«Հայաստանը՝ կամուրջ դեպի Եվրոպա»․ ԱԳ փոխնախարարը Թուրքիայում քննարկման է մասնակցել
ՀՀ ԱԳ փոխնախարարի արձանագրումներն Անթալիայում
«Այսօր Հարավային Կովկասում առկա կայունությունը մեր ամենամեծ մրցակցային առավելությունն է»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նրա դիտարկմամբ՝ ինչ-որ պահի նույնիսկ զարմանալի է մտածել, որ Հարավային Կովկասն այս պահին աշխարհի ամենակայուն տարածաշրջաններից մեկն է, այն դեպքում, երբ ամենուր խաթարված են լոգիստիկ և մատակարարման շղթաները, շարունակվում են պատերազմներ։
«Օրինակ՝ մատակարարման շղթաների խափանումները հավերժ չեն տևելու։ Եվ մենք պետք է բավական խելացի ու արագ լինենք՝ իրացնելու այն մրցակցային առավելությունները, որոնք ունենք»,- շեշտել է նա։
«Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը խորհրդանշական է համարել այն, որ նույն տարածաշրջանի չորս ներկայացուցիչներ քննարկում են համագործակցությունն ու այն ապագան, որը միասին են պատկերացնում։
Կոստանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին և ոչ միայն։
Թուրքիա կատարած այցի շրջանակում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Կատարի, ԱՄԷ-ի, Իրանի և Բրազիլիայի գործընկերների հետ։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ Վահան Կոստանյանը հանդիպել է նաև թուրք գործընկերոջ՝ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ:
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։ Անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «ՌԴ-ն որոշել է Հայաստանին շանտաժ անել գազի գնի բարձրացմամբ»․ կարծիքներ Երևանից
- «ՀՀ-ն կարող է դառնալ տարանցիկ հաբ»․ տնտեսագետը՝ Իրանի շուրջ առկա իրավիճակի մասին
- «Պայքար սկանդալների երկրպագու ընտրողների համար»․ կարծիք ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին
Ադրբեջանի հետ խաղաղության հասնելը պահանջեց քաղաքական խիզախություն
«Անցյալ տարի Վաշինգտոնում տեղի ունեցած օգոստոսի 8-ի պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան։ Եվ սա ներառական գործընթաց է։
Ինչպես խաղաղության հասնելը պահանջեց քաղաքական խիզախություն և որոշումներ, այնպես էլ այժմ մենք պետք է առաջ շարժվենք նոր, շատ կարևոր քաղաքական որոշումներով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ ստեղծելով մեր երկրների միջև լրացուցիչ փոխկապակցվածության, ինչպես նաև դառնալով կամուրջ և անխոչընդոտ կապ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև։
Ի վերջո, կայունությունն ու խաղաղությունը շատ կարևոր հիմք էին այն զարգացումների համար, որոնք, օրինակ, անցյալ տարի ունեցել ենք Ադրբեջանի հետ։
Կարծում եմ՝ Հիքմեթը [Հաջիև] կկիսի իմ կարծիքը, որ մեր միջև խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի անկախության, ինչպես նաև ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքն է։
Կայունության և խաղաղության կառուցումը պահանջում է ամենօրյա հոգատարություն։ Պետք է ամեն օր ներդրում անել, որպեսզի խաղաղությունն ինստիտուցիոնալացվի»։
Հայաստանի շահն է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, դառնալ տարանցիկ հանգույց
«Կարևոր է, որ մենք [ՀՀ-ն ու Ադրբեջանը] կառուցում ենք տնտեսական կապեր։ Արդեն նշվեց, որ սկսել ենք առևտուր Ադրբեջանի հետ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում նաև Հայաստանից դեպի Ադրբեջան կսկսենք որոշ ապրանքների արտահանում։
Էներգետիկ անվտանգությունը հնարավոր համագործակցության կարևորագույն բաղադրիչներից է, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային մակարդակով։ Ինչպես ճիշտ նշվեց, խոսքը վերաբերում է նաև TRIPP («Թրամփի ուղի») նախագծին, որը Հայաստանը պատրաստվում է իրականացնել ԱՄՆ գործընկերների հետ։
Խոսքը բազմամոդալ փոխկապակցվածության մասին է. երկաթուղիներ, ավտոճանապարհներ, ինչպես նաև էներգետիկ ցանցեր և խողովակաշարեր։
Եվ այստեղ մենք ունենք մեր սեփական շահը՝ դիվերսիֆիկացնելու Հայաստանի էներգամատակարարումը, ինչպես նաև դառնալու տարանցիկ հանգույց Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից եկող էներգակիրների համար, որոնք ուղղվում են դեպի Եվրոպա։
Մենք շահագրգռված ենք նաև Սև ծովի ստորջրյա նախագծով, քանի որ Հայաստանը ներկայում Հարավային Կովկասի երեք երկրներից ամենամեծ կանաչ էներգիայի արտադրողն է, և քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես աշխատում են վերականգնվող էներգիայի կարողություններն ավելացնելու ուղղությամբ՝ մեծ ներդրումներ կատարելով արևային էներգիայի մեջ, ինչպես նաև պլանավորելով կառուցել նոր ատոմակայան և այլն»։
ԵՄ հետ գործակցությունը Հայաստանի ժողովրդի ընտրությունն է
«Համագործակցությունը ԵՄ-ի հետ մեզ համար շատ կարևոր է։ Մեզ համար դա ոչ միայն տնտեսական համագործակցություն է, այլև Հայաստանի ժողովրդի ընտրություն, որը եվրոպական ձգտումներ ունի։ Եվ մենք ներկայում աշխատում ենք տարբեր ուղղություններով՝ սկսելու աստիճանական կամ ոլորտային ինտեգրումը Եվրոպական միության հետ։
Եվ այս առումով, իհարկե, Վրաստանի եվրոպական ապագան նույնպես մեզ համար շատ կարևոր է ինչպես աշխարհագրական, այնպես էլ փիլիսոփայական տեսանկյունից։
Մենք նաև անցյալ տարի ընդունել ենք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ օրենք, որը Հայաստանի կառավարությունն աստիճանաբար իրականացնելու է։
Ապագայում, եթե մեզ հաջողվի դառնալ ԵՄ անդամ պետություն, … և թուրք գործընկերս ժպտում է՝ հաշվի առնելով Թուրքիայի փորձը»։
Բաց մտքերը պահանջում են բաց սահմաններ
«Այս պահին չեմ կարող խոսել 2028 թ․-ի ժամանակացույցի [Հայաստանի ԵՄ անդամակցության ժամկետների] մասին, քանի որ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների մեծ մասը։
Մեզ համար ԵՄ ինտեգրման գործընթացը, առաջին հերթին, վերաբերում է բարեփոխումներին։ Դա նաև նշանակում է բարձրացնել երկրի կառավարման և տնտեսության որակն ու ստանդարտները։
Եթե ապագայում մենք դառնանք ԵՄ անդամ պետություն, ես այս պահին չեմ կարող գնահատել, թե արդյոք Թուրքիան կլինի ԵՄ անդամ պետություն, թե ոչ, սակայն դա նաև կստեղծի լրացուցիչ տնտեսական հնարավորություններ մեզ համար, քանի որ Թուրքիան մաքսային միության անդամ է։
Բայց հուսով ենք, որ մենք այդքան երկար չենք սպասի Թուրքիայի հետ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խթանելու համար։
Պետք է ընդգծեմ, որ այս պանելային քննարկմանը հանդես եկող բոլոր բանախոսները ապագային նայող, բաց մտքեր ունեն։
Բայց նաև պետք է ընդգծեմ, որ բաց մտքերը պահանջում են բաց սահմաններ։ Եվ հուսով եմ, որ դա մոտ ապագայում կփոխվի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ ԱԳ փոխնախարարի արձանագրումներն Անթալիայում