Ձերբակալություն Վրաստանում «ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար». ի՞նչ է հայտնի
Վրաստանում ռուս զբոսաշրջիկի վրա հարձակում է եղել
Վրաստանում ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքացի Գիորգի Չիգլաձեն։ Նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։
Միջադեպի տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում, այդ թվում՝ ռուսալեզու ալիքներում, Telegram-ի ու Instagram-ի էջերում։
Ռուսախոս լսարանը միջադեպը բնութագրում է որպես էթնիկ պատկանելիության հիմքով բռնություն։
Մեղադրյալի հարազատները, որոնք ականատես են եղել միջադեպին, պատմում են բոլորովին այլ պատմություն։ Նրանք ասում են, որ միջադեպին նախորդել են ռուսախոս զբոսաշրջիկների վիրավորանքները։
Ստորև ներկայացնում ենք միջադեպի վերաբերյալ այս պահին հայտնի ողջ տեղեկատվությունը։
Սկանդալային տեսանյութի մասին
Դեպքի տեսանյութը հրապարակվել է հուլիսի 18-ին Պոլինա Կուրտայի ինստագրամյան էջում։
Հեղինակը տեսանյութը հրապարակել է հետևյալ նկարագրությամբ.
«Մեր արձակուրդը @agaraniestate-ում ավարտվեց նրանով, որ մի տղամարդ, լսելով ռուսերեն խոսակցություն Թբիլիսիի մոտ գտնվող Կախեթիի հյուրանոցում, ներխուժեց մեր սենյակ (ընդունարանի աշխատակիցը նրան ասել էր համարը) և ծեծեց իմ ընկերուհուն՝ @julimurr-ին, քանի որ նա խոսում էր ռուսերեն։ Ես նստած եմ Թբիլիսիի շտապօգնության մեքենայում՝ սարսափած իմ և ընկերուհուս կյանքի համար»։
Ինստագրամում հեղինակը նաև օգնություն և ուշադրություն է խնդրել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեից։
Տեսանյութը տևում է 30 վայրկյան։ Այնտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մտնում հյուրանոցի համար և անգլերենով կոպիտ խոսում մի կնոջ հետ։ Կինը փորձում է նրան դուրս հրել սենյակից և բռնում է նրա ձեռքը։ Ի պատասխան՝ տղամարդը հայհոյում է և հարվածում նրա դեմքին։ Կինն ընկնում է գետնին։
Այնուհետև երևում են շտապօգնության աշխատակիցներ, որոնք մտնում են սենյակ։ Երիտասարդ կինը պառկած է մահճակալին՝ դեմքին արյուն։
Պոլինա Կուրտան ինստագրամում ներկայանում է որպես հոնքերի ձևավորման մասնագետ։ Դատելով նրա էջից՝ ապրում է Մոսկվայում։
Դեպքից հետո նա գրել է, որ ուկրաինական ծագում ունի և ապրում է Ռուսաստանում։ Նրա ընկերները ուկրաինացիներ են։ Նրանք իրենց ծննդյան օրն էին նշում Վրաստանում։

Համատեքստ
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ին Վրաստանի արևելքում գտնվող Թելավի քաղաքի Agrani Estate հյուրանոցում։
Այդ պահին հյուրանոցում տեղի էր ունենում վրացի զույգի հարսանեկան խնջույքը։ Հյուրանոցում էին նաև ռուսախոս կանայք։
Կնոջը հարվածած երիտասարդը փեսայի եղբայրն է եղել։
Տեսանյութի հրապարակումից հետո հարսանիքի հյուրերից շատերը միջադեպի մասին գրառումներ են արել սոցցանցերում: Նրանց շարքում է եղել նաև ձերբակալվածի ազգական Թամունա Ցկիտիշվիլին։
Նա պատմել է, որ հյուրանոցի հյուրերը նյարդայնացած էին հարսանիքից: Այդ պատճառով, իբր, նրանք հարսանիքի մասնակիցների վրա ջուր և գինի են լցրել պատշգամբից, թքել են, իսկ վերջում մեզ են լցրել նրանց վրա։
«Մարդկանց բազմությունը ցրվել է, բայց նրանք շարունակել են սադրել: Տեսնելով, որ այնտեղ շատ հարբած երիտասարդներ կան, սկսել են խաղալ նրանց նյարդերի հետ` «պապուացիներ», «վրացիները խոզեր են»: Երբ հարսը պարել է, նրանք թքել են նրա վրա: Մենք հազար անգամ խնդրել ենք հյուրանոցի անձնակազմին լուծել խնդիրը: Ցավոք, նրանք չեն կարողացել դա անել։
Մենք չգիտենք, թե երբ կամ ինչպես, բայց փեսայի եղբայրը մոտեցել է [զբոսաշրջիկին] խոսելու, և նա բռնել է նրա կոկորդից: Նա հարբած էր, ես նրան չեմ արդարացնում: Բայց ամեն ինչ տեղի է ունեցել դրանից հետո»,— գրել է նա։
Ավելի ուշ սոցցանցերում տարածվել են նաև մի քանի կարճ տեսանյութեր, որոնցում երևում է պատշգամբում գտնվող երիտասարդ կանանց և հարսանիքի հյուրերի միջև վիճաբանությունը:
«Դուք ձեր տանը չեք»,— մեկ այլ տեսանյութում լսվում է, թե ինչպես է հարսանիքի հյուրերից մեկը դիմում պատշգամբում գտնվող զբոսաշրջիկներին։
Տեսանյութի հեղինակ Պոլինա Կուրտան իր ինստագրամյան էջի story բաժնում կրկնում է, որ իր ընկերուհուն ծեծի են ենթարկել ռուսերեն խոսելու համար։ Նա պնդում է, որ զբոսաշրջիկների կողմից հարսանիքի հյուրերին վիրավորելու մասին տեղեկությունները կեղծ են։
Ի՞նչ է ասում մեղադրյալի փաստաբանը
Այն բանից հետո, երբ պատմությունը հանրային լայն հնչեղություն ստացավ, համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում երևում է, որ մեղադրյալ Գիորգի Չիգլաձեն պարանոցի հատվածում վնասվածքներ ունի։

Ձերբակալվածի փաստաբան Լաշա Կապանաձեն պնդում է, որ Չիգլաձեն վնասվածքներ է ստացել հյուրանոցի համարում՝ նախքան կնոջը հարվածելը։
Նա պնդում է, որ Չիգլաձեն «սադրանքի զոհ է դարձել»։
Փաստաբանը նույնպես ներկա է եղել հարսանիքին։ Նա ասում է, որ հարսանիքը տեղի է ունեցել առաջին հարկի պատշգամբում, հյուրերը գտնվել են երրորդ հարկում.
«Երրորդ հարկից երիտասարդ կանայք սկսեցին հարսին և փեսային գոռալ՝ «Горько»։ Մարդկանց համար դա տհաճ էր։ Ի պատասխան՝ [զբոսաշրջիկները] զայրացան և սկսեցին հեղուկ լցնել [հյուրերի] վրա և թքել։ Հեղուկը թափվեց երաժշտական սարքավորումների վրա, երաժշտությունը դադարեց»։
Ըստ նրա՝ այս միջադեպն է հանգեցրել լեզվակռվի։ Իրավիճակը սրվել է։ Ի վերջո, հարսանիքին հրավիրված երաժիշտ Ալեքսանդրե Մրելաշվիլին լքել է տոնակատարությունը։
Այնուհետև Գիորգի Չիգլաձեն բարձրացել է երրորդ հարկ։
Փաստաբանի խոսքով՝ նա փորձել է կանանց բացատրել, որ նրանք խափանել են իր եղբոր հարսանիքը։ Կինը պահանջել է ռուսերեն խոսել, մինչդեռ Չիգլաձեն խնդրել է իր հետ խոսել վրացերեն կամ անգլերեն, «քանի որ գտնվում է իր երկրում»։
«Դրանից հետո կինը դարձել է ավելի ագրեսիվ, բռնել է Չիգլաձեի կոկորդից և վնասվածք հասցրել։ Չիգլաձեն բռնել է նրա ձեռքը և գոռացել. «Դու՝ անիծյալ պոռնիկ»»։
Դրանից հետո լեզվակռիվը վերածվել է ֆիզիկական բռնության, և կինը մի քանի անգամ հարվածել է մեղադրյալին։ Սենյակում գտնվող մյուս կանայք սկսել են տեսանկարահանել.
«Կինը երկու ձեռքերով հարվածել է Չիգլաձեի կրծքին։ Չիգլաձեն ցավ է զգացել։ Նա ինքնապաշտպանության նպատակով թափահարել է աջ ձեռքը և արմունկով հարվածել կնոջ դեմքին, ինչի հետևանքով նա ընկել է»։
Հյուրանոցի արձագանքը
Դեպքից հետո Agrani Estate հյուրանոցային համալիրը սոցցանցերում տարածել է ծավալուն հայտարարություն։
Հյուրանոցը փորձել է իրեն հեռու պահել միջադեպից՝ պնդելով, որ իրավիճակի սրումից անմիջապես հետո ոստիկանություն են կանչել, և հյուրանոցը համագործակցում է քննչական մարմնի հետ։
«Բռնությունը տեղ չունի Agrani Estate-ում։ Մենք խորապես ցավում ենք, որ նման միջադեպ է տեղի ունեցել մեր տարածքում, անկեղծորեն լիարժեք ապաքինում և բարեկեցություն ենք մաղթում բոլոր տուժածներին»,— ասված է հյուրանոցի հայտարարության մեջ։
Հայտարարության տակ հազարավոր դժգոհ մեկնաբանություններ կան։
Օգտատերերը հարցնում են, թե ինչ են արել զբոսաշրջիկների ագրեսիան դադարեցնելու համար և ինչու չեն պահպանվել անվտանգության չափանիշները։
Նրանք նաև հարցնում են, թե ինչու չեն փակել համալիրը այլ հյուրերի համար, երբ այնտեղ մեծ հարսանեկան խնջույք էր տեղի ունենում։
«Agrani Estate-ն ուրախ է ողջունել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերին, տարբեր մշակութային և ազգային պատկանելիություն ունեցող անձանց»,— նշել է հյուրանոցի ղեկավարությունը։
Վրաստանի ՆԳՆ վարկածը
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հետաքննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի հատկանիշներով։ Այդ հոդվածը վերաբերում է դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելուն։ Հանցագործությունը պատժվում է մինչև 3 տարվա ազատազրկմամբ։
«Ըստ ականատեսների՝ Թելավիի հյուրանոցներից մեկում հարսանեկան արարողության ժամանակ հյուրանոցում գտնվող օտարերկրյա քաղաքացիները պատշգամբից վիրավորել են հյուրերին և ջուր լցրել սարքավորումների վրա, որից հետո մեղադրյալը մարմնական վնասվածքներ է հասցրել օտարերկրյա քաղաքացիներից մեկին։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մեղադրյալը ձերբակալվել է»,— ասված է նախարարության հայտարարության մեջ։
Արձագանքներ սոցցանցերում
Կախեթիի հյուրանոցում տեղի ունեցած միջադեպը դարձել է բոլոր սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման։
Վրացի օգտատերերը չեն արդարացնում կանանց նկատմամբ բռնությունը։ Սակայն նրանք գրում են, որ վերջերս ռուս զբոսաշրջիկների կողմից սադրանքները Վրաստանում հաճախակի են դարձել։
Շատերը վախենում են, որ մեղադրյալները կպատժվեն խստորեն, որպեսզի «Վրացական երազանք» կուսակցությունը հաճոյանա Ռուսաստանին։
Փաստաբան Սաբա Բրաչվելին նշում է, որ Գիորգի Չիգլաձեն նույնպես վնասվածքներ է ստացել։ Նրա խոսքով՝ սա վկայում է սադրանքի մասին, և դա պետք է հաշվի առնվի քննության ժամանակ.
«Մեր քրեական օրենսդրության մեջ կա սադրանք հասկացությունը։ Այսինքն՝ երբ անձը դիտավորյալ ստեղծում կամ սադրում է հարձակման սպառնալիք, ունենալով հետագայում ուժ (կամ այլ միջոցներ) կիրառելու նպատակ, և դա բացատրում հարձակմամբ, որն ի սկզբանե ինքն է կատարել», — գրում է նա։
Նրա խոսքով՝ քրեական արդարադատությունը պետք է լինի ճկուն և համաչափ այն համատեքստին, որում գործում է.
«Անկախ նրանից՝ դա սադրա՞նք է, անհրաժեշտ ինքնապաշտպանությո՞ւն, թե՞ որևէ այլ մեխանիզմ, պետությունը չի կարող հասարակությանն ասել, որ մեղավոր է այն անձը, ով ենթարկվել է վերբալ և ֆիզիկական բռնության, որի հարսանիքը խափանվել է, որի սարքավորումները վնասվել են, որի երաժիշտը ստիպված է եղել հեռանալ, և որին խնդրել են իր սեփական երկրում խոսել օկուպանտի լեզվով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանում ռուս զբոսաշրջիկի վրա հարձակում է եղել