"Օգոստոսին ամեն ինչ թանկանում է: Բացարձակ ամեն ինչ, նույնիսկ հասարակական զուգարանը"" />

Բ կետից Բ կետ: Բաքվեցու ճամփորդական գրառումները Բաթումիի մասին

"Օգոստոսին ամեն ինչ թանկանում է: Բացարձակ ամեն ինչ, նույնիսկ հասարակական զուգարանը"

– Պատկերացնո՞ւմ ես, մայրիկն այստեղ բնակարան է գնել: Ինչպե՞ս թե «ինչպես»: Սովորական: Անցնում էր, հայտարարություն է աչքով ընկել, հաշվարկել է, որոշել, որ թանկ չէ, և գնել է: Ճիշտ է՝ շենքը միայն 2 տարուց են կառուցելու: Եվ այդ ժամանակ նրանք հայրիկի հետ կտեղափոխվեն այստեղ և արտադրամաս կբացեն: Ադրբեջանական քաղցրավենիք են թխելու: Լավ է, չէ՞: Ես այնքան ուրախ եմ նրանց համար: Նոր կյանք կսկսեն, այն էլ այս գեղեցկության մեջ… Հայրի՞կը: Հայրիկը ի՞նչ: Հայրիկն իրեն լավ է զգում այնտեղ, որտեղ մայրիկն է: Ուզում է Ադրբեջանում լինի, Վրաստանում, թե՝ Կատմանդուում:

Ահա այսպես Բաթումիում անցկացրած հանգիստը փոխեց ադրբեջանցի Էլմիրա Ալիևայի կյանքը: Ավելի ճիշտ մոտակա երկու տարվա ընթացքում դեռ կփոխի, եթե իհարկե կառուցապատողները պահեն իրենց խոսքը: Իսկ իմ սեփական ճամփորդությունն այստեղ, ցավոք կամ բարեբախտաբար ոչ այդքան ճակատագրական եղավ:

Բաթումիում չորս տարի չէի եղել: Եվ այդ ժամանակահատվածում այն ինձ համար հասցրեց իրական աշխարհագրական կետից կիսաառասպելական մի բանի վերածվել: Անկեղծ ասած, դրա իրական լինելու մեջ համոզվելու հնարավորությունն ինձ մոտ առանձնահատուկ հիացմունք չառաջացրեց: Գոնե միայն այն պատճառով, որ կուրորտային քաղաքները սեզոնի թեժ պահին շատ խայտաբղետ են, իսկ ես սնոբ եմ: Սակայն իմ «աշխատանքային գաղութից» դեպի օտար ծով փախչելու և ընկերների հետ ժամանակ անցկացնելու ցանկությունը գերակշռեց:

Բացի այդ, ինչ-որ առումով էլ ուզում էի 4 ամառ անց վերադառնալ հենց այդ Բ կետը և համեմատել տպավորությունները: Միանգամից ասեմ՝ համեմատել չհաջողվեց: Քանի որ, ինչպես պարզվեց, նախորդ տպավորությունները գրեթե ամբողջությամբ ջնջվել են: Փոխարենը բազմաթիվ նորերը հայտնվեցին:

1.

 

Սևծովյան լողափը բաքվեցու համար համատարած «չափազանց» է: Չափազանց քարքարոտ ափ ու ծովի հատակ այնպես, որ ավազուտ Կասպից ծովին սովոր մարդը բացարձակ չի հասկանում՝ ինչպես այստեղ տեղաշարժվել: Չափազանց շուտ է խորանում: Չափազանց մաքուր ջուր: Չափազանց էժան, երբեմն անգամ անվճար շեզլոնգներ:

2.

 

Օգոստոսյան Բաթումիի կենտրոնի երթևեկությունը Դանթեի դժոխքի լրացուցիչ շրջան է: Այստեղ են հայտնվում սեփական քաղաքներում երթևեկությունից դժգոհ վարորդներ: Բացի այն, որ խցանումներն ինքնին հրեշավոր են, մի կողմից էլ ճանապարհային ոստիկանությունը յուղ է լցնում կրակին՝ հաճախ փակելով ճանապարհի կենսական մասերը և ստիպելով ահռելի մեծ շրջանցում կատարել:

3.

 

Ռեստորանի ուտելիքն ու կյանքի մնացած հաճույքներն այստեղ ավելի թանկ են, քան Թբիլիսիում: Ընդ որում, հաշվի մեջ ներառված սպասարկման 10%-ը բացարձակապես չի ազդում մատուցողների արագաշարժության վրա: Բայց ամեն ինչ շատ համեղ է, իսկ «Ֆանֆան» սրճարանում ձեզ միդիաների մի ամբողջ դույլ կբերեն տտիպ պանրե թանձրուկում: Ի դեպ, 4 տարի առաջ եմ հայտնաբերել Ֆանֆանը, երբ այն դեռ նոր-նոր էր բացվել, և այս անգամ անկեղծ ուրախ էի, որ այս հաստատությունը բարգավաճում է:

4.

 

Բաթումին հակասությունների քաղաք է: Թվում է, թե այստեղ ինչպես պահեստ են բերել բոլոր դարաշրջանների աշխարհի բոլոր շենքերը և շարել կամայական դասավորությամբ: Եվ այժմ արտ-նուվո ոճի երկնագույն տունը մոդեռնի նմուշների հարևանությամբ է գտնվում, իսկ Դոնալդ Թրամփի պաթոսային ոսկեզօծ աշտարակը՝ Նիկիտա Խրուշչովի հնամաշ ժառանգության: Ահա զբոսնում ես արմավենիներով շրջապատված փողոցով, պայքարելով այն զգացողության հետ, որ Նիսում ես, թեքվում ես դեպի անկյուն և միանգամից հայտնվում գետո հիշեցնող թաղամասում: Ճիշտ է՝ ուրախ գետո: Պարաններին չորացող փափուկ խաղալիքներով:

5.

 

Լողափին տղամարդկանցից մեկն ասում է մյուսին. «Երևի անձրևն արդեն Քոբուլեթիից է գալիս»: Եվ միանգամից թվում է, թե անձրևը կենդանի, նույնիսկ խելամիտ էակ է, որն անշտապ, սակայն ժիր քայլում է լեռնային ճանապարհով՝ մերկ մարմնին թիկնոց գցած: Շուտով կհասնի: Թեյնիկը պետք է դնել կրակին:

6.

 

Միայն Բաթումիում հայտնվելիս ես հասկանում, որ ռուսերենով գրառումներն անսովոր են դարձել: Եվ դրանցից ամենահաճախ հանդիպողը «Վարձով բնակարան» գրառումն է: Նման հայտարարություններ կարող եք տեսնել ողջ քաղաքում, և աստիճանաբար տպավորություն է ստեղծվում, որ ողջ քաղաքն է վարձով տրվում:

7.

 

Սա շորտերով, խոնավ մազերով, առանց շպարի, կոսմետիկայի, կրծկալների, կրունկով կոշիկների պես ավելորդությունների մասին մոռացած կանանց քաղաք է: Փողոցում կարելի է հանդիպել տարբեր ազգության փերիների՝ իրենց բնական թովչությամբ:

8.

 

«Օգոստոսին ամեն ինչ թանկանում է: Բացարձակ ամեն ինչ, նույնիսկ հասարակական զուգարանը, – բողոքում է զբոսաշրջիկներից մեկն, ով այստեղ մեկ ամսից ավել է անցկացրել: – Դեռևս երկու շաբաթ առաջ դա 30 թեթրի արժեր, իսկ այժմ՝ 50»:

9.

 

Եթե քաղաքի կենտրոնում ավտոմեքենայի նավիգատորը լավ թե վատ կողմնորոշվում է, ապա ծայրամասերում արդեն գլուխ չի հանում: Եվ այդ ժամանակ ստիպված ես լինում կանգ առնել և բնակելի թաղամասերի բնակիչներից՝ դոմինո խաղացողներից, ներքնակներ թափ տվող տանտիրուհիներից, հեծանիվ սարքող տղաներից, ճանապարհ հարցնում: Եվ նրանք անկեղծորեն կփորձեն ձեզ օգնել, գոռալով պատշգամբներից՝ փորձելով պարզել, թե Կիկվիձե փողոցը որն է և արդյոք այն գոյություն ունի, և մատնացույց անել ենթադրվող ուղղությամբ: Խոսքի մեջ էլ իրենց բակում բնակարան են առաջարկում վարձակալել:

10.

 

Կարծես թե նոր երազանք ունեմ: Բաթումի այցելել ուշ աշնանը կամ ձմռանը: Երբ ծովը հովանում է և թեթևացած շունչ քաշում, քանի որ էլ վախից և հաճույքիչ ճչացող ոչ մեկին չի կարող ընդունել: Երբ զբոսաշրջիկների ամբոխներ էլ չկան: Լռում է փողոցների ոգևվորված աղմուկը: Եվ քաղաքն ինքն իր հետ և իր ցանկությունների հետ մենակ է մնում: Ինչպիսի՞ն է այն դառնում այդ ժամանակ:


Կարդալ ավելին JAMnews-ում