Վրաստանում դեկտեմբերից «կանաչ անձնագրեր» կներմուծվեն, իսկ թոշակառուներին կվճարեն պատվաստման համար
«Կանաչ անձնագրերը» Վրաստանում
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում ներմուծվում են այսպես կոչված «կանաչ անձնագրեր», որոնցում նշված կլինեն երկու դեղաչափով պատվաստված լինելու կամ 72 ժամ առաջ հանձնած ՊՇՌ թեստի, կամ հակագենի 24-ժամյա թեստի, կամ կորոնավիրուսից բուժված լինելու մասին տեղեկություններ։ Իսկ թոշակառուները, որոնք կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ մինչև հունվարի 1-ը, 200 լարի [մոտ $60] կստանան։
Այս որոշումների մասին է հայտարարել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա նշել է, որ, ի տարբերություն այլ երկրների, կորոնավիրուսից բուժվածները կկարողանան «կանաչ անձնագրերից» օգտվել անժամկետ։
Ի՞նչ նշանակում «կանաչ» կարգավիճակը
Դեկտեմբերի 1-ից քաղաքացիները կարող են տարբեր օբյեկտներ այցելել միայն «կանաչ անձնագրերով»։ Մասնավորապես․
● սննդի օբյեկտներ,
● կինոթատրոններ, օպերա, թանգարաններ,
● զվարճանքի կենտրոններ,
● խաղային բիզնեսի օբյեկտներ։
Հարկ է նշել, որ այս պահանջը վերաբերելու է միայն այցելուներին, այլ ոչ թե աշխատակազմին։ «Կանաչ անձնագրի» առկայությունը պարտադիր կլինի 18 տարեկանից բարձր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։
200 լարի հավելավճար՝ պատվաստված թոշակառուներին
Այսօրվանից յուրաքանչյուր թոշակառու, որը կպատվաստվի մինչև հունվարի 1-ը, միանվագ 200 լարի [մոտ $60] հավելավճար կստանա կենսաթոշակի հետ միասին։ Հավելավճարը կտրամադրվի պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո։
«Պատվաստումը պարտադիր չի լինի»
Պատվաստումը Վրաստանում պարտադիր չի լինի, հաղորդել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Պատվաստումը մեր երկրում պարտադիր չի լինելու, սա մեր հստակ որոշումն է, և մենք այն չենք փոխելու։ Մենք պետք է քաղաքացիներին բացատրենք, որ պատվաստումն իրականում լուծում է համավարակի դադարեցման համար, և պետք է նշենք, որ պատվաստումը մեզ պաշտպանում է մահից։ Սա ամենակարևոր փաստարկն է, որը մենք պետք է բացատրենք մեր քաղաքացիներին», — ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ից։ Երկրում պատվաստում են հիմնականում չորս պատվաստանյութով՝ գերմանական-ամերիկյան Pfizer-ով, բրիտանական AstraZeneca-ով և չինական Sinopharm-ով (Պեկին) և Sinovak-ով։
Ի տարբերություն AstraZeneka-ի և Pfizer-ի՝ չինական արտադրության պատվաստանյութերի պիտանիության ժամկետը 2-3 տարի է, մանրամասնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Մի քանի օր առաջ նա հայտարարել է, որ AstraZeneca պատվաստանյութի մինչև 17 000 դեղաչափի պիտանիության ժամկետը լրացել է, և դրանք դուրս կգրվեն։
Ըստ ազգային պլանի՝ երկրի նպատակը մինչև տարեվերջ բնակչության 60 տոկոսի պատվաստումն էր։ Սակայն վերջերս պատվաստման արշավի ցուցանիշը երկրում նվազել է։
Եթե օգոստոսի վերջին մեկ օրում պատվաստում էր ավելի քան 20 հազար մարդ, ապա վերջերս մեկ օրում միջինում արվել է երեք հազար դեղաչափ։ Օրինակ՝ նոյեմբերի 1-ին պատվաստվել է ընդամենը 3 369 մարդ։
Նոյեմբերի 8-ի դրությամբ Վրաստանում արվել է 2 005 229 պատվաստում։ Պատվաստվածներից 1 049 193-ը (հասուն տարիքի բնակչության 36,9 տոկոսը) պատվաստվել է մեկ դեղաչափով։ Միայն չափահաս բնակչության 33,4 տոկոսն է (952 831 մարդ) ամբողջությամբ պատվաստվել երկու դեղաչափով։
Նոյեմբերի 8-ին Վրաստանում գրանցել է կորոնավիրուսով վարակման 2 191 նոր դեպք, ևս 72 մարդ է մահացել։