Աբխազիայի բնակիչը խոստովանել է, որ սպանել է ռուս զբոսաշրջիկի
Ռուս զբոսաշրջիկի սպանությունը Աբխազիայում
Ռուսաստանցի զբոսաշրջիկի սպանության մեջ կասկածվող Աբխազիայի բնակիչը ձերբակալվելուց հետո խոստովանել է կատարածը։ Պարզվել է, որ Էդգար Աբուխբան նախկինում ազատազրկման է դատապարտված եղել ծանր հանցագործության՝ առանձնակի դաժանությամբ կատարված բռնաբարության համար։
Աբխազիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի Ամինա Բիկբովայի սպանության մեջ կասկածվող անձին։

Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի 26-ամյա բնակչուհին հանգստանում էր Գագրա քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղացի միրգ վաճառողի՝ 25-ամյա Էդգար Աբուխբայի հետ։
Ծանոթությունից հետո նրանք մի քանի օր շարունակ հեռախոսային հաղորդագրություններ են փոխանակել։ Այնուհետև՝ սեպտեմբերի 24-ին, երիտասարդը (Ամինայի ընկերուհու խոսքով) նրան հրավիրել է սուրճ խմելու։ Դրանից հետո աղջկան այլևս չեն տեսել, նա կապ չի հաստատել իր ընտանիքի հետ։
Դստեր անհետացմամբ մտահոգված ծնողները դիմել են Աբխազիայի Ներքին գործերի նախարարություն։
Մեկ օր անց նախարարությունը հայտնել է ռուսաստանցի զբոսաշրջիկի սպանության մեջ կասկածվող անձի՝ Էդգար Աբուխբայի ձերբակալության մասին։

Սկզբում Աբուխբան հերքել է իր առնչությունը Ամինա Բիկբովայի անհետացմանը։ Նա պնդել է, թե իրենք «սուրճ են խմել, իսկ դրանից մի փոքր անց մեկ այլ տղա եկել ու տարել է նրան»։
Այնուամենայնիվ, ի վերջո նա խոստովանել է սպանությունը և ցույց տվել, թե որտեղ է թաքցրել դին։
Ըստ Աբուխբայի ցուցմունքի՝ սուրճ խմելուց հետո նա երիտասարդ կնոջը տարել է իր վարձակալած բնակարան։ Այնտեղ նրանք սեռական հարաբերություն են ունեցել, ինչից հետո նա խեղդամահ է արել կնոջը։ Նա որոշել է ազատվել դիակից՝ այն Բզիբ գետը նետելու միջոցով։ Սակայն ուժերը չեն բավականացրել դին մինչև գետ հասցնելու համար, ծածկոցի մեջ փաթաթված մարմինը թողել է գետի ափին։
Աբուխբան արդեն նմանատիպ հանցագործություն գործել էր
2019 թվականի հուլիսին Սուխումում նա խաբեությամբ ռուսաստանցի կին զբոսաշրջիկին տարել էր Աբխազիայի Նախարարների խորհրդի նախկին շենք և առանձնակի դաժանությամբ բռնաբարել նրան։ Այնուհետև նա որոշել էր սպանել կնոջը՝ աղյուսով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա գլխին։ Սակայն երիտասարդ կինը հրաշքով ողջ էր մնացել, թեև ձեռք էր բերել հաշմանդամություն։
Առաջին ատյանի դատարանն ի սկզբանե նրան դատապարտել էր 19 տարվա ազատազրկման։ Սակայն Աբխազիայի Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիան հաշվի էր առել, որ հանցագործության պահին Աբուխբան եղել 17 տարեկան, այսինքն՝ անչափահաս։
Արդյունքում՝ նրա պատիժը մեղմացվել էր, սկզբնական ժամկետը 19 տարուց կրճատվել էր՝ հասցվելով 9 տարվա ազատազրկման։
Աբուխբան ազատ էր արձակվել 2024 թ.-ի փետրվարի 2-ին։
Այժմ, եթե ապացուցվի Աբուխբայի մեղավորությունը Ռուսաստանի քաղաքացի Ամինա Բիկբովայի սպանության մեջ, նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։
- Ռուսական տուրօպերատորն արհեստականորեն իջեցնում է Աբխազիայի հյուրանոցների գները
- Աբխազական սփյուռքի ղեկավարին ՌԴ-ում կալանավորել են «հակառուսական հայտարարությունների» համար
- Աբխազիայում ծեծելով սպանել են 4-ամյա աղջկա․ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իշխանությունները
Մեկնաբանություն
Սուխումցի բլոգեր Ռուսլան Շակովը հրապարակել է մեկնաբանություն՝ բարձրացնելով այն հարցը, թե արդյոք հնարավոր էր կանխել սպանությունը, մասնավորապես՝ հնարավոր էր թույլ չտալ, որ Աբուխբան կատարի սեռական բնույթի երկրորդ ծանր հանցագործությունը։
«Որքան խորն եմ ուսումնասիրում Ամինայի պատմությունը, այնքան նվազում են հարցերս այն մասին, թե «կոնկրետ ով է ազատ արձակել Էդգար Աբուխբային», և ավելի շատ եմ մտորում նրա ազատ արձակումից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Կարևոր է հասկանալ, որ չի եղել մեկ դատավոր, ով միանձնյա որոշել է կրճատել նրա պատժաչափը։
Աբուխբան դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ ռուսաստանցի զբոսաշրջիկի բռնաբարության, կողոպուտի և մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար։ Հետագայում գործն անցել է դատական մի քանի ատյաններով։ Աբխազիայում պատիժը կրելու կարգի առանձնահատկությունների պատճառով նա փաստացի ազատ է արձակվել 2024 թվականի փետրվարի 2-ին՝ անազատության մեջ անցկացնելով մոտ 4.5 տարի։
Ինը տարվա պատժաչափը ֆորմալ առումով չի կրճատվել։ Սակայն դա ամենևին էլ գլխավոր խնդիրը չէ։
Ի՞նչ է տեղի ունեցել մարդու հետ ազատ արձակվելուց հետո։
Աբխազիայում գործում է բանտից ազատված անձանց նկատմամբ վարչական վերահսկողության մասին օրենք։ Եվ հենց այստեղ են ծագում իմ հարցերը։
Արդյո՞ք Աբուխբայի ազատ արձակումից հետո կիրառվել են վերահսկողական կամ կանխարգելիչ միջոցառումներ։ Ո՞վ (և ինչպե՞ս) պետք է գնահատեր այն ռիսկը, որ նման դաժան ու բռնի հանցագործություն կատարած անձը կարող է կրկին նման քայլի դիմել։
Չեմ պնդում, թե վարչական վերահսկողությունն անպայման կփրկեր Ամինային։ Ոչ ոք չի կարող դա իմանալ։ Սակայն, երբ մարդը նման հանցագործություն կատարելուց հետո վերադառնում է հասարակություն, աշխատանքը չպետք է ավարտվի նրա ազատ արձակման օրը։
Անհրաժեշտ են անվտանգության ոլորտում համակարգային բարեփոխումներ՝ քրեական օրենսդրության որոշակի դրույթների վերանայում, զենքի առևտրի նկատմամբ խիստ վերահսկողություն և ՆԳՆ-ի հզորացում՝ թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկական հնարավորությունների առումով։ […]
Եվս մեկ առանձին կետ՝ կապված Ամինայի վերաբերյալ հնչած մեկնաբանությունների հետ։
Այո, կարելի է պնդել, որ պետք չէր գնալ մեկի տուն, ում գրեթե չես ճանաչում։ Սակայն ռիսկային որոշում կայացնելը մարդուն չի դարձնում պատասխանատու իր իսկ սպանության համար։
Ամինան կարող էր չիմանալ, թե ով է կանգնած իր առաջ և ինչպիսի անցյալ ունի։ Իսկ իշխանությունները գիտեին։
Միևնույն ժամանակ, ես համաձայն չեմ մեկ անձի կատարած հանցագործության պատասխանատվությունը ամբողջ Աբխազիայի վրա բարդելու փորձերի հետ։ Ընտանիքի դիմումից հետո իրավապահները պարզեցին կասկածյալի ինքնությունը, ձերբակալեցին նրան և հայտնաբերեցին երիտասարդ կնոջ մարմինը։ Նախաքննությունը շարունակվում է։
Այնուամենայնիվ, սպանությունից հետո իրավապահների արդյունավետ աշխատանքը չի վերացնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք հնարավոր էր որևէ բան անել մինչ այդ։
Եվ այստեղ ես կցանկանայի տեսնել ոչ թե մեկ մեղավոր գերատեսչության կամ անհատի փնտրտուք, այլ ազնիվ վերլուծություն, թե ինչ է պետք փոխել օրենքներում և անվտանգային ողջ համակարգում, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուս զբոսաշրջիկի սպանությունը Աբխազիայում