Աղտոտվա՞ծ սնունդ․ հայկական արտադրանքում թունաքիմիկատներ կան
Թունաքիմիկատներ հայկական արտադրանքում
Միրգ-բանջարեղենում՝ թունաքիմիկատներ, բուծած ձկներում՝ հակաբիոտիկներ, սեխի և ձմերուկի մեջ՝ նիտրատներ։ Սա Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմնի հաշվետվությունից հանված խնդիրների մի մասն է միայն։
Օրեր առաջ ԱԺ ամբիոնից թունաքիմիկատների մասին ահազանգել էր նաև ընդդիմադիր պատգամավոր Հարություն Մնացականյանն ու հրապարակել վիճակագրական տվյալներ։ ՍԱՏՄ-ից արձագանքել էին՝ նշելով, թե պատգամավորը սխալ տեղեկատվություն է հրապարակել։
«2024 թ․-ին թունաքիմիկատների մասով իրականացվել է ոչ թե 192, այլ 179 նմուշի փորձաքննություն, որոնցից 91-ում հայտնաբերվել են թունաքիմիկատներ, սակայն դրանցից միայն 6 նմուշում է թունաքիմիկատի քանակությունը գերազանցել ԵԱՏՄ համապատասխան իրավական ակտերով սահմանված թույլատրելի քանակը»,- նշել էին կառույցից։
Տեսչական մարմնի պնդմամբ՝ թունաքիմիկատները պտուղ-բանջարեղենում կարող են հայտնաբերվել ոչ միայն յուրաքանչյուր երկրորդ, այլև բոլոր նմուշներում, քանի որ «այդ նյութերն օգտագործվում են մշակության ժամանակ, և առանց դրանց առողջ բերք ստանալ հնարավոր չէ»։
Փորձագետները, սակայն, «սահմռկեցուցիչ և խայտառակ» են որակում նույն կառույցի հաշվետվության մեջ տեղ գտած տվյալները։
«Բառի բուն իմաստով փորձարարական դաշտում ենք, որտեղ մեզ վրա բոլոր քիմիական նյութերը փորձարկում են»,- 5-րդ ալիքի եթերում հայտարարել է սննդագետ Դավիթ Պիպոյանը։
ՍԱՏՄ հաշվետվության կարևոր դրվագները, փորձագետի և քաղաքացիների մեկնաբանությունները
- Դաժան ծեծ ՀՀ մանկատներից մեկում, իրավապաշտպանն ահազանգում է՝ երեխաների ձայնը լսելի չէ
- Փաշինյանի աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի. 2027 թ.-ից ՀՀ պաշտոնյաներն ավելի շատ կվճարվեն
- ՀՀ քաղաքացիություն ստանալը` ավելի դժվար և 5 անգամ ավելի թանկ․ ՆԳՆ նոր նախագիծը
Ի՞նչ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել
Սննդի անվտանգության տեսչական մարմնի 2025 թ.-ի հաշվետվության շրջանակներում բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի ուսումնասիրության նպատակով փորձաքննության է ենթարկվել 179 նմուշ, իսկ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) առկայության հսկողության համար՝ 19 նմուշ։
Նմուշառումն իրականացվել է բուսական ծագման հետևյալ մթերքներից․ խնձոր՝ 15, դեղձ՝ 18, ելակ՝ 17, սալոր՝ 9, խաղող՝ 18, կարտոֆիլ՝ 24, լոլիկ՝ 18, վարունգ՝ 16, տաքդեղ՝ 12, սմբուկ՝ 12, ձմերուկ՝ 8, սեխ՝ 12, եգիպտացորեն՝ 19 նմուշ ԳՁՕ-ի նկատմամբ։
Նիտրատների առկայությունը՝ ըստ մթերքի
• սեխի 10 նմուշում նիտրատների զանգվածային մասը՝ 83%
(Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում),
• ձմերուկի 5 նմուշում նիտրատների զանգվածային մասը՝ 62%
(Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում),
• կարտոֆիլի 1 նմուշում նիտրատների զանգվածային մասը՝ 4․1%
(Գեղարքունիքի մարզում):
Եգիպտացորենի 1 նմուշում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայությունը եղել է 5․2% (Լոռու մարզ)։
Պեստիցիդների մասով ամենաշատ շեղումներն արձանագրվել են հետևյալ մարզերում՝
- Արարատ՝ 42 նմուշում 19 շեղում (45%),
- Արմավիր՝ 42 նմուշում 22 շեղում (52%),
- Արագածոտն՝ 39 նմուշում 17 շեղում (43.5%),
- Կոտայք՝ 39 նմուշում 20 շեղում (51%)։
Փորձաքննությունների արդյունքում ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Արարատի մարզից նմուշառված սեխի և ձմերուկի նմուշներում:
696 նմուշներից ծանր մետաղներ են հայտնաբերվել 9 նմուշում, մասնավորապես՝ կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի նմուշներում։
Կադմիումը ամենահաճախ հայտնաբերված ծանր մետաղն է։ Այդ մետաղը պարունակող մթերքներն ամենաշատը հայտնաբերվել են Արարատի մարզում։
Արարատի մարզից բացի ծանր մետաղներ են հայտնաբերվել նաև Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի մարզերի նմուշներում։
ՍԱՏՄ հրապարակած տվյալների համաձայն՝ անթույլատրելի բարձր հակաբիոտիկային աղտոտում ունի մեղրը։ Բարձր ռիկսային է Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում պատրաստված մեղրը։
Պարզվել է, որ բուծած ձկների օգտագործումը կարող է հանգեցնել առողջական խնդիրների առաջացման․
«Նմուշներում հայտնաբերված հակաբիոտիկները, մասնավորապես՝ նիտրոֆուրանների և մետրոնիդազոլի խմբի միացությունները, ունեն կուտակային ազդեցություն և կարող են առաջացնել քաղցկեղածին և մուտագեն ազդեցություններ»,- նկատել է տեսչական մարմինը։
«Ռիսկի տակ ենք դնում մեր երեխաներին»․ պատգամավորի ահազանգը
ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն ուշադրություն է հրավիրել, մասնավորապես՝ կարտոֆիլի, ձմերուկի և սեխի մեջ հայտնաբերված նիտրատների վրա։
«Նիտսրատների համար ամենախոցելին մեր երեխաներն են։ Այսինքն՝ մենք օգտագործելով ՀՀ-ում արտադրված սնունդը, մեծ ռիսկի տակ ենք դնում մեր երեխաների, մեր ծնողների առողջությունը։ Չխոսեմ մեր մասին»,- ընդգծել է նա։
Կարծում է՝ գյուղացուն մեղադրել պետք չէ, քանի որ նա չի կարող պատկերացնել և հստակ չափորոշիչներ սահմանել՝ ինչպես օգտագործի թունաքիմիկատները։ Մնացականյանի խոսքով՝ պետք է լինի կոնկրետ վերահսկողություն․
«Վերահսկողությունը պետք է հասնի շուկա։ Տեսչական մարմինն առաջարկում է օրենսդրական փոփոխություն իրացման շղթայում թունաքիմիկատների հսկողություն սահմանելու համար։ Դա պետք է անել հենց հիմա, ոչ թե հերթական մոնիթորինգից հետո»։
Պատգամավորն առաջարկում է, որ՝
- ՍԱՏՄ-ն 14-օրյա ժամկետում ամբողջությամբ հրապարակի 2024 թ․-ի մոնիթորինգի արդյունքները,
- Աժ ոլորտային հանձնաժողովը հրավիրի խորհրդարանական լսումներ տեսչական մարմնի, Էկոնոմիկայի նախարարության ղեկավարության, գիտնականների և պատգամավորների մասնակցությամբ։
ՍԱՏՄ արձագանքը․ «Արգելված թունաքիմիկատներ չեն հայտնաբերվել»
Տեսչական մարմինն անթույլատրելի է համարել հանրությանն «անհիմն ու խուճապ տարածելու միտում ունեցող վերնագրերի միջոցով մոլորեցնելը»։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը, թե «այն, ինչ արգելված է Բրյուսելում, Վաշինգտոնում, մեր երկրում մեր տարեց ծնողների ու երեխաների ափսեի մեջ է», կառույցից արձանագրել են, որ թունաքիմիկատի մեկ տեսակը կարող է մի երկրում արգելված լինել, իսկ մեկ այլ երկրում՝ ոչ։
«Հայաստանը հանդիսանում է Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների անդամ երկիր և, ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն, արգելվում է այդ կոնվենցիաներով սահմանված թունաքիմիկատների գրանցումը, ներմուծումն ու օգտագործումը։ Իսկ մեր երկրում արգելված թունաքիմիկատներ չեն հայտնաբերվել»,- հայտնել են կառույցից։
Մեկնաբանություն
Սննդագետ Դավիթ Պիպոյանը 5-րդ ալիքի հետ զրույցում հիշեցրել է՝ մեկ տարի առաջ ոլորտի փորձագետները բարձրաձայնել էին իրենց մտահոգությունները, սակայն ՍԱՏՄ-ն դրանք զրպարտություն էր որակել։
«Անցած տարի նույն մարմինը մամուլի ասուլիս էր անում և հերքում, պնդում, որ չկան այդպիսի խախտումներ։ Այս տարի աննկատ, թաքնված վայրում զետեղեց այս սահմռկեցուցիչ հաշվետվությունը»,- նկատել է նա։
Պիպոյանի խոսքով՝ եթե 100 նմուշից 47-ը եղել է աղտոտված, ստացվում է՝ պայմանական ամեն երկրորդ գնման դեպքում քաղաքացիները բախվում են աղտոտված սննդամթերքի հետ կամ հավանականությունը, որ թունաքիմիկատով աղտոտված միրգ և բանջարեղեն են գնում, 47 տոկոս է։
Պիպոյանի գնահատմամբ՝ սննդամթերքի հանրային առողջապահական խնդիրները չեն սահմանափակվում քաղցկեղածնությամբ։
«Եթե դուք նայեք թունաքիմիկատների սպեկտրը, որն օգտագործվել է, այնտեղ կան թունաքիմիկատներ, որ նյարդատոքսիկ են, կան թունաքիմիկատներ, որ երեխաների առողջության վրա են ազդում»,- մանրամասնել է նա։
Շեշտել է՝ խոսքը սահմռկեցուցիչ, խայտառակ խախտումների մասին է։ Ըստ նրա՝ ՍԱՏՄ-ի հաշվետվության մեջ առկա տվյալները վկայում են՝ ՀՀ բոլոր սպառողները մշտապես առնչվում են վտանգների, որոնք կապված են և՛ բուսական, և ՛ կենդանական ծագման ապրանքների հետ։
Փորձագետի համոզմամբ՝ նման հաշվետվության հրապարակումը այլ երկրներում պարտադիր կերպով կենթադրեր պատասխանատվություն ոլորտի պատասխանատուների համար։
Ի՞նչ են մտածում քաղաքացիները
Հայաստանի քաղաքացիները նույնպես կիսում են ոլորտի փորձագետների վրդովմունքը։ Ստորև ներկայացնում ենք մի քանի կարծիք՝
«Ամեն օր դուք փող եք տալիս ու թույն ուտում։ Ու հետո զարմանում, որ տասնամյակներով Հայաստանը քաղցկեղի դեպքերի առաջատար է ամբողջ աշխարհում»։
«Սա սեփական ժողովրդի առողջության հանդեպ բացարձակ անտարբերություն է»։
«Մենք պահանջում ենք ոչ թե ձևական օրենսդրական «նախագծեր» ու արդարացումներ, այլ խիստ, իրական լաբորատոր վերահսկողություն դաշտերից մինչև խանութներ»։
«Գյուղմթերք արտադրողներ, դուք գո՞հ եք ձեր արածից։ Ասենք թե վերահսկողություն չկա, բա ձեր խիղճը։ Չեք՞ գիտակցում, որ հանցանք եք գործում, մարդ եք թունավորում»։
«Բա որ ասում եմ՝ ամեն օր թույն ենք ուտում, իսկ էկոլոգները ընկել հանքարդյունաբերությունների աշխատանքն են կասեցնում։ Հիմա սրան ի՞նչ կասեք»։
«Ինչ ուզում եք ուտել, պետք է աղոթել, հետո ուտել»։
«Լավ կլիներ, որ պատասխանատվության ենթարկվեին բոլոր նրանք, ովքեր թքած ունեն մարդկանց առողջության վրա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թունաքիմիկատներ հայկական արտադրանքում