Հայ և թուրք գործարարների ուղերձը սահմանի բացման մասին․ ի՞նչ սպասել
Հայ-թուրքական գործարար համաժողով Երևանում
Երևանում Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողովի ֆոնին ակտիվացել են հայ-թուրքական կարգավորման և երկու երկրների միջև սահմանի բացման շուրջ քննարկումները։
Համաժողովի ավարտից հետո Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հանդես են եկել համատեղ ուղերձով, որում հատկապես կարևորել են երկու երկրների միջև սահմանային անցակետերի բացումն ու սահմանային անցումների փոխադարձ դյուրացումը։
«Սահմանային անցակետերի բացումը նշանակում է ոչ միայն առևտրի խթանում, այլև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների միջև շփումների, տնտեսական փոխգործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- ասված է ուղերձում։
«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը JAMnews-ի հետ զրույցում նկատել է՝ նորմալ պայմաններում տնտեսական հարաբերությունների և առևտրային կապերի զարգացումն ազդեցություն կունենար և սահմանների բացման գործընթացն առաջ կգնար, բայց մենք ունենք ոչ նորմալ իրավիճակ։ Նկատի ունի, մասնավորապես՝ Ադրբեջանի ահռելի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ տարբեր, այդ թվում՝ տնտեսական լծակների միջոցով։
«Այո, նման նախաձեռնությունները դրական լիցք հաղորդում են՝ առնվազն հոգեբանական առումով, բայց էական շարժեր, զարգացումներ ունենալու համար ամեն դեպքում պետք է քաղաքական խնդիրները լուծել, առաջին հերթին՝ Ադրբեջանի ուղղությամբ»,- արձանագրել է Ղևոնդյանը։
Ի՞նչ է ասված ուղերձում, մեկնաբանություն
- «Հայաստանը՝ կամուրջ դեպի Եվրոպա»․ ԱԳ փոխնախարարը Թուրքիայում քննարկման է մասնակցել
- «Ակնարկ դժգոհության մասին»․ ՀՀ ԱԳ նախարարը չի մեկնել Թուրքիա
- Հնարավո՞ր է հայ-թուրքական կարգավորում առանց Բաքվի․ Երևան-Անկարա հեռակա բանավեճ
Առևտրի ծավալների աճից մինչև սահմանի բացում․ հայ և թուրք գործարարների ուղերձը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Վանի առևտրաարդյունաբերական պալատի ուղերձից տեղեկանում ենք, որ երկօրյա համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են եկել 80 գործարարներ, քննարկվել են փոխադարձ առևտրի ու ներդրումային հնարավորությունները, գնահատվել են գործարար համայնքների միջև համատեղ աշխատանքի հեռանկարները։
Առևտրային կառույցները համաժողովը «նշանակալի քայլ» են համարել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու տնտեսական համագործակցության զարգացման առումով․
«Մենք հավատում ենք, որ գործարար աշխարհը կարող է զգալի ներդրում ունենալ փոխըմբռնման, վստահության և ընդհանուր տնտեսական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման գործում՝ անկախ սահմաններից և քաղաքական տարաձայնություններից»։
Երկու երկրների միջև առևտրի ծավալների աճի հետ մեկտեղ կարևորել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային անցակետերի բացումն ու սահմանային անցումների փոխադարձ դյուրացումը, տրանսպորտային կապերի բարելավումն ու առկա հաղորդակցային ուղիների ավելի արդյունավետ օգտագործումը։
Արձանագրել են՝ սահմանների բացումն առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման գործում․
«Վանը կարող է դառնալ Թուրքիայի և Կովկասի միջև առևտրի ու լոգիստիկայի բնական կամուրջ, և Վանի ու Երևանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային առևտրի զարգացմանն ու երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը»։
Կողմերի համոզմամբ՝ հայ և թուրք գործարարների միջև ընթացող գործընթացը մշտական և կայուն դարձնելու «ամենակարևոր քայլերից մեկը սահմանային անցակետերի բացումն ու կանոնավոր առևտրային ուղիների ստեղծումն է»։
«Մեր վճռականությունն ենք հայտնում շարունակել ջանքերը փոխադարձ վստահության ամրապնդման, առևտրային հարաբերությունների զարգացման, սահմանային անցակետերի բացման և տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու համար»,- ասված է ուղերձում։
Սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։ Այն կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ ու ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի և գործընկերությունների ձևավորումը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն երկու երկրները վաղուց ունեն առևտրային հարաբերություններ՝ ոչ թե պետական մակարդակով, այլ տնտեսվարողների։
Ասում է՝ ներկա պահին բավական ակտիվ աշխատանքներ են տարվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը, իր հերթին, նպաստում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը․
«Սահմանի բացումը շատ մեծ խթան կարող է հանդիսանալ այդ ուղղությամբ [տնտեսական հարաբերությունների] զարգացում ունենալու համար։ Հուսանք, որ կարճ ժամանակ անց սահմանի բացում կլինի և մենք կտեսնենք այդ զարգացումը»։
Ղևոնդյանը հիշեցնում է՝ Թուրքիան արդեն իսկ բացել է դեպի ՀՀ արտահանումների հնարավորությունը․
«Թուրքական ընկերություններն արդեն կարողանում են ուղիղ Հայաստան մաքսային ձևակերպումներ իրականացնել, ապրանքներ վաճառել, հարկային հաշվետվություններ հանձնել և այլն։ Սա դաշտ է ստեղծել, որ ՀՀ և Թուրքիայի տնտեսվարողների միջև փոխհարաբերություններն այլևս միջնորդավորված չլինեն»։
Միևնույն ժամանակ Ղևոնդյանը նկատել է՝ ապրանքների տեղափոխումը կատարվում է Վրաստանի տարածքով, ուստի նախքան ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը տարանցիկ փոխադրումների ծախսերը կպահպանվեն։
Գլխավոր ակնկալիքն, ըստ քաղաքագետի, այն է, որ սահմանը բացվի և թռիչքաձև զարգացում տեղի ունենա։
Ռոբերտ Ղևոնդյանը դժվարանում է ասել՝ երբ կբացվի սահմանը։ Հույս ունի՝ դա տեղի կունենա «օր առաջ»։ Բայց նաև նկատում է՝ ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը կախված է մի շարք գործոններից, առաջին հերթին՝ հայ-ադրբեջանական հարաբերություններից․
«Ադրբեջանը գտնում է, որ դա [ՀՀ-Թուրքիա սահմանի փակ լինելը] լծակ է, որը օգուտ է տալիս ՀՀ նկատմամբ ճնշում բանեցնելու ուղղությամբ։ Այն պահին, որ Ադրբեջանում կարծեն, որ այլևս այս լծակի կարիքը չկա, մեծ հավանականությամբ, Թուրքիայի հետ սահմանը կբացվի»։
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ արդյո՞ք խնդիրը կհանգուցալուծվի, եթե Երևանն ու Բաքուն ստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Ղևոնդյանը պատասխանել է, որ չկա ինչ-որ կոնկրետ բան, որի շուրջ պայմանավորվելուց հետո հնարավոր կլինի վստաբար պնդել, թե սահմանը միանշանակ կբացվի․
«Կա հավանականություն, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել և Ադրբեջանը շարունակի խնդրել իր թուրք գործընկերներին չբացել սահմանը։ Այդ դեպքում սահմանը չի բացվի։
Կա հավանականություն, որ խաղաղության պայմանագիրը կարող է չստորագրվել, բայց Ադրբեջանը ամեն դեպքում այլևս չխնդրի իր թուրք գործընկերներին սահմանը փակ պահել։ Այդ դեպքում սահմանը կբացվի»։
Անդրադառնալով Ադրբեջանի՝ Թուրքիայի վրա ունեցած ահռելի ազդեցությանը՝ փորձագետը մատնանշել է՝
- Թուրքիայում Բաքվի կատարած միլիարդավոր դոլարների ներդրումները,
- Ալիևի և Էրդողանի անձնական հարաբերությունները,
- ադրբեջանցի և թուրք հասարակությունների ընկալումները։
«Երբ Թուրքիան 10 օրով բացեց սահմանը ՀՀ-ից Սիրիա հումանիտար բեռ առաքելու համար, Ադրբեջանի հասարակությունում մեծ դժգոհություն էր առաջացել, ինչն ազդեցություն ունեցավ Թուրքիայում որոշումներ կայացնող շրջանակի վրա»,- հիշեցրել է նա։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիան չի էլ փորձում թաքցնել, որ Ադրբեջանը շատ մեծ ազդեցություն ունի իր վրա։
«Տարբեր մակարդակի հանդիպումներում ուղիղ կերպով ասում են՝ մենք սահմանը բացելու հետ ոչ մի խնդիր չունենք, բայց մեր ադրբեջանցի գործընկերները պիտի դրան դեմ չլինեն»,- ամփոփել է Ղևոնդյանը։
Համատեքստ
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից:
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Թեև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, թուրքական կողմը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Երևանի հետ սկսված բանակցությունների օրակարգը կոորդինացնում է Ադրբեջանի հետ:
2021 թ.-ի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին կարգավորման գործընթացի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչին:
2026 թ․-ի տարեսկզբին որոշ հայկական ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել, որ փետրվարի 1-ին ՀՀ-Թուրքիա սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը նման պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2022 թ․-ի հուլիսին:
Հայկական կողմում գտնվող «Մարգարա» անցակետը շահագործման պատրաստ է վաղուց՝ 2023 թ․-ի դեկտեմբերից։
Չնայած ձեռքբերված պայմանավորվածություններին՝ սահմանը շարունակում է մնալ փակ։
Դրական տեղաշարժեր, սակայն, պարբերաբար արձանագրվում են։ Մասնավորապես՝ 2026 թ․-ի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագիր կրող քաղաքացիների համար դյուրացվել է վիզաների տրամադրման գործընթացը։ Մինչև 21 օր այցելության պարագայում նրանք էլեկտրոնային վիզա են ստանում առանց պետական տուրք վճարելու։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ-թուրքական գործարար համաժողով Երևանում