«Հայաստանը՝ առևտրի և ներդրումների կենտրոն»․ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում
Երևանում կայացել է Հայաստան—Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Այս պատմական իրադարձությանը մասնակցելու համար ավելի վաղ ՀՀ մայրաքաղաք էին ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նախօրեին մասնակցել են նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ կապ, էներգետիկա, տրանսպորտ և թվային համագործակցություն։
«Հայաստան-ԵՄ օրակարգն այնքան ընդլայնված է և այնքան մեծ կշիռ է ստացել, որ այլևս անխուսափելի էր այս ձևաչափի ստեղծումը, որը ձևավորվել է բնական ճանապարհով՝ զարգացումների արդյունքում։ Իհարկե, կողմերի քաղաքական կամքն ու հանձնառությունն ունեցել են շատ կարևոր նշանակություն»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձանագրել է՝ այսօր Հայաստանն ու ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ։
Կարծում է՝ գագաթնաժողովը երկկողմ հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի, հատկապես «փոխկապակցվածության համատեքստում»։ Շեշտել է՝ Հայաստանը դեպի Կենտրոնական Ասիա և Կասպից ծով տանող ամենակարճ երթուղին է։ Նրա կարծիքով՝ երկիրը կարող է դառնալ առևտրային նոր ուղիների տարածաշրջանային կենտրոն։
«Այս նախադասությունը՝ Արևելքից Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է ՀՀ-ով, տասնյակ հարյուրավոր միլիարդների, տրիլիոնի արժեք ոււնի։ Սա նշանակում է ամենաբարձր մակարդակով ազդակ միջազգային ներդրումային համայնքին, որ այստեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիարդների պոտենցիալ կա։ Շնորհակալ ենք ԵՄ գործընկերներին այդ պոտենցիալը նաև մեզ համար բացահայտելու համար»,- գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողները վարչապետին հարցեր են ուղղել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում հաղթելու պարագայում ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մասին։ Վարչապետը ծավալուն անդրադարձ է կատարել միայն հայ-ադրբեջանական կարգավորմանը, մյուս հարցն անպատասխան է թողել։
Բոլոր մանրամասները՝ ի՞նչ հայտարարություն է ընդունվել, ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել, ՀՀ-ի վարչապետի և ԵՄ պաշտոնյաների ուղերձները
- «Հայաստանը՝ կամուրջ դեպի Եվրոպա»․ ԱԳ փոխնախարարը Թուրքիայում քննարկման է մասնակցել
- Սպասելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ ի՞նչ կտա Հայաստանին
- «Անվտանգային առումով նույն նավակի մեջ ենք»․ հայ փորձագետները՝ Ադրբեջան կատարած այցի մասին
Ընդունվել է համատեղ հայտարարություն
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Այն բաղկացած է 44 կետից։ Նշվում է, որ ՀՀ և ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել նշված կետերի շուրջ։
Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը՝
- «վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ առավել ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները և սատարելու Հայաստանի ինքնիշխանությունը, դիմակայունությունը և բարեփոխումների համապարփակ օրակարգը, ինչպես նաև երկարաժամկետ զարգացումը՝ մոտ բերելով Հայաստանը և հայ ժողովրդին Եվրոպական Միությանը,
- խրախուսում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ավելի ինտենսիվ դարձնելու երկկողմգործընկերությունը՝ ոլորտային ինտեգրման և ԵՄ օրենսդրությանը մոտարկման միջոցով,
- ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք արմատավորվել են 2025թ․ մարտին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի» մասին օրենքի ընդունմամբ, որն արտահայտում է երկրի մտադրությունը՝ շարժվելու դեպի ԵՄ,
- բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխավորմանն ուղղված ջանքերը,
- լիարժեքորեն սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ներառական վերաբացումը՝ հիմնված տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների վրա,
- ողջունում է Հայաստանի նախաձեռնությունները՝ միտված տարածաշրջանային ներառական կապակցվածության բարելավմանը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա, և վերահաստատում է իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը,
- շարունակում է լինել Հայաստանի առաջնային առևտրային գործընկերը և ներդրողը՝ աջակցելով կայուն աճին, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական դիվերսիֆիկացմանը»։
Փոխկապակցվածությունից մինչև սահմանների կառավարում․ ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել
Գագաթնաժողովի ավարտից հետո ստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև կապակցվածության գործընկերության մասին փաստաթուղթ։
Նաև մտադրությունների նամակներ են փոխանցվել հայկական 6 ընկերությունների։ Դրանք են՝
- Amber Capital Armenia,
- Firebird AI ընկերություն,
- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ,
- «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն,
- Creative Armenia,
- ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղ։
Այս պահին հայտնի տեղեկություններից կարելի է ենթադրել, որ այդ նամակները ենթադրում են ԵՄ հնարավոր ներդրումներ նշված ընկերություններում։
Նախաստորագրվել է նաև սահմանների կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։
Այդ զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի երկիրը Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։
«Հայաստանի աշխարհագրական դիրքը պետք է ծառայի ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալուն»
Հայաստանի վարչապետը ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը պատմական իրադարձություն է որակել։ Շեշտել է՝ մի շարք արձանագրումներ ցույց են տալիս, որ վերջին շրջանում տեղի են ունեցել պատմական ժամանակաշրջանի փոփոխություններ։ Դրանց շարքում առաձնացրել է՝
- Հայաստանի աշխարհագրական դիրքը ոչ թե վատ կամ սարսափելի, այլ գերազանց համարելը,
- ՀՀ-ի ոչ թե ռիսկային, այլ ներդրումների համար գրավիչ երկիր լինելը,
- Հայաստանի՝ ոչ թե կախյալ, այլ էներգետիկ ռեսուրսներ (արևային էներգիա) ունեցող երկիր դառնալը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը նույն տեղում է, ոչ մի տեղ չի շարժվել, սակայն «քաղաքական գործընթացների արդյունքում» աշխարհագրական վատ դիրքից անցում է կատարել դեպի գերազանց դիրք․
«Աշխարհագրական դիրքը, որն օգտագործվում էր մեր բոլոր խնդիրները բացատրելու համար, հիմա ծառայում է և պիտի ծառայի իրականացնելու համար ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականը»:
Շեշտել է՝ ԵՄ-ն մասնավոր ոլորտին կոչ է անում ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ, աջակցում է երկրում արևային էներգետիկայի զարգացմանը, մասնավորապես՝ տրամադրում է կուտակիչ կայաններ։
Անդրադառնալով տրանսպորտային կապակցվածությանը՝ ՀՀ ղեկավարը նշել է, որ կա համագործակցության պոտենցիալ.
«Հարևան երկրների հետ գործակցությամբ կարող ենք ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումներին»:
Օգտվելով առիթից՝ վարչապետը ԵՄ գործընկերներին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար։ Միևնույն ժամանակ նկատել է՝ Երևանն ակնկալում է շարունակական աջակցություն անկախ դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեվարքության մեխանիզմների ներդրման և մի շարք այլ ոլորտներում։
Հայաստանի եվրաինտեգրման հնարավորությունների մասին Փաշինյանը նոր միտք չի հնչեցրել։ Հերթական անգամ հիշեցրել է ԱԺ կողմից ընդունված օրինագծի մասին, կարևորել ԵՄ չափանիշներին համապատասխան երկիր դառնալը՝ որպես առաջնային խնդիր և հիմնական նպատակ։
Հայտարարել է՝ Հայաստանի ԵՄ անդամ դառնալը նախևառաջ քաղաքական որոշման՝ ԵՄ ընդլայնման հարց է.
«Եթե մեզ կընդունեն ԵՄ, ուրախ, երջանիկ կլինենք դրա համար, եթե ոչ, բոլոր դեպքերում կլինենք շահած դիրքերում, որովհետև ՀՀ-ն կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր՝ սրանից բխող բոլոր դրական արդյունքներով»:
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ունի ներուժ»
«Հայաստանը վաղուց եվրոպական ընդլայնված ընտանիքի արժեքավոր անդամ է։ 2018 թ․-ի թավշյա հեղափոխությունն ի ցույց դրեց Ձեր երկրի հանձնառությունը եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայության հանդեպ հարգանքին և հիմնարար ազատություններին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի անցկացումն ինքնին վկայում է երկկողմ համագործակցության խորացման մասին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը թվարկել է 4 գերակա ուղղությունները՝
- փոխկապակցվածություն (տրասնպորտ, արևային էներգետիկա),
- թվային գործիքներ և արհեստական բանականություն,
- անվտանգային ոլորտ, համագործակցություն Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում,
- տնտեսական աջակցություն, սոցիալական դիմակայունություն։
Անդրադառնալով փոխկապակցվածության ոլորտին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է՝ շատ քիչ երկրներ ունեն ՀՀ-ի նման եզակի դիրք։
«Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ունի ներուժ կապելու Եվրոպան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ և, ինչպես դուք նկարագրեցիք, վերածել ՀՀ-ն անկյունաքարային տրանսպորտային հանգույցի»,- դիմելով Փաշինյանին՝ նկատել է նա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը խոսել է նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում Երևանին աջակցելու մասին և հայտարարել․
«Այս երկրում իշխանության միակ լեգիտիմ աղբյուրը հայ ժողովրդի կամքն է»։
Հիշեցնելով ստորագրված մտադրության նամակների մասին՝ պաշտոնյան ընդգծել է՝ Հայաստանն ունի տաղանդներ և ռեսուրսներ, իսկ ԵՄ-ն կփորձի ապահովել «ներդրումներ և ենթակառուցվածք»։
«ԵՄ-ն շարունակելու է աջակցել տարածաշրջանի խաղաղությանը»
«Այսօրվա գագաթնաժողովը ԵՄ և ՀՀ միջև գործընկերության խորացման կարևոր ուղենիշ է։ Այն արտացոլում է վերջին տարիների նշանակալի նվաճումները և քաղաքացիների, ընկերությունների համար շոշափելի օգուտներ բերելու մեր ընդհանուր հավակնությունը»,- նկատել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նրա փոխանցմամբ՝ ԵՄ-ն աջակցում է ՀՀ սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական օժանդակության միջոցով։
Կոշտան բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ Հայաստանի տեսլականն» ու խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված «նոր մթնոլորտի» վկայություն է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առցանց մասնակցությունը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Կայուն և բարեկեցիկ Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է։ ԵՄ-ն շարունակելու է աջակցել տարածաշրջանի խաղաղությանն ու կարգավորման գործընթացին»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում