«Ոտնձգություն ՀՀ քաղաքացու կյանքի նկատմամբ»․ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին
Ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին
Նախօրեին՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Շաքի գյուղ է մուտք գործել ադրբեջանցի զինծառայող, նա կրակել է նույն գյուղի 39-ամյա բնակչուհու ոտքին։ Միջադեպը տեղի է ունեցել կնոջ երեք երեխաների ներկայությամբ, նրանցից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել։
ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ադրբեջանցի Նասիմ Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Դեպքի հանրայնացումից հետո միայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է՝ դեռևս սեպտեմբերի 29-ին է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել, որ զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ»,- նշել են գերատեսչությունից։
Ադրբեջանի իրավապահ կառույցների փոխանցմամբ՝ Նասիմ Մուսաևն անհետացել է սեպտեմբերի 26-ին:
Արդյոք նա հենց այդ օրն է ներթափանցել Հայաստանի տարածք և 5 օր շարունակ գտնվել այստեղ, հստակ չէ։ Հայաստանի իրավապահներն ադրբեջանցուն հայտնաբերել են միայն հանցագործություն կատարելուց հետո։
Հայ վերլուծաբանները դեպքի առիթով հիշեցրել են նաև առկա նախադեպերի մասին, երբ սահմանն ապօրինի հատած և հանցանք գործած ադրբեջանցիները հանձնվել են Ադրբեջանին։ Նրանք ակնկալում են, որ զինծառայողը պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Միևնույն ժամանակ նկատում են՝ նրան Ադրբեջան վերադարձնելու պարագայում պետք է հաշվի առնվի նաև այն հանգամանքը, որ Բաքվում են պահվում շուրջ երկու տասնյակ հայ գերիներ։
Թեման ակտիվորեն քննարկվում է նաև սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։ Հայ օգտատերերը տեղի ունեցածը գնահատում են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ֆոնին և մինչև անգամ հեգնում, թե «կեցցե՛ խաղաղությունը»։
Այս պահին հայտնի բոլոր տեղեկությունները, փորձագետների և քաղաքացիների կարծիքները
- «Բաքվում պահվող բոլոր հայերը կյանքի սպառնալիքի ներքո են»․ հայ իրավապաշտպան
- ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կարող է մեկնարկել. առկա խոչընդոտների մասին
- «Նույնիսկ ատոմակայանի փակման դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրների չի բախվի»․ արձագանք Ալիևին
Ականատեսների վկայությունները
«Եղբայրս ու քույրս եկել են դասից տուն, տեսել են պատուհանը կոտրած։ Զանգել են մամային, ասել։ Պապան մամայի հետ նստել են ավտոն, եկել։ Մամայի ձեռքը դանակ կար, միշտ պահում էր մոտը, որ սենց բաներ լիներ, պաշտպանվեր։ Մաման մտավ, դանակով խփեց, այդ մարդն էլ կրակեց, փախավ»,- ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 5-րդ ալիքին պատմել է վիրավորված կնոջ որդին։
Հրազենային վիրավորում ստացած կնոջ քույրը պատմել է, որ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:
«Ազատության» հետ զրույցում նա նշել է, որ քրոջ երկու երեխաները դպրոցից վերադառնալիս հեռախոսով խոսելիս են եղել ծնողների հետ, երբ տեսել են, որ իրենց տան կողպեքը կոտրված է։ Երբ երեխաները տուն են մտել, հյուրասենյակում տեսել են ադրբեջանցի զինվորին։ Փորձել են մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից վերցրել է հեռախոսը:
Ըստ քրոջ վկայության՝ երեխաների մայրը մեքենայով հասել է տուն և, երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, փորձել է ձեռքով փակել ինքնաձիգը։ Այդ ժամանակ ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են կնոջ ձախ ձեռքի 3 մատները:
Պատմել է նաև, որ վիրավոր կինը դանակով ինքնապաշտպանության է դիմել, երբ ադրբեջանցին նորից է լիցքավորել ինքնաձիգը։ Նա մի քանի հարված էհասցրել ադրբեջանցուն, իսկ Մուսաևը հարվածել է կնոջը, նա ուշագնաց է եղել:
Մոր ուշագնացությունից հետո 15-ամյա տղան է սկսել դիմադրել ադրբեջանցուն, ինչի արդյունքում էլ կոտրվել է տղայի դաստակը:
Ի՞նչ վիճակում են տուժած կինն ու երեխաները
Հրազենային վիրավորում ստացած 39-ամյա կինը երեկ բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վնասվածք ունի նաև ազդրի հատվածում։
«Ազատության» ռադիոկայանի տեղեկություններով՝ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է, սակայն նա ունի վիրահատության կարիք:
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ վնասվածքներ են ստացել նաև կնոջ 15 և 12 տարեկան երեխաները․
«2014 թ․-ին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թ․-ին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք»։
Երեխաներից մեկի կոտրված դաստակին գիպս է դրվել, մյուսին ցուցաբերվել է միայն հոգեբանական աջակցություն։
Տեղեկություններ Երևանից և Բաքվից
Դեպքի մասին պաշտոնական սուղ տեղեկություններ են հրապարակվել։ Նախ հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ ԱԱԾ-ից հայտնել են, որ «hոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքի»։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։
Բաքուն զինծառայողի սահմանահատման մասին տեղեկությունները հանրայնացրել է միայն Շաքիում տեղի ունեցած միջադեպից հետո:
Ադրբեջանի Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Նասիմ Մուսաևը Լաչինի զորամասից անհետացել է սեպտեմբերի 26-ին։ Նշվում է, որ քրեական գործ է հարուցել զինծառայողի անհետացման փաստով, ուսումնասիրության արդյունքում Մուսաևի կողմից զորամասն ինքնակամ լքելու վերաբերյալ հիմնավոր կասկածները հաստատվել են։
«Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է ՀՀ տարածքում և ձերբակալվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից»,- հայտնել է ադրբեջանական կողմը։
Բաքուն նաև ընդգծել է, որ ՀՀ համապատասխան կառույցների հետ աշխատում են տեղի ունեցածի մանրամասները պարզելու ուղղությամբ։
Քրեական վարույթ է հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու
Հայաստանի Գլխավոր դատախազությունը նախօրեին հայտնել էր, որ քրեական վարույթ է հարուցվել զենքով առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն կրելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով։
Հայ հանրության մեջ բողոքի ալիք էր բարձրացել այն հանգամանքը, որ անդրադարձ չկա ապօրինի սահմանահատմանը։
Արդեն այսօր կառույցից տեղեկացրին, որ առանձին քրեական վարույթ է հարուցվել նաև սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հոդվածներով:
Հարուցված վարույթները միացվել են իրար։
Փորձագիտական կարծիքներ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը հնարավոր սահմանախախտի մասին տեղեկացված է եղել դեպքից առնվազն երկու օր առաջ՝ սեպտեմբերի 29-ին։
«Մտահոգիչ է, որ նախազգուշացման և հայտարարված որոնումների պայմաններում՝ Մուսաևը հայտնաբերվել է միայն Շաքիում ՀՀ քաղաքացու նկատմամբ հրազեն կիրառելուց հետո։ Որոնողական գործողությունները չեն կանխել նրա հնարավոր ապօրինի մուտքը, Շաքի հասնելը կամ կրակոցը»։
Սուրենյանցի խոսքով՝ պարզաբաման ենթակա են մի քանի առանցքային հանգամանքներ՝
- ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը և Լաչինի ուղղությունից հասել Շաքի,
- ո՞ր հատվածով է նա մուտք գործել Հայաստանի տարածք, ինչպե՞ս է շրջանցել սահմանային վերահսկողությունն ու անվտանգության համակարգերը,
- ինչո՞ւ նախազգուշացումից հետո երկու օր, իսկ զինծառայողի անհետացումից հետո՝ շուրջ հինգ օր, նրան չեն հայտնաբերել,
- ի՞նչ իրավական ճակատագիր է սպասվում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին։
«Քրեական վարույթ արդեն նախաձեռնվել է։ Պետք է պարզ լինի՝ այն կհասնի՞ իրավական ավարտին՝ սահմանն ապօրինի հատելու և ՀՀ քաղաքացու նկատմամբ հրազեն կիրառելու հանգամանքների ամբողջական քննությամբ, թե՞ գործը կդառնա քաղաքական պայմանավորվածության առարկա»,- շեշտել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ եթե քննարկվի զինծառայողին Ադրբեջանին հանձնելու տարբերակը, պետք է հստակ լինի՝ Հայաստանը դրան զուգահեռ բարձրացնելո՞ւ է Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը, և ի՞նչ իրավական ու քաղաքական պայմաններով կարող է նման որոշում ընդունվել։
Սուրենյանցն արձանագրել է՝ գլոբալ առումով այս միջադեպը ՀՀ պետական սահմանի վերահսկողության և քաղաքացիների անվտանգության ապահովման արդյունավետության բացակայության մասին է։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն առաջարկել է Շաքի գյուղում տեղի ունեցածը դիտարկել նախորդ նախադեպերի համատեքստում։ Հիշեցրել է՝
- 2019 թ․-ին Հայաստանի իշխանությունները ԿԽՄԿ-ի աջակցությամբ Ադրբեջանին վերադարձրեցին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին՝ այդ քայլը պաշտոնապես բնորոշելով որպես «հումանիտար քայլ»,
- 2023 թ․-ին Ադրբեջանին վերադարձվեց նաև Հուսեյն Ախունդովը, որը Հայաստանում սպանել էր 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Հայրապետյանը շեշտել է՝ պետք է բացառել նման նախադեպի կրկնությունը։
«ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով Ադրբեջանին»։
Ադրբեջանագետի գնահատմամբ՝ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ։
«Այս դեպքը պետք է քննվի օրենքի ողջ խստությամբ, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում՝ հանցագործը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժը»,- արձանագրել է նա։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Ադրբեջանցի զինվորի՝ սահմանը հատելու դեպքը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ վիճակ է սահմանին։ Դեռ շնորհակալ լինենք, որ մենակ է եկել։ Կարող էր միանգամից զորքով գալ, որ դիմավորեինք՝ «Բարի գալուստ, Հայաստան» մեծ ցուցանակով»։
«Իսկ ադրբեջանցի զինվորն ինչպե՞ս է հատել մեր սահմանն ու հասել Շաքի գյուղ։ Սահմանին դիրքեր չունե՞նք, տեսախցիկներ չունե՞նք։ Փաստորեն, եթե ադրբեջանական կողմը չզգուշացներ, մերոնք այդպես էլ չէին իմանալու սահմանահատման մասին»։
«Ստացվում է՝ զինված անձը կարող է անարգել հատել պետական սահմանը, օրերով տեղաշարժվել, հասնել բնակավայր ու վնաս հասցնել խաղաղ բնակչին, ինչը, իր հերթին, նշանակում է, որ անվտանգության հարցում քաղաքացին նորից մնում է սեփական հույսին ։Եթե կարող ես, գլխիդ ճարը տես»։
«Խաղաղությունն այն է, երբ «խաղաղ պայմաններում» ադրբեջանցի զինծառայողը չի կարողանում հայտնվել քո տանը և քո երեխաների աչքի առաջ վնասել քեզ։ Սեպտեմբերի 29-ին արդեն հայտնի էր, որ ադրբեջանցի զինծառայողը լքել էր իր զորամասը, և, ըստ հաղորդումների, հայկական կողմը տեղեկացված էր այդ մասին։
Որտե՞ղ էր պետական վերահսկողությունը, երբ հայտնի էր, որ զինծառայողը լքել է իր զորամասը, և ի՞նչ գործողություններ էին ձեռնարկվել՝ նրա մուտքը ՀՀ տարածք կանխելու համար։ Ո՞ւր էր այն իշխանությունը, որը քարոզարշավի ժամանակ խոստանում էր «խաղաղություն»»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին