«Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար
Երևանի արձագանքը Գալուզինի հայտարարությանը
«Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի [«Թրամփի ուղի» նախագծի] վերաբերյալ քննարկում չենք տանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Լրագրողները Սաֆարյանին խնդրել են մեկնաբանել ՌԴ-ից հնչող վերջին հայտարարությունները։ Մասնավորապես՝ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ ՀՀ-ԱՄՆ երկկողմ նախագիծը՝ «Թրամփի ուղին» միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից և ընդգծել, որ Մոկսվայի կարծիքը պետք է հաշվի առնվի։
Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգում այս պահին նման հարց չկա։
Երևանից և Մոսկվայից հնչած հայտարարությունները՝ հակիրճ
- Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից
- «ՀՀ-ն կվերականգնի երկաթուղային կապը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ լինի դա ՌԴ հետ, թե առանց». կարծիքներ
- «Չենք գործելու ՌԴ դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի շահի»․ Փաշինյան
Արձագանք Երևանից․ «Չէի ուզի ապագայի մասին ինչ-որ բան ասել»
«Այս պահին TRIPP-ն իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափով, կնքվել է համաձայնագիր, և դա գտնվում է իրականացման փուլում»,- ընդգծել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք հնարավոր համարում է «Թրամփի ուղի» նախագծին ՌԴ մասնակցության շուրջ քննարկումները։
«Չէի ուզի ինչ-որ սպեկուլյացիաներ անել։ Կարծում եմ՝ այս պահին ապագայի մասին ինչ-որ բաներ ասել չարժե»,- արձագանքել է փոխնախարարը։
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը՝ նկատել է, որ ներկա պահին ՀՀ-ն կառույցի անդամ է, ուստի գործում են նաև ԵԱՏՄ տարանցման կանոնները։
Փոխնախարարը հաստատել է՝ TRIPP-ն իրականացվելու է ԵԱՏՄ կանոնների համաձայն։
«ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այստեղ խնդիր չենք տեսնում»,- խոսելով ԵԱՏՄ անդամակցության բերումով TRIPP նախագծում հնարավոր խնդիրների մասին՝ շեշտել է նա և հավելել, որ «այս փուլում որևէ հարց չի ծագել»։
Բուն նախագծի վերաբերյալ հարցերին Սաֆարյանը հստակ պատասխաններ չի տվել։ Դժվարացել է նշել նաև, թե երբ են մեկնարկելու գետնի վրա աշխատանքները, մասնավորապես՝ երկաթուղու կառուցումը։
Ի՞նչ է հայտարարել Ռուսաստանի փոխարտգործնախարարը
RTVI-ն տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Հիշեցրել է՝ հայկական և ադրբեջանական երկաթուղիների միջև կապ հաստատելու եղանակները քննարկվել են դեռևս 2022-2023 թվականներին՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան համաձայնագրերի շրջանակում։
«Ոչ մեր մեղքով այս քննարկումները և եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում այս երկխոսությունը ընդհատվել են։ Այժմ դրա շարունակությունը չափազանց դժվար է, քանի որ Հայաստանը, ինչպես ես հասկանում եմ, ամերիկյան կողմին խոստացել է ապագա երկաթուղու կանոնադրական կապիտալի 49%-ը»,- հայտարարել է Գալուզինը։
2026 թ․-ի մայիսի 26-ին Հայաստանն ու ԱՄՆ-ն TRIPP («Թրամփի ուղի») նախագծի իրականացման վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր են ստորագրել։ Ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ ստեղծվելու է համատեղ ձեռնարկություն՝ «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն»։ Նահանգներն ընկերությունում ունենալու է 74% վերահսկիչ մասնակցություն, իսկ Հայաստանը՝ 26% մասնակցություն։ ԱՄՆ-ին կառուցապատման իրավունք է տրվելու նախնական 49 տարով և դրանից հետո համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ամրագրված է նաև, որ առաջին ժամկետի՝ 49 տարվա ավարտից հետո ՀՀ մասնաբաժինը կավելանա՝ դառնալով 49%։
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը թերահավատորեն է արտահայտվել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի կյանքի կոչման մասին՝ մատնանշելով ոչ թե ռուսական, այլ իրանական և չինական գործոնները։
Հղում անելով «որոշ փորձագետների»՝ Գալուզինը պնդել է, թե քիչ հավանական է, որ չինական կողմը գոհ լինի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև և այնուհետև դեպի Եվրոպա տրանսպորտային-լոգիստիկ երթուղու մի կտորի՝ «Թրամփի ուղու» վրա ամերիկյան վերահսկողությունից։ Կարծիք է հայտնել, թե Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի վերջին ռազմական գործողություններից հետո Թեհրանն էլ դժվար թե ուրախանա իր սահմանից անմիջապես հյուսիս Նահանգների ներկայությունից։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են՝ փարատել են Իրանի ղեկավարության բոլոր մտահոգությունները, իրանական կողմը դեմ չէ նախագծի իրականացմանը։
Գալուզինի գնահատմամբ՝ TRIPP-ը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից։ Մոսկվայի ներգրավվածությունը հիմնավորելու համար նա մի շարք փաստարկներ է բերել, մասնավորապես՝
- Հայկական երկաթուղիները կառավարվում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է,
- Հայաստանի տարածքով տարանցումը պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոնակարգերին համապատասխան,
- «Թրամփի ուղի»-ն անցնելու է ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ հայ գործընկերների հետ միասին պահպանում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները։
«Այս կամ այն կերպ Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնվի, ինչպես նաև ԵԱՏՄ կարծիքը»,— հայտարարել է նա։
Բացի այդ, Գալուզինը նշել է, որ «Թրամփի ուղին», ենթադրաբար, պետք է կառուցվի ռուսական երկաթուղու նույն լայնությամբ՝ Ադրբեջանի հետ անխափան կապ ապահովելու համար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Երևանի արձագանքը Գալուզինի հայտարարությանը