ՀՀ բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մասին. թվեր և կարծիքներ
ՀՀ բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մասին
Հայաստանում ակտիվորեն քննարկում են բանակում մահվան դեպքերն ու դրանց պատճառները։ Օրեր առաջ՝ օգոստոսի 13-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նա կալանավորվել է»,- այսօր հաղորդել է Քննչական կոմիտեն։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2026 թվականին արդեն իսկ արձանագրվել է մահվան 31 դեպք։ ՊՆ-ն, սակայն, այլ տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ մահվան 11 դեպք է գրանցվել։ Ավելին, մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է՝ վիճակագրությունը տարբեր մանիպուլյացիաների առիթ է դարձել։
«Մամուլում հաճախ կհանդիպենք հրապարակումների, որ բանակում տարվա ընթացքում արձանագրվել է մահվան 30 դեպք, բայց որևէ մեկը չի նշում՝ այդ 30 դեպքից քանիսն են հենց բուն բանակում տեղի ունեցել, որոնք են կապված ծառայության հետ և քանիսը ծառայության հետ կապված չեն։ Նույնիսկ եթե մահվան դեպքերը ծառայության հետ են կապված, արդյո՞ք դրանք բոլորը սպանություններ և ինքնասպանություններ են, թե՞ ոչ»,- ընդգծել է Թորոսյանը։
Պետական կառույցների և քաղհասարակության ներկայացուցիչները տարբեր պատկերացումներ ունեն նաև պատասխանատու անձանց շրջանակի վերաբերյալ։ Տարբեր իրավապաշտպաններ սլաքներն ուղղում են Պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի ուղղությամբ։
«Իմ գնահատականն այն չէ, որ այս իրադրությունում Գլխավոր շտաբի պետը և Պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
- «Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց
- «ՄԻԵԴ-ի վճիռը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «հայրենական» պատերազմի լեգիտիմությունը»․ կարծիքներ
- Ի՞նչ են մտածում երևանցիները ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին․ տեսահարցում
Քաղհասարակությունը պաշտոնականից տարբերվող թվեր է հրապարակում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն «Ազատությանն» ասել է՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերով դրական տեղաշարժ չկա, պատկերն ավեի վատ է, քան 2025 թ․-ին։
«Եթե մենք ամբողջ 2025 թ․-ի ընթացքում արձանագրել ենք 35 զինծառայողի մահացության դեպք, այժմ ութ ամսվա ընթացքում արդեն իսկ ունենք 31 զինծառայողի մահացության դեպք»,- նկատել է Մովսեսյանը։
Նրա փոխանցմամբ՝ 2025 թ․-ին 10 դեպքն է որակվել զինվորական ծառայության հետ կապված, իսկ հիմա ութ ամիսների ընթացքում արդեն իսկ գրանցվել է զինծառայության հետ կապված 10 զինծառայողի մահվան դեպք։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, պնդում է՝ բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները պաշտոնական վիճակագրությամբ չեն հիմնավորվում։
«Այս տարի ունեցել ենք մահվան 11 դեպք, որից միայն 5-ն են ժամկետային զինծառայողներ։ Ունեցել ենք մահվան դեպքեր հիվանդության հետևանքով, ականի պայթյունի հետևանքով»,- «Արմենպրեսին» ասել է նա։
Թորոսյանի խոսքով՝ մահվան 11 դեպքից 6-ը ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքեր են եղել, սակայն դրանցից միայն 3-ն են տեղի ունեցել ծառայության հետ կապված հանգամանքներում։
Անդրադառնալով նախորդ տարվա ցուցանիշներին՝ նկատել է՝ 2025 թ․-ին առհասարակ սպանության որևէ դեպք չի արձանագրվել։
«Ծառայության հետ կապված հանգամանքներում մահվան 6 դեպք է արձանագրվել, որից, եթե չեմ սխալվում, 2-ն էին ինքնասպանության հասցնելու դեպքեր»,- ամփոփել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Որո՞նք են բանակում ինքնասպանությունների պատճառները
Թե ինչն է եղել զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան պատճառը, դեռևս պարզ չէ։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, անդրադարձել է թեմային և նշել, որ բանակում ինքնասպանությունների 85-90 տոկոսը կապված են 3 իրավիճակների հետ՝
- խաղաղամոլությունն ու դրա հետևանքով առաջացած պարտքերը,
- անձնական, ընտանեկան հարցերը,
- հերթապահության ժամանակ դիրքում քնելն ու դրանից բռնկվող կոնֆլիկտները։
«Եթե դիրքապահը քնել է՝ նշանակում է վտանգի տակ է դրել մյուսների կյանքը, և ով որ արձանագրվում է, որ դիրքում քնել է, նրան զինվորները արհամարհանքի և մեկուսացման են ենթարկում, և դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի մեկուսացում, կղզիացում, հոգեբանական ճնշում»,- պարզաբանել է վարչապետը։
Հարցին, թե արդյո՞ք դա սպայական կազմի մեղքը չէ, արձագանքել է՝ նշելով, որ «մեղքը բանակի ղեկավարության վրա պետք չի գցել»։
«Ես ունեմ այդ մեղքը, որ մինչև հիմա այս խնդրի լուծումը չենք գտել»,- հայտարարել է Փաշինյանը։
Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը նկատել է՝ Փաշինյանի մատնանշած պատճառներից երկուսը բանակում չեն զարգացել, սակայն դիրքում քնելու հարցը կարող էր համակարգային լուծում ստանալ։
«Ինչո՞ւ պիտի զինծառայողը քնի մարտական հերթապահության ժամանակ։ Արդյո՞ք կան բավարար մարդկային ռեսուրսներ, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող բավարար ժամանակ ունենա հանգստի համար և մարտական ծառայության ընթացքում չունենա քնելու ցանկություն և կարիք»,- հարցրել է Մովսեսյանը։
Պաշտոնանկություն և քննարկումներ․ Փաշինյանի հայտարարության հետքերով
Զինծառայողի մահվան դեպքի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ անհատական պատասխանատվություն կրողներ պիտի լինեն, բայց նրանք Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը չեն։ Միաժամանակ հայտնել էր, որ կառավարությունում քննարկել են իրադրությունն ու որոշել՝ պաշտոնանկություններ կլինեն։
«Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք»,- նշել էր նա։
Նույն օրը ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն ազատման դիմում է գրել։ Այսօր հայտնի դարձավ, որ նախագահի հրամանագրով Զաքարյանն ազատվել է պաշտոնից, որը զբաղեցնում էր 6 տարի։
Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Նա 2023-2025 թվականներին զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանապետի պաշտոնը։
ԶՈՒ Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կադրային փոփոխությունների մասին դեռևս որևէ բան չի հաղորդվել։
Վերջին օրերին ՊՆ-ն հաղորդագրություններ է տարածում զինված ուժերում հոգեբանական ծառայությունների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու մասին։ Նախարարությանը մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը հանդիպել է ԵՊՀ Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի պրոֆեսորների հետ։ Բացի այդ, ընթանում են քննարկումները ժամկետային զինծառայող սերժանտների, բանակային դիրքերի ավագների հետ:
«Օրակարգում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանը, բանակ թափանցող արատավոր բարքերն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցերն են»,- հայտնել են գերատեսչությունից։
Մեկնաբանություն
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․
«Բանակի բարձրագույն հրամանատարությունը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ պետք է հանգամանալից բացատրություն տա հանրությանը բանակում տեղի ունեցող, իրար հաջորդող մահվան դեպքերի մասին։
Բարձրագույն հրամանատարական կազմից որևէ մեկն այցելե՞լ է զորամաս՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները, զորամասում տիրող իրավիճակը և այլն։ Խիստ կասկածում եմ։
Պապիկյանն անգամ Ազատի զորամասում 15 զինծառայողի մահվան դեպքով չէր այցելել զորամաս։
Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, Պապիկյանի փոխարեն խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ հռչակելով մեղավոր պատասխանատուներին, բայց չասաց, թե ինչ կապ ունի Ռազմական ոստիկանությունը մահվան այս դեպքի հետ։
2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող, ևս 3 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:
Եթե Փաշինյանն ավելի լավ է տիրապետում բանակում, զորամասում տիրող իրավիճակին, այդ դեպքում ինչո՞ւ է նախարարի պաշտոնը զբաղեցնում Պապիկյանը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մասին