Աննա Հակոբյանը խոսում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության և լրագրողական աշխատանքի մասին, պատասխանում որոշ անձնական հարցերի" />

JAMnews-ի հարցազրույցը հայկական թավշյա հեղափոխության առաջնորդի տիկնոջ հետ

Աննա Հակոբյանը խոսում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության և լրագրողական աշխատանքի մասին, պատասխանում որոշ անձնական հարցերի

Այս տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից առաջ Աննա Հակոբյանին ավելի շատ ճանաչում էին լրագրող գործընկերները։ Երկրի բնակիչները ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը ճանաչեցին բազմահազարանոց ցույցերի ժամանակ։ Նա միշտ ամուսնու կողքին էր։

Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Աննա Հակոբյանն ուշադրության կենտրոնում հայտնվեց: Սոցցանցերում արված նրա գրառումներն աննկատ չեն մնում։ Նորաձևությանը հետևողները քննարկում են նրա սանրվածքն ու հագուստի ոճը։ Տնային տնտեսուհիներն էլ համակրանք ունեն ամուր ընտանիքի տիկնոջ և չորս երեխայի մայր Աննա Հակոբյանի նկատմամբ: Նա ակտիվորեն աշխատում է, հանդես գալիս բարեգործական նախաձեռնություններով։ Այնպես որ, լրագրողներն էլ անգործ չեն մնացել։

JAMnews-ին տված հարցազրույցում  Աննա Հակոբյանը խոսել է իր նախաձեռնություններից մեկի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին, նաև լրագրողական աշխատանքի և որոշ անձնական հարցերի շուրջ։

«Մի՛ սպանեք մեր երեխաներին՝ կարևոր չէ, թե ինչ ազգի ներկայացուցիչ են նրանք»

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին Աննա Հակոբյանը հայտարարել է այս տարվա հուլիսին Մոսկվայում։ Իր գաղափարը նա ներկայացրել է հայտնի ռուս կանանց հետ հանդիպման ժամանակ և առաջարկել նրանց միանալ իր արշավին։

Ո՞րն է նախաձեռնության ուղերջը

Այն ունի շատ կոնկրետ մեսիջ, և դա նույնիսկ խաղաղություն չես անվանի: Մեսիջն այն է, որ խուսափենք մարդկային կյանքերի կորուստներից, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չենք լուծել, քանի չենք գտել այն բանաձևը կամ լուծման տարբերակը, որին երկու կողմն էլ դրական կարձագանքի։ Իսկ դա բարդ հարց է, բոլորս հասկանում ենք, որ դա կարող է դեռ երկար տարիներ տեղի չունենալ:

Ինձ թվում է՝ ես շատ տրամաբանական բան եմ ասում: Որովհետև, եթե ընդունեք, որ կարելի էր ռազմական ճանապարհով լուծել հարցը, կամ եթե սահմանին տարվա ընթացքում մի քանի երիտասարդ սպանելով կարելի լիներ որևէ լուծման հանգել, մենք արդեն կունենայինք այդ լուծումը:  Կշեռքի վրա ունենք, մի կողմից, չլուծված հակամարտություն, մյուս կողմից, ունենք անընդհատ մարդկային կյանքերի կորուստներ, երիտասարդ կյանքերի կորուստներ, ինչն, իմ կարծիքով, անիմաստ է:

Ինչպե՞ս ծագեց գաղափարը

Հիմա նույնիսկ չեմ կարող հիշել, թե ինչպես ծագեց գաղափարը: Բայց շատ լավ գիտեմ, որ դա ուղակիորեն կապ ունի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ, այն ապրումների հետ, որ ունեցել եմ՝ որպես լրագրող լուսաբանելով պատերազմի օրերը, ժամերը, ամեն մի վայրկյանը։ Եվ դա այնքան խորը հետք էր թողել, որ ես չէի կարող ուղղակի այս կարգավիճակը չօգտագործել և իմ խոսքը հրապարակային չդարձնել․ դա չպետք է կրկնվի:

Ի՞նչ արդյունք է սպասվում

Չգիտեմ, ինչ արդյունք կունենամ, բայց համարում եմ, որ այդ ուղերձը այնքան բնական է, որ չի կարող մարդկանց չստիպել առնվազն մտածել դրա մասին. ինչո՞ւ ենք սպանում միմյանց երեխաների՝ այս կողմում և մյուս կողմում, եթե դա որևէ արդյունքի չի բերում: Կուզենամ՝ իմ արշավն անպայման հասնի նրան, որ լայնամասշտաբ պատերազմի փորձը, ինչպես 2016-ին, ևս մեկ անգամ չկրկնվի:

Միայն խոսքե՞ր, թե ՞ հստակ քայլեր

Շատ մեծ լծակներ չկան մեր ձեռքում: Մեր՝ նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր կիսում են այս տեսակետը: Բոլորս հասկանում ենք, որ քաղաքականություն որոշողները այլ տեղերում են նստած: Եվ լավագույն ձևաչափը, որ կարող է աշխատել, հենց մայրությունն է և հենց կին լինելը: Եթե նրանք ուզենան միավորվել և միանալ մեր այս ուղերձին, դա չի կարող ճմշման ձև չհանդիսանալ:

Ովքե՞ր, եթե ոչ մայրերը, կարող են ճնշել տղամարդկանց, որ այդ որոշումները կայացնողներն են, և ասել. մի՛ սպանեք մեր երեխաներին, կապ չունի՝ ինչ ազգի ներկայացուցիչ են նրանք, ձեր ուժերը փորձեք բանակցությունների սեղանի շուրջ: Ինչո՞ւ եք թաքնվում կամ այդ հարցի լուծումը փնտրում երեխաների կյանքի գնով:

Ես ունեմ գաղափարներ, բայց կխուսափեմ դրանց մասին խոսել։ Առայժմ ինչ-որ բան ինձ հետ է պահում, չեմ կարողանում այդքան ուժ գտնել և խիզախություն, որ սկսեմ դրանք կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքները: Բայց այն, որ ինչ-որ բան պիտի անեմ, միանշանակ է:

Համաշխարհային առաջնորդները Փարիզում են Առաջին աշխարհամաարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ

«Գերմանիան Հայաստանին աջակցություն կցուցաբերի» կանցլեր Անգելա Մերկելը Երևանում է

Հայաստանի վարչապետ. Ռուսաստանը տարածաշրջանում պատերազմ թույլ չի տա

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 80 պետության պատվիրակություններ

Ո՞վ է միացել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

Դրանք այն կանայք են, որոնք ներկա էին Տրետյակովյան պատկերասրահում իմ հանդիպմանը։ Գործընթացները ավելի  պատահականության սկզբունքով զարգացան: Ես նույնիսկ ի սկզբանե չէի պլանավորել, որ այդ մասին կխոսեմ: Ուղղակի մտածեցի համատեղել այցը և այն ծառայեցնել այս նպատակին, տեսնել՝ ինչ կստացվի:  Ոչ մի նախապես պլանավորած ցուցակ չի եղել։

Առաջարկն ընդունել են գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, «Ժենսկիյ դիալոգ» (Կանանց երկխոսություն) կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան, «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, հեռուստատեսային և ռադիոհաղորդավար Կիրա Ալտմանը, կինովավերագրող Եկատերինա Գորդեևան, պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի ղեկավար Աննա Շիլովան։

Եթե այդ հանդիպմանը լինեին բոլորովին այլ մարդիկ, այլ կանայք, արդյունքում գուցե նրանք լինեին Արցախ կատարած այցի մասնակիցները: [«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը միացած կանայք արդեն այցելել են Լեռնային Ղարաբաղ։ Այստեղ նրանք արդեն հանդես են եկել իրենց կոչով – JAMnews]։

Բավական հավակնոտ պլաններ ունեմ անձերի տեսակետից, որոնք կմիանան նախաձեռնությանը։ Ես վախենում եմ նույնիսկ դրա մասին բարձրաձայն ասել, քանի որ չգիտեմ, ինչպես կստացվի՝ կարձագանքեն, թե չեն արձագանքի: Բայց իմ կածիքով, որքան բարձր կարգավիճակ ունեցող կանայք միանան, այդքան ավելի արագ կամ ավելի նշանակետին կհասնի ուղերձը: Ես նույնիսկ չեմ խոսել որևէ մեկի հետ, որովհետև շատ նուրբ է հարցը։ Բայց անպայման կաշխատեմ այդ ուղղությամբ:

Ես շեշտում եմ նաև, որ կապ չունի՝ որ երկրի տեսակետն եք կիսում, և, բացի այդ, ցանկալի է, որ սահմանի հայկական կողմից այդ ուղերձը հղելուց բացի նաև այց լինի ադրբեջանական կողմ և նույն ուղերձն այնտեղից էլ հնչի: Որպեսզի դիվանագիտության մեջ շատ կարևոր պարիտետը պահպանվի, և որևէ մեկը դա չօգտագործի որպես հայկական կողմի դիրքորոշման լոբբինգ:

Առայժմ դա չի ստացվել, որովհետև ադրբեջանական կողմը շտապեց իր հայտնի մեթոդները կիրառել այս կանանց նկատմամբ, ովքեր հայտարարեցին, որ կգնան և այն կողմից էլ կուզեն նույն բանն ասել, նույն ելույթն ունենալ։ Բայց նրանք շտապեցին իրենց «սև ցուցակի» և մնացած հարցերով: [Ադրբեջանը «սև ցուցակում» է ներառում նրանց, ովքեր Լեռնային Ղարաբաղի սահմանը հատում են հայկական կողմից, և դրանից հետո նրանց թույլ չի տալիս իր տարածք մուտք գործել – JAMnews]։ Այնպես որ, կոնկրետ այս կանայք այլևս նման հնարավորություն չունեն:

Բանակցությունների սեղանի շուրջ հարցի լուծման ժամանակ հարկ կլինի փոխզիջումների գնալ՝ երկու կողմերն էլ։ Արդյո՞ք հասարակությունը դրան պատրաստ է:

Վերջերս ամուսինս էլ է այդ մասին խոսել, ես կիսում եմ ամբողջությամբ նրա տեսակետը. մենք հիմա չպետք է խոսենք այն մասին, թե արդյոք մեր հասարակությունը պատրատ է փոխզիջման: Իհարկե, պատրաստ չէ։ Ինձ թվում է, որ չի լինի պատրաստ այնքան ժամանակ, քանի դեռ հակառակ կողմից մենք չստանանք մեսիջներ, որ իրենք պատրաստեն: Այսինքն հարցի բարդությունն այն է, որ դա համատեղ և միաժամանակ պետք է լինի:

Եվ պատրաստել երկու հասարակությունները միաժամանակ, նույն ժամկետներում, նույն փոխզիջման տարբերակներին, բավականին բարդ աշխատանք է: Ինչով էլ և պայմանավորված է հարցի լուծման հետ կապված լավատեսության բացակայությունը:

Հիմա մեր հասարակությունը պատրաստ չէ և պատրաստ չի լինի դեռ երկար ժամանակ: Միակողմանի փոխզիջման ընդհանապես պատրաստ չի լինի: Եվ ոչ ոք չի էլ պատրաստվում պատրաստել դրան, ճիշտն ասած:

Ինչպե՞ս է Ձեր տղան

[Աննա Հակոբյանի որդին՝ Աշոտն, այժմ բանակում է ծառայում։ Նա ինքն է դիմում գրել՝ խնդրելով իրեն ծառայելու ուղարկել Լեռնային Ղարաբաղ – JAMnews]

Աշոտը լավ է։ Բոլորովին վերջերս պաշտոնապես թույլատրվեց, որ զինվորները հեռախոսներ ունենան։ Նա շատ ուշ-ուշ է զանգում, մենք առհասարակ չենք զանգում, և կապը բավականին ուշ-ուշ է: Ուղղակի ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է, կարգին է: Վստահում եմ նրան, ճիշտն ասած։ Վստահ եմ, որ որևէ անխոհեմ բան չի անի և թույլ չի տա, որ իր նկատմամբ լինի: Եվ այդ իմաստով հանգիստ եմ:

«Ուզում եմ վերադառնալ թերթ»

Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը Փարիզում: 2018թ. նոյեմեբերի 10: Լուսանկարը՝ Լան Լանգսդոնի/REUTERS

Աննա Հակոբյանն ու նրա ամուսին Նիկոլ Փաշինյանը լրագրողներ են։ 2008թ-ի մարտից Աննան ամուսնուն փոխարինել էր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում։ 2008թ-ի մարտի 1-ից ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների մեղադրանքի պատճառով։

2008թ-ի նախագահական ընտրություններին Փաշինյանը ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ այդ ընտրություններում նախկին նախագահը պարտություն էր կրել։ Սակայն նրա հաղթանակի վրա վստահ կողմանկիցները փողոց դուրս եկան՝ պահանջելով վերանայել ընտրությունների արդյունքները։ Հենց այդ իրադարձություններն էին գնահատվել որպես զանգվածային անկարգություններ։

2010թ-ին Փաշինյանն ինքնակամ դատախազություն էր ներկայացել, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նա ազատ արձակվեց համաներման շնորհիվ, որը հայտարարվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Սակայն թերթի խմբագրի պարտականություններին վերադարձավ կարճ ժամանակով, քանի որ 2012թ-ին խորհրդարանի պատգամավոր ընտրվեց։ Եվ Աննա Հակոբյանը կրկին գլխավորեց թերթը։

 Ինչպե՞ս է հիմա աշխատում թերթը

Իրականում չեմ կարողանում թերթը թողնել և չեմ էլ թողել պաշտոնապես: Բայց նաև այն աշխատանքը, որը թերթում անում էի, ֆիզիկապես չեմ կարողանում անել, ինչը շատ ծանր է նստում ինձ վրա: Եվ պարբերաբար ես էմոցիոնալ բռնկումներ եմ ունենում այն առումով, որ ուզում եմ գնալ թերթ, ուզում եմ իմ գործով զբաղվել, որովհետև շատ կարոտում եմ դա:

Բայց ես շատ մեծ հույսեր ունեմ նաև, որ ամեն ինչ այնպես կկարգավորվի, կդասավորվի, և այնպիսի համակարգեր կստեղծեմ իմ շուրջը, հիմնադրամներում և այլն, որ կարողնամ ավելի շատ ժամանակ տրամադրել թերթին: Առայժմ դա սահմանափակվում է թերթի ռազմավարական ուղղությունները որոշելով և նման ավելի գլոբալ հարցերով զբաղվելով:

Ամուսինը գո՞հ էր թերթի աշխատանքից, երբ փոխանցեց իր լիազորությունները

Նա երբեք գոհ չի լինում: Եվ իր բացակայության շրջանում, երբ ամեն անգամ ընդհատակում կամ բանտում ունենում էր թերթը, մենք ստանում էինք նամակներ՝ առաջին բառից մինչև վերջին բառի մասին ծանր և սուր քննադատություն: Եվ մոտավորապես այնպես, որ մենք ընդհանապես չգիտենք, թե ինչով ենք զբաղվում:

Հնարավո՞ր է, որ «Հայկական ժամանակի» կարգավիճակը փոխվի ընդդիմադիրից՝ իշխանական:

Ընդդիմադիրից իշխանական, հույս ունեմ, երբևէ տեղի չի ունենա: Բայց որ խնդիրներ կան ոչ միայն մեր թերթի դեպքում, այլ առհասարակ լրատվական դաշտում, և մենք բոլորս սովոր չենք այս նոր պայմաններում աշխատելուն, չեմ կարող չնշել: Ես կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ՝ մեր թերթով զբաղվելու և առհասարակ հասկանալու համար, թե դաշտում ինչպես պետք է մենք՝ լրագրողներս, «վերադիրքավորվենք»:

Ակնհայտ բացթողումները, մարդու իրավունքների ոտնահարումները, կոռուպցիան լուսաբանելը և քննադատելը շատ հեշտ է: Երբ դրանք այլևս խնդիր չեն, և իշխանության մակարդակով հայտարարվում է՝ չկա այդ դաշտը, շատ դժվար է։ Եվ ինքդ քեզ վրա աշխատելու շատ մեծ տեղ կա, որպեսզի գտնես քննադատելու ճիշտ թիրախը և էությունդ չկորցնես որպես ազատ և ընդդիմադիր մամուլ:

Հայաստանի նոր առաջնորդի պաշտոնավարման 100 օրը հաշվետվությունը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր հրապարակում

Նիկոլ Փաշինյանի մասին թե ինչպես ընդդիմադիր գործիչը Հայաստանի վարչապետ դարձավ

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այլևս չի ապրելու ներկայիս վարչապետի պաշտոնակատարի հարևանությամբ

Ինչպե՞ս դարձաք լրագող:

Ես շատ բաներ չեմ պահում հիշողությանս մեջ, ցավոք սրտի: Բայց շատ լավ հիշում եմ, որ երևի 8-րդ դասարանում էի, և գրականագետ հարևան ունեինք, ում մոտ սկսեցի պարապել հայոց լեզվի, գրականության ընդունելության քննության համար:

Եվ շարադրություն էր պետք գրել: Նա, իմ շարադրություններից մեկը կարդալով, ասաց… Ինչ-որ բաներ ասաց, որը շատ տպավորեց ինձ: Եվ ես հավատացի նրա խոսքերին։ Եվ կարծեմ առաջին անգամ հենց նա ասաց, որ լրագրող պետք է դառնաս: Ես էլ չեմ հիշում որևէ մասնագիտություն, որ ցանկություն եմ ունեցել դառնալու․ եղել է միայն լրագրողը:

«Իմ կարծիքով՝ դա շատ նեղ անձնական է»

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Երևանում: 2018թ. մայիսի 8: Լուսանկարը՝ Հայկ Բաղդասարյանի/REUTERS

Որո՞նք են Նիկոլ Փաշինյանի բնավորության դրական և բացասական կողմերը։ Ինչպե՞ս են դրանք արտահայտվում։

Կխուսափեմ պատասխանել, որովհետև դա, իմ կարծիքով, շատ նեղ անձնական է: Եվ իմ կարծիքով, նա իր գործունեության ընթացքում այնքան բաց  է և այնքան անկեղծ է, որ նրա բնավորությունը նաև տեսանելի է բոլորին: Կարող եմ միայն ասել, որ նա այդպիսին է նաև տանը:

Ամուսիններով շարունակելո՞ւ եք հայկական բրենդերի հագուստ կրել:

Ես աշխատում եմ տարբեր դիզայներների հետ, որոնք հատուկ ինձ համար զգեստ են ստեղծում: Եվ մեծ հաճույքով եմ կրում դրանք: Բացի այդ, առայժմ չեմ հասցրել, բայց դա նաև կլինի հրապարակային՝ բոլորը կտեսնեն, օրինակ, թե որ զգեստը որ դիզայներական ստուդիան կամ անհատն է ստեղծել: Եվ նույնը՝ նրա դեպքում: Հաճելի է շատ, և շատ հպարտությամբ ես կրում այն, ինչ արտադրվել է քո երկրում:

Ընտանիքի և հատկապես երեխաների հանդեպ վերաբերմունքը, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ և քաղբանտարկյալ էր, և հիմա, երբ իշխանությունում է:

Վատ վերաբերունք չի եղել: Նման դեպք չեմ կարող ասել։ Ամենաբարդ շրջանը եղել է 2008-ից հետո, որի ընթացքում ռեպրեսիաներ էին համատարած: Բայց ես և իմ երեխաները մաքսիմալ հեռու էինք դրանից, չեմ կարող ասել, որ շատ տանջվել ենք դրանից: Սակայն, ընդհանուր մթնոլորտն, իհարկե, շատ ճնշող էր:

Փոփոխությունից հետո կարող էր լինել վերաբերմունքի փոփոխություն ընդունված ձևով, ինչպես իշխանություն կրող անձի, ընտանիքի հանդեպ։ Բայց ես ամեն ինչ անում եմ, որպեսզի նման երևույթները տեղի չունենան:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում