Գարեգին Բ-ի հեռացումը՝ ճգնաժամի հաղթահարման ուղի․ աղմկահարույց զեկույց ՀՀ-ում
Հայ եկեղեցում տիրող ճգնաժամի մասին զեկույց
Սուրբ Խորանի քաղաքականացում, արտաքին ազդեցությունների տարածում, հոգևորականների հետպանդումներ, կուսակրոնության ուխտի և բարեվարքության խախտումներ։ Սրանք Հայ առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամի արձանագրումներից մի քանիսն են, որոնք առանձնացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։
Կենտրոնը հրապարակել է եկեղեցում առաջացած ճգնաժամի լուծման ուղիների մասին զեկույց։ 74 էջանոց փաստաթղթում ներկայացված են առկա խնդիրները՝ ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկությունների։
Ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ քայլերի շարքում մատնանշված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը։ Նա զեկույցում ներկայացված է որպես «եկեղեցու փաստացի պետ» և «Կտրիճ Ներսիսյան» (կաթողիկոսի աշխարհիկ անունը):
Շեշտվում է, որ եկեղեցու բարենորոգումն իրականացնում է հենց եկեղեցին՝ հոգևորականների և հավատավոր ժողովրդի մասնակցությամբ, իսկ պետությունը գործում է իր օրենսդրական իրավասությունների շրջանակում՝ «չմիջամտելով եկեղեցու ներքին վարդապետական եւ կանոնական ինքնուրույնությանը»։
Մայր Աթոռի գնահատմամբ՝ զեկույցն «իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։
Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով «դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքներն ու հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը»։
Հրապարակված փաստաթուղթը խնդրահարույց են համարում նաև փորձագետները։ Իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն ասում է՝ իշխանությունն իրավունք չունի միջամտելու կրոնական կազմակերպության ներքին հարցերին, եթե տեղի չի ունեցել «հանցագործություն կամ վարչական իրավախախտում»։
Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանն, իր հերթին, ուշադրություն է հրավիում այն հանգամանքի վրա, որ հրապարակվել է անձնական կյանքի գաղտնիության, մարդու իրավունքների ամենատարբեր խախտումներով լի փաստաթուղթ։ Զեկույցը Սարգսյանին դեղին մամուլի հրապարակում է հիշեցնում։
Փաստաթղթի մանրամասները, վարչապետ Փաշինյանի և Մայր Աթոռի արձանագրումները, մեկնաբանություններ
- Փաշինյանի դեմ վարույթ չի հարուցվի․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը
- «Անցում ոչ ճգնաժամային կառավարման»․ Փաշինյանը՝ գործադիրի նոր ծրագրի մասին
- Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը՝ առանց կաթողիկոսի. կարևոր դրվագներ
Փաշինյան․ «Եկեղեցում հաստատված վիճակն ավելի ճգնաժամային է, քան պատկերացնում էի»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զեկույցին անդրադարձել է օրեր առաջ՝ փաստաթղթի հրապարակման օրը։ Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նա տեղեկացրել է, որ զեկույցը պատրաստվել է իր հանձնարարությամբ։
Փաշինյանը ծանոթացել է զեկույցին և արձանագրել՝ եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր ու ճգնաժամային է, քան ի սկզբանե պատկերացնում էր․
«Եթե մի նախադասությամբ ամփոփելու լինենք զեկույցը, այն ապացուցում է, որ եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի [Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը] և նրան աջակցող մի խումբ հոգևոր և աշխարհիկ մարդկանց կողմից»։
Իր վերջին հարցազրույցներից մեկում Փաշինյաննը չի բացառել, որ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով կստեղծվի, որը հանդես կգա զեկույցից բխող օրենսդրական փոփոխությունների առաջարկներով։
Աղմկահարույց վկայություններ «մանկապղծության դեպքերի և միասեռական հակումների» մասին
Զեկույցում առկա են 16 արձանագրումներ, որոնք վկայում են եկեղեցում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին։ Դրանցից մեկը բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտի և բարեվարքության խախտումների դեպքերն ու դրանց պատշաճ քննության չարժանանալն է։
Բարեվարքության խախտումների մեջ մատնանշվում են նաև մանկապղծության դեպքերը, որոնք վերագրվում են Երուսաղեմի հայոց պատրիարքության նախկին միաբաններին, Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը։
«Մանկապղծության թեմայով ամենաաղմկոտ հրապարակումները և վկայությունները վերաբերում են ՀԱՍԵ փաստացի պետի [Գարեգին Բ] եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին»,- ասված է զեկույցում։
Որպես վկայություն ներկայացված են տարբեր, հիմնականում կարգալույծ արված հոգևորականների գրառումներ, բաց նամակներ և ԶԼՄ-ների հրապարակումներ։ Կան նաև տեղեկություններ կաթողիկոսի եղբոր «միասեռական հակումների» մասին։
Զեկույցում տեղ են գտել անձնական տվյալներ ինչպես այն անձանց, որոնց վկայությունները մեջբերված են, այնպես էլ նրանց, ում վերագրվում են «մանկապղծության դեպքեր, միասեռական հակումներ»։
«Եկեղեցու ներքին կառույցներում և ճեմարաններում արմատացած է բարոյական անկումը, իսկ միասեռականության ու սեռական զանցանքների, մասնավորապես՝ մանկապղծության մեջ կասկածվող կամ մեղադրվող որոշ հոգևորականներ ոչ միայն չեն պատժվում, այլև արժանանում են բարձրագույն ղեկավարության հովանավորությանը»,- ասվում է փաստաթղթում՝ հղում անելով «շրջանառվող պնդումների» վրա։
Եկեղեցում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին փաստող արձանագրումների շարքում են՝
- կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտի խախտումն ու զավակ ունենալը,
- կաթողիկոսի կողմից հոգևորականների կամայական հետապնդումներն ու կարգալուծությունները,
- կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների բացահայտ քաղաքական գործունեություն վարելը, եկեղեցու տարբեր կառույցներն ու Սուրբ Խորանը քաղաքական քարոզչության համար օգտագործելը,
- կաթողիկոսի և նրա ընտանիքի անդամների կողմից եկեղեցին արտաքին ազդեցությունների տարածման համար օգտագործելը,
- ֆինանսական անթափանցիկությունն ու եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
- ազգակցական ձեռնադրություններն ու կլանային կառավարումը,
- Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումն ու միասնական կանոնադրության բացակայությունը,
- պառակտումները Սփյուռքի թեմերում։
Ի՞Նչ ճանապարհային քարտեզ է առաջարկվում
Զեկույցն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ, որը բաղկացած է 5 քայլից․
- բարենորոգման օրակարգի վերահստակեցում և հանրահռչակում,
- եկեղեցու փաստացի պետի (կաթողիկոսի) հեռացում,
- կաթողիկոսական տեղապահի ընտրություն,
- եկեղեցու միասնական կանոնադրության ընդունում,
- Նոր Կանոնադրությամբ սահմանված կարգով Ազգային-եկեղեցական ժողովի գումարում և Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։
Մայր Աթոռի հայտարարությունը․ «Քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է»
«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության»,- արձանագրել են Սուրբ Էջմիւածնից։
Մայր Աթոռից ՀՀ իշխանություններին կոչ են արել եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխել փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա, ինչպես նաև՝
- «վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
- գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնան հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
- առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից»։
Հայտարարության համաձայն՝ իշխանությունները եկեղեցական կյանքում արհեստական ճգնաժամ առաջ բերելուն ուղղված ջանքեր են գործադրում․
«Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում»։
Սուրբ Էջմիածնից հերթական անգամ արձանագրել են՝ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացները պետք է իրականացվեն միմիայն եկեղեցական մարմինների որոշումներով։
Մեկնաբանություններ
Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանի խոսքով՝ կառավարությունը եկեղեցու ներքին հարցերին միջամտելու, նմանատիպ զեկույցներ պատրաստելու որևէ լիազորություն չունի։
Ասում է՝ զեկույցն անընդունելի է թե՛ օրինականության, թե՛ էթիկայի, թե՛ մարդկային արժանապատվության տեսանկյունից․
«Այստեղ միայն կրոնի կամ համոզմունքի ազատության հարց չէ, կառավարության լիազորությունների չարաշահման հարց չէ։ Այստեղ կա անձնական տվյալների հարց, անուններ հրապարակելու հարց, այդ թվում՝ ենթադրյալ սեռական բռնության ենթարկված անչափահասի անուն-ազգանուն»։
Սարգսյանի բնորոշմամբ՝ փաստաթուղթը ոչ թե կառավարության, այլ դեղին մամուլի հրապարակում է հիշեցնում, քանի որ լի է անձնական կյանքի գաղտնիության և մարդու իրավունքների ամենատարբեր խախտումներով։
Իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը նկատել է՝ փաստացի արդեն որոշ ժամանակ է, ինչ անուններով, հանգամանքներով անձնական կյանքի տվյալներ հրապարակելը «նորմալացվել» է պետության կողմից, ինչը «անասելի հիասթափեցնող է»։
«Մի կողմից՝ պետությունը պատրաստվում է ստեղծել նոր մարմին անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, լուրջ-լուրջ ԵՄ ու ԵԽ սկզբունքներ ենք քննարկում և այլն։ Մյուս կողմից՝ հենց պետական, մեր հարկերով գործող կառույցներն են նման բան հրապարակում»,- արձանագրել է նա։
Հիշեցրել է Մայր Աթոռի դիվանապետի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը։ Մելիքյանը պնդել է՝ մարդկանց անձնական կյանքին վերաբերող նման հրապարակումների վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվում, թեև ՀՀ քրեական օրենսգրքում կա նման հանցակազմ, այն է՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը։
Անդրադառնալով բուն զեկույցին՝ շեշտել է՝ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված են իշխանություն-կրոնական կազմակերպություն փոխհարաբերությունները, մասնավորապես՝ գործունեության ազատությունը, անջատ լինելն ու ինքնավարությունը․
«Ազատությունն ու ինքնավարությունը նշանակում են, որ իշխանությունը իրավունք չունի միջամտելու կրոնական կազմակերպության ներքին հարցերին, այդ թվում՝ կառավարման համակարգի ընտրության, կանոնական ու բարեվարքության դաշտ բերելուն և այլն»։
Փորձագետի պնդմամբ՝ եթե հանցագործություն կամ վարչական իրավախախտում տեղի չի ունենում, գործադիրը կամ օրենսդիրը չեն կարող որոշել, թե ով պետք է ղեկավարի կրոնական կազմակերպությունը, ինչպիսի ներքին կանոնակարգեր պետք է ընդունվեն։
«Եթե կան փաստեր, որոնք ողջամտորեն վկայում են առերևույթ հանցանքների կամ իրավախախտումների մասին, դրանց արձագանքելու այլ մեխանիզմներ կան՝ քրեական, վարչական»,- պարզաբանել է նա։
Մելիքյանը կարծում է՝ իշխանություն-եկեղեցի առճակատումը պետք է դիտարկել իշխանության գործողությունների իրավաչափության լույսի ներքո՝ կանխելու համար հնարավոր ոչ իրավաչափ միջամտությունը։
Ընդգծում է՝ ժողովրդավար պետությունում պետք է գործի զսպումների ու հակակշիռների արդյունավետ համակարգ, որպեսզի իշխանությունը չգայթակղվի ու չանցնի իրեն տրված լիազորությունները։
«Բոլոր պետությունները/իշխանությունները նման գայթակղություն ունեն, ու եթե չեն հանդիպում ընդդիմության, ապա զավթում են այնքան իրավասություն, որքան կարողանում են»,- ամփոփել է Մելիքյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ եկեղեցում տիրող ճգնաժամի մասին զեկույց