«Հայաստան-ԵԱՏՄ «ամուսնալուծության» նախանշաններ կան»․ հայ քաղաքագետ
ՀՀ-ԵԱՏՄ հնարավոր զարգացումներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նիստի օրակարգում են ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության, փոխադարձ առևտրի, տրանսպորտի, մաքսային կարգավորումների և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր։
Փաշինյանի այցը տեղի է ունենում հայկական ապրանքների համար Ռուսաստանի մտցրած սահմանափակումների և երկկողմ հարաբերություններում ստեղծված լարվածության ֆոնին։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը նվազել է երկու երրորդով։ Օվերչուկը դա բնութագրել է որպես «դրամատիկ անկում»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, առաջարկում է ստեղծված իրավիճակը դիտարկել ոչ թե որպես ճգնաժամ, այլ որպես տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորություն։
Հայ վերլուծաբանները ԵԱՏՄ-ի հետ «ամուսնալուծության» նախանշաններ են տեսնում։ Չեն բացառում, որ դա տեղի կունենա «միանգամից և ամբողջական»։
Օվերչուկի հայտարարությունը, հայկական կողմի դիրքորոշումը, փորձագիտական կարծիք
- Ռուսաստանում ոչնչացվել է Բելառուսով տեղափոխվող ենթադրաբար հայկական 40.000 վարդ
- «ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»․ Փաշինյան
- «Ներկա պահին հանրաքվեի հիմքեր չկան»․ Երևանի արձագանքը ԵԱՏՄ հայտարարությանը
- Տնտեսությունը՝ ազդեցության լծակ․ ընտրություններից առաջ ՌԴ-ն ճնշում է Հայաստանին
Ի՞նչ է հայտարարել ՌԴ փոխվարչապետը
«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասավ ռեկորդային՝ 12 միլիարդ դոլար ցուցանիշի։ Նախորդ տարի այն նվազեց մինչև 8 միլիարդի։
Այս տարի, սակայն, առևտրաշրջանառության դրամատիկ անկում է նկատվում։ Այն կազմում է 2025 թ․-ի ցուցանիշի երկու երրորդը։
Իրավիճակը, որն այժմ ստեղծվել է ԵԱՏՄ և Հայաստանի միջև, կանխատեսելի էր։ Վերջին երկու տարիներին մենք մեր հայաստանցի գործըկերներին զգուշացնում էինք, որ նման ռիսկեր, այդ թվում՝ առևտրաշրջանառության անկման ռիսկեր առկա են»։
«ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է»․ Փաշինյան
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ կիրառած սահմանափակումները ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության խնդիրն են։
«Փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- նախորդ շաբաթ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նկատել էր՝ ԵԱՏՄ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։
«Եթե այս հարցն արագ չլուծվի, ես 100 տոկոսով վստահ եմ, որ Հայաստանն է հաղթահարելու այս խնդիրը, այլ ոչ թե ԵԱՏՄ-ն»,- արձանագրել էր վարչապետ Փաշինյանն ու հավելել, որ առկա բոլոր հարցերը բարձրացնելու համար օգտագործելու է ԵԱՏՄ հարթակը։
Փորձագիտական կարծիք
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատել է․
«Եթե Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի նախընտրական ճնշումները պայմանավորված էին հիմնականում ռուսամետ քաղաքական ուժերին աջակցություն տրամադրելու միտումներով, ապա ճնշումների արդի խորացումն արդեն առավելապես թիրախավորում է ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունն ու դիվերսիֆիկացման գործընթացը։
Այդ մասին թափանցիկ ակնարկեց նաև Փաշինյանը՝ իր ճեպազրույցում հայտարարելով, որ Հայաստանը չի կարող հրաժարվել այլընտրանքներ ունենալու իրավունքից։ Ավելին, ՀՀ վարչապետը նկատեց, որ Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների շարունակականությունը կարող է սկիզբ դնել «ԵԱՏՄ փլուզմանը»։ Հենց այս բազմակողմ ձևաչափում է առավելագույն խնդիրներ տեսնում Հայաստանը և այս ձևաչափում էլ հակաքայլեր է իրականացնում։
Մասնավորապես՝ հուլիսի 30-ին Հայաստանը 6 ամսով արգելել է ոչ թե միայն Ռուսաստանից, այլև ԵԱՏՄ բոլոր պետություններից տոմատի մածուկի ներմուծումը։ Սա, անշուշտ, հստակ ուղերձ է գործընկերներին՝ Հայաստանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի անթույլատրելիության մասին։
Իրավիճակը շատ նման է 2022 թ․-ի աշնանը տեղի ունեցած իրադարձություններին, երբ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակման ընթացքում և դրանց օկուպացումից հետո ռուսական ինտեգրացիոն մեկ այլ նախագծի՝ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը պահանջում էր կանոնակարգային պարտավորություններից բխող գործողություններ սկսել, սակայն մերժում ստացավ։ Այդ մերժումը հանգեցրեց Հայաստանի դե ֆակտո օտարմանը ՀԱՊԿ-ից։
Չորս տարի անց, Հայաստանը, փաստացի, որևէ հարաբերություն չունի ՀԱՊԿ կառույցի հետ, չի մասնակցում աշխատանքներին, ֆինանսավորմանը, հանդիպումներին և այլն։ Իրավիճակն այլ կերպ կարելի է անվանել «ՀԱՊԿ-Հայաստան փաստացի ամուսնալուծություն»։ Նկատի ունենալով ԵԱՏՄ աշխատանքի մեխանիզմներն ու փոխկապակցվածությունը՝ դժվար է պատկերացնել նմանատիպ իրավիճակ։
ԵԱՏՄ շրջանակներում գործում է ընդհանուր մաքսային ռեժիմ, գոյություն ունի փոխանցումների ընդհանուր «կաթսա», ՀՀ տնտեսությունը վերաուղղվել է 10 տարիների ընթացքում՝ համաձայն ԵԱՏՄ տրամաբանության և այլն։ Հետևաբար, ՀՀ-ԵԱՏՄ «ամուսնալուծությունը» կարող է լինել միանգամից և ամբողջական։
Իսկ «ամուսնալուծությանը» սովորաբար նախորդող՝ փոխադարձ հիասթափվածության առաջին նախանշաններն արդեն պարզորոշ երևում են»։
Համատեքստ
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՌԴ-ն սահմանափակումներ կիրառեց հայկական պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։ Միաժամանակ արգելեց ՀՀ-ից ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Որպես պատճառաբանություն մատնանշվում է որակական անհամապատասխանությունը։
Հայ փորձագետներն ու պաշտոնյաները խնդիրը դիտարկում էին նախընտրական տրամաբանության մեջ և ակնկալում, որ հունիսի 7-ից հետո այն կկարգավորվի։ Ընտրություններից հետո Ռուսաստանը ոչ միայն չվերացրեց տնտեսական պատժամիջոցները, այլև մտցրեց նոր սահմանափակումներ։
ՌԴ սահմանափակումների ֆոնին ՀՀ կառավարությունը տնտեսվարողներին աջակցող մի շարք ծրագրեր է ընդունել, արտահանումներ են իրականացվում դեպի Եվրամիության անդամ երկրներ։ Ակնկալվում է, որ առաջիկայում ԵՄ անդամ երկրներում ամբողջությամբ ուժի մեջ կմտնի հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու նախագիծը:
Պաշտոնական Մոսկվան պահանջում է, որ Հայաստանը վերջնական որոշում կայացնի, թե որ ուղղությամբ է ուզում շարժվել՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ», այդ հարցով հանրաքվե անցկացնել։
Երևանից արձագանքում են, որ հանրաքվեի առարկան դեռևս գոյություն չունի և հավելում, որ նման հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ Հայաստանը պետք է անդամության թեկնածուի կարգավիճակ ունենա կամ առնվազն նման հարց լինի օրակարգում։
Հանրաքվեի թեման քննարկվել է նաև օրեր առաջ՝ հուլիսի 27-ին կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմի հաղորդագրությունում նման ակնարկ չկա։ Նշվում է միայն, որ Փաշինյանը բարձրացրել է հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումների թեման և ընդգծել, որ դրանք «հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին»։ Վարչապետը խնդրել է միջոցներ ձեռնարկել խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ԵԱՏՄ հնարավոր զարգացումներ