«Օրգանական գյուղատնտեսության աջակցությունը պետական կառույցների կողմից միայն բանակցությունների տեսքով է, ոչ մի փաստացի աջակցություն» " />

Հայաստանի օրգանական արտադրանքը նոր շուկաներ է որոնում

«Օրգանական գյուղատնտեսության աջակցությունը պետական կառույցների կողմից միայն բանակցությունների տեսքով է, ոչ մի փաստացի աջակցություն»

Ֆիզիկոսից՝ գյուղատնտես

Մասնագիտությամբ ֆիզկիոս Սուրեն Հարությունյանի համար, օրգանական թեյերի և յուղերի արտադրությամբ զբաղվելը՝ տարօրինակ և անսպասելի փոփոխություն էր կյանքում: Եվ տեղի ունեցավ այն խորհրդային միության փլուզման հետևանքով:  

«Այդ շրջանում շատերիս առաջ խնդիր դրվեց, զբաղվել որևէ այլ գործով, ես գնացի այս ճանապարհով: Հիշում էի, որ այդ տարիներին ասում էին հնարավոր չէ մասուրի յուղ գտնել: Այդ միտքը աստիճանաբար ինձ սկսեց դուր գալ, որոշեցի ինքս ստանալ մասուրի յուղ: Ներդրեցի ֆիզիկոսի իմ մասնագիտությունը: Տեխնոլոգիան գնելու հնարավորւթյուն չունեինք, ինքներս մշակեցինք, իսկ ավելի ուշ արդեն սկսեցինք արտադրանք տալ», – պատմում է «Բիզոն-1» ընկերության ղեկավար Սուրեն Հարությունյանը:

Մասուրի յուղից հետո նրա կազմակերպությունը սկսում է արտադրել չիչխանի յուղ, որը շուկայում շատ ավելի մեծ պահանջարկ ուներ: Արդեն 2012 թվականին ընկերությունը սերտիֆիկացվում է և սկսում շուկաներ փնտրել Հայաստանից դուրս  արտադրանքը իրացնելու համար:

Սուրեն Հարությունյանի խոսքով, եվրոպական շուկայում մրցակցությունը մեծ է ու դժվար: Որպեսզի համոզեր եվրոպացիներին գնել իր արտադրանքը, ընկերությունը պետք է նոր ու հետաքրքիր առաջարկ ունենար:

«Որպես նորություն առաջարկեցինք թեյեր, որտեղ իդեայից սկսած մինչև տեխնոլոգիա մենք էինք մշակել: Մենք առաջարկում էինք 8 տեսակի ավանդական թեյեր և վեց տեսակի՝ օրգանական», – ասում է Հարությունյանը:

Ընկերության արտադրության մյուս ճյուղը՝ մրգերի կորիզների օրգանիկ յուղերն են:

«Եվրոպացիներին հատկապես հանրածանոթ են հայկական չիչխանի, ծիրանի, դեղձի կորիզի օրգանական յուղերը: Ընկերությունը դեղձի ու ծիրանի կորիզները գնում է վերամշակող ձեռնարկություններից, որոնց մեջ կան օրգանիկ արտադրողներ:

Իսկ չիչխանը, մասուրը, հոնը, ալոճը հավաքում են գյուղացիների խմբերը, վայրի հավաք անելով, ինչը՝ օրգանականի հիմքն է համարվում: Վայրի սարի վրա նա արդեն մաքուր է: Միայն ազնվամորին է, որ գնում ենք օրգանիկ պլանտացիայից», – ասում է նախկին ֆիզիկիոսը:

Գլոբալ ստուգումներ՝ «Էկոգլոբում»

«Բիզոն-1»-ը Հայաստանի տարբեր մարզերում գործող այն 40 արտադրողներից մեկն է, որոնք ստացել են «Էկոգլոբ» ընկերության սերտիֆիկատը: Այն հիմնվել է 2002 թվականին և հանդիսանում է Հայաստանում միակ կազմակերպությունը, որը սերտիֆիկատ է շնորհում օրգանական գյուղատնտեսությամբ կամ օրգանական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին:

«Էկոգլոբի» շնորհած սերտիֆիկատները ճանաչվում են եվրոպական DAP (Deutsches Akkreditierungssystem Prüfwesen) կազմակերպության կողմից, որի ակրեդիտացիան գործում է Եվրամիության ողջ տարածքում:

«Այս պահին մեր երկում 20-30 ընկերություններ էլ դեռևս անցումային փուլում են՝ մինչև սերտիֆիկացումը: «Էկոգլոբը» միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող՝ մասնավորապես, ԵՄ, ԱՄՆ, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների, հավաստագրում անցկացնող կազմակերպություն է, որի սերտիֆիկատը ճանաչվում և ընդունվում է նշված բոլոր շուկաներում», – ասում է «Էկոգլոբի» տնօրեն,  գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Դարբինյանը:  

Շուկաների որոնում

Հայաստանում զարգացող օրգանական գյուղատնտեսության արտադրանքը փորձում է իր տեղը գրավել եվրոպական և ամերիկյան շուկաներում: Հիմնականում արտահանվում են հյութեր, նեկտարներ, մուրաբաներ, ջեմեր, կոպմոտներ, սառեցված մրգատեսակներ, խյուսեր /պյուրե/, մեղր, տարբեր մրգերի կորիզների յուղեր, թեյեր:

Եվրոպական շուկա հայկական օրգանական հյութերն ու չրերը դուրս եկան «Շեն» հասարակական բարեգործական կազմակերպության միջոցով: Դրա շնորհիվ 2001 թվականին Հայաստանում ստեղծվեցին առաջին օրգանական այգիները, որոնք մինչև այսօր էլ սերտիֆիկացված ամենամեծ այգիներն են:

«Շենի» գյուղատնտեսական ծրագրերի կոորդինատոր Նվարդ Շահմուրադյանն ասում է.

«Այգիները հիմնականում ծիրանի են, ունենք նաև խնձոր, սալոր, դեղձ: Մենք մատակարար ենք օրգանական չրի հումքի, մուրաբայի, հյութի: Վերամշակողը սերտիֆիկացնում է իր վերամշակման գործընթացը, և լինում է երկու սերտիֆիկատ՝ հումքի և վերամշակման: Շատ հաճախ պիտակի վրա գրված է՝ պատրտասված է օրգանական հումքից, այսինքն վերամշակումը օրգանական չէ: Եթե ընդհանուր պիտակավորված է՝ օրգանիկ, նշանակում է և հումքը, և վերամշակումը օրգանիկ է»:

Հայկական հյութերն այսօր վաճառավում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում: Մանկական սննդի «Hipp» ֆիրման  Հայստանից սկսել է ներմուծել մեծ քանակությամբ օրգանիկ ծիրանի պյուրե: Բայց ծիրանը թարմ վիճակում դեռևս եվրոպական շուկա չի հասնում:

«Ծիրանի այգի» ընկերության տնօրեն Անդրանիկ Մխիթարյանն ասում է.

«Հայկական օրգանական ծիրանը բոլոր հնարավորություններն ունի մտնելու եվրոպական շուկա, սակայն Հայաստանի փակ սահմանները դրա հնարավորությունը չեն տալիս: Ճանապարհ, հեռավորություն, ճանապարհածախս… Եթե Թուրքիայով ճանապարհ ունենայինք խնդիրն ավելի հեշտ կլուծվեր»:

«Շեն»-ի գյուղատնտեսական ծրագրերի կոորդինատորը Եվրոպայի ֆերմերների հետ երկարատև բանակցություններից հետո ևս եկել է այդ եզրահանգմանը՝ ծիրանի արտահանումը ռիսկային է:

«Թարմ մրգի համար, ճանապարհը չափից դուրս երկար է, միրգը չի որակազրկվում, բայց շուկայի համար քիչ ժամանակ է մնում: Ներկրողի  համար դառնում է ռիսկային: Պետք է հասցնեն այդ միրգը  պահեստավորել, փաթեթավորել ու վաճառել: Միրգը, որ պետք է 10 օր մնար շուկայում, մնում է՝ 4 օր: Ռիսկը մեծ է, մինչդեռ տաս օրում կհասցնեին վաճառել», – ասում է Նվարդ Շահմուրադյանը:

Դանդաղ զարգացում

«Էկոգլոբի» տնօրեն Նունե Դարբինյանը կարծում է, որ օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում դանդաղ է զարգանում:  Ըստ նրա, պատճառներների թվում են

  • տեղեկացվածության պակասը,
  • շուկայից կտրվածությունը,
  • օրգանական արտադրանքի գնորդների պակասը,  
  • պետական աջակցության բացակայությունը:

Օրգանական գյուղատնտեսության ջատագով Շեն» կազմակերպությունը Կոտայքի մարզում 2014 թվականից  հիմնել է «Ակունք» ուսումնական կենտրոնը օրգանական բանջարեղեն մշակողների համար:  Այստեղ անվճար սովորեցնում, ինչպես օրգանական բանջարեղեն մշակել և փոքր տնտեսությունը դարձնել օրգանիկ:

«Օրգանական գյուղատնտեսության աջակցությունը պետական կառույցների կողմից միայն բանակցությունների տեսքով է, ոչ  մի փաստացի աջակցություն: Մինչդեռ պետությունը, օրինակ, կարող է սուբսիդավորել օրգանականով զբաղվող ֆերմերի հողի հարկը, ջրի հարկը, ինչը խթան կհանդիսանա, որ տվյալ ֆերմերը սկսի զբաղվել օրգանականով: Կարող են օրգանական գյուղատնտեսության համար ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել: Սրանք լծակներ են ոլորտի զարգացման համար», – ասում է Նվարդ Շահմուրադյանը:

«Ծիրանի այգի»  ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Մխիթարյանն էլ հիշում է. երբ տարիներ առաջ սկսեցին զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ,  մարդիկ խուսափում էին անգամ օրգանական բառից, ծաղրում էին.

«Հետո որ տեսան մենք թափված ծիրանը վաճառում ենք 200 դրամով, իրենք՝ 50-ով, հասկացան տարբերությունը»:

Օրգանական մթերք արտադրողների համար խնդիրներ կան նաև ներքին շուկայում, որտեղ շատերն իրենց ապրանքը պիտակավորում են օրգանիկ ու դնում վաճառքի:

«Չկա վերահսկող մարմին: «էկոգլոբ» -ը տալիս է սերտիֆիկատ, բայց նա չի վերահսկում: Վերահսկումը պետք է անի պետությունը օրենքի՝ ենթաօրենսդրական ակտերով, հսկողություն սահմանելով: Շուկայում տեսնում ենք բիոկաթ, բիոձու, բայց  սպառողների մեծ մասն անգամ չգիտեն ինչպես ստուգել տվյալ ապրանքի հավաստիությունը, մակնշում պետք է լինի: Սուպերմարկետը չի պահանջում  սերտիֆիկատ՝ բիզնես մոտեցում է, տեսնում են ապրանքը վաճառվում է, վերցնում են: Իսկ եթե վերահսկողություն լիներ, ավելի զգաստ կլինեին», – ասում է Նվարդ Շահմուրադյանը: 

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության մասին օրենքն ընդունվել է 2008 թվականին: Ոլորտի փորձագետները կարծում են, որ վերահսկողության մասով այն բացեր ունի: Շահմուրադյանը նշում է, որ շահագրգիռ կազմակերպությունների ջանքերով նախապատրաստվում է ենթաօրենսդրական ակտերի փաթեթ, որը շուտով կներկայացվի գյուղատնտեսության նախարարությանը:

«Եթե ներդրվի, ապա շատ կեղծ ապրանքանիշեր կզրկվեն իրենց անունից»,-ասում է նա:

«Էկոգլոբ»-ի գլխավոր տնօրեն Նունե Դարբինյանն էլ նշում է, որ  օրգանական մթերքի արտադրությունը Հայաստանում պետք  է կենսաձև դառնա.

«Ով ցանկանում է զբաղվել օրգանիկ գյուղատնտեսությամբ, պետք է փոխի իր վերաբերմունքը, իր մտածողությունը, աշխարհայացքը: Ուսումնասիրել եմ  օրգանական գյուղատնտեսությունը տարբեր կողմերից. այն նպաստում է էկոտուրիզմի զարգացմանը, նպաստում է էկոլոգիական արտադրությանը, նոր աշխատատեղեր են ստեղծվում»:

Նրա դիտարկմամբ, ոլորտը կարիք ունի արտադրության պատասխանատուների, կառավարիչների, տեսուչների, խորհրդատուների.

«Հայաստանն ունի հրաշալի բնություն, ու կարող ենք օրգանական արտադրանք տալ շուկային,  սակայն իրականում  մենք այսօր կորցնում ենք այդ պոտենցիալը: Մի կողմից պետությունը սուբսիդավորում է հանքային պարարտանյութերը, քիմիական պեստիցիդների կիրառությունը, ինչը գայթակղում է գյուղացուն, կորցնում ենք նաև այն պատճառով, որ չենք հասցնում ստեղծել մարդկային մասնագիտական զանգված, որը գաղափարը կտարածեր»:


Կարդալ ավելին JAMnews-ում