Հայաստանը սեփական ուժերով մեկնարկել է երկաթուղու վերականգնման գործընթացները
Հայաստանը մեկնարկել է երկաթուղու վերականգնումը
Հայաստանը մեկնարկել է այն գործընթացները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը։ Այդ մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք անելու ենք այդ աշխատանքները: Ինչ վերաբերում է մնացած հատվածին, աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ»»,- հայտարարել է նա։
Խոսքը երկաթուղու այն հատվածների մասին է, որոնց վերականգնման խնդրանքով Երևանն ավելի վաղ դիմել էր Մոսկվային։ Այս հատվածների վերականգնումն ու կառուցումը ՀՀ-ին թույլ կտա հասնել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններ։
Հայկական կողմի խնդրանքը ՌԴ-ն մինչ օրս չի իրագործել, չի հայտնել նաև նման պատրաստակամություն։ Մյուս կողմից՝ Մոսկվան հստակ հայտարարել է՝ երկաթուղու կոնցեսիայից հրաժարվել չի պատրաստվում։
ՀՀ երկաթուղային համակարգը 2008 թ․-ից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից։ Այն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Կողմերի համաձայնության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ 2008 թվականից ի վեր հայկական բեռնափոխադրումները երկու անգամ կրճատվել են, որոշ երթուղիներ առհասարակ դադարել են գործել, իսկ պարտադիր ներդրումները մնացել են թղթի վրա։
Ի՞նչ է հայտարարել վարչապետը, նախապատմություն
- «Երկաթուղիների պետական կառավարումն ավելի ձեռնտու կլինի Հայաստանին»․ կարծիք
- «Պետք է այնպես անել, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հեռանա ՀՀ-ից»․ կարծիք
- «Հայաստանը փորձում է ՌԴ-ին ցույց տալ՝ TRIPP-ին հավակնել չի կարող»․ կարծիք
Փաշինյան․ «Միջազգային երկաթգծերը չպետք է շրջանցեն Հայաստանը»
Հայաստանի վարչապետը հայտարարել է՝ երկաթուղու հետ կապված հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու, քանի որ կան օբյեկտիվ պատճառներ․
«Մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են, այդ թվում՝ մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը գալ, մտնել Հայաստան և ՀՀ մտնելով էլի շրջանցել Հայաստանը: Չի կարող այդպիսի բան լինել»:
Շեշտել է՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ներգրավված է բոլոր գործընթացներում, այսինքն՝ «իրենք [հավանական է, նկատի ունի ռուսական կողմին] տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում»։
Փաշինյանի գնահատմամբ՝ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ շահերին, ուրիշ կերպ չի կարող լինել։
«Բացառված է այլ տարբերակ: Մենք չենք կարող ասել՝ մեր երկաթուղին է, բայց ոչինչ, թող տենց փակուղի էլ մնա, չի կարող այդպիսի բան լինել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է ՀՀ-ն վերակառուցելու նշված երկու հատվածները, եթե դրանք ևս կոնցեսիոն պայմանագրով ՌԴ կառավարման ներքո են։
Մանրամասներ, սակայն, Փաշինյանը չի հայտնել։ Նշել է, որ այդ հարցերը պետք է լուծվեն իրավական խորհրդատվությունների և աշխատանքային քննարկումների արդյունքում։
Նախապատմություն․ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը
Դեռևս 2026 թ․-ի փետրվարին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կորցնում է իր մրցակցային առավելությունը տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունների զարգացման գործում՝ այն պատճառով, որ հայկական երկաթուղին կառավարվում է ռուսական ընկերության կողմից։
«Եվ պետք է մտածենք՝ ինչ պետք է անենք, որովհետև սա մի տարվա, երկու տարվա, երեք տարվա, չորս տարվա հարց չէ»,- նկատել էր նա։
Երկաթուղու բացակայող հատվածները վերականգնելն, ըստ Փաշինյանի, առանձնապես մեծ խնդիր չէ ո՛չ ֆինանսական, ո՛չ տեխնիկական առումով, բայց կարիք կլինի ապահովել այդ երկաթուղու արագությունը։ Ասում է՝ երկաթուղին ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար մի քանի հարյուր միլիոն դոլարի լրացուցիչ ներդրում պետք կլինի:
Թեև կա կոնցեսիոն պայմանագիրը միակողմանի խզելու տարբերակ, պաշտոնական Երևանը չի ուզում գնալ այդ ճանապարհով։ Հակված է լուծում գտնել բարեկամական տրամաբանության մեջ։
Հայաստանի կառավարությունը խնդրի կարգավորման հնարավոր տարբերակ է համարում նաև ՀՀ երկաթուղու կոնցեսիան Հայաստանի և Ռուսաստանի համար բարեկամական որևէ երկրի փոխանցելը։ Փաշինյանի ապրիլյան այցից առաջ, սակայն, Մոսկվայից հստակ հայտարարել էին՝ չեն պատրաստվում հրաժարվել կոնցեսիայից։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանը մեկնարկել է երկաթուղու վերականգնումը