ՀՀ խորհրդարանական ընտրություններ-2026. կարևոր իրադարձությունները, լուսանկարներ և տեսանյութեր
-
Փաշինյան. «Կհաղթեն Հայաստանի քաղաքացիները»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ով 2018 թ.-ից ղեկավարում է երկիրը, քվեարկել է Երևանի 8/20 տեղամասային կենտրոնում:
Քվեարկելուց հետո Փաշինյանը պատասխանել է տեղական և միջազգային ԶԼՄ-ների մի շարք հարցերի: Նշել է, որ ընտրությունների արդյունքում ակնկալում է տեսնել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը.
«Ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը և երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ»:
Ինքը՝ Փաշինյանը, վստահ է՝ ընտրությունների արդյունքում Հայաստանի քաղաքացիները կհաղթեն:
Նիկոլ Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ, այսպես կոչված, «բռնաճնշումների» մասին պնդումներն ու հիշեցրել՝ եղել են ընտրակաշառքի փաստեր, որոնց, իհարկե, պետք է արձագանքեին երկրի պետական մարմինները:
Խոսելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին՝ նկատել է՝ որոշ ուժեր փորձում են ստեղծել արհեստական լարվածություն, սակայն դա չի ստեղծվում, քանի որ ինքն ու ՌԴ նախագահն ունեն սերտ կապեր, իսկ երկու երկրների հարաբերությունները՝ ինստիտուցիոնալ խորք:
Լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք վերընտրվելու և Մոսկվա մեկնելու դեպքում Պուտինի հետ քննարկելու է ՌԴ-ից ընտրողներ բերելու մասին տեղեկությունները:
«Այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, պետք է արժանանան ՀՀ պետական ինստիտուտների գնահատականին:Կքննարկենք բոլոր հարցերը՝ ըստ անհրաժեշտության»,- ի պատասխան նշել է նա և ենթադրել՝ ընտրությունների արդյունքում նման հարց քննարկելու անհրաժեշտություն չի առաջանա:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին՝ Փաշինյանը շեշտել է՝ այսօր ՀՀ-ն «օբյեկտիվորեն պատրաստ» չէ դիմել ԵՄ անդամակցության և պետք է շարունակի բարեփոխումները:
«Խորհրդարանի ընդունած օրենքը շատ հստակ և վառ արտահայտությունն է այն բանի, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհից չենք հրաժարվի ոչ մի պարագայում: Այդ բարեփոխումներն ունեն բարդություններ, վերելքներ ու վայրէջքներ, բայց մեր ռազմավարությունը դա է»,- հայտարարել է նա:
-
ՄԻՊ-ն իրականացնում է մշտադիտարկում, թեժ գծի համարն է 116
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ վաղ առավոտից իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն, որի նպատակն է՝
- անհապաղ ընդունել ու քննարկել ընտրական գործընթացներին առնչվող մարդու իրավունքների հարցերով ստացվող բողոքներն ու ահազանգերը,
- հասցեագրել դրանք համապատասխան մարմինների,
- իրականացնել քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանություն:
- Բացի այդ, քաղաքացիները կարող են ընտրական գործընթացում մարդու իրավունքներին առնչվող բողոքները, ահազանգերն ու դիմումները ներկայացնել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի միջոցով՝ զանգահարելով 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով։
Աշխատակազմից հայտնել են նաև, որ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում հրապարակվող՝ ընտրական գործընթացում մարդու իրավունքներին վերաբերող տեղեկությունները, որոնք ևս ենթարկվում են մշտադիտարկման։
-
Առաջինը քվեարկել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը
Դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը քվեարկել է Տաշիր քաղաքում: Լրագրողների հետ զրույցում նշել է՝ քվեարկել է հանուն մեծ փոփոխությունների և վերակառուցվող Հայաստանի:
Արձագանքելով «Ուժեղ Հայաստան»-ի միջոցով ընտրություններին ՌԴ միջամտություն մասին պնդումներին՝ դրանք որակել է իշխանության տեղեկատվական հնարքներ: Միևնույն ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարն է ուղիղ աջակցություն հայտնել ՀՀ գործող իշխանություններին, ինչն, ըստ Կարապետյանի, մասնակցություն է երկրի ներքին գործընթացներին:
«Մենք կողմ ենք նրան, որ Հայաստանի ներքին գործերին ոչ մի երկիր չխառնվի, ունենանք ներքին, ժողովրդավարական ընտրություններ»,- նշել է նա: