«ՄԻԵԴ-ի վճիռը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «հայրենական» պատերազմի լեգիտիմությունը»․ կարծիքներ
Հայ փորձագետները՝ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ի վճռի մասին
«Ցանկացած դատական ակտ անհերքելի պատմական փաստ է: Այս որոշումը ցույց է տալիս պատերազմի իրական դեմքը»,- իրավաբան Արա Ղազարյանն այսպես է բնորոշում «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը։
Օրերս՝ հունիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին մեղավոր ճանաչեց 2016 թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինծառայողի խոշտանգման և գլխատման համար։ Վճռի համաձայն՝ ադրբեջանական կողմը 3 ամսվա ընթացքում պետք է մոտ 104․210 եվրո փոխհատուցում վճարի սպանված զինծառայողի ընտանիքի անդամներին։
Դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս վճիռը գալիս է «կոտրելու Ադրբեջանի կողմից առաջ տարվող այն միֆը, թե, իբր, իրենք զոհ են, հայերն են հարձակվել իրենց վրա»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, ըստ նրա, արձանագրել է՝ «հանցագործությունները կատարել են Ադրբեջանի զինված ուժերը»։
Ղազարյանի գնահատմամբ՝ վճիռը կասկածի տակ է դնում ինքնապաշտպանության մասին Ադրբեջանի պնդումների, ինչպես նաև, այսպես կոչված «հայրենական պատերազմի» լեգիտիմությունը։ Շեշտում է՝ «հայրենական պատերազմում» (Բաքուն այդպես է անվանում 2020 թ․-ի 44-օրյա պատերազմը) զինծառայողներին չեն գլխատում, ձեռքերը չեն կտրում» և հավելում՝ Բաքուն գնացել է ագրեսիվ պատերազմի ճանապարհով։
«Ադրբեջանը փորձում էր հասնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերի, ագրեսիվ պատերազմների լեգիտիմացմանը։ Նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելուն։ Իմ կարծիքով՝ իրավական ամենամեծ արժեքը դա է այս ակտի»,- ընդգծել է իրավաբանը։
Խոսելով որոշման կատարման հնարավորության մասին՝ Ղազարյանը նշել է՝ Ադրբեջանը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու ցուցանիշով «ռեկորդակիր» է։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին են անդրադարձել Արա Ղազարյանն ու դիմումատուների ևս 4 ներկայացուցիչներ՝ Սիրանուշ Սահակյանը, Արաքս Մելքոնյանը, Հայկուհի Հարությունյանն ու Հասմիկ Հարությունյանը։
Ասուլիսի կարևոր դրվագները՝ հակիրճ
- Հնարավորությո՞ւն, թե՞ ռիսկ․ ՀՀ և Ադրբեջանի տարածքով կկազմակերպվի ինտերնետ տրաֆիկի տարանցում
- «Պատերազմի սպառնալիքի և ռիսկերի կառավարում»․ մանրամասներ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
- «Չենք քննարկել և չենք քննարկում»․ Փաշինյանը՝ 300 հազար ադրբեջանցիների ՀՀ վերադարձի մասին
Հայ սպային խոշտանգել են, ապա գլխատել
Իրավագետ Արաքս Մելքոնյանի խոսքով՝ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ ՄԻԵԴ է ներկայացվել ընդհանուր առմամբ 22 հայց։ Այս գործը ՄԻԵԴ-ի առաջին որոշումն է, որը վերաբերում է 2016 թ․-ի ռազմական գործողություններին
Սպա Հ․Թ․-ի խոշտանգման և գլխատման հացը ներկայացվել է անհատական կարգով, իսկ 2017 թ․-ին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել մասնակցել գործին՝ որպես երրորդ կողմ։
«Հ․Թ․-ն զինամթերք տեղափոխելու ժամանակ հարձակման է ենթարկվել դիվերսիոն խմբի կողմից։ Նա ոտքի շրջանում ծանր վիրավորում է ստացել և նույնիսկ չի կարողացել ինքնուրույն քայլել։ Ադրբեջանցիները խոշտանգել են նրան, ապա՝ գլխատել»,- մանրամասնել է Մելքոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ ՄԻԵԴ որոշումը չափազանց կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների խախտման, այլև պատերազմական հանցագործության փաստն արձանագրելու տեսանկյունից։
Ըստ Մելքոնյանի՝ ՄԻԵԴ-ն ընդունել է հայկական կողմի փաստարկները, այդ թվում՝ պատերազմի ժամանակ տեղի ունեցած տարբեր հանցագործությունների փոխկապակցված լինելու մասին։ Խոսքը, մասնավորապես՝ ադրբեջանցի զինծառայողների Թալիշ գյուղ ներխուժելու, քաղաքացիական անձանց վրա հարձակվելու, նրանց սպանելու և մարմնի անդամահատումների մասին է։
Ասում է՝ որպես ապացույցներ գործում առկա են հենց ադրբեջանցիների կողմից արված լուսանկարները, փորձաքննությունները, ինչպես նաև Թալիշը «հայկական ուժերից մաքրելու» վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները։
«Ագրեսիան ապացուցվել է, պետության հովանավորությունը՝ նույնպես»
Իրավաբան Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ դժվարությամբ, բայց իրենց հաջողվել է փաստերով ապացուցել, որ Հ․Թ․-ի հետ տեղի ունեցածը ոչ թե ռազմական գործողությունների ժամանակ անձին հասցված մարմնական վնասվածք էր, այլ «դիտավորությամբ մարմնի առանձին մասերի անդամահատում»։ Ընդ որում, ցույց են տվել նաև այն, որ այդ վարքագիծը խրախուսանքի է արժանանում Ադրբեջանի կողմից։
«Խոսքը գնում է պետական մակադրակով իրականացված քաղաքականության մասին, որն ակնհայտորեն ցույց է տալիս, որ կա ազգային պատկանելիության հիմքով անհանդուրժողականություն կոնկրետ խմբի, անձի նկատմամբ»,- նկատել է նա։
Հարությունյանի պնդմամբ՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է ոչ միայն հանցագործության փաստը, այլև կոնկրետ ագրեսորի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը։
«Սա բացառիկ ակտ է, որտեղ հստակ նշվում է ոչ միայն ագրեսիայի վերագրելիության փաստը, որը համարվել է բարձրագույն դատական մարմնի կողմից ապացուցված, այլև պաշտոնական հովանավորությամբ առկա վարքագիծը կոնկրետ անձի նկատմամբ, որը հանդիսանում է ագրեսիվ վարքագիծ դրսևորած պետության [Ադրբեջանի] քաղաքականության ուղղակի իրագործողը»,- մանրամասնել է նա։
Այդ արձանագրումներն, ըստ նրա, կարևոր են, քանի որ երկար ժամանակ պատերազմական հանցագործությունների հեղինակ հանդիսանալու կամ վերագրելիության հարցը մնում էր «առանց պատասխանի»։ Կարծում է՝ այժմ ստեղծվել է քաղաքական օրակարգը հարստացնելու առիթ։
Ըստ Հարությունյանի՝ այս և մյուս հանցագործությունների արձանագրումը կարևոր է հնարավոր ռիսկերի չեզոքացման և վարքագծի կրկնության բացառման տեսանկյունից։
«Ադրբեջանում հասկանում են՝ հանցագործությունը հերքելու ջանքերն ապարդյուն են»
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատարանի որոշումն ունի չափազանց կարևոր իրավական և քաղաքական նշանակություն։
Սահակյանի դիտարկմամբ՝ Բաքվի արձագանքը ցույց է տալիս, որ «ընդունում են սեփական հանցանքը»։
«Նրանք ոչ թե մերժում են իրենց ոճրագործությունը, այլ վիրավորված են դատարանից նրա համար, որ դատարանն արձանագրել է այդ ժամանակահատվածում Արցախի Հանրապետության գոյությունը։ Կատարված խախտումը հերքելու բոլոր ջանքերն ապարդյուն են, ինչը գիտակցում են նաև Ադրբեջանի իշխանությունները»,- ընդգծել է նա։
ՄԻԵԴ-ի որոշումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, նրան «վճռական բողոք» է ներկայացվել «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող» վճռի հետ կապված։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ կտրականապես մերժում է դատարանի որոշման մեկնաբանությունները և պատրաստ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իր «օրինական շահերը» պաշտպանելու համար։
Բաքուն դժգոհություն է հայտնել՝ նշելով, որ որոշման մեջ օգտագործված ձևակերպումները, այդ թվում՝ «ԼՂՀ» և «Ադրբեջանի և ԼՂՀ–ի միջև շփման գիծ» արտահայտությունները, հակասում են Ադրբեջանի դիրքորոշմանն ու «միջազգայնորեն ճանաչված երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։ ԼՂ-ի բանակի, իշխանության մարմինների, գլխավոր դատախազի և ՄԻՊ–ի հիշատակումը որակել է որպես «նախկին անօրինական անջատողական ռեժիմը լեգիտիմացնելու փորձ»։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելուն՝ նկատել է՝ դա «դուռ է բացում նոր քաղաքական քննարկումների համար»։ Կարծում է՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն պետք է միջոցներ ձեռնարկի որոշման կատարումն ապահովելու ուղղությամբ։
«Երկարատև խաղաղության համար անհրաժեշտ է արձանագրել խախտումները»
2025 թ․-ի օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որում խոսվում է նաև միմյանց դեմ ներկայացված միջպետական հայցերի հետկանչման մասին։
Նախաստորագրված համաձայնագրի հոդված XV-ին համաձայն՝ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո «մեկ ամսվա ընթացքում կողմերը՝
- հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև առկա խնդիրներին,
- չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ,
- որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում»։
Անդրադառնալով ձեռքբերված պայմանավորվածությանը՝ իրավաբան Հասմիկ Հարությունյանը նշել է՝ չի կարծում, թե «խաղաղությունն ու արդարադատությունը հակադիր երևույթներ են, որ կժխտեն իրար»։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ապրիլյան պատերազմից տարիներ անց՝ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանելի է եղել Ադրբեջանի «նույն ձեռագիրը», այն է՝ ավելի մեծ թվով գլխատումներ, ոչ միայն զինծառայոսղների, այլև քաղաքացիական անձանց խոշտանգումներ և այլն:
Միայն 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրվել է գերեվարված հայերի՝ զինվորականների, կանանց ու տարեցների գլխատման շուրջ 30 դեպք։
Նրա գնահատմամբ՝ 2020, 2022 և 2023 թվականներին նմանատիպ հանցագործությունների կրկնությունը վկայում է նպատակաուղղված քաղաքականության մասին և չի կարող անպատասխան մնալ։ Վստահ է՝ հասարակություններն ու իշխանությունները չեն կարող առաջ շարժվել՝ արհամարհելով այս սարսափելի իրադարձությունները․
«Հայցերից հրաժարումը փաստացի նշանակելու է հրաժարում այդ խախտումներից ու արդարադատությունից»։
Ըստ նրա՝ իրական, արժանապատիվ ու երկարատև խաղաղությունը պահանջում է նման կոպիտ խախտումների արձանագրում, տուժողների խախտված իրավունքների ճանաչում, ինչպես նաև այդ իրավունքների վերականգնման ու փոխհատուցման մեխանիզմների գործարկում։
Հայ փորձագետները նաև հիշեցրել են, որ անկախ միջպետական հայցերի հետկանչումից՝ քաղաքացիները կարող են ներկայացնել Ադրբեջանի դեմ անհատական հայցեր։ Շեշտել են՝ միջազգային կառույցների դռները բաց են, իսկ պատերազմական հանցագործությունների քննության համար վաղեմության ժամկետներ չկան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ փորձագետները՝ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ի վճռի մասին