Երևանն այլընտրանքներ է փնտրում․ կարծիքներ՝ ռուսական գազի հնարավոր թանկացման մասին
Ռուսական գազի հնարավոր թանկացումը՝ ճնշում ՀՀ-ի վրա
Եթե գազի սակագնի բարձրացման հարց առաջանա, Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի գործընկերների հետ այդ հարցը կքննարկեն բարեկամաբար։ Այսօր րագրողների հետ զրույցում ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Ինքը՝ Խանդանյանը, գազի սակագնի վերաբերյալ ՌԴ հետ քննարկումների մասին տեղեկություններ չունի։ Սակայն կարծում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է գտնել այլընտրանքներ՝ ի դեմս Իրանի և ոչ միայն։
Բոլորովին վերջերս Երևանն ու Թեհրանը հայտարարեցին գազի արտահանման ծավալները կրկնապատկելու հնարավորության մասին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրել էր ՝ նպատակը Ռոսաստանի կողմից հնարավոր պատժամիջոցները մեղմելը չէ։
«Սա այլ երկրի, մասնավորապես՝ ՌԴ հետ կապ չունեցող որոշում է տնտեսական, շահավետ գործունեություն է, որը երկուստեք հետաքրքրություն ունենք ընդլայնելու»,- հայտարարել էր Խուդաթյանը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է՝ համառ խոսակցություններ են պտտվում տարեվերջին ռուսական գազի գնի հնարավոր վերանայման շուրջ։
Ղևոնդյանը դա դիտարկում է Հայաստանի դեմ կիրառվող ճնշման լծակների համատեքստում և պնդում՝ Մոսկվայի ձեռքում են մնացել միայն տնտեսական և էներգետիկ լծակներ։
«Քաղաքական, մշակութային, ահաբեկչական լծակները, քրեական ենթամշակույթի ազդեցությունը տարբեր պատճառներով այլևս չեն գործում։ Եվ Ռուսաստանը որոշել է ողջ ծավալով օգտագործել վերջին լծակը՝ թույլ չտալու ՀՀ ինքնիշխանության ամրապնդումը»,- ընդգծել է Ղևոնդյանը։
Ի՞նչ է հայտարարել իշխանական պատգամավորը, Երևանի ու Թեհրանի պայմանավորվածության հեռանկարները, մեկնաբանություններ
- ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից
- «ՌԴ-ն ուզում է կա՛մ էքսկլյուզիվ հարաբերություններ, կա՛մ ոչինչ»․ Փաշինյան
- «Մոսկվան հասնելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»․ արձագանք ՌԴ ԱՀԾ-ին
- ՀՀ-ն ավելացնում է երկաթուղու սուբսիդավորումը․ ՌԴ-ին կոնցեսիայից զրկելու հարցը կմնա ապագային
«Բացառված սցենար չէ»․ իշխանական պատգամավորը՝ Ադրբեջանից գազ ներկրելու մասին
Խորհրդարանում կազմակերպված ճեպազրույցում լրագրողները պնդել են, թե տարեվերջին քննարկվելու է ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի փոփոխման հարցը։ Նրանք պատգամավոր Սարգիս Խանդանյանին հարցրել են՝ այս պահին ՀՀ-ն քննարկումներ վարո՞ւմ է այդ մասով, արդյո՞ք իրականացվում են դիվերսիֆիկացիային ուղղված աշխատանքներ։
«Այս հարցի շուրջ չգիտեմ՝ ՌԴ հետ վերջին խոսակցությունը երբ է եղել, և ծանոթ չեմ մի հայտարարության, որը հիմք է մտածելու, որ գազի սակագինը կարող է փոխվել»,- արձագանքել է Խանդանյանը։
Միևնույն ժամանակ նկատել է՝ դիվերսիֆիկիացիան կարևոր է այս հարցում։ Հիշեցրել է՝ ՏԿԵՆ նախարարի՝ Իրան կատարած այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին և հավելել՝ որպես հնարավորություն կարելի է դիտարկել նաև «Թրամփի ուղին»։
«ՀՀ տարածքով TRIPP-ի շրջանակում անցնելու է գազամուղ։ Սա գուցե ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից։ Իհարկե, սա շատ տեսական միտք է, բայց բարդ չէ գործնականում իրականացնել»,- պարզաբանել է պատգամավորը։
Անդրադառնալով Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությանը՝ նշել է, որ Երևանն ու Բաքուն քննարկում են տնտեսական և էներգետիկ տարբեր հարցեր։
«Ես չգիտեմ, թե կոնկրետ գազի մատակարարման հարցով ուր ենք հասել, բայց դա բացառված սցենար չէ»,- հայտարարել է Խանդանյանը։
2025 թ․-ի հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց դեպի ՀՀ տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Երկաթուղային ճանապարհով հարևան երկրից Հայաստանը նաև նավթամթերք է ստանում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչ այս պահը Ադրբեջանը 20․000 տոննա նավթամթերք է մատակարարել ՀՀ-ին։
Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են ավելացնել գազի արտահանման ծավալները, Մոսկվան կխոչընդոտի՞
Երկու շաբաթ առաջ Իրանում էր Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Եռօրյա այցից հետո հաղորդվեց, որ կողմերն ունեն գազի արտահանման ծավալներն ավելացնելու մտադրություն։
Խուդաթյանը լրագրողներին հայտնեց, որ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել․ խողոշավակաշարի թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող գազը։
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2009 թ․-ից սկսած Հայաստանը Իրանից գազ է ստանում, այն վերածում էլեկտրաէներգիայի, որն էլ մատակարարում է Իրան։
Ավելի մեծ ծավալով գազ ներկրելու ու Իրան դրան համարժեք էլեկտրաէներգիա արտահանելու համար անհրաժեշտ է, որ ավարտվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ կայանի կառուցման աշխատանքները։ Գործադիրը հույս ունի 10 տարվա ձգձգումից հետ դրանք ամփոփել մինչև տարեվերջ։
2015 թ․-ից Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը գտնվում է ռուսական «Գազպրոմ» ընկերության վերահսկողության ներքո։
Մի շարք փորձագետներ նշում են, որ առանց Մոսկվայի համաձայնության իրանական գազի արտահանման ծավալները մեծացնել հնարավոր չէ։
Կառավարությունը, սակայն, վստահեցնում է՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում Երևանը սահմանափակումներ չունի, որևէ խնդիր չի առաջանա։
Մեկնաբանություններ
Վերլուծաբան Արտյոմ Երկանյանը ShantTV-ի եթերում ընդգծել է՝
«ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը սպառնացել է, որ եթե Հայաստանը չվերանայի իր արտաքին քաղաքական կուրսը Ռուսաստանից գազ կստանա ներկայիս 177 դոլարի փոխարեն 800 դոլարով։ Իսկ հատուցումը այդ տարբերության համար կկազմի ոչ պակաս, քան 1 մլրդ դոլար, ինչն ավելի շատ է, քան այն 50 մլն դոլարը, որը Եվրամիությունն է խոստացել ՀՀ-ին ՌԴ հետ հարաբերությունների խզման արդյունքում՝ որպես տնտեսական հատուցում։
Արժե պարզաբանել, թե որտեղից է 177 դոլարը և որտեղից 800 դոլարը։ Բանն այն է, որ 177 դոլարով ռուսական «Գազպրոմը» վաճառում է գազը «Հայռուսգազարդ» ընկերությանը [նոր անվանումը՝ «Գազպրոմ Արմենիա»], որը պատկանում է այդ նույն «Գազպրոմին»։ Այսինքն՝ եկամուտ է վաստակում նաև գազի բաշխման արդյունքում, որը նույնպես հասնում է «Գազպրոմ»։ Ուստի կարծում եմ՝ ճիշտ չէր լինի պնդել, որ Հայաստանը 177 դոլարով է գազ գնում։
Իսկ որտեղից է գոյացել 800 դոլարը, նույնպես հասկանալի չէ՝ եթե հաշվի առնենք հետևյալը՝
- Չինաստանը Ռուսաստանից գազ է գնում 258,
- Թուրքիան՝ 280,
- Հունգարիան, Սերբիան, Սլովակիան՝ 400
- Իսպանիան, Ֆրանսիան, Բելգիան՝ 450 դոլարով։
Իսկ ՌԴ Էկոնոմիկայի զարգացման նախարարության կանխատեսման համաձայն՝ այս տարվա արդյունքներով միջին գինը, որով ՌԴ-ն գազ է վաճառում ԵԱՏՄ ոչ անդամ երկրներին, լինելու է 290 դոլար։
Այդ դեպքում, եթե միջին գինը 290 դոլար է, ինչո՞ւ են ձգտում Հայաստանին վաճառել 800 դոլարով, ևս անհասկանալի է»։
«Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն իր հոդվածում գրել է՝
«Հայաստանի իշխանություններն ընտրություններից հետո շարունակում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն կառուցել։ Ռուսաստանից կախվածությունը հետևողականորեն նվազում է։ Ընդ որում, այս գործընթացում մեծացել է տնտեսական բաղադրիչի դերը։
Մինչ Ռուսաստանը փորձում է օգտագործել տնտեսական ճնշումները, Հայաստանը նոր շուկաներ է բացահայտում, որոնք նախկինում «չեն նկատել» հայ տնտեսվարողները՝ ԵԱՏՄ շուկային չափից դուրս մեծ ուշադրություն դարձնելու պատճառով։ Ու թեև որոշ ապրանքների վերաբերյալ դեռևս կան խնդիրներ, սակայն տնտեսական դիվերսիֆիկացումը տեղի է ունենում հսկայական քայլերով։
Ինչ վերաբերվում է էներգետիկ ոլորտին, ապա ատոմային նոր ռեակտորի կառուցման հարցում Հայաստանն ունի այլընտրանքներ, որոնք ինքնին արդեն գլխացավանք են Ռուսաստանի համար։
Պատահական չէ, որ, տնտեսական շանտաժին զուգահեռ, РосАтом-ի ղեկավարները պարբերաբար նոր ռուսական միջուկային ռեակտոր կառուցելու «գայթակղիչ» առաջարկներ են հղում Հայաստանին։ Սակայն ՀՀ իշխանություններն, ամենայն հավանականությամբ, նախապատվություն կտան այլ առաջարկի։
Գազի գնի բարձրացումը կարող է սկզբնական շրջանում խնդիրներ առաջացնել, սակայն այստեղ ևս Հայաստանն ունի այլընտրանքներ՝ իրանական, թուրքմենական, այժմ նաև՝ ադրբեջանական գազի տեսքով։
Հետևաբար, մոտ ապագայում հնարավոր է՝ ռուսական գազն ընդամենը շուկայում մրցակցելու հնարավորություններ ունենա, ինչը կզսպի Կրեմլի կողմից գազի գնի միջոցով Հայաստանին շանտաժի ենթարկելու ցանկությունը։
Ամփոփելով նկատենք, որ Ռուսաստանի կողմից ճնշումների ուժգնացումը հակառակ էֆեկտ է ունենում։ Հայաստանը հետևողականորեն «ազատագրվում» է չափից դուրս մեծ ազդեցությունից և դիվերսիֆիկացնում սեփական տնտեսությունը, ինչը Կրեմլում, կարծես, դեռ չեն տեսնում, բայց դա իրենց խնդիրն է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուսական գազի հնարավոր թանկացումը՝ ճնշում ՀՀ-ի վրա