Կարևոր հարցեր, միֆեր, պատմություններ, փորձագետների մեկնաբանություններ" />

Թմրամոլությունն Ադրբեջանում․ ձևացնել, թե այս ամենը մեր մասին չէ

Կարևոր հարցեր, միֆեր, պատմություններ, փորձագետների մեկնաբանություններ

Ադրբեջանում թմրամոլությունն, ավելի շուտ, տաբուի տակ գտնվող թեմա է, քան քննարկվող։ Թմրամոլների հարազատները, որքան ուժ ունեն, լռության են մատնում թեման, դրա մասին շշուկով են խոսում։ Գերդոզավորման հետևանքով մահը միշտ հայտարարվում է որպես «շմոլ գազի թունավորում»։

Թեմայի մասին չխոսելու հետևանքով այն ուռճացվել է անհամար հարցերով և միֆերով, որոնցից գլխավորները կփորձենք պարզել մեր հերոսների և փորձագետների օգնությամբ։ Հերոսների անունները փոխված են էթիկական նկատառումներով։

Ադրբեջանում թմրամոլների թիվը գնալով ավելանում է։ Այժմ այն կազմում է 30 թմրամոլ 10 հազար հոգու հաշվարկով 2010 թ-ի 28-ի դիմաց։ Երկրում գրեթե 30 հազար թմրամոլ կա, և սա միայն պաշտոնական վիճակագրությունն է։

Ադրբեջանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից, Կենտրոնական Ասիայից և Իրանից դեպի Ռուսաստան և Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու համար։ Երկրում հիմնականում տարածում ունի հերոինը, աճեցվում են թմրանյութեր պարունակող բույսեր։

Ֆարիդ, 28 տարեկան

Ֆ

արիդը (անունը փոխված է), հանդիպման էր եկել կարծես ցրված։ «Կներես, մի փոքր ծխած եմ», – նա ժեստով ցույց տվեց, որ «խոտ» է ծխել։

Առաջին անգամ Ֆարիդը թմրանյութ է փորձել համալսարանում՝ արտասահմանում սովորելու ժամանակ։ Երեկույթի ընթացքում ընկերներից մեկը մյուսներին «խոտ» է «հյուրասիրել»․ «Ես շատ հարբած էի և զարմացա, երբ ինձ տարօրինակ զգացի։ Ես այդ զգացմունքը կանվանեի «արթմնի անուրջ»։

Երկրորդ անգամ փորձեցի մոտ մեկ շաբաթ անց՝ արդեն սթափ վիճակում։ Եվ դուրս եկավ։ Մարիխուանա հաճախ եմ ծխում մինչև այսօր․ կարծում եմ, որ դա շատ ավելի օգտակար է, քան ալկոհոլը, և ոչ այնքան վնասակար, քան մյուս թմրամիջոցները»։

 

Թմրանյութերի վնասը․ արագ և դանդաղ

Տարածված թմրանյութերից շատերի մասին կարելի է համացանցում կարդալ, թե դրանք մարդու օրգանիզմին «տեխնիկական» վնաս չեն հասցնում, իսկ որոշները նախկինում նույնիսկ օգտագործվել են որպես զանգվածային օգտագործման դեղամիջոցներ։ Դա իրոք այդպես է, սակայն անգամ «ամենաանվնաս» և «բնական» թմրամիջոցներն անկանխատեսելի են․ նույն մարդու վրա տարբեր կերպ են ազդում տարբեր ժամանակ։

Թմրաբան Վաֆա Ալիևան կարծում է, որ բոլոր թմրամիջոցները յուրովի վտանգավոր են, հատկապես դրանց «նոր սերունդը»։

«Վերջին երկու տարում Ադրբեջանում հայտնվել են այսպես կոչված «դիզայներական թմրանյութեր»։ Դրանք կարող են սպանել օգտագործման առաջին իսկ փորձից»։

Ֆարիդը պատմում է իր ծանոթների մասին, որոնք իրենց վրա զգացել են թմրանյութերի «դանդաղ վնասը»։ Նրանք բոլորը նույն սխեման են անցնում․ մարիխուանա են ծխում, հիանալի ինքնազգացողություն, ցգացողություն թե ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այնուհետև ծանոթ դիլերն ասում է, թե այսօր մարիխուանա չկա, և մարդն ավելի ուժեղ մի բան է գնում։ Իսկ հետո սկսում է ավելացնել չափաբաժինը, կախվածություն է առաջանում, փողերն են վերջանում, և անվնաս «խոտից», որը «բոլորը ծխում են, և ամեն ինչ նորմալ է», բանը հասնում է համեմատաբար էժան «ապակու»՝ «գիտությանն անհայտ» խառնուրդներով աղի գերդոզավորման։

Առաջին փորձից հետո Ֆարիդը շարունակել է փորձարկումները։ Առավել հաճախ նոր բաներ են առաջարկել ընկերները, և դա նույնպես բոլորը միասին են օգտագործել, որ ուրախ անցնի։

Նա մանրամասն նկարագրում է յուրաքանչյուր թմրամիջոցի առաջացրած զգացողությունները․ առավել հաճախ դա թուլանալու, սրթեսից ազատվելու, անհոգության, բոլորի հանդեպ սիրո զգացողությունն է և այն համոզմունքը, որ դու սիրված ես, «կարծես քեզ փաթաթել են «բարության» տաք և փափուկ ծածկոցով»։

Երբեմն զգացողությունները տարօրինակ և անսովոր են եղել, կարծես այգում պարող տոնածառ տեսնես։

Որոշ թմրանյութեր նրան օգնել են «ավելի արդյունավետ լինել»․

«Եթե մի ամբողջ սեմեստր գիրք չես բացել, և պետք է այն 11 ժամում կարդալ մինչև քննությունն, ապա կոկաինից բացի այլ տարբերակներ չկան։ Այդպես եմ արել յուրաքանչյուր քննաշրջանի ժամանակ, մի անգամ նույնիսկ քթերս եմ քաշել հենց քննության ժամանակ։

Բաքու վերադառնալուց հետո շարունակել եմ երբեմն թմրանյութեր օգտագործել, թեև դրանք գտնելը հաճախ ավելի բարդ էր։ MDMA, էքստազի, մարիխուանա։ Փորձել եմ այն ամենն, ինչ կարողացել եմ գտնել»։

Բաքվում շատ թմրամիջոցներ հեշտ է գտնել, և դրանք համեմատաբար թանկ չեն՝ մեկ չափաբաժնի համար մի քանի դոլարից սկսած։ Թմրանյութեր վաճառողների կոնտակտները հեշտությամբ տարածվում են բերնեբերան։

Ֆարիդը պարզել է նաև թե ինչ «կողմնակի ազդեցություններ» են լինում թմրանյութերից յուրաքանչյուրից հետո։

«Ամենավատը թերևս մետամֆետամինն էր։ Առաջինը, լեզուդ վերքերով է պատվում, որովհետև ծնոտդ սեղմում է, ողջ երեկո ջուր ես խմում, ծխախոտ ծխում, ծամոն ծամում, այդ ամենից հետո ուտելը ցավ է պատճառում։ Բացի այդ, չես կարողանում քնել։

Մի անգամ ստիպված էի հարցազրույցի գնալ, երբ նոր թմրանյութից հետո վատ էի զգում։ Ինձ ընդունեցին աշխատանքի, և ստիպված էի միանգամից գործի անցնել։ Իսկ ես այնպես հույս ունեի տուն գնալ և պառկել»։

Ոմանք կարծում են, որ մի անգամ թմրանյութ օգտագործելիս մարդը կորած է առհավետ։ Հաճախ այդպես էլ լինում է, սակայն Ֆարիդի հետ դա տեղի չի ունեցել։ Նա փորձել է ամեն ինչ և կանգ առել ժամանակ առ ժամանակ մարիխուանա ծխելու վրա։ Այժմ նա իր իրական կախվածությունը ծխախոտն է համարում։

Ո՞ւմ կարելի է կախյալ համարել Պարզաբանում է հոգեբան Ազադ Իսազադեն․

«Ժամանակ առ ժամանակ թմրանյութերով իրեն զբաղեցնողի և կախվածություն ունեցողների միջև սահմանը շատ պայմանական է։ Կարելի է զուգահեռներ անցկացնել ալկոհոլիզմի հետ և մարիխուանա ծխելը համեմատել գարեջրի հանդեպ սիրո հետ։ Միայն թե պետք է հաշվի առնել, որ թմրանյութերից մարդն ավելի շուտ է կախվածություն ձեռք բերում, քան ալկոհոլից։ Օրինակ, հերոինի դեպքում բավական է երեք-չորս ներարկում։

Կախվածության նախանշաններն են․ եթե առանց թմրանյութի մարդը մռայլ, չնախաձեռնող, թույլ է, ողջ մարմինը ցավում է։ Իսկ հերթական չափաբաժինը ստանալուց հետո աշխույժ է և ուրախ»։

«Շատերը կարծրատիպերի պատճառով տարբերություն չեն դնում խոտ ծխողի և հերոինի վրա նստած մարդու միջև, – ասում է Ֆարիդը։ – Այդ մարդիկ անկեղծորեն անհանգստանում են քեզ համար, երբ դու շաբաթը մեկ քեզ թույլ ես տալիս խոտ ծխել, բայց հանգստություն են պահպանում, եթե օրը ցերեկով օղի ես խմում»։

Սակայն Ֆարիդի ծանոթներից շատերի բախտն ավելի քիչ է բերել։ Նրանց պատմությունները պատմելիս նա հավելում է, որ այդ մարդկանց կամքը թույլ է։

Ֆարիդի ծանոթները

«Օրինակ, կոկաին օգտագործող համակուրսեցիս անտեսում էր ուսումը, չէր քնում երեք օր, հետո երկու օր անդադար քնում էր։

Մի անգամ նա պատմեց, թե ինչպես է տանն ընկել և, իր ասելով, կոմայի մեջ հայտնվել։ Եվ չգիտի, թե որքան ժամանակ է այդպես պառկած մնացել։ Երբեմն նրա մոտ «լոմկա» (աբստինենցիա) էր լինում, և դա սարսափելի էր, հատկապես՝ հիվանդ հայացքը, կարծես հույս փնտրեր։ Հիմա նա, կարծես, դադարել է օգտագործել։

Եվս մեկ ծանոթ ունեի, որը մետամֆետամինից կախվածություն ուներ, մի տղա էլ կար, որ հերոին էր օգտագործում։ Այդ մարդիկ ինչ-որ «անբարեհաջող տարրր» չէին, նրանք չէին փախչում դաժան իրականությունից, նրանք պարզապես ուզում էին հաճույք ստանալ» [Ֆարիդն օգտագործում է «կայֆարիկ» բառը – խմբ․]։

Նախկին թմրամոլներ չե՞ն լինում

Հոգեբան Ազադ Իսազադե․

«Մի կիսամիֆ գոյություն ունի, թե թմրանյութերից կախվածությունը չի բուժվում։ Այո, դա շատ բարդ է։ Սակայն, բանն այն է, որ բուժվածները «չեն երևում», նրանք այդ մասին ամեն տեղ չեն բղավում։ Այդ պատճառով էլ մարդիկ հիմնականում նկատում են նրանց, ովքեր կրկին ու կրկին վերադառնում են դեպի թմրանյութերը։ Ես հաջողությամբ բուժված բազում հաճախորդներ եմ ունեցել։ Նրանցից մեկի հետ ես այժմ հանդիպում եմ ամիսը մեկ, բայց սկսել էինք ամենօրյա այցերից»։

«Բուժման» տակ այստեղ նկատի ունի սոցիալականացումն ու ինտեգրումը հասարակություն, այլ ոչ թե կախվածությունը զրոյի հասցնելը։

Պարզաբանում է բժիշկ-թմրաբան Վաֆա Ալիևան․

«Մենք չենք ասում «նախկին կախյալներ», քանի որ առողջացումը ցմահ գործընթաց է։ Այնուամենայնիվ, մարդիկ վերականգնվելուց հետո շատ են փոխվում։ Նրանք նույնիսկ ուրախ են լինում, որ բախվել են այդ խնդրին, քանի որ զգում են, թե ինչպես են հոգեպես հարստանում՝ հաղթահարելով կախվածությունը»։


Կամիլ, 24 տարեկան

«Հ

այրս, որ այժմ մեզ հետ չի ապրում, հերոինի վրա էր։ Երբ ես դեռ ցածր դասարաններում էի սովորում, հաճախ էի տարօրինակ հոտ զգում մեր բակից։ Ես ու եղբայրս այնտեղ զզվելի հոտով «քարիկներ» էինք գտնում։ Մի անգամ լպստեցի այդ «քարիկը», բերանս անզգայացավ, գլխիս հետ ինչ-որ տարօրնակ բաներ սկսեցին կատարվել։ Հերոին էր։ Դրանից հետո երբեմն հորից գողանում էի, որ լպստեմ»։

Արդեն մեծ տարիքում Կամիլը Spice է փորձել։ Դա ծխելու խառնուրդ է, որն արգելված է շատ երկրներում։ Գործող նյութը սինթետիկ կանաբոիդներն են, որոնք մարիխուանայի նման ազդեցություն են ունենում։

«Ողջ ախարհը միայն մեկ սենյակից էր բաղկացած, և այդ զգացողությունն այնքան իրական էր, որ ես ուզում էի պատուհանից դուրս թռչել՝ իմանալու համար, թե տնից անդին ինչ կա։ Ես մոտեցա պատուհանին, բայց ընկերս հետ հրեց ինձ»։

«Ամեն ինչ անմեղ ձևով սկսվեց, ինձ այդ ամենը ոգեշնչում էր, թույլ էր տալիս զգալ երաժշտությունը [Կամիլը երաժիշտ է – խմբ․]։ Բանն այն է, որ ես լատենտ շիզոֆրենիա ունեմ, այդ պատճառով էլ թմրանյութերն ինձ վրա ավելի ուժեղ են ազդում։ Հնարավոր է, որ ես այդքան վառ զգացողություններ ունեի նաև սինեսթեզիայի, ավելի ճիշտ՝ քրոմեսթեզիայի պատճառով։

Ես կարող եմ տեսնել ձայների գույնը, դրանց ջերմությունը։ Ես երաժշտությունը գույներով եմ զգում։ Իսկ այս դեպքում քիմիայի շնորհիվ այդ ամենը հարյուր անգամ ավելի ուժեղ էր»։

Թմրանյութերի անկանխատեսելիության օրինակ է այսպես կոչված «բեդ թրիփը», երբ թմրանյութ օգտագործողը «ֆիլմ՝ լավագույն կյանքի մասինի» փոխարեն սարսափ-ֆիլմի բախվում։

«Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սփայս ծխեցի ընկերերիս շրջապատում, բոլորը ծիծաղում էին, իսկ ես վատ էի։ Դա իմ առաջին բեդ թրիփն էր։ Իմ յուրաքանչյուր շարժում ուղեկցվում էր Թոմ ի Ջերի մուլտֆիլմի ձայներով։ Աչքերիս առջև ինչ-որ տարօրինակ պատկերներ էին, չէի կարողանում դրանցից ազատվել, աընդհատ այնպիսի զգացողություն ունեի, որ ինձ կբռնեն։ Ես տեսնում էի թերթերի հատվածներ, իմ լուսանկարը, որտեղ հատակին պառկած էի, իսկ ոստիկանները ձեռքերս էին ոլորել։ Եվ այդ ամենը՝ «մուլտային» ոճով։

Ժամանակի ընթացքում սփայսից կախվածություն է ձեռք բերել։

«Ես երաժիշտ եմ, իսկ այն ինձ շատ էր ոգեշնչում։ Կյանքում մնացած բաները չեն ստացվել։ Իմ մի չափաբաժինը հինգ հոգու կհերիքեր, իսկ ես անընդհատ ավելացնում էի։

Եվ միայն սփայսի վերջանալուց հետո – ես այն ոչ մի տեղից չէի կարողանում գտնել – ես գիտակցեցի, որ կախվածություն ունեմ։

Որոշ ժամանակ անց մեջքիս հատվածում ցավեր սկսեցի զգալ, ողջ մարմինս ցավում էր։ Ինչպես գրիպի ժամանակ։ Սակայն ինչ-որ նոր բան կար այս ցավի մեջ։

Պարկած ես վերմակի տակ՝ սառը քրտինքը վրադ, մրսում ես, աչքերդ ցավում են։ Ամեն ինչ զզվելի էր ինձ համար, նույնիսկ սփայս չէի ուզում։ Եվ սարսափելի է գիտակցել, որ կլավանամ, եթե ծխեմ, բայց միայն 40 րոպեով, իսկ հետո՝ կրկին «լոմկա»։

Ես ագրեսիվ էի դառնում, գոռում շրջապատի մարդկանց վրա, մի անգամ քիչ էր մնացել ընկերոջս ծեծեի։ Ես դադարել էի մարդ լինել։

Մի անգամ ես սփայսի տակ էի, և երբ ինձ այդ վիճակում տեսան ոստիկանները, նույնիսկ չկարողացա փախչել։ Հիշում եմ, որ նրանց մեքենայի մեջ նստած մտածում էի․ ամենասարսափելին արդեն տեղի է ունեցել, հիմա կարելի է թուլանալ և հաճույք ստանալ։ Արդյունքում ես նրանց հետ տեղում «պայմանավորվեցի»՝ փող տվեցի, և ինձ բաց թողեցին»։

Ոստիկանություն և օրենք

Ադրբեջանում, օրենքի համաձայն, «անձնական օգտագործման համար անհրաժեշտ չափը գերազանցող քանակությամբ» թմրանյութերի գնման և պահպանման համար մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում։ Իսկ թմրանյութ օգտագործելուն նպաստելու համար կարող են երկուսից հինգ տարվա ազատազրկման դատապարտել։ Սակայն եթե դատապարտյալը թմրանյութերից կախվածություն ունի, ապա ժամկետը կարող են փոխարինել հարկադիր բուժմամբ։

Ինչպես պատմում են թմրամոլները, հաճախ ոստիկանությունը բռնում է թեթև թմրանյութերն իրեն օգտագործման համար գնողներին և ազատ արձակում ծնողներից ստացած կաշառքի՝ 1500-3000 մանաթի ($900-1800) դիմաց:

Այնուհետև անհայտ ծագման այլ քիմիական նյութեր են եղել, գերդոզավորումներ։

«Հիշում եմ, թե ինչպես ծանոթներիս հետ հերթական անհասկանալի «քիմիան» փորձեցինք հենց մեր բակում, և բոլորը վատացան, ոչ ոք չէր կարող ոտքի կանգնել։ Ես մտածում էի, որ կմահանամ, և ուզում էի, որ դա տանը տեղի ունենա։ Վերջին ուժերս հավաքեցի, հասա տուն, նախասրահում ընկա հատակին և սկսեցի սպասել, թե երբ կանցնի, աղոթում էի, երդվում, որ էլ չեմ օգտագործելու։

Հասկացա, որ նման կենսակերպն ինձ կսպանի, սկսեցի նվազեցնլ չափաբաժինը։ Ի վերջո դադարեցի ծխել, տանջվեցի և ազատվեցի կախվածությունից»։

Կախվածությունս ինձ վրա թանկ նստեց։ Տարբեր մարդկանց լիքը գումարներ էի պարտք, ստիպված էի իրերս վաճառել։ Բաժանվեցի իմ սիրած աղջկանից, որովհետև թմրանյութերը խլել էին փողերս ու ժամանակս, որն առաջ նրա վրա էի ծախսում»։

Կամիլի ծանոթները

«Ես մի մոտ ընկեր ունի։ Նա սկսեց երակային օգտագործել, և ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե նա մահանար, քան այդպիսի բան աներ։ Դա արդեն բոլորովին այլ էակ է, որի մտքերը զբաղված են միայն նոր չափաբաժին հայթայթելով։

Մեր դպրոցից մի տղա մոլախաղերի հանճարեղ խաղացող էր՝ բիլիարդ, թղթախաղ, նարդի։ Լեգենդներ էին պտտվում, որ նա կարող է տնից դուրս գալ մի քանի կոպեկով և տուն վերադառնալ երեք հազար դոլարով։ Շատ ապօրինի «հաստատություններ» նրան արգելում էին մուտք գործել իրենց մոտ, որովհետև նա լավ էր խաղում։ Երևի անհոգ կյանքից և թեթև փողերի ավելցուկից սկսել էր հերոին օգտագործել։

Մեր թաղում մի վայր կա, որտեղ տեղի տղաներն են հավաքվում։ Նա էլ է այնտեղ լինում։ Կողքով անցնում են դպրոցականները, որ նրան լավ գիտեն, և բարևում են։ Իսկ նա վեր է կենում և սկսում նրանց վրա բղավել․ «Դուք ոչինչ չեք հասկանում։ Դուք ոչնչություն եք։ Ես ատում եմ ձեզ։ Տեսեք, թե ինչ եք արել ինձ հետ»։ Այդ պահին էլ հանում է կոշիկն ու ողջ ուժով ոտքով հարվածում բետոնե մայթեզրին։

Նա հազվադեպ է հայտնվում մարդաշատ վայրերում, իսկ երբ հայտնվում է, նրան նայում են կարծես ուրվականի։

Եվ մի տղայի եմ ճանաչում, ամուսնացած է, փոքր տղա ունի։ Նույնպես հերոինի վրա է։ Տեսքից նորմալ է, նույնիսկ՝ չափազանց։ Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է նա կնոջ հետ տաքսի նստում և նրան տանում այնտեղ, որտեղ որոշակի վճարի դիմաց սեռական բնույթի ծառայություններ է մատուցում։ Ըստ ամենայնի, կինը նույնպես ասեղի վրա է»։


Մարիամ, 28 տարեկան

«Ե

ս ու նախկին ամուսինս համատեղ ապրելուց առաջ մեկ ամիս էր, ինչ ճանաչում էինք միմյանց։ Ամեն ինչ հիանալի էր․ նա ընտանիք, երեխաներ էր ուզում, միշտ շատ համբերատար էր։ Մենք երբեք չէինք վիճում։ Ես գիտեի, որ նա մի ժամանակ թմրանյութեր էր օգտագործում, սակայն հետո դադարել էր։ Ես նույնիսկ մտածեցի՝ ինչպիսի՜ կամքի ուժ, ապրի՛։

Շատ բաներ չես նկատում, երբ թմրամոլի հետ ապրելու փորձ չունես։ Արդարացնում ես հոգնածությամբ, ալկոհոլով, էլի ինչ-որ բաներով։

Իսկ այդ ընթացքում ամեն ինչ ստանդարտ սխեմայով է ընթանում՝ սուտ առիթների հորինում՝ տնից դուրս գալու համար, գողություն, գերդոզավորում։

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ հարևանն ամուսնուս տուն բերեց․ նա գերդոզավորման հետևանքով ընկել էր փողոցում։ Հրահանգել էր թույլ չտալ իրեն քնել, այլապես էլ չի զարթնի։ Մի խոսքով, դա աբսուրդի գագաթնակետն էր։ Ես ու նրա մայրը նստած «Քաղաքներ» էինք խաղում նրա հետ, որ չքնի։ Նա նորմալ հասկանում էր ամեն ինչ, պատասխանում էր, սակայն զգացվում էր, որ իրականում այստեղ չէ, իր աշխարհում է։

Կարծում եմ՝ հենց այդ աշխարհում էլ ապրում էր, որքան որ ճանաչում եմ նրան։ Փոխարենը ես ապրում էի անվերջ մղձավանջի մեջ։ Սկսեցի փողոցներում ներարկիչներ նկատել, որոնց կողքով սովորական մարդիկ հանգիստ անցնում են՝ չնկատելով անգամ։ Սկսեցի ուշադրություն դարձնել ամռանը երկարաթև շապիկ հագած տղամարդկանց։

Բացի ամուսնուս յուրաքանչյուր քայլը վերահսկելու, ստուգելու անհրաժեշտությունից, թե արդյոք ներարկումների հետքեր չկան, մեզ սպասում էր նաև պետական կառույցների հետ շփում։ Դա, օրինակ, նարկոդիսպանսերն էր։ Այնտեղ մեզնից 400 մանաթ պահանջեցին, առաջին հերթին, նրան ընդունելու համար (առանց կաշառքի «տեղ չկա»), երկրորդ հերթին՝ ուրիշ անունով գրանցելու համար։

Դիսպանսերում ոչ մի բուժման մասին խոսք չի գնում։ Ես ծանոթներ ունեմ, որոնք ընտանիքում նույն խնդիրն ունեն, սակայն ես չգիտեմ մեկին, ով բուժվել է Բաքվի դիսպանսերում։ Որովհետև այնտեղ դա հնարավոր չէ։ Թմրանյութի փոխարեն ինչ-որ այլ փոխարինող դեղամիջոցներ տալը, մարդկանց մահճակալին գամելը բուժում չէ»։

Բուժումն Ադրբեջանում

Վերջերս իր աշխատանքներն է սկսել հանրապետական թմրաբանական կենտրոնը, սակայն վերականգնողական բաժանմունքը դեռ նոր են պատրաստվում բացել, ինչպես պատմում է բժիշկ-թմրաբան Վաֆա Ալիևան․

«Վերականգնողական համակարգը մեզ մոտ նոր է մշակվում, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանն, Ուկրաինան, Բելառուսը, այն վաղուց է մշակված, այնպես որ, եթե հիվանդը ռուսերեն գիտի, ապա նրան այնտեղ ուղարկելը շատ ավելի արդյունավետ և արագ լուծում է»։

Եթե Ադրբեջանի բոլոր թմրամոլները որոշեին ստացիոնար բուժում ստանալ, հիվանդանոցներում տեղերը չէին հերիքի։

Բաքվում գործում է Քաղաքային թմրաբանական դիսպանսերը (որտեղ աշխատում է բժիշկ Վաֆա Ալիևան) և Հանրապետական թմրաբանական կենտրոնը (400 հիվանդ է տեղավորում), մյուս քաղաքների հիվանդանոցներում մասնագիտացված ոչ մեծ բաժանմունքներ կան։

Պետական հիվանդանոցներում դեռ կիրառում են մետադոնի թերապիան, որի «փոխարինող» արդյունքը թմրանյութերից մարմնի «տեխնիկական» մաքրումից առաջ չի գնում։

Կան նաև անկախ միավորումներ, որոնք աշխատում են «12 քայլ» ծրագրով։ Դա աշխարհում հայտնի բուժման համակարգ է, որն Ադրբեջանում գործում է 2014թ-ից։ Այն Բաքվի քաղաքային դիսպանսերում խորհուրդ են տալիս այն հիվանդներին, ովքեր դեղորայքային բուժում են ստացել։

«Մենք ոստիկանությունում էլ ենք եղել, – պատմում է Մարիամը։ – Թմրանյութերի օգտագործման համար ոչ մի հոդված չկա, սակայն եթե մարդը թմրանյութի ազդեցության տակ է կամ նրա հետ մի բան այն չէ, ոչ ոք չի էլ փորձելու պարզել՝ իր համար է թմրանյութը, թե՝ ոչ։ Ինքնաբերաբար նստեցնում են տարածման համար։ Իհարկե, միայն նրանց, ում կաշառքի դիմաց չեն ազատում։ Երբեմն, եթե նրա ընտանիքը փող չունի, թմրամոլին պարզապես կարող են բաց թողնել։

Բոլոր նրանք, ում հարազատներն այդ փորձանքի մեջ են, կարող եմ ասել․ գնացեք այստեղից։ Պարզապես վերցրեք այդ մարդուն և տարեք այնտեղ, որտեղ թմրամոլներին բուժում են։ Տարեք «ընկերներից», ծանոթ դիլերներից, ոստիկանությունից։

Եթե տեսնում եք, որ մարդը չի ուզում բուժվել, հեռացեք։ Մի՛ հավատացեք ոչ մի խոստումների, քանի որ թմրամոլության մեջ խրված մարդն այլևս մարդ չէ»։

Ինչպե՞ս բուժել թմրամոլությունը

Ամփոփելով այն, ինչ մեզ պատմեցին փորձագետներն ու հոդվածի հեղինակները, կարելի է մի քանի եզրակացություն անել․

  • Եթե հոսպիտալացում և հիվանդանոցային լուրջ բուժում է անհրաժեշտ, ավելի լավ է հիվանդին Ադրբեջանից մեկ այլ երկիր տանել։ Այդպես հնարավոր է նրան որակյալ բուժում ապահովել և զուգահեռ նրան կտրել «օգտագործողների» շրջապատից։
  • Անհրաժեշտ է հենց հիվանդի ցանկությունը։ Եթե բուժվելու ցանկություն կա, և ապրում եք Ադրբեջանում, փնտրեք ոչ թե հիվանդանոցներ, այլ լավ բժիշկներ։
  • Բուժման դասական սխեմա․ ապաթունավորում, սուր կախվածությունից ազատում, նյարդային համակարգը վերականգնելու դեղորայքային բուժում, այնուհետև՝ հոգեբանի խորհրդատվություն։ Առանց վերջին փուլի մնացած ամեն ինչ, ըստ ամենայնի, չի օգնի։

Կարևոր խնդիրներից մեկը թմրամոլի խարանն է, երբ նրանց մասին պատկերացումը որպես «ավարտված» մարդկանց մասին թույլ չի տալիս այդ մարդկանց կրկին ինտեգրվել հասարակություն։

Հոգեբան Ազադ Իսազադե․

«Հաճախ հասարակությունում ընդունված է թմրամոլներին համարել վտանգավոր և անօգուտ մարդ, ինչը բոլորովին այդպես չէ։

Ես անձամբ կարծում եմ, որ թմրամոլները խղճահարության և ապրումակցման են արժանի։ Դա իմ անձնական մոտեցումն է, քանի որ ես չեմ կարող օգնել մեկին, եթե նրա հանդեպ չունեմ խղճահարության և ապրումակցման զգացում»։

Միայն թե ոչ իմ ընտանիքում

Կարծրատիպերի շնորհիվ մարդկանց հաճախ թվում է, թե թմրանյութերը մի բան են, որ չի կարող կատարվել իրենց երեխաների հետ, «որովհետև իրենց ընտանիքն այդպիսին չէ»։ Պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնահանգստացումը, թեմայի տաբու լինելն ու թմրամոլներին ինչ-որ նվաստ «կաստայի» վերագրելը նույնքան վտանգավոր է, որքան «վատ շրջապատը»։

Ընդ որում, խնդրի մասին չխոսելը վտանգավոր է նաև երկրի մասշտաբով։ Եվ այնպիսի խնդրին զուգահեռ, ինչպիսին է կոռուպցիան հիվանդանոցներում և ոստիկանությունում, կա մեկ ուրիշը՝ այդ ոլորտում համատարած անգրագիտությունը։

Վաֆա Ալիևա

«Մենք միջոցառումներ ենք անցկացնում, դպրոցներ ենք գնում, խոսում ենք ավագ դասարանների աշակերտների հետ։ Ես երբեք նրանց չեմ վախեցնում։ Կարծում եմ, որ թմրամոլության մասին սարսափ-պատմությունները, կենդանի փտող այդ մարդկանց լուսանկարները, չեն աշխատում։ Երեխաների հետ պետք է խոսել բաց և անկեղծ։

Կարևոր է խոսել այն թեմաների շուրջ, որոնք նրանց մոտ են։ Օրինակ, էներգետիկ ըմպելիքների, նարգիլեի, «անվնաս» հաբերի մասին, քանի որ հենց այդ ամենի միջոցով են նրանք գալիս թմրանյութերի։ Այդպես նրանց համար ավելի հասկանալի է դառնում, քանի որ ներարկիչներն ու հերոինը նրանց համար անիրական, հետևաբար՝ ոչ վտանգավոր բաներ են թվում»։


Կարդալ ավելին JAMnews-ում