«Ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ, խաչմերուկ է»․ Փաշինյան
Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և երկաթուղու մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ չպետք է լինի իրավիճակ, երբ որևէ մեկն ասի, թե «ՀՀ-ն գնալու տեղ չունի, ոչ մեկին պետք չէ»։ Չորս տարի առաջ նման բովանդակությամբ հայտարարություն էր արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Փաշինյանի համոզմամբ՝ այն, ինչ ասել էր Լուկաշենկոն, իրականում ԵԱՏՄ անդամ մի շարք երկրների «խորը ինստիտուցիոնալ ընկալումն» է Հայաստանի մասին։ Ըստ վարչապետի՝ գործ ունենք անհարգալից ընկալման հետ, որի հիմքում եղել է հետևյալը․
«Ղարաբաղի կոնֆլիկտը կա, Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կա, Թուրքիայի հետ կոնֆլիկտը կա, այդ թշնամություններն անհաղթարելի են, ուրեմն իրենք փախչելու տեղ չունեն, իրենց ոնց ուզենք, այդպես կվերաբերվենք»։
Սակայն Հայաստանին հաջողվել է, ըստ Փաշինյանի, հակառակն ապացուցել․
«Մենք գործնականում ապացուցեցինք, որ Հայաստանը պետք է շատերին՝ որպես միջազգային հանրության պատասխանատու գործընկեր և շատ կարևոր երկիր։ Մենք ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ, խաչմերուկ է՝ Հարավային Կովկասի, մեծ տարածաշրջանի հետ միասին»։
Կառավարության ղեկավարն այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ անդամակցությանն ու ԵԱՏՄ, թե՞ ԵՄ հարցով հնարավոր հանրաքվեին, ինչպես նաև հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման ճակատագրին։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից
- «ՌԴ-ն ուզում է կա՛մ էքսկլյուզիվ հարաբերություններ, կա՛մ ոչինչ»․ Փաշինյան
- Երևանն այլընտրանքներ է փնտրում․ կարծիքներ՝ ռուսական գազի հնարավոր թանկացման մասին
«Նախքան այլընտրանքների ձևավորումը և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարապես պետք են մեզ»
Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ-ն ընտրություն կատարի երկու այլընտրանքների՝ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև։ Հայկական կողմի դիրքորոշումն, ըստ նրա, հետևյալն է՝ հնարավոր չէ ընտրություն կատարել, քանի դեռ երկրորդ այլընտրանքը ձևավորված չէ․
«Մենք հանրաքվե ապագայում անպայման կանենք, բայց դա տեղի կունենա այն բանից հետո, երբ նախ ինստիտուցիոնալ առումով նախապատրաստական աշխատանքներ արած լինենք, երկրորդն էլ պաշտոնապես դիմած լինենք ԵՄ անդամակցության հարցով»։
Փաշինյանի գնահատմամբ՝ քանի դեռ այլընտրանքները ձևավորված չեն, ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են ՀՀ-ին։
Ասում է՝ ընտրությունը միայն այդ երկու տարբերակների մեջ չէ, կա նաև երրորդը։
«Կարող է երրորդ նախաձեռնություն լինի՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ, այսինքն՝ ոչ նա ենք ուզում, ոչ՝ նա։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ [կառույց] գնում են»,- պարզաբանել է նա։
Միաժամանակ նշել է, որ կառավարությունը մտածում է նաև չորրորդ, հինգերորդ այլընտրանքների շուրջ։
Վերադառնալով ԵԱՏՄ, թե՞ ԵՄ հարցով հանրաքվեին՝ նկատել է․
«Այդ ընտրությունը պետք է հասունացած լինի, որովհետև [ներկա պահին] չգիտենք դրա իրատեսականությունն ու ճանապարհային քարտեզը որն է»։
Առանց մատնանշելու Ռուսաստանի Դաշնության անունը՝ վարչապետ Փաշինյանը նկատել է՝ Հայաստանը չի կարող արհամարհանքով կամ քամահրանքով վերաբերվել որևէ մեկի շահերին, սակայն չի կարող նաև որևէ մեկի շահերը վեր դասել իր պետական շահերից։
«Դրա համար փորձում ենք բոլոր հարցերը քննարկել և լուծել համբերատար, առանց էսկալացիաների, առանց նյարդի։ Քննարկելու ենք այնքան, որքան պետք է, մինչև գտնվի այն համաձայնության կետը, որը շատ, թե քիչ կբավարարի կողմերին»,- արձանագրել է նա։
«Չենք գնա կոնցեսիոն պայմանագրի խզման ճանապարհով»
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է՝ Երևանն ուզում է հայկական երկաթուղու հետ կապված հարցը լուծել բարեկամական, այլ ոչ թե սուր ձևով։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է փոխադարձաբար հասկանալ շահերն ու գնալ որոշակի փոխզիջումների ՌԴ հետ։
Այս անգամ վարչապետը հնարավոր զարգացումների մի քանի սցենար է մատնանշել։
«Մեկը ռուսական կողմից կարող է լինել կոնցեսիոն իրավունքի վաճառքը՝ ամբողջական կամ մասամբ, այսինքն՝ բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել»,- ասել է նա։
Վարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանը չի ուզում գնալ կոնցեսիոն պայմանագրի խզման ճանապարհով։ Ըստ նրա՝ այդ տարբերակը միշտ, այդ թվում՝ այսօր էլ առկա է, սակայն այն «ընդունելի չէ» հայկական կողմի համար։
Որպես Երևանի համար ընդունելի լուծում՝ մատնանշել է ՌԴ կողմից շուկայական գնով կոնցեսիոն իրավունքի վաճառքը երրորդ կողմի։
Նկատել է՝ այս տարբերակը «գուցե այդքան էլ հարմարավետ չէ Ռուսաստանի գործընկերների համար»։
Միևնույն ժամանակ տեղեկացրել է՝ փորձագետների ներգրավվածությամբ փորձում են գտնել այնպիսի տարբերակ, որը մասամբ կլուծի երկու կողմերի խնդիրները։
«[Փորձագետները] ասում են՝ կարող է կառավարման ուրիշ մոդել ներդվի, որ ենթադրենք ինչ-որ մասնաբաժին պահպանվի, մյուսը՝ օտարվի։ Բայց այնպես, որ [ռուսական կողմին] մնա փոքրամասնության մասնաբաժինը։ Հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։
Մի ուրիշ գաղափար է գալիս, որ լիցենզիան գուցե բաժանվի երկու մասի։ Հիմա երկաթուղին՝ և՛ ենթակառուցվածքը, և՛ դրա օգտագործումը մեկ փաթեթ է»,- նկատել է նա։
Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի խնդիրը ոչ թե ՌԴ, այլ ստեղծված իրավիճակի հետ է։
«Այսօր հաստատված իրավիճակը խոչընդոտում է, որ Հայաստանն իրացնի պատմական հնարավորությունը, որ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցին»,- հայտարարել է նա։
Ասում է՝ այն երկրները, որոնց բաժին է ընկնում երկաթուղային փոխադրումների «առյուծի բաժինը», որոնք կարող են դառնալ պոտենցիալ շահառուներ, փնտրում են ՀՀ-ն շրջանցելու ուղիներ։
«Ոչ միայն բանավոր մեզ ասում են, այլև տեսնում ենք, որ այդ հատվածում ներդրումային հետաքրքրություն չեն ցուցաբերում։ Արդյունքում հասկանում ենք, որ դրա պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո»,- նկատել է Նիկոլ Փաշինանն ու հավելել՝ դա է պատճառը, որ բարեկամաբար ռուս գործընկերներին ներկայացրել են խնդիրն ու առաջարկել գտնել լուծումներ։
ՀՀ երկաթուղային համակարգը 2008 թ․-ից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից։ Այն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Կողմերի համաձայնության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Սակայն 2008 թվականից ի վեր հայկական բեռնափոխադրումները երկու անգամ կրճատվել են, որոշ երթուղիներ առհասարակ դադարել են գործել, իսկ պարտադիր ներդրումները մնացել են թղթի վրա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և երկաթուղու մասին