«Նոր բանակ՝ նոր սպառազինությամբ». զորահանդես Երևանում Հանրապետության օրվա առթիվ
Զորահանդես Հայաստանի Հանրապետության հրապարակում
Հայաստանում այսօր նշվում է Հանրապետության օրը: Կառավարության նախաձեռնությամբ՝ Հանրապետության հրապարակում կայացել է զորահանդես: Ցուցադրվել են վերջին տարիներին ՀՀ ձեռքբերած սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ ռազմատեխնիկական համագործակցության աշխարհագրությունն ընդգրկում է շուրջ 7 երկիր: Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սպառազինությունների միջազգային շուկան Հայաստանի համար բացվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռքբերված համաձայնություններից հետո:
2022 թ.-ի հոկտեմբերի 6–ին Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում կազմակերպվել էր քառակողմ հանդիպում: Դրան մասնակցել էին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1991 թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Ըստ նրա՝ մինչ այդ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի համար, որովհետև «միջազգային գործընկերները հրաժարվում էին ՀՀ-ին զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանն այդ զենքը կիրառելու է իր միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս [նկատի ունի՝ Լեռնային Ղարաբաղում]»։
Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են նաև Հայաստանում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան՝ մինչև անգամ հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր:
«2022 թ.-ից սկսած Հայաստանի կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, և այսօր մենք ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի գնահատմամբ՝ հայկական արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկան «այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն են անում»:
Զորահանդեսի կարևոր դրվագները՝ հակիրճ

- Հայաստանը Թուրքիայի տարածքով երկաթուղային կապ է ստացել․ ի՞նչ սպասել
- «Տիգրանաշենի հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում»․ Փաշինյանի ասուլիսի դրվագները
- Մահափորձ Նիկոլ Փաշինյանի դեմ․ իրակա՞ն, թե՞ հիբրիդային սպառնալիք
Հրապարակ բերվեցին ԱԹՍ-ներ, այդ թվում՝ հսկա «Աղեղ»-ը
Զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին տարբեր երկրներից ձեռքբերված և ՀՀ-ում արտադրված գերժամանակակից անօդաչու թռչող սարքեր՝ ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային:
Նշվեց նաև, որ յուրահատուկ տեխնոլոգիական լուծմամբ հագեցած ԱԹՍ-ներ են ստեղծվել ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի, Զինված ուժերի և ԱԹՍ-ներ արտադրող ընկերությունների միջև սերտ համագործակցության շնորհիվ.
«Նմանատիպ անօդաչուները բարձրացնում են Հայաստանի ԶՈՒ առջև դրված խնդիրների կատարման, ՀՀ ինքնիշխան տարածքի պահպանման և պաշտպանության արդյունավետությունը»:
Ներկայացվեց նաև Զինված ուժերի ԱԹՍ զորքերի հսկան՝«Աղեղ» ինքնաթիռային տիպի անօդաչուն: Այն բազմաֆունկցիոնալ ԱԹՍ է, որը նախատեսված է հետախուզություն իրականացնելու, նշանակետերը հայտնաբերելու և ոչնչացնելու համար:
Զորահանդեսի ժամանակ հաղորդվեց, որ «Աղեղ»-ի թևերի բացվածքը 18 մետր է, երկարությունը՝ 8.5 մետր: Կարող է թռչել 200 կմ/ժամ արագությամբ և 28 ժամ տևողությամբ: Ծովի մակարդակից կարող է բարձրանալ մինչև 8600 մետր: Թռիչքի շառավիղը 2000 կմ է.
«Պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից պաշտպանված այս անօդաչուն ոչ միայն աներևույթ հետախույզ է, այլև ցանկացած պահի կայծակնային հարված հասցնելու զենք»:
Կործանիչներ Երևանի երկնքում
Երևանի երկնքում այսօր թռիչքներ իրականացրեց Զինված ուժերի ավիացիան:
Բազմաֆունկցիոնալ ուղղաթռիներից բացի ներկայացվեցին նաև ՍՈՒ-30 կործանիչ և ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռներ:
Էլ ի՞նչ է ցուցադրվել. մանրամասներ
Զինված ուժերի առանձին զորամիավորումներ ներկայացրել են հայկական բանակի նոր սպառազինությունը, այդ թվում՝ գերճշգրիտ և արհեստական բանականությամբ օժտված: Դրանց շարքում են եղել հեռակառավարվող ռոբոտացված, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:
Ցուցադրվել են, մասնավորապես՝
- «Բաստիոն» տեսակի զրահամեքենաներ,
- ծանր հրետանային համակարգեր,
- հետևակի ռեակտիվ հրանետներ,
- հակաօդային պաշտպանության համար նախատեսված զենիթային-հրթիռային համալիր,
- ռադիոլոկացիոն կայաններ,
- հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներ,
- ականանետեր,
- Դ-30 և «Տորք» հաուբիցներ,
- ինքնագնաց հրետանային կայանքներ,
- համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և այլն:
Զորահանդեսին մասնակցել են 14 զորախմբեր, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության առանձին ստորաբաժանումների աշխատակիցներ, կին զինծառայողներ և ՊՆ ենթակայությամբ գործող ռազմական ուսումնական հաստատությունների սովորողներ:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրությունից հետո դեֆիլեով հանդես է եկել Զինված ուժերի պատվո պահակային վաշտը:
Զորահանդեսն ամփոփվել է ԶՈՒ նվագախմբի կատարմամբ: Զուգահեռ մի խումբ երեխաներ երկինք են բաց թողել խաղաղություն խորհրդանշող աղավնիներ:

Միաժամանակ հայտարարվել է, թե մայրաքաղաքի որ պողոտայում է կայանելու ցուցադրված ռազմական տեխնիկան: Առաջիկա ժամերին քաղաքացիները հնարավորություն ունեն մոտենալ և ծանոթանալ:
«Բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է». Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ այս տարի Հանրապետության օրը նշում ենք բոլորովին նոր՝ «պատմական» պայմաններում և հերթական անգամ հայտարարել՝ շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։

Նրա գնահատմամբ՝ խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը.
«Այսօր Հայաստանի բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում»:
Շեշտել է՝ այսօր քաղաքացիներին է ներկայացվում ՀՀ նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ։
Փաշինյանի փոխանցմամբ՝ այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է՝ «բանակի միակ խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է», բանակը չպետք է կիրառվի այդ տարածքից դուրս, բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։
Վստահ է՝ Հայաստանի որդեգրած վերոնշյալ մոտեցումն է հնարավոր դարձրել, որ ՀՀ-ն ունենա այն, ինչ այսօր ցուցադրվում է:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ զորահանդեսը հաշվետվություն է, որի հասցեատերը ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են, այլև մեր նահատակները: Ընդգծել է՝ նրանց կյանքի գնով է, որ Հայաստանն այսօր պետություն է ավելի, քան երբևէ, անկախ, ինքնիշխան ու անվտանգ է ավելի, քան երբևէ։
Զորահանդեսի մասնակիցները մեկ րոպե լռությամբ, բայց նաև հրետանային համազարկերով հարգել են բոլոր նահատակների հիշատակը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Զորահանդես Հայաստանի Հանրապետության հրապարակում