Յոթ ուսանող է թունավորվել Ադրբեջանում ժողովրդականություն վայելող դոներ ֆասթֆուդից։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։ Երեքին արդեն դուրս են գրել։ Եվս չորսի վիճակը միջին ծանրության է գնահատվում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դոները թուրքական ծագման ֆասթֆուդ է։ Շատ տարածված է Ադրբեջանում՝ հատկապես ուսանողների շրջանում, շնորհիվ էժանությանն ու հագեցնող հատկությանը։ Այն իրենից ներկայացնում է տավարի կամ հավի տապակած միս՝ փաթաթված լավաշի կամ հացի մեջ՝ թարմ բանջարեղենի և սոուսի հավելումով։
Համալսարանի յոթ ուսանողներ դասերից հետո միասին դոներ են կերել փոքրիկ մի սրճարանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու, պատմում է Qafqazinfo-ն։ Որոշ ժամանակ անց նրանք բոլորը հիվանդանոցում են հայտնվել սննդի թունավորման ախտանիշներով։ Սրճարան են եկել Սննդի անվտանգության գործակալության աշխատակիցները, ցնցվել այնտեղ տիրող հակասանիտարական վիճակից և փորձաքննության տարել մթերքի նմուշները։
Փորձաքննության արդյունքները դեռ չկան, սակայն փորձագետները «կասկածում են», որ դոների վրա լցված մայոնեզն է անորակ եղել։
Նախկինում սրճարաններում և ռեստորաններում սանիտարական նորմերի պահպանումը վերահսկում էր սանիտարահամաճարակային ծառայությունը։ Իսկ 2018թ-ի դեկտեմբերից դրանով զբաղվում է սննդի անվտանգության գործակալությունը, որը ստեղծվել է 2017թ-ին հատուկ նրա համար, որ հետևի պարենային ոլորտում բոլոր նորմատիվների պահպանմանը։