«Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հավակնոտ նպատակին»․ Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար
Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը ՀՀ եվրաինտեգրման մասին
«Որպես ԵՄ անդամ ազդեցիկ երկիր՝ մենք կարող ենք աջակցել Հայաստանին իր առջև դրված հավակնոտ նպատակների իրականացման հարցում, ինչպիսին էլ դրանք լինեն»,- «Արմենպրես» գործակալության հետ զրույցում նշել է Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկին։
Նրա դիտարկմամբ՝ եթե Երևանի նպատակը Եվրամիության հետ առևտրի ընդլայնումն ու ազատ առևտրի համաձայնագրի կնքումն է, ապա Վարշավան կարող է աջակցել այդ գործընթացին։ Ավելին, պետքարտուղարը շեշտել է՝ կարող են աջակցել նաև ԵՄ անդամակցության հավակնոտ նպատակին։
«Դա մի գիշերում տեղի չի ունենա, սակայն միանգամայն հնարավոր է»,- արձանագրել է նա։
Հարցազրույցում Մարչին Բոսացկին անդրադարձել է նաև Լեհաստանի եվրաինտեգրման փորձին, ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությանը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։
Կարևոր դրվագները՝ ստորև
- «Մոսկվայի գլխավոր վախն այն է, որ Հայաստանը կընտրի ԵՄ-ն»․ կարծիք
- «ԵՄ-ն շահագրգռված է աջակցել Հայաստանի արտաքին կապերի բազմազանեցմանը»․ կարծիք
- «Հայաստանը՝ առևտրի և ներդրումների կենտրոն»․ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում
- «ՀՀ եվրաինտեգրման ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան երկխոսության սառեցումն է»․ Փաշինյան
ԵՄ անդամ դառնալու դեպքում ՀՀ համար շատ դռներ կբացվեն
«Եվրոպական միությունը Հայաստանի համար հսկայական շուկա է՝ շուրջ 460 միլիոն բնակչությամբ, համաշխարհային չափանիշներով համեմատաբար բարձր գնողունակությամբ։
Հայաստանն ունի մի շարք առավելություններ՝ սկսած ՏՏ ոլորտից և խաղերի մշակմամբ զբաղվող ընկերություններից մինչև գյուղատնտեսություն, որոնք բավական լավ են համապատասխանում եվրոպական շուկայի պահանջներին։
Սա մեծ հնարավորություն է, և, հավանաբար, Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել իր տնտեսական կապերն ու արտահանման ուղղությունները։ Այդ առումով Եվրոպական միության երկրները, այդ թվում՝ Լեհաստանը, բնական ընտրություն են։ Սակայն, այո, կա երկու հիմնական մարտահրավեր կամ խոչընդոտ՝
- ինստիտուցիոնալ բնույթի․ երրորդ երկրների համար որոշակի պատնեշներ կան, անհրաժեշտ են առևտրային համաձայնագրեր, հնարավոր է՝ նաև նախաանդամակցության բնույթի համաձայնագրեր,
- աշխարհագրությունը․ Հայաստանը բավական հեռու է Եվրոպայից, և տրանսպորտային ուղիները հեշտ չեն, հատկապես հաշվի առնելով երկու ընթացող հակամարտությունները՝ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ և ԱՄՆ-ի ու Իրանի միջև առկա հակամարտությունը։
Այս պայմաններում Եվրոպա հասնող տրանսպորտային երթուղիները հեշտությամբ հասանելի չեն, սակայն մենք կկարողանանք դրանք զարգացնել և ընդլայնել։ Համոզված եմ, որ առաջիկայում կավելանա հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միություն։
Եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու երկիր, ապա շատ ավելի հեշտ կլինի Հայաստանի համար բացել այդ դռները՝ ի շահ ոչ միայն գյուղատնտեսական, այլև արդյունաբերական արտադրողների»։
«Արժե լինել այս ակումբի անդամ»․ Լեհաստանի եվրաինտեգրման փորձը
«Լեհաստանը ԵՄ-ին անդամակցել է 22 տարի առաջ։ Այսինքն՝ 23, 25, 27 տարի առաջ մենք ինքներս թեկնածու երկիր էինք և գիտենք, թե ինչպես պատրաստվել Եվրոպական միության հետ համագործակցությանը և, հնարավոր է՝ անդամակցությանը։ Գիտենք նաև, թե ինչպես է պետք բանակցել ԵՄ-ի հետ։
Կարծում եմ՝ այստեղ մեկ կարևոր դաս կա․ արժե լինել այս ակումբի անդամ։ 35 տարի առաջ, երբ Լեհաստանը փաստացի առաջիններից մեկը ձերբազատվեց կոմունիզմից և սկսեց իր նոր ուղին, երկրի տնտեսական իրավիճակն ու զարգացման մակարդակը համադրելի էին Ուկրաինայի հետ։ Այսօր մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի և գնողունակության ցուցանիշով մենք առնվազն երեք անգամ գերազանցում ենք Ուկրաինային։
Լեհաստանը դարձել է Եվրամիության վեցերորդ խոշորագույն տնտեսությունը և աշխարհում՝ 20-րդ խոշորագույն տնտեսությունը։
Լեհաստանի տնտեսական հաջողությունն իսկապես տպավորիչ է։ 1991 թվականից ի վեր մենք ռեցեսիայի տարի չենք ունեցել։ Միակ բացառությունը 2020 թվականն էր՝ COVID-19-ի համավարակի տարին, բայց դա գլոբալ խնդիր էր։ Այսօր լեհերը 5-6 անգամ ավելի հարուստ են, քան իրենց նախորդ սերունդը։
Իհարկե, դա միշտ չէ, որ հեշտ է։ Տնտեսական բարեփոխումների և ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու առաջին տարիները հեշտ չեն լինում։
Սակայն Լեհաստանի նման աշխատասեր, եռանդուն և ձեռներեցությամբ աչքի ընկնող երկրի համար այդ գործընթացի օգուտները հսկայական են։
Ես լիովին համոզված եմ, որ Հայաստանը կհետևի Լեհաստանի ուղուն, որովհետև դուք նույնպես շատ եռանդուն և հավակնոտ ժողովուրդ ու երկիր եք՝ բազմաթիվ ձեռներեցներով»։
Հայաստան-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունը
«Սա իսկապես նոր բացված համագործակցության ոլորտ է, քանի որ ընդամենը այս տարվա մայիսին մեր երկրների պաշտպանության նախարարները ստորագրեցին Հայաստանի և Լեհաստանի միջև այս ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։
Լեհաստանի պաշտպանական արդյունաբերությունը մեծ փորձ ունի խորհրդային կամ հետխորհրդային սպառազինությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչպես նաև արևմտյան չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Եթե Հայաստանը ցանկանա, մենք կարող ենք աջակցել այդ գործընթացին։
Մյուս ուղղությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս երկու պատերազմները՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտությունը, զգալիորեն նվազեցրել են զինամթերքի պաշարները՝ սկսած ամենապարզ տեսակի զինամթերքից մինչև առավել զարգացած հակաօդային և հակաբալիստիկ հրթիռներ։
Մենք կարող ենք աջակցել դրանց արտադրության ընդլայնման հարցում՝ Հայաստանի և Լեհաստանի պաշտպանական արդյունաբերությունների միջև համագործակցության միջոցով։ Այս ուղղությամբ մեր երկու երկրների միջև արդեն իսկ քննարկումներ են ընթանում»։
Աջակցություն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը
«Լեհաստանը մշտապես աջակցել է և շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք աջակցում ենք TRIPP ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման օրակարգին։
Միաժամանակ, մենք վճռականորեն խրախուսում ենք մեր թուրք բարեկամներին կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
Մենք իսկապես հավատում ենք, որ խաղաղության, ժողովրդավարական արժեքների և յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության պաշտպանության վրա հիմնված աշխարհն այն աշխարհն է, որտեղ տնտեսությունը զարգանում է, մարդիկ ավելի անվտանգ և երջանիկ են ապրում, իսկ աշխարհն ավելի կայուն է դառնում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը ՀՀ եվրաինտեգրման մասին