Ճգնաժամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում. ներքին և արտաքին գործոնները
Ճգնաժամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը ճգնաժամի մեջ է։ Հայ վերլուծաբանները դա կապում են տարածաշրջանային և գլոբալ գործոնների բարդ փոխազդեցությունից բխող անկայունության հետ։ Նրանց կարծիքով՝ բանակցային գործընթացում պաշտոնական միջնորդների բացակայությունը չի խոչընդոտում, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Իրանը ազդեցություն ունենան Երևանի և Բաքվի դիրքորոշումների վրա։ Այս ֆոնին սրվում է նարատիվների պայքարը, այդ թվում՝ սահմանային նոր պահանջների և մշակութային ժառանգությանը վերաբերող թեմաներով։
Վերջին շաբաթների ընդհանուր լարվածությունն ազդել է նաև հանրային դաշտի վրա. սառեցվել է «Խաղաղության կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության շրջանակում ընթացող երկխոսությունը։ Երկու երկրների փորձագետների հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Երևանում այս օրերին, հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով՝ «մինչև լարվածության թուլացումը»։ Այս մասին հայտնել է նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։
«Մենք կողմ ենք նրան, որ նման հանդիպումները կայանան, ոչ թե հետաձգվեն։ Հայկական կողմը կարծում էր, որ ստեղծված սուր իրավիճակում անհրաժեշտ է հանդիպել, փորձել փոխըմբռնման հասնել և պայմանավորվել տեղեկատվական ու հանրային դաշտերում ցանկալի մթնոլորտի շուրջ։ Սակայն Ադրբեջանի մեր գործընկերները, ըստ երևույթին, նպատակահարմար չեն համարում շփումներն այս փուլում»,- ասել է նա։
Ադրբեջանական Minval Politika պարբերականը հանդիպումը չեղարկելու որոշումը վերագրել է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող «տեղեկատվական արշավին» և հայկական իշխանությունների՝ երկրի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն կատարելու փորձին։ Սակայն այդ պնդումները հիմնավորող որևէ ապացույց պարբերականը չի ներկայացրել։
Լարվածությունն առաջացել է Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրների 150 դիվանագետների՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո։
Նրանք այցելել էին տարածք, որտեղից 2023 թվականին բռնի տեղահանվեց ողջ հայ բնակչությունը, ծանոթացել պատմամշակութային հուշարձաններին։ Նրանց ուղեկցել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա դիվանագետներին ներկայացրել էր հայկական Գանձասարն ու Դադիվանքը՝ պնդելով, թե դրանք «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը «Track 1.5» ձևաչափի երկխոսություն է. այն չի փոխարինում պաշտոնական բանակցություններին, այլ լրացնում է դրանց։
Այս գործընթացի շրջանակում փորձագետները, քաղհասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչներն ուղիղ երկխոսում և քննարկում էին հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված քայլերը։ Նախագծի մասնակիցների ներգրավմամբ արդեն իսկ տեղի է ունեցել 4 հանդիպում՝ երկուսը՝ Հայաստանում, երկուսը՝ Ադրբեջանում։
Մեկնաբանություն հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառների և քաղաքացիական երկխոսությունը շարունակելուն նպաստող գործոնների մասին։
- «Անվտանգային առումով նույն նավակի մեջ ենք»․ հայ փորձագետները՝ Ադրբեջան կատարած այցի մասին
- «Առաջին առևտրատնտեսական գործարքն անկախությունից ի վեր»․ ադրբեջանական բենզինը հասավ ՀՀ
- «Խաղաղությունը ՀՀ-ից մեքենայով Բաքու և Ադրբեջանից Երևան գնալու մասին է»․ Փաշինյան
Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի մեկնաբանությունը
Ծայրահեղական նարատիվները՝ որպես ճնշման գործիք
«Ներկայիս իրավիճակը ոչ թե առանձին դեպք է, այլ կարգավորման գործընթացում առկա խորքային խնդիրների հետևանք։ Հավանական է, որ փոխադարձ ակնկալիքները չեն արդարանում, կամ տեղի է ունենում շեղում այն սկզբունքներից, որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպման ընթացքում։ Հիմնական պատճառները կարող են կապված լինել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և անկլավների խնդրի, կամ էլ ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու Բաքվի ձգտման հետ։
Կողմերը չունեն գործընթացի վերջնարդյունքի վերաբերյալ միասնական տեսլական։
Ադրբեջանում գերիշխում է երկու մոտեցում։ Առաջինի համաձայն՝ 44-օրյա պատերազմի արդյունքները դեռևս լիարժեքորեն չեն իրացվել, և Բաքուն պետք է լրացուցիչ առավելություններ ստանա, մասնավորապես՝ անկլավների վերաբերյալ իրեն ձեռնտու լուծում և հայկական տրանսպորտային ուղիներից օգտվելու հատուկ իրավունքներ։
Երկրորդ մոտեցումն ավելի ծայրահեղական է։ Փորձագիտական հանրության որոշ ներկայացուցիչներ պահանջներ են ներկայացնում Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ՝ բացառությամբ 10 հազար քառակուսի կիլոմետրի։ Այս դիրքորոշումը հիմնվում է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության (1918–1920 թթ.) քարտեզների վրա, որոնք ժամանակին Փարիզի խաղաղության վեհաժողով էր տարել խորհրդարանի նախագահ Թոփչուբաշևի գլխավորած պատվիրակությունը։
Թեև այս տեսակետները չի կարելի համարել Բաքվի պաշտոնական դիրքորոշում, դրանք նաև մարգինալ չեն. ադրբեջանական հասարակության զգալի հատվածը դրանք լուրջ է ընդունում։
Հավանական է, որ սա Երևանի վրա ճնշում գործադրելու և ավելի քիչ զիջումների գնալու գործիք է։ Այնուամենայնիվ, այդ թեզն արմատավորվում է հասարակության մեջ։ Հաշվի առնելով այն, թե ովքեր են բարձրաձայնում այդ մտքերը, քիչ հավանական է, որ դրանք հակասում են Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշմանը։ Ընդհակառակը, սա նարատիվների և բանակցային գործընթացի շուրջ մղվող պայքարի մաս է, որտեղ հոգեբանական ազդեցությունը դիվանագիտության տարր է։
Այս գործոնը չի կարելի անտեսել. այն պետք է լուրջ ընդունել և արդյունավետորեն հակազդել դրան։ Այս համատեքստում օպտիմալ լուծումներն են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, միջպետական հարաբերությունների հաստատումը (ինչպես նախաստորագրված խաղաղության պայմանագրում է նշված) և սահմանների դելիմիտացիան՝ հաշվի առնելով տեղի բնակչության շահերը։
Նույնիսկ եթե խնդիրը վերաբերում է սոցիալ-տնտեսական դժվարություններին կամ ընդամենը մի քանի հարյուր մարդու բռնի տեղահանմանը, դա իր ազդեցությունն է թողնում ընդհանուր մթնոլորտի վրա։ Կառուցողական մոտեցումը պահանջում է պատշաճ կերպով հաշվի առնել այդ գործոնները։
Հայաստանում ևս կան մարդիկ, որոնց քաղաքականությունը հիմնվում է Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու և Ադրբեջանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու գաղափարի վրա։ Այստեղ ևս իրավիճակը լիովին հարթ չէ։ Այնուամենայնիվ, Բաքուն ավելի շատ ճնշման լծակներ ունի, քան Երևանը։ Չնայած այնտեղի իշխանություններն ուղղակիորեն կախված չեն հանրային կարծիքից՝ նրանք հաշվի են առնում հանրային տրամադրությունները։ Հետևաբար, կառուցողական մոտեցումները պետք է ավելի լայն տարածում գտնեն նաև Ադրբեջանում, այլ ոչ թե միայն Հայաստանում։ Դա կարող է ազդել դիվանագիտական գործընթացի վրա»։
Արտաքին գործոնները
«Դեռևս պարզ չէ, թե գործնականում ինչպես կաշխատեն կառուցողական մոտեցումները։ Վերջին շաբաթները ցույց տվեցին, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կառուցման վերաբերյալ հույսերն այնքան էլ չեն արդարանում՝ անկախ արտաքին ֆոնից։
ԱՄՆ-ում առկա ներքին անկայունությունը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը (զուգորդված Մոսկվայի փոփոխվող հավակնություններով) և Իրանում տիրող իրավիճակն ազդեցություն են ունենում հայ-ադրբեջանական գործընթացի վրա։ Ցանկացած փոփոխություն անդրադառնում է հարաբերությունների կարգավորման վրա։ Այսօր ներքին և արտաքին գործոնները միահյուսվել են՝ ստեղծելով անկայունություն։ Ավելին, արտաքին ուժերն ազդում են կողմերի դիրքորոշումների վրա, թեև Երևանից և Բաքվից հնչող պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ բանակցություններում միջնորդներ չկան։
Կառուցողական հարաբերությունների առանցքային տնտեսական և տեխնոլոգիական հիմք են դարձել Հայաստանի հետ ԱՄՆ-ի կողմից իրականացվող նախաձեռնությունները։ Դրանց թվում են, մասնավորապես՝ TRIPP նախագիծը [տարանցիկ երթուղի Հայաստանի տարածքով, որը կապելու է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ] և Հայաստանում տվյալների մշակման կենտրոնների զարգացումը։ Սակայն հենց ԱՄՆ-ում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, կարող են հանգեցնել այս քաղաքականության փոփոխության։
Եթե Վաշինգտոնի դրական ազդեցությունը թուլանա, կողմերը կարող են վերանայել իրենց դիրքորոշումները՝ ելնելով այլ հանգամանքներից։
Ակնհայտ են Ռուսաստանի փորձերը՝ մի կողմից սպառնալ Հայաստանին՝ խոչընդոտելու պայմանավորվածությունների (այդ թվում՝ TRIPP-ի) իրականացմանը, իսկ մյուս կողմից՝ դրական առաջարկներ անել Ադրբեջանին՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու նպատակով։ Իրանը նույնպես ցուցադրում է իր շահերն ու մտադրությունը՝ խոչընդոտելու ամերիկյան ձևաչափով TRIPP-ի իրականացմանը։
Այս բոլոր գործոններն ազդում են երկու մայրաքաղաքների դիրքորոշումների վրա, թեև դե յուրե (իրավական առումով) նշված երրորդ երկրներից ոչ մեկը հանդես չի գալիս որպես միջնորդ կամ բանակցությունների անմիջական մասնակից»։
Խոսույթների պայքարը
«Բաքվում հնչող հայտարարությունները գնահատելիս՝ սկսած պաշտոնական հռետորաբանությունից մինչև հանրային գործիչների արտահայտած մտքեր, կարևոր է հստակ տարբերակել դրանց մակարդակները։ Մի կողմից որոշ նախկին պաշտոնյաներ և փորձագետներ ուղղակի տարածքային հավակնություններ են ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Երևանը պետք է կտրականապես մերժի այս մոտեցումը և հրաժարվի այն որևէ կերպ քննարկման առարկա դարձնելուց։
Մյուս կողմից առկա է «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման։ Ֆորմալ առումով այս հայեցակարգը վերաբերում է ոչ թե տարածքային պահանջներին, այլ հակամարտության մեկնարկից առաջ՝ մինչև 1988–1990 թթ., այստեղ ապրած ադրբեջանցիների՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքին։ Թեև այս հարցը ներկայումս պաշտոնական բանակցային օրակարգի մաս չէ, այն ակտիվորեն առաջ է մղվում հանրային տիրույթում։
Եթե Բաքուն փորձի պաշտոնապես այս գաղափարը ներառել բանակցություններում, դա կնշանակի շեղում 2025 թ․-ի օգոստոսին հաստատված սկզբունքներից և կհանդիսանա լուրջ սպառնալիք խաղաղության գործընթացի համար։
Առայժմ, սակայն, խնդիրը մնում է հանրային շարժման շրջանակներում, ինչը հնարավոր է կառավարել՝ միաժամանակ փորձելով ազդել ադրբեջանական հասարակության մեջ առկա նարատիվների հավասարակշռության վրա։
Մեկ այլ թեմա են Գանձասարում (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մշակութային և պատմական ժառանգության վերաբերյալ արած հայտարարությունները։ Մենք բախվում ենք համեմատաբար նոր երևույթի. Բաքուն ձգտում է իր տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանները ներկայացնել որպես բացառապես ժամանակակից ադրբեջանական պետության ժառանգություն։
Հնարավոր վարկածներից մեկն այն է, որ այդ կերպ Ադրբեջանը փորձում է վերակառուցել ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։ Բրյուսելի հետ երկխոսության բարդությունների վերլուծությունը, հավանաբար, Բաքվին հանգեցրել է այն եզրակացության, որ Եվրոպական միությունը քրիստոնեական ավանդույթների վրա հիմնված քաղաքական միավոր է։ Իր հանդեպ վերաբերմունքը բարելավելու համար Ադրբեջանը պետք է ցույց տա, որ քրիստոնեական մշակույթն իրեն օտար չէ։ Հենց այդ պատճառով էլ հետևողականորեն տարածվում է այն թեզը, թե տարածաշրջանի քրիստոնեական ժառանգությունը պատկանում է բացառապես Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանը, որը վայելում է Եվրոպայի առանձնահատուկ բարեհաճությունը, դրա հետ որևէ առնչություն չունի»։
Տարանջատել անցյալը ներկայից և ապագայից
«Հայաստանը պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի ծավալվող իրավիճակի նկատմամբ։ Երևանը պետք է պաշտոնական մակարդակով հստակ և հետևողականորեն հայտարարի, որ առավելություն ստանալու նպատակով նարատիվները վերափոխելու և բանակցային գործընթացի շուրջ ձևավորված արտաքին մթնոլորտը փոխելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են կարգավորմանը։ Հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվորեն հակազդի այդ մտադրություններին։
Ակադեմիական և փորձագիտական մակարդակներում անհրաժեշտ է հիմնավորված փաստարկներով ցույց տալ, որ մշակութային և պատմական ժառանգության վերաբերյալ հաստատված պատկերացումները վերանայելու Բաքվի փորձերը հակագիտական են և անհիմն։ Ամենակարևորը թույլ չտալն է, որ այդ հարցերը խառնվեն քաղաքականությանը։
Քաղաքացիական դիվանագիտության ոլորտում ուղենիշային սկզբունք պետք է լինի հետևյալը՝ անցյալի մեկնաբանման հարցում առկա օբյեկտիվ տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն փոխգործակցությանը։ Երկխոսությունը պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, որտեղ կապերի զարգացումը մնում է տարածաշրջանի կայունության ապահովման միակ հիմքը»։
Սառեցված «կամուրջ»
«Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ժամանակավորապես ընդհատեցին քաղաքացիական երկխոսությունը, քանի որ ուշադրությունը կենտրոնացավ ներքաղաքական գործընթացների վրա։ Այնուամենայնիվ, ընտրություններից հետո կողմերն սկսեցին անդրադառնալ բարդ խնդիրների, որոնք սկզբնական շրջանում հետաձգվել էին։ Բնականաբար, դասագրքերի բովանդակության նման հարցերի շուրջ միանգամից համաձայնության գալ հնարավոր չէր։ Սակայն փորձագետները պատրաստակամություն էին հայտնում քննարկելու կրթական նյութերից փոխադարձ վիրավորանքների տարրերի հեռացման հարցը։ Առնվազն այս մակարդակով համաձայնությունների մեզ հաջողվեց հասնել։
Այդուհանդերձ, վերջին շաբաթների ընդհանուր մթնոլորտը փաստացի սառեցրեց «Խաղաղության կամուրջ» ձևաչափի շրջանակներում ընթացող երկխոսությունը։
Զգայուն հարցերի շուրջ քննարկումները ստիպված եղանք հետաձգել մինչև նախաձեռնության հետագա հեռանկարների պարզումը։
Միաժամանակ, համագործակցությունը շարունակվում է այլ ձևաչափերով։ Մասնավորապես՝ Երևանի և Բաքվի մամուլի ակումբները, որոնք պատրաստվում են նշել համագործակցության 30-ամյակը, շարունակում են համատեղ հաղորդումներ պատրաստել։
Հայ-ադրբեջանական հարաբերությունները պահանջում են «երկկողմ շարժում»։ Քաղաքացիական և փորձագիտական մակարդակներում փոխգործակցությունը հիմք է ստեղծում կառուցողական պաշտոնական գործընթացի համար։ Իսկ հաղորդակցության և տնտեսության ոլորտներում ձեռքբերված պայմանավորվածություններն անմիջական ազդեցություն են ունենում հանրային տրամադրությունների վրա։
Երկու ուղղություններով էլ առաջընթացը պետք է լինի ինտենսիվ։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը մեծապես կշահեր տնտեսական նախագծերի գործնական մեկնարկից. այս ոլորտում ցանկացած առաջընթաց բարձրացնում է քաղաքացիական երկխոսության արդյունավետությունը։ Հանրային տրամադրություններն, իրենց հերթին, ազդում են կողմերի՝ փոխզիջման գնալու պատրաստակամության վրա։ Ջանքեր են պահանջվում բոլոր կողմերից. սա միակ ճանապարհն է՝ պահպանելու վերջին ամիսներին ձևավորված դրական մթնոլորտը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ճգնաժամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում