ՍԴ-ն մեկնարկել է ՀՀ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը
ՍԴ-ն քննում է ՀՀ ընտրությունների արդյունքները
Այսօր՝ հունիսի 26-ին, Հայաստանի Սահմանադրական դատարանում մեկնարկել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։
Այդ հարցով դատարան էին դիմել 7 քաղաքական ուժեր։ Չնայած որոշ բովանդակային տարբերություններին՝ դատարանը որոշել էր միավորել դիմումներն ու դրանք քննել մեկ գործի շրջանակում։ ՍԴ երկու դատավորներ՝ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում գործի քննությանը, քանի որ դատարանը համարել է, որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:
Դատաքննությունն անց է կացվում բանավոր ընթացակարգով։ Գործով որպես երրորդ կողմ ներգրավված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես պատասխանող կողմ՝ ՀՀ դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Հակակոռուպցիոկ կոմիտեն։
Գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Ընդդիմադիր ուժերը պնդում են՝ ՍԴ-ն «անկախության, չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի»։ Գործի ելքը, սակայն, չեն շտապում կանխատեսել։
«Ռեստարտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանը կարծում է՝ ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական սուր ճգնաժամ չկա։ 1inTV-ի եթերում Ավագյանը նկատել է՝ կա լեգիտիմության որոշակի ճգնաժամ, այդ թվում՝ պայմանավորված ընդդիմադիր ուժերի հետ կապվող ընտրակաշառքի դեպքերով։
«Անկախ նրանից՝ ինչպիսի որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, միևնույն է՝ այդ խնդիրները մնալու են, դրանք մեզ ուղեկցելու են և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական համատեքստում»,- ընդգծել է Ավագյանը։
Ի՞նչ պահանջներով են ՍԴ դիմել քաղաքական ուժերը, ի՞նչ որոշումներ կարող է կայացնել դատարանը, մեկնաբանություն
- Ինչպե՞ս կազդեն Հայաստանի ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի վրա․ հայացք Թբիլիսիից
- Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից
- «ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
Ի՞նչ են ՍԴ-ից պահանջել 7 քաղաքական ուժերը
Հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան են դիմել 7 ուժեր՝
- «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը,
- «Միասնության թևեր» կուսակցությունը,
- «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,
- «Հանուն Հանրապետության» կուսակցությունը,
- «Հայաստան» կուսակցությունների դաշինքը,
- «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։
Այդ ուժերից խորհրդարան են անցել միայն երկուսը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ-ից պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ու անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ «Հայաստան» դաշինքը միայն պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ իրենց դիմումը նույնաբովանդակ չէ, ունի այլ «ապացուցման առարկա»։
Հայտնել է՝ դիմումի հիմքում հետևյալն հարցն է՝ կարո՞ղ է պետությունը վստահությամբ ասել, որ ընտրությունների արդյունքը ժողովրդի ազատ կամքի արտահայտությունն է, եթե ընտրությունների ընթացքում պետական մարմիններն իրենք են արձանագրել կազմակերպված, զանգվածային, կրկնվող և փոխկապակցված ընտրական հանցագործությունների մասին տվյալներ։ Նկատի ունի ընդդիմադիր որոշ ուժերի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի տասնյակ բացահայտումները։
«Մենք Սահմանադրական դատարանին չենք խնդրում փոխարինել քրեական դատարաններին։ Մենք չենք խնդրում ՍԴ-ին որոշել, թե կոնկրետ որ անձը ինչ հանցանք է կատարել։ Դա քրեական արդարադատության խնդիրն է։ Մենք ՍԴ-ին խնդրում ենք անել այն, ինչ միայն Սահմանադրական դատարանը կարող է անել՝ գնահատել ընտրությունների սահմանադրականությունը»,- նշել է Բաբաջանյանը։
Հնարավոր սցենարներ․ ի՞նչ որոշում կարող է կայացնել դատարանը
Գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ,
2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,
գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ քննության արդյունքում ՍԴ-ն իրավասու է անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները, եթե խախտվել են ընտրական իրավունքի սկզբունքները, որոնք սահմանված են մայր օրենքում՝ գործող Սահմանադրությունում։
Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Հայաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԱԺ ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:
Օրենսգրքի 101-րդ հոդվածը սահմանում է, որ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70 օր հետո անցկացվում է նոր հերթական ընտրություն:
Մեկնաբանություն
«Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի դիտարկմամբ՝ հետընտրական շրջանը շատ պասիվ է։ Կարծում է՝ եթե ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն լիներ, կհնչեին հայտարարություններ, օրինակ՝ քննության օրը ՍԴ դիմաց մեծ հանրահավաք նախաձեռնելու և դատավորների վրա հանրային ճնշում բանեցնելու վերաբերյալ։
1inTV-ի եթերում Ավագյանը նկատել է՝ նման սցենար չկա, քանի որ խորհրդարան անցած 2 ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ի վերջո, ընդունելու են ընտրությունների արդյունքները, վերցնելու են իրենց մանդատները։
Ավագյանի գնահատմամբ՝ հունիսի 7-ից հետո երկրում չկա քաղաքական ճգնաժամ։ Ասում է՝ արդյունքները կանխատեսելի էին հանրության համար։ Մյուս կողմից նկատում է՝ կա «լեգիտիմության որոշակի ճգնաժամ», որը պայմանավորված է 2 գործոնով՝
- Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ընտրակաշառքի դեպքերի ձայնագրություններով,
- 2005 ընտրատեղամասերից 3-ի ձայների չհաշվարկմամբ և ԿԸՀ՝ վերաքվեարկություն չնշանակելու որոշմամբ։
«Կա հետևյալ դիսկուրսը՝ նաև ժողովրդավարության տեսանկյունից, որ, այո, մեծամասնություն ունի ՔՊ-ն, բայց արդյո՞ք այդ 3/5-ը լեգիտիմ է, թե՞ ոչ։ Մյուս կողմից՝ եթե նույնիսկ մեկ մանդատ ընտրակաշառքի հիմքով է ձևավորվում, այդտեղ նույնպես կա լեգիտիմության ճգնաժամ»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել ընտրությունների քվեարկության արդյունքները 3 ընտրատեղամասերում։ Վերաքվեարկություն, սակայն, չէր նշանակել՝ այդ որոշումը հիմնավորելով տակտիկական քվեարկությամբ (tactical voting)։
ԿԸՀ-ից նշել էին, որ ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով՝ տակտիկական քվեարկությամբ, ինչի պատճառով «նոր քվեարկությունը չի երաշխավորի արդար ընտրական արդյունք»։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ այդ 3 ընտրատեղամասերում միասին ստացած 200-ից ավելի ձայներն իրեն թույլ կտային անցնել ԱԺ, իսկ իշխող ՔՊ-ն կզրկվեր որակյալ մեծամասնությունից՝ 3/5-ից։ ԲՀԿ-ին հաշված տոկոսային կետեր չէին հերիքել անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար։
Կարծում է՝ անկախ Սահմանադրական դատարանի որոշումից կան խնդիրներ, որոնք շարունակելու են գոյություն ունենալ ՀՀ ներքաղաքական կյանքում և արտաքին հարաբերություններում։
Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ նկատել է՝ ԱԺ-ում ձևավորվելու է դիսկուրս՝ «ընտրակաշառք բաժանողների» և «Արցախը հանձնածների»։ Որպես հետևանք՝ խորհրդարանի բովանդակային քննարկումներում տեղ չեն գտնելու այն կարևորագույն անվտանգային մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առջև։
Ըստ Ավագյանի՝ 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը կարող է խնդիրներ հարուցել Արևմուտքի հետ ՀՀ հարաբերություններում։
«Այս մաքուր ժողովրդավարական խնդիրը կարող է որպես մահակ օգտագործվել Հայաստանի դեմ»,- հայտարարել է նա և հավելել, որ նման քայլի կարող են գնալ ինչպես ՀՀ ներսում առկա պրոռուսական շրջանակները, այնպես էլ Արևելյան Եվրոպայում գործող ռուսական ազդեցության ցանցերը։
Օրինակ է բերել՝ վիզաների ազատականացման շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունը։
«Երբ կարիք լինի, որ ԵՄ անդամ երկրները որոշակի քվեարկություններ իրականացնեն, օրինակ՝ վիզաների ազատականացման գործընթացի հետ կապված, այդ պարագայում մեզ չսիրող շատ պետություններ կարող են շահարկել այս տեղամասերում տեղի ունեցածն ու արհեստական խոչընդոտներ ստեղծել ՀՀ կառավարության համար, որպեսզի մեր՝ ԵՄ-ին մերձենալու օրակարգերը, այսպես ասած, վիժեցվեն»,- նկատել է նա։
Հիմնադրամի տնօրենի դիտարկմամբ՝ լեգիտիմության ճգնաժամը հնարավոր է հաղթահարել, եթե ընտրակաշառքի գործերով դատարանի որոշումներ կայացվեն, այնուհետև անցկացվեն նոր ընտրություններ․
«Պարտադիր չէ, որ նոր ընտրությունները լինեն, օրինակ՝ 2 ամիս հետո։ Կարող են լինել 6 ամիս կամ 1 տարի հետո, ինչքան որ պահանջվում է, որ դատարաններն ունենան որոշումներ»։
Յուրի Ավագյանի փոխանցմամբ՝ անկաշկանդ, բայց արագ ու արդյունավետ քննություն իրականացնելու համար դատարանները կարող են աջակցության համար դիմել քաղհասարակությանը, միջազգային հանրությանը, նույն ԵՄ-ին, որպեսզի «համապատասխան գործիքակազմով» կիսվեն ՀՀ պատկան մարմինների հետ և այդ գործընթացը կազմակերպեն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՍԴ-ն քննում է ՀՀ ընտրությունների արդյունքները