Վրաստանը միացել է ՄԱԿ-ի՝ Ուկրաինային աջակցող հայտարարությանը
ՄԱԿ-ի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի
ՄԱԿ-ի անդամ 51 պետություններ, այդ թվում՝ Վրաստանը, ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Ռուսաստանին կոչ արել համաձայնել համապարփակ հրադադարի և մեկնարկել խաղաղության բանակցություններ: Հայտարարությունը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ընթերցել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները չի միացել հայտարարությանը։
Հայտարարությունը ստորագրած երկրներն իրենց համերաշխություն են հայտնել Ուկրաինային և Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի ֆոնին հայտարարել Կիևի` խաղաղության հասնելու ջանքերին աջակցելու մասին։
«Ուկրաինան խաղաղություն է ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան, համաձայնի հրադադարի և բովանդակային կերպով մասնակցի բանակցություններին՝ միջազգային իրավունքին համապատասխան, ինչպես նաև համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Երկրները պահանջել են Սև ծովում նավարկության և առևտրային երթևեկության ազատության, կարևորագույն ենթակառուցվածքների անվտանգության, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի անարգել արտահանման ապահովում: Նրանք նշել են, որ դա կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության պահպանման համար:
Հայտարարությունը ստորագրողները նաև Ռուսաստանին կոչ են արել անհապաղ վերադարձնել անօրինական կերպով ձերբակալված, բռնի տեղահանված կամ արտաքսված ուկրաինացի քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին: Կոչը վերաբերում է նաև ռազմագերիներին և ինտերնացված անձանց:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին նույնպես մասնակցել է Նյու Յորքում Ուկրաինային նվիրված միջոցառումներին։ Նա մասնակցել է Ղրիմի միջազգային հարթակի «Միասնության փորձություն, գործողության կոչ» խորագրով 6-րդ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Բոճորիշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցը հատկապես կարևոր է Վրաստանի համար, քանի որ երկիրն ինքն է զգում իր տարածքային ամբողջականության խախտման հետևանքները։
«Վրաստանի համար Ուկրաինայի հարցը պարզապես միջազգային օրակարգի հերթական հարց չէ։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը»,- հայտարարել է նախարարը։
Բոճորիշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի երկու շրջանների օկուպացիան շարունակվում է և մնում է երկրի անվտանգության հիմնական մարտահրավերներից մեկը։
«Մենք լավ գիտենք, թե որքան ավերիչ կարող է լինել օկուպացիայի ազդեցությունը անհատների, ընտանիքների և հասարակությունների վրա։ Հենց այս փորձից ելնելով է, որ Վրաստանը հատուկ շեշտադրում է կատարում համերաշխության, միջազգային իրավունքի հանդեպ հարգանքի և անսասան հավատարմության վրա այն սկզբունքների, որոնց վրա պետք է հիմնված լինի խաղաղ և անվտանգ միջազգային կարգը»,— ընդգծել է Բոճորիշվիլին։
Նա խոսել է նաև Ղրիմի միջազգային հարթակի դերի մասին և նշել, որ այն կարևոր մեխանիզմ է Ուկրաինայի հարցի նկատմամբ միջազգային ուշադրությունը պահպանելու և քաղաքական աջակցությունը կոնկրետ գործողությունների վերածելու համար։
Ըստ Բոճորիշվիլիի՝ Վրաստանն աջակցում է պատերազմի դադարեցմանն ու երկարատև խաղաղությանը հասնելուն միտված ջանքերին, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։
«Վրաստանը վճռականորեն կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին և ևս մեկ անգամ վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- հայտարարել է նա։
Ղրիմի հարթակը Ուկրաինային քաղաքական աջակցություն հայտնելու համար ստեղծված բարձր մակարդակի միջազգային ձևաչափ է։ Գագաթնաժողովն անցկացվում է ամեն տարի։