են որևէ երկրից և արտահանում են որևէ տեղ, պետք է նշվի հասցեատեր, առաքման երկիրը: Նախկինում օրենսդրությամբ՝ իրենց [Թուրքիայի] կարգավորումներով, Հայաստանը էդ երկրների ցանկում չկար, և ձևակերպվում էր երրորդ երկիր, երրրորդ երկրից նոր վերաարտահանում Հայաստան: Հիմա իրենք ձևակերպում են, որ էդ ցանկում որպես առաքման երկիր Հայաստանը նշվի»,- հայտարարել էր Փաշինյանը։
Համատեքստ
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից:
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Թեև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, թուրքական կողմը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Երևանի հետ սկսված բանակցությունների օրակարգը կոորդինացնում է Ադրբեջանի հետ:
2021 թ.-ի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին կարգավորման գործընթացի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչին:
2026 թ․-ի տարեսկզբին որոշ հայկական ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել, որ փետրվարի 1-ին ՀՀ-Թուրքիա սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը նման պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2022 թ․-ի հուլիսին:
Հայկական կողմում գտնվող «Մարգարա» անցակետը շահագործման պատրաստ է վաղուց՝ 2023 թ․-ի դեկտեմբերից։ Չնայած ձեռքբերված պայմանավորվածություններին՝ սահմանը շարունակում է մնալ փակ։
Դրական տեղաշարժեր, սակայն, պարբերաբար արձանագրվում են։ Մասնավորապես՝ 2026 թ․-ի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագիր կրող քաղաքացիների համար դյուրացվել է վիզաների տրամադրման գործընթացը։ Մինչև 21 օր այցելության պարագայում նրանք էլեկտրոնային վիզա են ստանում առանց պետական տուրք վճարելու։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-Թուրքիա ուղիղ առևտրի նախապատրաստության ավարտ