Բջջայինների IMEI կոդերի գրանցում ՀՀ-ում․ փորձագետներն ահազանգում են վտանգների մասին
IMEI կոդերի գրանցում Հայաստանում
Հայաստանում նախատեսում են ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգ, ինչի արդյունքում բջջային կապի ցանցում կակտիվացվեն միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված հեռախոսները։ Համակարգը պետք է սկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Որոշումն արդեն արժանացել է կառավարության հավանությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ կարգավորման հիմնական թիրախը բիզնեսն ու հեռախոսների «սև շուկան» են։ Իսկ անհատների համար կսահմանվեն առանձին կարգավորումներ, որպեսզի անձնական օգտագործման նպատակով հեռախոս ներմուծելու դեպքում խնդիրներ չառաջանան։
Գործադիրի ներկայացուցիչները պնդում են՝ որևէ մեկին վերահսկողության տակ պահելու նպատակ չունեն։ Ոլորտի փորձագետները, սակայն, չեն կիսում այս տեսակետը։ Ավելին, արձանագրում են նաև անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հնարավոր ռիսկերի մասին։
«Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի, իսկ անխոցելի համակարգեր չկան, յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ»,- ընդգծել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը։
Ի՞նչ է հայտնի նախագծի մասին, վարչապետի և Արդարադատության նախարարի մեկնաբանությունները, փորձագիտական կարծիքներ
- «Հաղթահարեցինք մեծ արհավիրքն ու ինֆորմացիոն ինտերվենցիաները»․ Հայաստանի ԽԱՊԿ նախագահ
- «ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
- Հայաստանի քաղաքական ուժերը մինչ քարոզարշավի մեկնարկն արդեն մեծ գումարներ են ուղղել Meta-ում գովազդին
- «Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
Նախատեսվում է ստեղծել IMEI կոդերի միասնական համակարգ
Կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է՝
- հարկային կորուստների,
- շուկայի մրցակցության խաթարման,
- տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։
Նշվում է, որ IMEI միասնական համակարգի ներդրումը հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված բջջային հեռախոսների ակտիվացում․
«Սա կնվազեցնի ապօրինի շրջանառությունը, կբարձրացնի պետական վերահսկողությունն ու կխթանի հանրային անվտանգությունը»։
Բացի այդ, բջջային հեռախոսների ներմուծման և վաճառքի բիզնես գործունեությունը հնարավոր կլինի իրականացնել միայն լիազոր մարմնին ծանուցելու պայմանով։ Իսկ անհատների համար կստեղծվի իրենց նոր բջջային հեռախոսի IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն։
Կառավարության գնահատմամբ՝ համակարգի ներդրումը կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը, բջջային սարքերի շուկայի կարգավորմանը, սպառողների պաշտպանությանը, ինչպես նաև հեռախոսների գողության և խարդախության դեպքերի կանխմանը։
Փաշինյան․ «Բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը փակվում է»
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտնել էր՝ թեման մանրամասն քննարկում են շուրջ կես տարի։ Պնդել էր՝ աշխարհում վաղուց կան այդ լուծումները, դրանց պետք է գնա նաև Հայաստանը․
«Իհարկե, սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում՝ կոշտ, որոնք իրականացնում ենք, չպետք է իրականացնենք։ Բայց ակնհայտ է, որ այդտեղ այսպես ռադիկալ, ստանդարտացված և քաղաքակիրթ լուծումներ են պետք»։
Փաշինյանի կարծիքով՝ բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է։ Ասում է՝ ինչ անում են, այդ շուկան շարունակում է իր գործը:
«Եվ մեր քաղաքական արձանագրումն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Սա արդարացված է»,- ընդգծել էր նա։
«Բոլոր մտահոգությունները կփարատվեն». Արդարադատության նախարար
Հայաստանի Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է պնդումները, թե IMEI կոդերի միասնական գրանցման համակարգի ներդրման նպատակը հասարակության նկատմամբ վերահսկողություն սահմանելն է։
«Նպատակը բացարձակապես որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելն է»,- նկատել է նա։
Արձագանքելով անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մտահոգություններին՝ Գալյանը շեշտել է՝ տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի․
«Եվ մենք հիմա աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ։ Կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պետք է փարատվեն»։
Փորձագիտական կարծիքներ
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանել է՝ IMEI-ն բջջային հեռախոսի նույնականացման համարն է՝ 15 նիշ ունեցող կոդ, որն ունիկալ է։ Շեշտել է՝ IMEI կոդերի գրանցումը մարդկանց կդարձնի շատ ավելի վերահսկելի։
Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ստեղծվելու է կազմակերպություն, որին հասանելի են դառնալու չափազանց շատ տվյալներ՝ հեռախոսի IMEI կոդը, SIM քարտը, անձնագրի սերիան և այլն։
Շեշտում է՝ նախագծի համաձայն՝ եթե IMEI-ի կոդը գրանցված չլինի պետական ռեգիստրում, ապա որոշ ժամանակ անց այն կբլոկավորվի։
«Սա նաև «մեծ ուրախություն» է տուրիստների համար։ Այսինքն՝ մարդը գալիս է ՀՀ, 30-րդ օրը իր հեռախոսն անջատվում է, որովհետև ինքը գրանցված չի, կամ պետք է գնա, հատուկ գրանցվի»։
Փորձագետի գնահատմամբ՝ գործ ունենք անհամաչափ տվյալների հավաքագրման հետ, չկան նաև վերահսկողության մեխանիզմներ։
Ըստ Մարտիրոսյանի՝ հայտարարված նպատակը բջջային հեռախոսների «սև շուկան» փակելն է։ Հարցնում է՝ արդյո՞ք արժե այդ խնդիրը լուծելու համար բոլորին գցել «հերթական գերվերահսկողության համակարգի տակ»։ Կարծում է՝ նման լուրջ որոշում կայացնելուց առաջ պետք է կազմակերպվեն քննարկումներ։
Խոսելով միջազգային փորձի մասին՝ թվարկել է այն երկրները, որտեղ նմանատիպ կարգավորում է գործում՝ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։
«Ինչպես տեսնում եք՝ աշխարհի «ամենաժողովրդավարական» երկրներն են բոլորի IMEI-ները գրանցում։ Հեսա ևս մի «ժողովրդավարության բաստիոն»՝ Ռուսաստանն է այս ամենը մտցնում»,- ամփոփել է նա։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանն ահազանգել է՝ պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել հեռախոսները։
Պապյանի դիտարկմամբ՝ խոսվում է «ստվերի դեմ պայքարելու», «հեռախոսների գողությունը կանխելու» մասին, սակայն ամեն բան միայն առաջին հայացքից է զուտ «տեխնիկական և անմեղ»։ Փորձագետն առաջարկում է ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ է նախատեսվում իրականում։
Նրա փոխանցմամբ՝ ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են քաղաքացու անձնագիրն ու անձնական տվյալները, հեռախոսի կոդն (IMEI) ու բոլոր SIM/eSIM քարտերը։
«Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»,- նկատել է նա։
Բացի այդ, Պապյանի խոսքով՝ ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան կարող է խափանվել, ինչի արդյունքում օպերատորները ստիպված են լինելու անջատել քաղաքացիների կապը։
Զգուշացնում է՝ նախագծում կա նաև վտանգավոր կետ՝ ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին․
«Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով»։
Անդրադառնալով գողությունների դեմ պայքարի մասին հիմնավորմանը՝ հիշեցրել է, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ որևէ քաղաքացու հեռախոս գողացել են, նա հեռախոսի տուփով և IMEI կոդով դիմել է ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չի ստացել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
IMEI կոդերի գրանցում Հայաստանում