«Բռնապետն ուզում է բոլորին դուր գալ, իսկ իրեն չհավանողներին՝ չեզոքացնել». կարծիք Թբիլիսիից
Վրաստանում քաղաքացիական դիմակայության մասին
Transparency International Georgia կազմակերպության հետազոտող Զվիադ Կորիձեն կարծում է, որ Վրաստանի ներկայիս կառավարման մոդելը հիմնված է քաղաքացիական բախումների ստեղծման և հասարակությունը պառակտելու վրա: Նրա գնահատմամբ՝ իշխանությունը պահպանելու համար ավտորիտար ռեժիմներին անհրաժեշտ է բևեռացնել հասարակությունն ու այլախոհ խմբերին ներկայացնել իբրև թշնամիներ։
Ըստ Կորիձեի՝ հասարակությունը պահպանում է դիմադրության կարողությունը, և, ի վերջո, հենց հասարակական ակտիվիզմն է դառնալու այն ուժը, որը կհակազդի այս գործընթացներին։
Հուլիսի 26-ին խառը մարտարվեստի (MMA) մարտիկ Գեորգի Քարթվելիշվիլին հայտարարեց մի քանի համախոհների հետ հասարակական շարժում ստեղծելու մասին։ Նրա փոխանցմամբ՝ այդ շարժումն «անմիջապես կարձագանքի» նախնիների, կրոնի, պատմության և խմբի կողմից վիրավորական համարվող այլ թեմաների առնչվող հարցերի։
Քարթվելիշվիլիի խոսքով՝ շարժումը կլինի «շատ ակտիվ, ծանրակշիռ և կառուցողական», և ցանկացած «վրացի հայրենասեր» կարող է միանալ դրան։ Խմբի ներկայացուցիչները նաև հայտարարեցին, որ պատրաստ են պատասխանատվություն կրել իրենց գործողությունների համար, անհրաժեշտության դեպքում՝ նաև ազատազրկվել։

Զվիադ Կորիձե.
«Վրաստանում հաստատված կառավարման ռեժիմը՝ Բիձինա Իվանիշվիլիի բռնապետությունը, քաղաքացիական պայքարը դիտարկում է որպես բնական վիճակ, որը բնորոշ է իրեն այնպես, ինչպես ցանկացած այլ բռնապետի։ Հակառակ դեպքում նրանք չեն կարող ամրապնդել իրենց իշխանությունը։ Հակառակ դեպքում նրանք չեն կարող համոզել քաղաքացիներին, որ իրենց իշխանությունն ու ավտորիտար կառավարումն օգտակար են. դրա համար նրանց անհրաժեշտ է քաղաքացիական պայքար։
Բոլոր բռնապետությունները կառուցվում և զարգանում են հենց այդ ձևով։ Նրանք պետք է նույնականացնեն հասարակության խմբերին և շերտերին, որոնք մտածում են ոչ այնպես, ինչպես ուզում է ավտոկրատը։ Իսկ հետո անպայման պետք է ի հայտ գա մեկ այլ սոցիալական խումբ՝ այդ մեկի հարցերը լուծելու համար, այսինքն՝ քաղաքացիական պայքարի լեզու։
Երբ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասում է, որ մենք չպետք է միանանք Եվրամիությանը, քանի որ պետք է ունենանք ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք, դա, անշուշտ, ոչ թե նրա անկախ որոշումն է, այլ Բիձինա Իվանիշվիլիի։
Պապուաշվիլին պարտավոր է բարձրաձայնել այդ մասին և աջակցել նման ավազակախմբերի ստեղծմանը։ Պապուաշվիլին պարտավոր է ողջունել նման խմբավորումների ստեղծումը։ Նա կարծում է, որ դա ինքնիշխան կառավարման ձև է, հենց այդ պատճառով էլ չի ուզում միանալ ԵՄ-ին։
Ինչպե՞ս կարող է գրողը դուր գալ բոլորին։ Կարո՞ղ է արդյոք նույն գրողը դուր գալ բացարձակապես բոլորին։ Ինչպե՞ս կարելի է ընդհանրապես նման վերապահում անել։ Կամ ինչպե՞ս կարելի է ասել, որ հասարակական գործիչը պետք է բոլորին դուր գա։ Միայն բռնապետն ունի նման ցանկություն։ Նա ուզում է բոլորին դուր գալ։ Եվ յուրաքանչյուրը, ով նրան չի հավանում, պետք է չեզոքացվի, աքսորվի, ճնշվի և ծեծվի։ Հենց այդ պատճառով էլ նա ստեղծում է նման խմբավորումներ։
Նման սահմանափակումները կապված են «պատրանքային վախի» ներդրման հետ, որի նպատակը մարդկանց մտածելուց, բողոք արտահայտելուց և հարցեր բարձրացնելուց հետ պահելն է: Այսօր մենք ունենք հենց այն իրավիճակը, որը Բիձինա Իվանիշվիլին ամենաշատն է սիրում և ցանկանում: Նա օգտագործում է բոլոր մեխանիզմները դրան հասնելու համար: Այդ մեխանիզմները ոչնչացնելու ունակ միակ ուժը հասարակությունն է: Հասարակություն, որն ունի վճռական դիրքորոշում: Ես չեմ զգում, որ հասարակությունը լուռ է: Վստահ եմ, որ մեր հասարակությունը դիմադրություն ցույց կտա»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանում քաղաքացիական դիմակայության մասին