«ԵՄ-ն իր դռները կբացի հայկական արտադրանքի համար». Եվրահանձնաժողովի նախագահի այցը Երևան
ԵՄ-ն կաջակցի հայ արտադրողներին․ ֆոն դեր Լայենի այցը ՀՀ
Հայաստանում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակությունը: Բարձրաստիճան պաշտոնյան Երևանում էր նաև երկու ամիս առաջ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին:
Այս անգամ, սակայն, ֆոն դեր Լայենը Երևան է եկել՝ աջակցություն հայտնելու Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների ենթարկված Հայաստանին:
ՌԴ-ն որակական չափանիշներին չհամապատասխանելու պատրվակով մայիսից մինչ օրս արգելում է հայկական մրգերի, բանջարեղենի, ձկնամթերքի, ալկոհոլի և մի շարք այլ ապրանքատեսակների մուտքը Ռուսաստան: Ռուսական սահմանափակումների ֆոնին Եվրամիությունը որոշել է օգնության ձեռք մեկնել ՀՀ-ին:
«Ես այսօր այստեղ եմ աներկբա հայտարարելու, որ եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրանքի համար Եվրամիության 450 մլն-անոց սպառողների շուկայում»,- ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվրահանձնաժողովի նախագահն ընտրությունների արդյունքների առիթով շնորհավորել է վարչապետ Փաշինյանին և հայ ժողովրդին, որն, ըստ նրա, «ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը և Եվրոպային մերձենալը»:
«Ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը: Մենք քաջ գիտակցում ենք, որ ՌԴ-ն փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ շատ չմոտենալու ԵՄ-ին: Մենք դա թույլ չենք տա, ձեզ կօժանդակենք այդ հարցում»,- ընդգծել է նա:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ԵՄ–ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։
Ասում է՝ «ՀՀ-ն և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ» արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական տնտեսական կիրառում։
Առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու ԵՄ աջակցության մեխանիզմների գործարկմանը վերաբերող հարցեր: Այնուհետև Փաշինյանն ու ֆոն դեր Լայենը հանդես են եկել հայտարարություններով, պատասխանել լրագրողների հարցերին և մանրամասներ ներկայացրել տրամադրվելիք աջակցության վերաբերյալ:
Կարևոր դրվագները՝ ստորև
- Հաղթահարելով ՌԴ սահմանափակումները․ աջակցության նոր ծրագրի մեկնարկ ՀՀ-ում
- «Ներկա պահին հանրաքվեի հիմքեր չկան»․ Երևանի արձագանքը ԵԱՏՄ հայտարարությանը
- «Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է որոշում կայացնելու պահը»․ Փաշինյանը՝ Պուտինին
Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ԵՄ աջակցության մասին
52 մլն եվրոյի չափով աջակցություն է տրամադրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից տրամադրված 52 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար՝ հույս հայտնելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ ԵՄ աջակցությունը կլինի շարունակական:
Միաժամանակ տեղեկացրել է, որ առաջիկայում ԵՄ անդամ երկրներում ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու նախագիծը:
Փաշինյանի խոսքով՝ այդպիսով Հայաստանը կդառնա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ–ի հետ «Ազատ առևտրի համաձայնագիր» չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում ԵՄ-ն կկիրառի այս գործիքը.
«Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավոր սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է»:
Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել սերտ գործընկերության, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ու տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Արտոնյալ պայմաններ ԵՄ-ում հայկական արտադրանքի համար
«Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության և Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության ուղով: Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել»,- իր խոսքում ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Նկատել է՝ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման ՌԴ կողմից և հավելել, որ ԵՄ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է՝ շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնություն՝ ամրացնելու և բազմազանեցնելու առևտուրը․
«Ֆինանսավորումը կարող է օգնել, օրինակ՝ ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն»:
Եվրոպացի պաշտոնյան նաև մանրամասներ է ներկայացրել ՀՀ համար ինքնավար առևտրային միջոցների գործիք ներդնելու առաջարկի մասին:
Դա, ըստ նրա, նշանակում է, որ՝
- «ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80% դեպի Եվրոպական միություն,
- առևտրի 80%-ը մեզ հետ է, այժմ սակագների [հավանաբար, նկատի ունի տուրքերը] ենթակա չի լինի»:
«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղվում ռուսական շուկայի վրա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա»,- ասել է նա:
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում ավելի և ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկներ են ներկրվել ԵՄ շուկա, ինչը գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու ՀՀ-ԵՄ տնտեսական գործընկերության մեջ։ Վստահեցրել է՝ սա դեռ միայն սկիզբն է․
«Հուլիսի կեսին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան՝ աշխատելու ձեր արտադրողների հետ, ձեռնարկությունների և արտահանողների հետ՝ օգնելով նրանց օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք Եվրամիության հետ արտոնյալ գործընկերությունը կարող է առաջարկել»:
Ճեպազրույցի կարևոր դրվագները
«Պատրաստ ենք ձեզ սատարել պոտենցիալ իրավիճակում». գազի գնի թանկացման մասին
Եվրահանձնաժողովի նախագահին ուղղված առաջին հարցը վերաբերվել է դեպի ՀՀ ռուսական գազի մատակարարումների գործիքայնացմանը:
«Եթե ՌԴ-ն որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ գինը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ի՞նչ աջակցություն կարող է տրամադրել ԵՄ-ն: Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է ՀՀ-ին աջակցել այլընտրանքային մատակարարներից գազ ձեռք բերելու կամ գնի հնարավոր սուբսիդավորման ուղղությամբ»,- հարցրել է լրագրողներից մեկը:
Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձագանքել է՝ նշելով, որ էներգակիրների հետ կապված ՀՀ-ին անհրաժեշտ է ռազմավարական, բազմաշերտ և համապարփակ մոտեցում.
«Ճիշտ այնպես, ինչպես մենք Հայաստանին օգնում ենք դիվերսիֆիկացնել առևտուրը, որն ավելացնում է դիմակայունությունն ու ուժեղացնում է ՀՀ-ն, ուզում ենք օգնել նաև դիվերսիֆիկացնել էներգամատակարարումները»:
Հիշեցրել է՝ ԵՄ-ն էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման հարուստ փորձ ունի, նմանատիպ խնդիրների է բախվել ինչպես Ուկրաինայում ու Մոլդովայում, այնպես էլ միության ներսում:
«Մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն պոտենցիալ իրավիճակում, որին ինքներս քաջ ծանոթ ենք»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը:
«Լավ ուղու վրա եք». վիզաների ազատականացման մասին
«ՀՀ-ն միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս ակտիվ վիզայի ազատականացման երկխոսության մեջ է ԵՄ հետ: Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը»,- արձանագրել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Հիշեցրել է՝ 2026 թ.-ի ապրիլին հրապարակվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ առաջին առաջընթացի զեկույցը: Ուրսուլա ֆոն դեր Լայենի փոխանցմամբ՝ այս աշնանը Հայաստան կգա գնահատման նոր առաքելություն:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը լավ ուղու վրա է և տքնաջան աշխատում է:
«Գիտենք, որ նվիրված եք այս օրակարգին, շնորհակալ ենք դրա համար: Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը: Գիտենք, թե հայ ժողովրդի համար որքան կարևոր է դա»,— խոսելով առանց վիզայի ռեժիմի մասին՝ նկատել է նա:
Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի՝ բարեփոխումներն ավարտելուց և բոլոր անհրաժեշտ պայմաններին բավարարելուց հետո հնարավոր կլինի անցնել առանց վիզայի ռեժիմի: Կոնկրետ ժամկետներ, սակայն, չի մատնանշել:
Ի տարբերություն Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ՀՀ քաղաքացիները դեպի ԵՄ երկրներ առանց վիզայի ռեժիմ կունենան 2029 թվականի դրությամբ: Միևնույն ժամանակ, նկատում է՝ շատ բան մեզնից է կախված․
«Շատ դեպքերում ոչ թե ԵՄ-ին, այլ ինքներս մեզ պետք է հարցեր տանք, թե ինչքանով ենք պատրաստ, ինչ որակով բարեփոխումների օրակարգը կիրականացնենք»:
Վարչապետի փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ ՀՀ ժողովուրդը սպասում է այդ որոշմանը, ավելին՝ ընտրությունների ժամանակ քվեարկել է նաև այդ որոշման օգտին:
«Եվ, իհարկե, մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել: Հույս ունեմ՝ բավականաչափ արագ և էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
«Ստեղծվել է պատմական շանս». Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին
Լրագրողները վարչապետ Փաշինյանին հարցեր են ուղղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մասին: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ երկար ժամանակ Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում:
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդպես է եղել նաև 2018 թ.-ի հեղափոխությունից առաջ և հավելել․
«Այլ խնդիր է, թե ինչ էֆեկտիվությամբ ու ինչ անկեղծությամբ է այդ օրակարգն իրականացվել: Հիմա՝ ընտրություններից հետո, շատ կարևոր առիթ եմ համարում, որ մենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը ռեստարտի ենթարկենք»:
Փաշինյանի խոսքով՝ այդ օրակարգի վրա լիարժեք կենտրոնանալու ժամանակ ՀՀ-ն նախկինում չի ունեցել, քանի որ այն անընդհատ զուգորդվել է մեծ խնդիրներով՝ քովիդ, պատերազմ, հետպատերազմական իրավիճակ:
Վարչապետի գնահատմամբ՝ ԵՄ հետ հարաբերությունների նոր մակարդակը երկրի համար ստեղծում է պատմական շանս:
Անդրադառնալով Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավորություններին՝ ևս մեկ անգամ հիշեցրել է՝ Երևանի համար ռազմավարական խնդիր է Եվրամիության չափանիշներին «լիարժեք, անկեղծ և ամբողջական» համապատասխանելը:
ԵՄ անդամ դառնալն, ըստ նրա, արդեն քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից․
«Եթե մեզ կհաջողվի դառնալ ԵՄ անդամ, դա կլինի շատ մեծ ձեռբքերում: Եթե ինչ-որ պատճառով, ասենք՝ ԵՄ-ն կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից մեծապես շահած դուրս կգանք, որովհետև կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է ԵՄ չափանիշներին»։
Փաշինյանի կարծիքով՝ տարածաշրջանում բացվում են նոր հնարավորություններ, իսկ ՀՀ-ն կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի: Ասում է՝ ԵՄ-ն այդ ջանքերում հետևողականորեն աջակցում է Երևանին, ինչը հայկական կողմը շատ բարձր է գնահատում:
«Նույնիսկ հիմա, որ հետադարձ նայում ենք՝ աներևակայելի է, թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Որևէ նշան չկա, որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են: Եվ ես դրա համար շատ ուրախ եմ»,- շեշտել է նա:
«ՌԴ հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր դրված չէ». ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում բացառել է 2013 թվականի կրկնությունը, երբ Հայաստանը կտրուկ փոխեց իր քաղաքականությունն ու միացավ ՌԴ հովանու ներքո գործող ԵԱՏՄ-ին, որն այն ժամանակ կոչվում էր Մաքսային միություն:
«Դա հնարավոր չէ, առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանը, մասնավորապես՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է նա:
Վարչապետի դիտարկմամբ՝ ՀՀ-ն երբեք չի դրել և չի դնի խնդիր՝ ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում:
«Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում: Բնականաբար, ոչ մի միջազգային գործընկերոջ շահը չենք արհամարհում։ Բայց, մյուս կողմից, որևէ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի շահերը: Եվ սա տրամաբանական է ցանկացած երկրի համար»,- ամփոփել է Փաշինյանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵՄ-ն կաջակցի հայ արտադրողներին․ ֆոն դեր Լայենի այցը ՀՀ