Վրաստանի վարչապետ․ համընդհանուր կարանտին չի լինելու, տնտեսությունը դրան չի դիմանա
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում համընդհանուր կարանտին սահմանել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Նրա խոսքով՝ դրա անհրաժեշտությունը չկա, և երկրի տնտեսությունը պարզապես չի կարող իրեն դա թույլ տալ։
«Այսօր մենք տեսնում ենք, որ վաղը պատվաստանյութ չի լինելու, վարակի հետ համակեցությունն ու դրա դեմ պայքարը երկարատև գործընթաց են։ Հետևաբար, մեր ռազմավարությունը փոխվում է, և դրա էությունը վարակին հարմարվելն ու դրա դեմ պայքարելն է։ Հետևաբար, առավել ճիշտ կլինեն և մեր որոշումը կլինեն տեղային սահմանափակումներն ու կանոնների պահպանումը, որոնք սահմանել են համաճարակաբանները՝ կրել դիմակ, հեռավորություն պահպանել», — ասել է Գախարիան։
Վարչապետի խոսքով՝ գարնանը ձեռնարկված արմատական միջոցներն արդարացված էին անորոշության և դիմակների բացակայության պայմաններում քաղաքացիների կյանքի և առողջության համար հոգածության տեսանկյունից։
«Իհարկե, մեզ մոտ դեպքերի աճ կլինի, սակայն մենք բոլորս պետք է հիշենք, որ այդ աճը սպասված էր։ Սակայն մենք ունենք ռեսուրսներ այդ աճին դիմադրելու համար։ Այսօր առողջապահական համակարգն ավելի նախապատրաստված է, քան 6-7 ամիս առաջ։ Սակայն պետք չէ մոռանալ, որ ցանկացած երկրի, այդ թվում՝ Վրաստանի ռեսուրսներն անսահման չեն», — նշել է Գիորգի Գախարիան։
Վարչապետը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետաձգման հարցը չի քննարկվում։
«Ընտրությունները կանցկացվեն սահմանադրորեն նախանշված ժամկետներում։ Ընտրատեղամասը համաճարակային անվտանգության տեսանկյունից այնքան պատրաստված կլինի, որ շատ դեպքերում որոշ առևտրի կետեր և խանութներ այցելություններն ավելի վտանգավոր կլինեն, քան կանոններին համապատասխան ընտրատեղամաս գնալը։ Հետևաբար, համաճարակային ռիսկ չի լինելու», — ասել է վարչապետը։
«Միակ բանը, որ մենք քաղաքացիներին զուգահեռ խնդրում ենք քաղաքական գործիչներին, կանոնները պահպանելն է։ Եկեք դիմակ կրենք և հեռավորություն պահպանենք», — ասել է Գախարիան։