«Բաքուն մեծացնում է ՀՀ հանդեպ ճնշումը՝ օգտագործելով լրացուցիչ գործիքներ»․ կարծիք
Կարծիք Բաքվի կոշտացած հռետորաբանության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը պետք է դիտարկել որպես «Փաշինյանի իշխանության նկատմամբ հրապարակային դժգոհության բավականին ակնհայտ ցուցադրություն»։ Այս կարծիքին է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ Ալիևը, մասնավորապես՝ նշել էր, թե անհնար է բոլոր մեղքերը բարդել Հայաստանի նախկին ղեկավարների վրա։
«Ճիշտ է, Հայաստանի նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը, սակայն ՀՀ գործող իշխանություններն էին, որ մեզ տարածքային պահանջներ էին ներկայացնում, անպատեհ ու ոչ քաղաքակիրթ հայտարարություններով վիրավորում էին ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը։ Մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին»,- շեշտել էր Ադրբեջանի նախագահը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Ալիևի և նրա օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարություններին, ինչպես նաև Ադրբեջանի կոշտացած հռետորաբանությանը։
«Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից ու վերջինիս նախկին հայտարարություններն ու դիրքորոշումները անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել որպես լրացուցիչ ճնշման գործիք»,- արձանագրել է նա։
- «Ոտնձգություն ՀՀ քաղաքացու կյանքի նկատմամբ»․ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին
- «Կան չլուծված հարցեր, կոնֆլիկտային խոսույթներ»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին
- «Բաքվին օգնում են արդարացնել էթնիկ զտումը»․ կարծիքներ Երևանից դիվանագետների՝ ԼՂ այցի մասին
«Կցանկանայինք խաղաղություն կնքել ոչ միայն ՀՀ կառավարության, այլև հայ ժողովրդի հետ»
Ալիևի կոշտ հայտարարությունների ֆոնին նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի մասին և ընդգծել՝ Ադրբեջանն այժմ ապրում է խաղաղության մեջ, սակայն խաղաղության գործընթացը չպետք է մնա միայն թղթի վրա։
Բաքվում ընթացող CAMCA տարածաշրջանային ֆորումի ժամանակ նա նշել է՝ Ադրբեջանը ձգտում է ձևավորել խաղաղության վրա հիմնված տարածաշրջանային ճարտարապետություն, որը երկու ժողովուրդների համար կապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն։
Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կցանկանար խաղաղություն կնքել ոչ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ․
«Մենք կցանկանայինք այս խաղաղությունը կնքել հայ ժողովրդի հետ»։
Ալիևի օգնականը պնդել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն զարգանում են առևտրային և գործարար կապեր, իրականացվում են վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ։
Միևնույն ժամանակ, Հաջիևը հերթական անգամ բարձրաձայնել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանի՝ ՀՀ մայր օրենքի փոփոխության մասին․
«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը և կհանի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող հատվածը։ Դրանից հետո խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կդառնա իրականություն»։
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարում է ՀՀ հետ խաղաղության պայմանագրի կնքման միակ խոչընդոտ։ Բաքուն խնդրահարույց է համարում, մասնավորապես՝ մայր օրենքի նախաբանում Անկախության հռչակագրին արված հղումը։ Հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։
Փաստաթղթի նախագիծը դեռևս չի հրապարակվել, քննարկումների փուլում է։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է արվի։ Միաժամանակ պաշտոնական Երևանը պնդում է, որ մայր օրենքի փոփոխությունը հենց ՀՀ-ին է անհրաժեշտ և դա չի արվում Բաքվի պահանջով։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն իր քաղաքականության առանցքում դրել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը, իսկ Ադրբեջանը հռետորաբանությունը մեղմելու փոխարեն վերջին շրջանում հետևողականորեն կոշտացնում է այն․
«Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ ամրագրել պատերազմի հետևանքով ձևավորված ուժային առավելության քաղաքական արդյունքները՝ գիտակցելով, որ տարածաշրջանային ներկայիս հարաբերակցությունը հավերժ չէ»։
Ասում է՝ վերոնշյալ վարկածի մասին են վկայում նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները, որոնցում նա խոսում է արդեն իսկ խաղաղության պայմաններում ապրելու մասին, միաժամանակ շեշտում, թե միայն ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո իրականություն կդառնա խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Սա հակասություն չէ, այլ աշխատանքի բաժանում։ Առաջին ձևակերպումը միջազգային լսարանի համար է, երկրորդը՝ Երևանին հասցեագրված մեսիջ՝ ստանձնած պարտավորությունը կատարելու հիշեցումով»,- կարծում է նա։
Սուրենյանցն ուշագրավ է համարում, մասնավորապես՝ «ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ» խաղաղություն կնքելու ցանկության մասին հայտարարությունը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի համար բավարար չէ միայն գործող իշխանության համաձայնությունը, ուզում է, որ իր համար սկզբունքային փոփոխությունները Հայաստանի ներսում ստանան «հանրաքվեով ամրագրված լեգիտիմություն և հնարավորինս անշրջելի բնույթ»։
Ինչո՞ւ է Բաքուն։ Քաղաքագետի համոզմամբ՝ պատճառներից մեկը կարող է լինել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունը՝ առաջին հերթին, Իրանի գործոնի ուժեղացումը․
«Եթե Իրանը կարողանա իր տարածաշրջանային ազդեցությունը կապիտալիզացնել, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է սահմանափակել Հայաստանի նկատմամբ Բաքվի ներկայիս ճնշման հնարավորությունները»։
Քաղաքագետը հիշեցնում է՝
- Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային սահմանների փոփոխությունն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունն իր համար կարմիր գծեր են,
- Իրանը հատկապես զգայուն է Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունների նկատմամբ՝ դրանք դիտարկելով սեփական անվտանգության և տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից։
Սուրենյանցի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը ստանում է լրացուցիչ նշանակություն, այն միայն խաղաղության պայմանագրի ստորագրման «մեխանիկական նախապայման» չէ։
«Ադրբեջանը փորձում է Հայաստանի ներսում իրավաքաղաքական մակարդակով ամրագրել իր համար ցանկալի արդյունքը։ Եվ այդ արդյունքը չի սահմանափակվելու միայն Անկախության հռչակագրին արվող հղումը հանելով»,- վստահեցնում է նա։
Օրինակ է բերում «Արևմտյան Ադրբեջան» պատումն ու միջանցքային տերմինաբանության (այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի») կիրառումը։ Նկատում է՝ դրանք չեն անհետանալու այն պահին, երբ մայր օրենքից հանվի Անկախության հռչակագրի հղումը։ Ասում է՝ Ադրբեջանը կարող է Սահմանադրության փոփոխությունից հետո ՀՀ-ին ներկայացնել պահանջների նոր ցանկ․
«Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի։ Այս պահին հրապարակային փաստերը բավարար չեն նման միանշանակ եզրակացության համար»։
Ըստ փորձագետի՝ Բաքուն չի համարում, թե «Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ուզում է ստանալ», ուստի մեծացնում է քաղաքական ճնշումը՝ փորձելով հնարավորինս արագ ստանալ այն, ինչ հետագայում կարող է լինել «շատ ավելի դժվար հասանելի»։
«Եվ շտապում է ստանալ դա հիմա, քանի դեռ Երևանում կա կառավարություն, որը Սահմանադրության փոփոխության Բաքվի պահանջը համարում է սեփական օրակարգ, և քանի դեռ տարածաշրջանային զարգացումները չեն փակել Հայաստանի նկատմամբ միակողմանի ճնշման ներկայիս «հնարավորությունների պատուհանը»»,- ամփոփել է Սուրենյանցը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք Բաքվի կոշտացած հռետորաբանության մասին