Հայ արտադրողների արձագանքը ռուսաստանյան սահմանափակումներին․ կարծիքներ, թվեր
Հայ արտադրողների արձագանքը ՌԴ սահմանափակումներին
2026թ. մայիսից Հայաստանի արտահանողները բախվեցին լուրջ արգելքների ռուսական շուկայում։ ՌԴ-ն փուլ առ փուլ սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ներմուծվող բազմաթիվ ապրանքների նկատմամբ։ Սկզբում սահմանափակումներ կիրառվեցին «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ, ապա՝ որոշ ալկոհոլային խմիչքների: Ավելի ուշ ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտարարեց Հայաստանից ծաղիկների և դեկորատիվ բույսերի ներմուծման ժամանակավոր արգելքի մասին: «Ռոսսելխոզնադզորը» հայտնեց նաև հայկական բանջարեղենի, մրգերի և որոշ անասնապահական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին:
Հունիսից այդ ցուցակն էլ ավելի ընդլայնվեց՝ ուժի մեջ մտավ կարանտինային հսկողության ենթակա հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումը։ Այն տարածվեց շուրջ 130 ապրանքատեսակների վրա, այդ թվում թարմ մրգերի և բանջարեղենի, ծաղիկների և այլ գյուղատնտեսական արտադրանքի։
ՌԴ սահմանափակումներն ուժի մեջ մտան Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Փորձագետները դրանք բացատրում էին ընտրություններին մասնակցող ռուսամետ քաղաքական գործիչներին աջակցելու միտումով։ Ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանք ենթադրում էին, որ ընտրություններից հետո արգելքները աստիճանաբար կվերացվեն։
Սակայն դրական զարգացումներ մինչ օրս տեղի չեն ունեցել։ Ավելին, իրավիճակը սրվել է։ Եթե սկզբնական շրջանում ասվում էր, որ սահմանափակումները պայմանավորված են հայկական ապրանքի որակով, ապա այժմ ՌԴ-ից ուղիղ հայտարարում են իրենց շուկայից օգտվելու անթույլատրելիության մասին, քանի որ ՀՀ-ն եվրաինտեգրման ճանապարհ է ընտրել։
Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին Հայաստանի կառավարությունը գործարկել է հայ արտահանողներին աջակցող ծրագրեր։
Դրանց շրջանակում նախատեսվում է սուբսիդավորում և դրամական փոխհատուցում, այդ թվում այլ շուկաներ արտահանման մաքսատուրքերի։ Սեպտեմբերի վերջին էլ գործադիրը հավելյալ 4,5 միլիարդ հատկացրեց տնտեսվարողների վնասները և լրացուցիչ բեռը թեթևացնելու նպատակով։
Ակնկալվում է, որ այս քայլերը կօգնեն բիզնեսին վերաուղղորդել մատակարարումները ռուսական շուկայից դեպի Եվրոպա և այլ ուղղություններ։ Գործընթացին հնարավորինս աջակցում է երկրի արտաքին գերատեսչությունը։ Վերջերս այն նույնիսկ վերանվանվեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն՝ հաշվի առնելով հենց այս գործառույթը։
Այնուամենայնիվ, ռուսական շուկա արտահանման արգելքը ցավոտ է գյուղատնտեսության ոլորտի համար, քանի որ այն Հայաստանի արտադրողների կողմից տարիներով դիտվել է որպես հիմնական ուղղություն։
Ինչպես են հայ արտադրողները արձագանքել ռուսաստանյան սահմանափակումներին՝ թվերով և անձնական պատմություններով։
- Հաղթահարելով ՌԴ սահմանափակումները․ աջակցության նոր ծրագրի մեկնարկ ՀՀ-ում
- «Նավթի հույս չկա, պետք է ապավինել պղնձին»․ փորձագետը՝ Հայաստանի օգտակար հանածոների մասին
- «Առաջիկա ամիսներին կկողմնորոշվենք»․ Փաշինյանը՝ ՀՀ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի մասին
- Հակակոռուպցիոն արշավ ՀՀ-ում. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառումը
Գյուղարտադրողը՝ ստեղծված իրավիճակի և իր պլանների մասին
Արգամ Երնջյանը վեց տարի առաջ Արարատ համայնքում հիմնել է կեռասի այգիներ։ Երեք տարի անց արդեն ստացել է լավ բերք և սկսել արտահանումը ռուսական շուկա:
«Այս տարին բարդ էր։ Բերքի մոտ 80% իրացրել եմ տեղական շուկայում և ոչ այն գնով, որը կարող էր եկամուտ ապահովել: Վաճառել եմ ինքնարժեքով։ Մտածեցի՝ թող այս տարի էլ իմ ժողովուրդն իր գրպանին հարմար գնով բարձրորակ ապրանք գնի»,- ասում է նա:
Արդյունքում՝ կարողացել է վճարել աշխատողներին և բանկային տոկոսները։ Սակայն, եթե մյուս տարի իրավիճակը չփոխվի, պլանավորում է կա՛մ վաճառել այգիները, կա՛մ վերապրոֆիլավորել բիզնեսը․
«Կեռասի մոտ 20 տոկոսը հանձնել եմ մթերման՝ եվրոպական շուկա արտահանման համար: Արտահանող ընկերությունը խոստացել է հաջորդ տարվա համար մեծացնել քանակը։ Բայց աչքս վախեցած է, մտահոգություններս շատ են: Պատասխանատու մարդ եմ՝ աշխատողներ ունեմ, նրանց հանդեպ պարտականություններ ունեմ»:
Գյուղատնտեսն ասում է՝ դրսի շուկաներում երկիրը պետք է ավելի ագրեսիվ ներկայացնի և առաջ տանի հայկական արտադրանքը․
«Դա միայն բիզնեսի հույսին թողնելը բավարար չէ: Միաժամանակ գործարարներին անհրաժեշտ է մասնագիտական խորհրդատվություն։ Գուցե նպատակահարմար է ոչ թե միայն թարմ կեռաս արտահանելն, այլ՝ նաև չիր, կոմպոտ և մուրաբա: Մտածում եմ արտադրանքիս մի մասն ինքս վերամշակելու մասին: Արտահանողներից պետք է ազդակներ ստանանք, ինչն է դրսի շուկաներում պահանջված: Իմ գործընկերը հիմա Մերձավոր Արևելքի ուղղության վրա է աշխատում, տեսնենք՝ ինչ դուրս կգա»:
Քաղաքական համատեքստ և վիճակագրական տվյալներ
2026թ-ի ռուսական սահմանափակումները Հայաստանի արտահանման համար փաստացի ոչ միայն կարճաժամկետ խնդիր են ստեղծել, այլև ստիպել ակտիվացնել արտաքին շուկաների դիվեսիֆիկացումը։
Ստեղծված իրավիճակում Հայաստանին ձեռք է մեկնել Եվրամիությունը՝ նախաձեռնելով հայկական տնտեսությանն աջակցելու և արտահանողների համար ԵՄ շուկա մուտքի լրացուցիչ հնարավորություններ։ ՀՀ համար ինքնավար առևտրային միջոցների գործիք ներդնելու առաջարկի մասին հուլիսի սկզբին Երևանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը․
«Այստեղ եմ աներկբա հայտարարելու, որ եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրանքի համար Եվրամիության 450 մլն-անոց սպառողների շուկայում»:
Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ խորհուրդն արդեն համաձայնություն են տվել ժամանակավոր առևտրային արտոնությունների փաթեթին։ Հայաստանից արտահանվող ապրանքների լայն շրջանակի համար կիրառվող մաքսատուրքերը ժամանակավորապես՝ 2 տարով կվերացվեն։ Առևտրային արտոնությունների փաթեթի շրջանակում նախատեսվում է ազատականացնել ՀՀ-ից դեպի ԵՄ շուկա արտահանման մոտ 80%-ը։ Առանձին ապրանքային խմբերի դեպքում նախատեսվող արտոնությունները նշանակալի են և կծածկեն Ռուսաստանի շուկայում նախկինում իրացվող
- թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%,
- խմիչքների և սպիրտային արտադրանքի ավելի քան 91%։
Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում 2026թ-ի առաջին յոթ ամիսներին արտահանման ծավալը կազմել է շուրջ 4.04 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 7.9%-ով։
Միևնույն ժամանակ, արտահանման աշխարհագրությունը շարունակում է ընդգրկել ինչպես Հայաստանի համար ավանդական, այնպես էլ նոր շուկաներ։
Այս տարվա հունվար–հունիս ամիսներին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ երկրներ գերազանցել է 516 մլն դոլարը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է ավելի քան 80%։
Արտահանման աճ է արձանագրվել նաև մի շարք այլ խոշոր շուկաներում։ Հունվար–հուլիս ամիսներին հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է
- Հնդկաստան՝ մոտ 100%-ով,
- Չինաստան՝ 66.8%-ով,
- ԱՄՆ՝ 4.2%-ով։
Առանձին ուղղություն է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։ 2026թ․ հունիս–օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանվել է
- միրգ՝ 24 երկիր,
- բանջարեղեն՝ 16 երկիր,
- ծաղիկ՝ 28 երկիր։
«Նոր շուկաներ գրավելը բարդ աշխատանք է»
Դավիթ Դավթյանը Հայաստանի «Ծնեբեկ արտադրողների միության» նախագահն է։ Սոցցանցերում հաճախ տեսանյութեր է հրապարակում գյուղատնտեսական պրակտիկաների գրագետ վարման մասին, իրացման շուկաների և այլ թեմաներով: Անձամբ հանդիպում է ֆերմերներին, ներկայացնում նրանց հաջողության պատմությունները և խնդիրները։ Նաև օգնում է տարբեր տնտեսվարողների կապ հաստատել միմյանց հետ և համատեղ լուծումներ գտնել։
Նրա գնահատմամբ՝ գյուղմթերքի արտադրության շուկայի համար այս տարին բավականին լարված էր և սթրեսային.
«Տեղական արտադրանքի 90%-ը ավանդաբար արտահանվել է ռուսական շուկա: Շուկայի մուտքի խոչընդոտներին արտադրողները տարբեր կերպ արձագանքեցին։ Որոշները նոր շուկաներ սկսեցին փնտրել և արտահանել, մյուսները՝ արտադրանքն իրացրեցին ներքին շուկայով՝ տեսանելիորեն իջեցնելով գները»:
Դավթյանն ասում է՝ պետք է կախարդական փայտիկ ունենալ, որպեսզի մի քանի օրում արտահանման շուկան դիվերսիֆիկացնել.
«Դա տարիների աշխատանք է, ներդրումների և համառության արդյունք: Ընդ որում, տարբեր են ինչպես շուկաները, այնպես էլ առանձին արտադրատեսակների հանդեպ շուկաների մոտեցումները»:
Ինչ վերաբերում է ստանդարտացմանը, նշում է, որ երկրում գյուղատնտեսական արտադրանք են ստեղծում միաժամանակ հարյուր հազարավոր արտադրողներ, որոնք տարբեր մաշտաբներ ու որակ են ապահովում․
«Որպես այդպիսին արտադրանքի որակի և ստանդատացման խնդիր երկիրը չունի։ Որոշ դեպքերում հնարավոր է նաև ստանդատից ավելի լավ որակ ապահովել, եթե խոսում ենք տեխնոլոգիապես հագեցված մեծ արտադրությունների մասին»:
Կարծում է՝ առաջիկա տարիներին տեղական գյուղմթերքի արտահանման շուկաները կընդլայնվեն։ Միաժամանակ կարևոր է համարում, որ արտահանողները սովորեն իրենց արտադրանքը հարմարեցնել կոնկրետ շուկաների պահանջներին:
Օրինակ է բերում ռուսական շուկան, որտեղ հայկական ապրանքատեսակները նախատեսված են եղել ինչպես տեղում ապրող հայերի, այնպես էլ ռուսների համար․
«Նույն տրամաբանությամբ պետք է աշխատել նաև Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր արևելքի շուկաների դեպքում: Սկզբնական շրջանում նոր շուկա մտնելը ներդրում է բիզնեսի համար։ Պետք է ներկայանաս գնորդին և սովորեցնես քո ապրանքին, որպեսզի նա փորձի, ճանաչի և հետագայում գնի այն: Նոր շուկաներ գրավելը բարդ աշխատանք է, բայց այլ ճանապարհ չկա»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ արտադրողների արձագանքը ՌԴ սահմանափակումներին