Nordwind-ը նախընտրում թռչել Աբխազիա՝ Սոչիի փոխարեն
Ռուսական խոշոր ավիաընկերություններից մեկը՝ Nordwind-ը, հայտարարել է, որ չեղարկում է դեպի Սոչի քաղաք կանոնավոր չվերթների մի մասը՝ այդ գործողությունն անվանելով իր ամառային թռիչքային ծրագրի «օպտիմալացում»:
Nordwind-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս փոփոխությունների արդյունքում Սոչիի որոշ չվերթներ կչեղարկվեն, սակայն դեպի Աբխազիայի մայրաքաղաք ավելի շատ թռիչքներ կիրականացվեն։
«Օպտիմալացման» ամենահավանական, իրական պատճառն այն է, որ վերջերս Սոչին պարբերաբար հարձակման է ենթարկվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Այդ հարձակումների ժամանակ Սոչիի օդանավակայանը դադարեցնում է իր աշխատանքը, ինչի հետևանքով Սոչի թռչող շատ ինքնաթիռներ ստիպված են լինում վայրէջք կատարել այլ օդանավակայաններում, իսկ Սոչիից մեկնող թռիչքները հետաձգվում են մի քանի ժամով։ Այդ ամենի հետևանքով ավիաընկերությունները վնասներ են կրում, և համապատասխանաբար փնտրում են այլընտրանքային տարբերակներ։
Nordwind-ը դարձավ առաջին ավիաընկերությունը, որն այս համատեքստում կտրականապես վերանայեց իր թռիչքների ծրագիրը: Իսկ դեպի Սուխումի օդանավակայան թռիչքների վերակողմնորոշումը միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով այն, որ Սոչիից Սուխումի հեռավորությունն ընդամենը 100 կիլոմետր է։
Հիշեցնենք, որ Սուխումի օդանավակայանը չէր գործում ավելի քան 30 տարի։ Այն վերականգնվեց (հիմնականում ռուսական դրամական միջոցներով) և բացվեց անցյալ տարի՝ 2025 թվականին։
Օդանավակայանի միջազգային լիցենզիայի բացակայության և աշխարհի երկրների մեծ մասի կողմից Աբխազիայի չճանաչված լինելու պատճառով այնտեղ թռչում են բացառապես ռուսական ավիաընկերությունները։
2025 թ․-ին օդանավակայանը սպասարկել է 180 հազար ուղևորի։ Այս տարի նախատեսվում էր ուղևորահոսքը հասցնել 300 հազարի։ Սակայն, ըստ ամենայնի, Սոչիում ստեղծված իրավիճակի պատճառով այս ցուցանիշը շատ ավելի բարձր կլինի։