Հայաստանի արտահանման նոր քարտեզը․ ԵՄ սահմանած արտոնյալ ռեժիմի մասին
Արտոնյալ ռեժիմ ՀՀ-ից ԵՄ արտահանման համար
Հայաստանից Եվրոպական միություն արտահանվող ապրանքների լայն շրջանակի համար կիրառվող մաքսատուրքերը ժամանակավորապես՝ 2 տարով կվերացվեն։ Նախօրեին Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի առաջարկին։
Հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների (ինքնավար առևտրային միջոցներ) կիրառման վերաբերյալ նախագիծն ընդունվել է 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
«Այս քայլը պայմանավորված է 2026 թ․-ի մայիսից Ռուսաստանի կողմից հայկական արտահանման մի շարք կարևոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով»,- ասված է որոշման մեջ։
Այն դեռ պետք է հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչից հետո ուժի մեջ կմտնի համապատասխան կանոնակարգը։
Եվրամիությունն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես հայկական տնտեսությանն աջակցելու և արտահանողների համար ԵՄ շուկա մուտքի լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ժամանակավոր միջոց։
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը հրապարակել է վերլուծություն, որտեղ փորձել է գնահատել իրականացվող միջոցառումներն ու հնարավոր հեռանկարները։ Ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Եվրամիության հետ առևտրի ազատականացման ծավալներն իսկապես էական են, բայց կան մի շարք հարցեր, որոնցից կախված են լինելու հետագա զարգացումները։
«Արդյո՞ք Հայաստանը կկոտրի կախվածության կարծրատիպերն ու կվերագծի արտահանման նոր քարտեզ․ պատասխանը մեծապես կախված է հայկական բիզնեսի ու կառավարության առաջիկա գործողություններից։ Նոր համալիր լոգիստիկ կարողությունների զարգացումը ժամանակի հրամայական է»,- ասված է հրապարակման մեջ։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից արձանագրել են՝ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները «կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և Հայաստան-ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը»։
Եվրախորհրդարանի որոշման մանրամասները, Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը, վերլուծություն
- «Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հավակնոտ նպատակին»․ Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար
- ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից
- «Հայաստանը՝ առևտրի և ներդրումների կենտրոն»․ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում
Նախապատմություն
ՀՀ համար ինքնավար առևտրային միջոցների գործիք ներդնելու առաջարկի մասին 2026 թվականի հուլիսի սկզբին Երևանում հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այստեղ եմ աներկբա հայտարարելու, որ եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրանքի համար Եվրամիության 450 մլն-անոց սպառողների շուկայում»,- ասել էր նա:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, որ առաջիկայում կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80% դեպի Եվրոպական միություն, այդ ապրանքները մաքսատուրքերի չեն ենթարկվի։
«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղվում ռուսական շուկայի վրա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա»,- ընդգծել էր եվրոպացի պաշտոնյան։
Ի՞նչ է հաստատել Եվրախորհրդարանը
Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի առաջարկին, որը ենթադրում է Made in Armenia արտադրանքի համար առևտրային միջոցառումների համակարգի կիրառում։
Սա նշանակում է Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացում։
Որոշումը տարածվելու է 324 ապրանքախմբերի վրա։ Եվրամիության հաշվարկների համաձայն՝ հայաստանցի գործարարները 2 տարվա ընթացքում Եվրամիությանը չեն վճարի ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք:
Սահմանված արտոնություններից օգտվելու համար՝
- հայկական արտադրանքը պետք է համապատասխանի ԵՄ ծագման կանոններին և մաքսային ընթացակարգերին,
- Հայաստանը պետք է ապահովի վարչական համագործակցություն ԵՄ մարմինների հետ՝ ապրանքների ծագման ստուգման ու հնարավոր խարդախությունների կանխման համար։
Բացի այդ, հաղորդվում է, որ ԵՄ-ն նախատեսում է նաև առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական 8 տեսակի արտադրանքի՝ ծիրանի, խաղողի, սալորի, դեղձի, բալի/կեռասի, ելակի, վարունգի ու տանձի համար։
Նշվում է, որ Ռուսաստանի՝ հայկական արտադրանքի համար մտցրած սահմանափակումները խաթարել են Հայաստանի ավանդական մատակարարման շղթաները և զգալիորեն սահմանափակել երկրի հասանելիությունը ավանդական արտահանման շուկաներին.
«Իրավիճակը հատկապես ծանր ազդեցություն է ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրողների վրա՝ միաժամանակ մարտահրավերներ ստեղծելով Հայաստանի տնտեսական դիմակայունության համար»։
ԵՄ գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:
Այս փոփոխությունների ֆոնին ԵՄ-ն մտադիր է նաև ներդնել պաշտպանական մեխանիզմներ։
«Դրանք հնարավորություն կտան Եվրամիությանը անհրաժեշտության դեպքում միջամտել, եթե Հայաստանից ներմուծման աճը բացասական ազդեցություն ունենա եվրոպացի արտադրողների վրա»,- հայտնել են կառույցից։
Եվրահանձնաժողովը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել ռեժիմը, եթե հայկական ներմուծման աճը խաթարի ԵՄ շուկան կամ Երևանը չկատարի համաձայնեցված պահանջները։
Փորձագիտական կարծիք
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի ընդունած նախագծի նպատակը Հայաստանի տնտեսության վրա առկա ճնշումը մեղմելն է։
Տնտեսագետները նկատի ունեն, մասնավորապես՝ մայիսից հայկական ապրանքների համար ՌԴ կիրառած սահմանափակումները։ Փորձագետները հասցրել են գնահատել ՀՀ հնարավոր կորուստներն ու արձանագրել՝
- 2026 թ․-ին Հայաստանի արտահանման գծով հնարավոր կորուստները կարող են հասնել մինչև 260 մլն դոլարի,
- Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ այլ երկրներ իրականացվող տարանցիկ արտահանման հնարավոր կորուստը 2026 թ․-ին գնահատվում է շուրջ 3 մլն դոլար։
Արտոնյալ ռեժիմը տարածվելու է ֆեռոմոլիբդենի, ալյումինե փայլաթիթեղի, հագուստի արտահանման վրա։ Կենտրոնից շեշտել են՝ սրանք Հայաստանից ԵՄ արտահանման առաջատար ապրանքախմբերի շարքում են։
«Ըստ ԵՄ գնահատականի՝ միջոցառումների կյանքի կոչման պարագայում պակաս վճարվող տուրքերի տարեկան ծավալը կկազմի մոտ 3 մլն եվրո (2027թ․-ին՝ 2․475 մլն եվրո, 2028 թ․-ին 2․97 մլն եվրո)»,- ասված է հոդվածում։
Ժամանակավորապես մաքսատուրքից ազատված ապրանքատեսակների արտահանումը զգալի կշիռ ունի նաև Հայաստանի ողջ արտահանման մեջ․
«2025 թ․-ին Հայաստանից արտահանվել է մոտ 3.5 մլրդ դոլարի հայկական ծագման արտադրանք, որի 2/3-ից ավելին բավարարում է առաջարկվող արտոնություններին»։
Ոլորտի փորձագետները կարծում են, որ հայ տնտեսվարողների համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի հետ միասին ԵՄ սահմանած առևտրի արտոնյալ ռեժիմը կարող է փոխել երկրի արտահանման դիվերսիֆիկացման մակարդակը՝ դեպի ԵՄ ուղղելով նաև այն հոսքերը, որոնք առաջ ուղղվում էին դեպի ԵԱՏՄ, մասնավորապես՝ Ռուսաստան։
Անդրադառնալով պտուղ-բանջարեղենի մասով կիրառվելիք սակագնային քվոտաներին՝ տնտեսագետները նկատել են՝ շատ դեպքերում քվոտաներն էականորեն քիչ են 2025 թ․-ի փաստացի արտահանման ցուցանիշներից․
«Օրինակ՝ սալորի դեպքում քվոտան փաստացի արտահանման ընդամենը 13%-ն է, իսկ ծիրանի դեպքում՝ 16%»։
Նրանց դիտարկմամբ՝ փոքր ծավալները պայմանավորված են ոչ այնքան ԵՄ-ի՝ սեփական շուկան պաշտպանելու մտադրությամբ, որքան միության մեթոդաբանությամբ ու պրակտիկայով։
Մասնավորապես՝ քվոտաների չափերը որոշվել են՝ հաշվի առնելով 2025 թ․-ին Հայաստանում գրանցված բիզնեսների կողմից կատարված արտահանումների տվյալները, որոնք հասանելի են ՄԱԿ-ի UN Comtrade տվյալների բազայում։ Սա այն դեպքում, երբ պտուղ-բանջարեղենի արտահանումների մեծ մասը կատարվում է ֆիզիկական անձանց կողմից։
«Թերևս մեր կառավարությունը պետք է ավելի հետևողական լիներ՝ լիարժեք ներկայացնելու Հայաստանի թարմ պտուղ-բանջարեղենի արտահանողների շահերը»,- ասված է հրապարակման մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Արտոնյալ ռեժիմ ՀՀ-ից ԵՄ արտահանման համար