ՀՀ-ում թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին կեղծ լուրեր են տարածվում
ՀՀ-ում թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին լուրեր
Վերջին օրերին սոցցանցերում տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե Եվրամիության աջակցությամբ կնքվել է «ոչ հրապարակային համաձայնագիր», որով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ՀՀ-ում թուրքական ռազմաբազայի տեղակայմանը։ Փաստական հիմքեր, սակայն, ներկայացված չեն։
Տեսանյութը նախ հրապարակվել է X հարթակում, այնուհետև շրջանառվել տարբեր օգտատերերի կողմից։ Բացի այդ, այն տարածել են առնվազն 15 էջեր, որոնք ունեն երկու հարյուրից մինչև գրեթե 800 հազար հետևորդ։
Վարչապետ Փաշինյանի աշխատակազմից Factor TV-ին հայտնել են՝ ռազմաբազայի մասին տեսանյութը հերթական կեղծ լուրն է։
Լրատվամիջոցն ուսումնասիրել է տեսանյութն ու ներկայացրել դրա կեղծ լինելն ապացուցող մի շարք փաստեր։ Մասնավորապես՝ տեսանյութի անգլերեն խոսքը գեներացվել է արհեստական բանականության կողմից, DRM news-ի լոգոն կեղծվել է, օգտագործվել են մանիպուլյացված կադրեր։
«Հայաստանում թուրքական նոր ռազմաբազայի տեղակայման մասին տեսանյութը կեղծ է․ այն չի հրապարակվել DRM news լրատվականի կողմից։ Դրանում ներկայացված պնդումները չեն հիմնավորվում այլ աղբյուրներով, իսկ ՀՀ կառավարությունն էլ հերքում է նման համաձայնության մասին տեղեկատվությունը՝ այն որակելով կեղծիք»,- արձանագրել է Factor TV-ն։
- Հայաստանը՝ հիբրիդային գրոհի տակ. ապատեղեկատվություն տարածողներն ու նրանց նպատակները
- «Թուրքիայի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքը վերացվել է»․ Հայաստանի ԱԳՆ
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
Թուրքերի, ադրբեջանցիների և Զելենսկու մասին․ ի՞նչ պնդումներ են արվում տեսանյութում
«Ըստ մի քանի եվրոպացի դիվանագետների, Հայաստանը նաև ստորագրել է ոչ հրապարակային համաձայնագիր, որով Թուրքիային թույլատրվելու է ռազմական բազա ստեղծել Գյումրի քաղաքի մերձակայքում»,- ասված է տեսանյութում։
Թե ովքեր են այդ եվրոպացի դիվանագետները՝ պարզ չէ։
Նշվում է, որ սկզբնական շրջանում բազան գործարկվելու է ադրբեջանցի ռազմական մասնագետների կողմից, այնուհետև անցնելու է թուրքական վերահսկողության տակ։
Տեսանյութում պնդում է արվում, թե «ստորագրված համաձայնագիրը կտրուկ շրջադարձ է Հայաստանի համար, որը երկար տարիներ Թուրքիային և Ադրբեջանին դիտարկել է որպես թշնամական պետություններ»։
Ըստ տեսանյութի՝ Թուրքիայի հետ համաձայնության կայացման գործում «էական դեր» է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ինչպես մյուս պնդումների դեպքում, այս պարագայում ևս որևէ հիմնավորում կամ ապացույց ներկայացված չէ։
Տեղ են գտել նաև այնպիսի նարատիվներ, որոնք վերջին շրջանում տարածվում էին ռուսալեզու տելեգրամյան ալիքներում։ Մասնավորապես՝ տեսանյութի վերջում նշվում է, որ համաձայնագիրը կնքվել է ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, և, իբր, ԵՄ դիվանագետները Նիկոլ Փաշինյանին վստահեցրել են, որ «միջազգային դիտորդներն անտեսելու են հնարավոր խախտումները՝ ապահովելով նրա հաղթանակը»։
Factor TV-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տեսանյութում կիրառվել է մոլորեցնող հնարք․ վստահություն ձևավորելու համար չհիմնավորված պնդումների հետ ներկայացվել են նաև իրական փաստեր։ Որպես իրական փաստեր տեսանյութում տեղ են գտել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում ստորագրված համաձայնագրերը։
«Նոր բազայի» տեսարանները վերցված են ադրբեջանական վարժանքներից
Տարածվող տեսանյութի անգլերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության (AI) միջոցով։ Խոսքին զուգահեռ ներկայացված են լուսանկարներ, որոնց մի մասը վերցված է մայիսի սկզբին Երևանում կազմակերպված միջոցառումներից՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովից։
«Զինտեխնիկայի և զինվորականների կադրերը, որոնք ներկայացվում են որպես «նոր բազայի» հետ կապված տեսարաններ, իրականում վերցված են 2021 թ․-ի նոյեմբերի 30-ին Ադրբեջանում անցկացված մարտական վարժանքներից»,- պարզել են հետաքննող լրագրողները։
Կիրառվել է deepfake-ի հնարքներից մեկը՝ օգտագործվել է իրական ԶԼՄ-ի լոգո
Իրական՝ գործող ԶԼՄ-ի լոգոյի օգտագործումը deepfake-ի ամենատարածված հնարքներից մեկն է։ Սա արվում է տեսանյութին վստահելիության շերտ հաղորդելու համար։ Թուրքական ռազմաբազայի «տեղակայման» մասին տեսանյութում օգտագործվել է DRM news-ի լոգոն։
FactorTV-ն փորձել է լրատվականի խմբագրությունից տեղեկություններ ստանալ տեսանյութի մասին։ Գրավոր պատասխան է ստացել՝ շրջանառվող տեսանյութի հետ իրենք որևէ կապ չունեն։
DRM news-ի էջերում առկա է տեսանյութ, որի գլխավոր նկարը նման է X-ում տարածվող տեսանյութի գլխավոր պատկերին, սակայն բովանդակությունն այլ է․
«Եթե X-ում տարածվող տեսանյութում խոսվում է թուրքական ռազմաբազայի մասին, ապա DRM news-ի հրապարակած նյութը մայիսի 5-ին Երևանում անցկացված ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ուղիղ հեռարձակումն է»։
Այդ տեսանյութը լրատվամիջոցը հրապարակել է 2026 թ․-ի մայիսի 5-ին՝ ներկայացնելով ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Այն վերնագրված է «Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրում են կապակցվածության մասին համաձայնագիր Երևանում անցկացվող առաջին գագաթնաժողովի ժամանակ»։
DRM news-ը սոցցանցերում ներկայանում է որպես միջազգային հարցերի, ֆինանսների և այլ թեմաների վերաբերյալ նորությունների և վերլուծությունների աղբյուր։ Կայքը ստեղծվել է 2014 թ․-ին։ DRM news-ը հիմնական գործունեությունը ծավալում է YouTube-ում և Facebook-ում, որտեղ ունի համապատասխանաբար շուրջ 831 հազար և 137 հազար հետևորդ։
Այդ էջերն առաջին անգամ չեն կեղծիք տարածում
Հիշատակվող 15 էջերը, որոնք տարածել են ՀՀ-ում «թուրքական ռազմաբազայի տեղակայման» մասին լուրեր, հայտնի են իրենց կեղծ հետաքննություններով և AI-ով գեներացված տեսանյութերով։ Մասնավորապես՝ դրանք ժամանակին պնդել են, թե՝
- «Հայաստանի իշխանությունները պատրաստվում են չեղարկել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումները,
- վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» շինարարական նախագիծը 40 տարով հանձնում է թուրքական «Լիմակ» ընկերությանը»։

«Ի դեպ, Truth_teller օգտատերը այդ տեսանյութը տարածող գրառման մեջ «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն գրել է Զանզիբարի միջանցք»,- հայտնում է Factor TV-ն։
Ենթադրյալ թուրքական ռազմաբազայի մասին տեսանյութերը պատրաստված են նույն սխեմայով՝ արհեստական բանականությամբ գեներացված ձայն, գործող լրատվամիջոցների լոգոներ, անհիմն պնդումներ՝ իրական փաստերի կողքին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ում թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին լուրեր