«Չբացահայտված դեպքերն ինքնասպանություն են ներկայացվում»․ ՀՀ ԶՈՒ զինծառայող է մահացել
Զինծառայողի մահվան դեպք ՀՀ ԶՈՒ-ում
Հայաստանի զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպք է գրանցվել։ 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանին մահացած են գտել հուլիսի 21-ին։ Քննչական կոմիտեն նախ սուղ տեղեկություններ է հայտնել՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ:
Ավելի ուշ կոմիտեն հայտնեց, որ «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել Թորոսյանի 2 համածառայակիցների նկատմամբ։ Նրանցից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը՝ շարքային զինծառայող։ Երկուսն էլ կալանավորվել են։
Պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան հետ կապված որևէ հաղորդագրություն չի հրապարակել։ ՊՆ լռությունը վրդովվեցրել է իրավապաշտպաններին և քաղաքական գործիչներին։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով պարբերաբար ահազանգում է Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ զինծառայողի կյանքի թիվ մեկ պատասխանատուն պաշտպանական գերատեսչությունն է՝ ի դեմս նախարար Սուրեն Պապիկյանի։
«Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում մահվան դեպքերի հետ կապված։ Տարեվերջին ամփոփելով մահվան դեպքերը՝ նա աշխատում է նվազ թվեր ցույց տալ, իսկ իրական նվազ թվերի համար պայքար չկա»,- ընդգծել է նա։
2026 թվականի տարեսկզբից մինչև օրս պաշտոնապես հաղորդվել է 8 զինծառայողի մահվան մասին:
Դեպքի մանրամասները, մեկնաբանություններ
- ՀՀ-ում Ադրբեջանի հետ սահմանը հսկելու համար սահմանապահներ կպատրաստեն. նախագիծ
- «Նոր բանակ՝ նոր սպառազինությամբ». զորահանդես Երևանում Հանրապետության օրվա առթիվ
- «ՀՀ-ն չպիտի լինի ագրեսիայի համար գայթակղիչ երկիր». Փաշինյանի ուղերձը բանակի օրվա առիթով
Ի՞նչ է հայտնի այս պահին

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նարեկը Չարենցավանից էր, Ռուս-հայկական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող: Ուզում էր սպորտային լրագրող դառնալ։ Բանակ էր զորակոչվել ամիսներ առաջ՝ 2026 թվականի հունվարին։ Վերջերս էր արձակուրդից ծառայության վայր՝ Ճամբարակ վերադարձել։
Թե որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, հայտնի չէ։
Մամուլում շրջանառվող վարկածի համաձայն՝ ժամկետային զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել՝ հասցնելով ինքնասպանության։
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ խոսքը, հավանաբար, ինքնասպանության մասին է։ Մանրամասներ, սակայն, չի ներկայացրել։
Մեկնաբանություններ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արձանագրել է․
«Պաշտպանության նախարարությունը քար լռություն է պահպանում 20 ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով։
Որևէ բացատրությամբ, պարզաբանմամբ մինչ այս պահը նախարարը հանդես չի եկել՝ այցելե՞լ է նախարարը զորամաս՝ տեղում պարզելու, թե ինչու և ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Վստահ եմ, որ ոչ։ Սա պատասխանատվությունն է զինծառայողի կյանքի, նրա ընտանիքի և մեր հանրության առջև։
Մամուլում շրջանառվող «ինքնասպանության» վարկածն անընդունելի է ինձ համար։ Մամուլը առավելագույնը կարող է տեղեկանալ զինծառայողի մահվան դեպքի, բայց ոչ մահվան հանգամանքների մասին։ Շատ անգամ հենց իրավապահ մարմիններն են այսպիսի վարկածներ նետում մամուլ, որ հետո հիմք հանդիսանան իրենց առաջ քաշած «ինքնասպանության» վարկածի համար։
Իսկ «ինքնասպանության» դեպքերը բանակում, հիմնականում, սպանություններ են, որոնք չեն բացահայտվում»։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Ճամբարակի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր։ Աշխատանքային գործունեությանս ընթացքում, ցավոք, մեծ թվով նման միջադեպերի եմ առնչվել, և յուրաքանչյուր զինծառայողի մահ ինձ խորը ցավ է պատճառել։
Նարեկը լավ մարդ էր՝ մեղմ բնավորությամբ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված տղա, ով վայելում էր ուսանողական շրջապատի և դասախոսական կազմի սերն ու հարգանքը։
Դեպքի նրբությունից և առանձնահատկություններից ելնելով՝ չեմ ուզում խոսել վարկածների կամ ինձ հայտնի հանգամանքների մասին։
Սակայն մեկ բան հստակ է. պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում կարգապահական խնդիրների, զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ, ինչը, որպես ծանր հետևանք, հանգեցնում է նմանօրինակ միջադեպերի։
Պահանջը օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն է և, որպես դրա հետևանք, նմանօրինակ դեպքերի կանխումը»։
«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը նկատել է․
«Նիկոլ Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում, որով նա պարբերաբար հպարտանում է՝ հայտարարելով, թե սահմանին զինվորներ չեն զոհվում, ցավով եմ արձանագրում, որ ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը։
Մի՛ ասեք, թե բանակում նման դեպքերն անխուսափելի են։ Չի՛ կարելի նման մտքի հետ հաշտվել։ Անթույլատրելի է, որ այսքան կորուստներից հետո մենք դեռ շարունակում ենք խաղաղ պայմաններում կորցնել մեր երիտասարդներին։
Որտե՞ղ է սպայական կազմի պատասխանատվությունը։ Ինչպե՞ս է ստացվում, որ 18-20 տարեկան երիտասարդների միջավայրում բռնությունն ու դաժանությունն այնքան են խորանում, որ պարբերաբար ավարտվում են մարդկային կյանքի կորստով։ Ի՞նչ աշխատանք է տարվում բանակում՝ փոխադարձ հարգանք, կարգապահություն և պատասխանատվություն ձևավորելու համար։
Ամենացավալին այն է, որ մեր հասարակության մեջ գնալով ավելի տեսանելի է դառնում անհանդուրժողականությունն ու ագրեսիան։ Եվ այո՛, այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի երկրի բարձրագույն ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է բաժանարար գծերով, թշնամանքի և ատելության լեզվով, և այդ մթնոլորտը վաղ թե ուշ ներթափանցում է նաև մարդկանց առօրյա հարաբերություններ։
Մենք պարտավոր ենք հաղթել այս մղձավանջային իրականությանը, եկեք սկսենք բոլորս մեր շրջապատից, մեր միջավայրից»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Զինծառայողի մահվան դեպք ՀՀ ԶՈՒ-ում