«Մոսկվայի գլխավոր վախն այն է, որ Հայաստանը կընտրի ԵՄ-ն»․ կարծիք
Ինչո՞ւ է ՌԴ-ն Հայաստանից հանրաքվե պահանջում
Վերջին օրերին ԵԱՏՄ-ում մնալու կամ դեպի Եվրամիություն շարժվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու ՌԴ պահանջը վերածվել է ակնհայտ սպառնալիքի։ Այդ մասին ասվում է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի հրապարակած հոդվածում։
Նշվում է, որ տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով հանրաքվեի պահանջ է ձևակերպում, սակայն այժմ հնչում է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ գործընթացներ սկսելու սպառնալիք։ Եվ դա տեղի է ունենում, թեև այս կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով և ՀՀ-ն կարող է արգելափակել նման զարգացումները։
«Ռուսաստանի գլխավոր վախը ժամանակի ընթացքում ավելի վատ դիրքեր ունենալն է, որի հետևանքով Հայաստանի ժողովուրդը կարող է ընտրություն կատարել Եվրամիության օգտին»,- ասված է հրապարակման մեջ։
Հոդվածի հեղինակներն ընդգծել են, որ գլխավոր վախը լինելու հետ մեկտեղ դա նաև Ռուսաստանի «գլխավոր մոլորությունն» է։ Կարծում են՝ նույնիսկ նախընտրական շրջանից սկսած ՌԴ կողմից կիրառվող «տնտեսական ճնշումներն ու շանտաժը» չեն փոխում ՀՀ հասարակության վերաբերմունքը։ Որպես դրա ապացույց՝ մատնանշում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ հաղթանակ գրանցեց իշխող ուժը, ոչ թե ռուսամետ քաղաքական ուժերը։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՌԴ-ն սահմանափակումներ կիրառեց հայկական պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։ Միաժամանակ արգելեց ՀՀ-ից ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Որպես պատճառաբանություն մատնանշվում է որակական անհամապատասխանությունը։
Հայ փորձագետներն ու պաշտոնյաները խնդիրը դիտարկում էին նախընտրական տրամաբանության մեջ և ակնկալում, որ հունիսի 7-ից հետո այն կկարգավորվի։ Ընտրություններից հետո Ռուսաստանը ոչ միայն չվերացրեց տնտեսական պատժամիջոցները, այլև մտցրեց նոր սահմանափակումներ։
ՌԴ սահմանափակումների ֆոնին հունիսի սկզբին ԵԱՏՄ 4 անդամներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հայաստանի իշխանություններին կոչ արեցին հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու հարցով։ Պաշտոնական Երևանի դիրքորոշման համաձայն՝ ներկա պահին հանրաքվեի հիմքեր չկան, քանի որ «դեռևս գոյություն չունի հանրաքվեի առարկան»։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նման հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ Հայաստանը պետք է անդամության թեկնածուի կարգավիճակ ունենա կամ առնվազն նման հարց լինի օրակարգում։
Մոսկվան, սակայն, շարունակում է հանրաքվեի հարց բարձրացնել։ Օրեր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ԵԱՏՄ ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեն կանցկացնի մինչև դեկտեմբեր, հակառակ պարագայում «ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ»։ Նրա փոխանցմամբ՝ դեկտեմբերին կայանալիք բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ներկայացվելու է նաև զեկույց ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին։
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով
- «Մոսկվան հասնելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»․ արձագանք ՌԴ ԱՀԾ-ին
- «ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»․ Փաշինյան
- «Ներկա պահին հանրաքվեի հիմքեր չկան»․ Երևանի արձագանքը ԵԱՏՄ հայտարարությանը
- «Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է որոշում կայացնելու պահը»․ Փաշինյանը՝ Պուտինին
Հայաստանի վարչապետը խոսում էր ԵՄ-ին միանալու հանրաքվեի մասին
«Հայաստանում որևէ մեկը երբևէ չի խոսել ԵԱՏՄ կամ ԵՄ այլընտրանքի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։
2025 թ․-ի հունվարի 9-ին, երբ ՀՀ կառավարությունը քննարկեց և հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, վարչապետ Փաշինյանը նշեց․
«ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ նշանակվի հանրաքվե, և, մեր Սահմանադրությամբ նախատեսված կարգով, հանրաքվեի մասնակիցների՝ օրենքով սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»։
Հետագայում այս միտքը տարբեր ձևակերպումներով և տարբեր առիթներով կրկնել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Իսկ դրա էությունն այն է, որ Հայաստանում հանրաքվե է անցկացվելու Եվրամիությանը միանալ-չմիանալու առնչությամբ, ոչ թե ԵԱՏՄ-ում մնալու կամ այն լքելու։
Այս սկզբունքային տարբերությունն էականորեն փոխում է նաև ակնկալվող արդյունքի վերաբերյալ կանխատեսումները։ Այլ հարց, որ ԵՄ անդամ դառնալուն կողմ քվեարկելու դեպքում հետագա գործընթացների ինչ-որ փուլում Հայաստանն անխուսափելիորեն լքելու է ԵԱՏՄ-ն»։
Ռուսաստանը պարտադրում է այլ հանրաքվե
«ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Հայաստանի պատրաստակամությունը էականորեն տարբերվում է նրանից, ինչ Մոսկվան ցանկանում է պարտադրել։
Թեման ակնհայտորեն մանիպուլացնելով՝ Ռուսաստանը նույնիսկ պահանջում է ԵԱՏՄ վերաբերյալ հանրաքվեն անցկացնել այսօր, երբ ԵՄ անդամակցությունից Հայաստանը հեռու է նվազագույնը տասնամյակով։
Անհրաժեշտ է հասկանալ, թե որն է նման շտապողականության իրական պատճառը։
Կրեմլում գիտակցում են, որ ԵՄ անդամակցության իրական հնարավորություն լինելու դեպքում որևէ գիտակից հասարակություն չի կարող դեմ քվեարկել դրան։
Հետևաբար, Հայաստանին ԵԱՏՄ-ում պահելու և դեպի ԵՄ շարժը կասեցնելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է հանրաքվեն անցկացնել հնարավորինս շուտ՝ քանի դեռ ԵՄ անդամակցության հեռանկարը մշուշոտ է և անտեսանելի»։
Մոսկվան փորձում է «հաղթել» Եվրոպային՝ օգտագործելով հայ տնտեսվարողների կախվածությունը
«ԵԱՏՄ մեխանիզմներն այսօր աշխատում են ՀՀ տնտեսվարողների համար, ինչն ազդեցություն և կախվածություններ է ստեղծում։
Մյուս կողմից, Հայաստանը շարունակաբար դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը, ինչն էլ առաջ է բերում այդ ազդեցությունների և կախվածությունների նվազում։
ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցն էլ ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանում շահեր ունեցող բազմաթիվ տնտեսվարողների՝ ի տարբերություն ԵՄ անդամակցության հարցի, որն ավելի վերացական է։
Մոսկվան հույս չունի, թե կարող է տարիների կամ տասնամյակների ընթացքում տնտեսական մրցակցությունում «հաղթել» Եվրոպային և առավել գայթակղիչ պայմաններ առաջարկել Հայաստանին, և կարծում է, թե այսօր դեռևս հնարավորություններ ունի, հետևաբար շտապում է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ինչո՞ւ է ՌԴ-ն Հայաստանից հանրաքվե պահանջում