Բնապահպանական բողոքը կարող է փոխակերպվել քաղաքական դիմակայության" />

Հայաստան. վտանգավոր խաղեր

Բնապահպանական բողոքը կարող է փոխակերպվել քաղաքական դիմակայության

Ընթացիկ տարվա ավարտը Հայաստանում բնորոշվում էր հերթական բողոքի ալիքի ձևավորմամբ, որն ուղղված էր երկրի հարավում գտնվող ամենագեղատեսիլ մարզերից մեկում՝ Սյունիքում, Ամուլսարի հանքավայրի շահագործումը սկսելու կառավարության որոշման դեմ:

Բողոքի ակցիան կազմակերպում էր Համահայկական բնապահպանական ճակատը: Այդ ոչ կառավարական կազմակերպության ակտիվիստները պնդում են, որ իրենց շարքերը միավորում են հարյուրավոր «անհանգստացող քաղաքացիների և բնապահպան-մասնագետների», որոնց համար բնության և «հայ ժողովրդի բնակության միջավայրի» պահպանությունը հիմնական առաջնահերթությունն է:

Բնապահպանական ճակատը բողոքի մի քանի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության և բնապահպանության նախարարության շենքերի դիմաց: Ակտիվիստները նաև դիմում են հղել հանրապետության կառավարությանը, նոր վարչապետ Կարեն Կարապետյանին (որի հետ մարդիկ հասունացած սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման հույսեր են կապում), Համաշխարհային բանկի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային ներկայացուցիչներին, մի շարք այլ ներդումային կառույցներին, որոնք մասնակցում են տվյալ նախագծի ֆինանսավորմանը:

Դիմումի մեջ ասվում է, որ ներկա պահին նժարին են դրված, մի կողմից, բավականին վիճելի դիվիդենդներ, որոնք իշխանությունները հույս ունեն ստանալ հանքի շահագործումից 10 տարվա ընթացքում, մյուս կողմից, խմելու և հանքային ջրերի ռազմավարական պաշարներն Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում ամողջությամբ կանհետանան: Կտուժեն բնական-պատմական տեսարժան վայրերը, լանդշաֆտը, բուսական և կենդանական աշխարհը, հանգստավայրերը, որոնցով հայտնի է Սյունիքը, մասնավորապես նույնիսկ երկրի սահմաններից դուրս հայտնի Ջերմուկի հանքային ջրերի առողջարանները, որտեղ բացառիկ հանքային ջրի պաշարներ կան:

1lus_jermuk_beauty

Լսուսանկարը՝ Լուսի Սարգսյանի

Ամուլսարի ոսկու հանքի շուրջ քննարկումները այս կամ այն ինտենսիվությամբ շարունակում են 2006թ-ից, երբ առաջին անգամ հայտնի դարձավ թանկարժեք մետաղների արդյունահանում սկսելու կառավարության պլանների մասին: Ապացուցված և հնարավոր պաշարներն այստեղ կազմում են ոչ ավել, քան 75 տոննա ոսկի և 350 տոննայից ավել արծաթ: Ընդ որում, մեկ տոննա հանքանյութի մեջ ոսկու պարունակությունը 40 գրամից չի անցնում, իսկ այդպիսի հանքավայրերն ամբողջ աշխարհում աղքատ են համարվում և չեն շահագործվում:

Սակայն այդ փաստը չի կանգնեցնում Ամուլսարը շահագործելու կողմնակիցներին, որոնք անտեսում են նույնիսկ այն փաստը, որ շահագործումը բաց եղանակով է իրականացվելու, ինչն, ինչպես կարծում է բնապահպան Ինգա Զարաֆյանն, ամեն ինչից զատ սպառնում է ռադիոակտիվ նյութերի արտանետումներով մթնոլորտն աղտոտել:

2ecologia

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի

Դրա հետ կապված, լրատվամիջոցները հիշեցնում են, որ մետաղների հարստահարիչ արդյունահանումն անդառնալի փոփոխություններ է մտցնում երկրի փխրուն բնապահպանական հաշվեկշռում, որը բնավ հարուստ չէ ոչ ջրային ռեսուրսներով, ոչ բերրի արտերով, ոչ էլ անտառներով: Եվ նախկին «կովկասյան Շվեյցարիայի» տեղում, ինչպես անվանում էին Հայաստանը, շուտով անկենդան անապատ կգոյանա:

Բնապահպանների ահազանգը բավականին հիմնավորված է թվում: Ինչպես ասում է Կանաչների միության նախագահ Հակոբ Մանասարյանը, հանքաարդյունաբերության ճյուղի մասշտաբների ընդլայնման պատճառով  զգալի սպառնալիք է առաջացել երկրի անտառային զանգվածների համար: Փորձագետի խոսքով, հայ բնապահպանները փորձ են արել Անտառային օրենսգրքում դրույթ ամրագրել, որի համաձայն, անտառներով պատված տարածքներում պետք է արգելվի ցանկացած հանքավայրի շահագործում: Սակայն այդ նախաձեռնությունը չի հաջողվել իրականացնել, և այժմ Հայաստանի անտառները «հանքաարդյունաբերության տակ են», այն դեպքում, որ երկրում անտառապատ տարածքները կազմում են ընդամենը 11%:

Ակնհայտ է, որ այսօր բնության պահպանության շահերն ու հանրապետության տնտեսական զարգացման խնդիրներն ակնհայտ հակասում են միմյանց: Ինչպես հայտարարեց բնապահպանության արդեն նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, «բնապահպանների անհանգստությունը շատ կարևոր է, սակայն այսօր Հայաստանը չի կարող չշահագործել հանքերը, քանի որ դրանից է կախված երկրի հետագա զարգացումը»:

Սակայն բնության պահապանները նման մոտեցման հետ համաձայն չեն: Նրանք ուշադրություն են դարձնում այն փաստին, որ մետաղների համաշխարհային շուկայում իրավիճակն այնքան էլ բարեհաջող չէ, իսկ երկրի հանքաարդյունաբերական ձեռնարկություններն աշխատում են եթե ոչ վնասով, ապա ծախսածածկման եզրին:

Իսկ նոր հանքերը տեղակայված են Հայաստանի հենց այն մարզերում, որոնք աչքի են ընկնում հորուստ և բազմազան բնությամբ, բացառիկ հանքային աղբյուրներով, անկրկնելի ֆլորայով և ֆաունայով, պատմական բազմաթիվ հուշարձաններով: Այդ ամենը բարձր ռիսկի գոտում է հիմա: Սակայն  բնապահպանական արդյունավետության համաշխարհային վարկանիշում  Հայաստանը 132 երկրներից 93-րդ տեղն է զբաղեցնում:

3lus_jermuk

Լսուսանկարը՝ Լուսի Սարգսյանի

Եթե հաշվի առնենք, որ գլոբալ տաքացման հետ կապված գործընթացների պատճառով տեղումների քանակը վերջին 100 տարում կրճատվել է 6%-ով, ապա մասնագետների այն պնդումները, թե Հայաստանի որոշ շրջաններ՝ ներառյալ մայրաքաղաքը, արդեն իսկական բնապահպանական աղետ են ապրում, չափազանցված չեն թվում:

Այդ ֆոնին ավելի տագնապալի հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ ոչ հեռու ապագայում երկրում կարող է թերթաքարային նավթի արդյունահանում սկսվել: Այդ մասին խոսվում է արդեն երկու տարուց ավել, սակայն իշխանությունները նման հնարավորությունը բացառում էին:

Սակայն վերջերս Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Ընդլայնված էներգետիկ հետազոտությունների և տեխնոլոգիաների կորպորացիայի (AERTC) կառավարիչ-տնօրեն Սեմ Մ. Սայիդը տեղական  տեղեկատվական գործակալություններից մեկին հայտնել է, որ մինչև այս տարվա վերջ պլանավորվում է ավարտել Հայաստանում թերթաքարի վերամշակման գործարանի կառուցման շուրջ բանակցությունները, իսկ 2 տարվա ընթացքում ծրագրվում է սկսել թերթաքարային արդյունաբերության զարգացման նախագծի իրականացումը:

Նրա խոսքով, Հայաստանը թերթաքարի զգալի պաշարներ ունի, և արդյունահանված էներգակիրները «ոչ միայն կգերազանցեն երկրի պահանջարկն, այլ նաև կարող են արտահանվել»: Մասնավորապես, ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, որը հայկական իշխանությունների գործընկերն է թերթաքարային նավթի և գազի հայտնաբերման աշխատանքներում, երկրի միայն Կոտայքի մարզում  թերթաքարային նավթի  մոտ 44 մլն տոննա պաշար կա:

Բնապահպանների անհանգստությունն է առաջացրել հատկապես այն տեղեկատվությունը, որ թերթաքարային էներգակիրների զգալի պաշարներ են հայտնաբերվել հայտնի լեռնային հանգստավայր Դիլիջանի շրջանում (ըստ նախնական տվյալների՝ 128 մլն տոննա), և տեղեկություններ կան, որ որոնողական աշխատանքներ կարող են սկսվել նաև Սևանա լճի ավազանում, չնայած որ օրենքն արգելում է այդ շրջանում ցանկացած երկրաբանական աշխատանք:

Հայտնի է դարձել նաև, որ «թերթաքարային նախագծի» հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ռուսաստանցի գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որի հետ AERTC-ը «երկխոսության մեջ է նոր էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման ծրագրի իրականացումը սկսելու նպատակով», ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության երկրներում:

Այդ կապակցությամբ նշենք, որ, ըստ բնապահպան Լևոն Գալստյանի, համապատասխան հետազոտություններ են անցկացվել խորհրդային տարիներին, սակայն  այն ժամանակ մասնագետները եկել են այն եզրակացության, որ «այդ հանքերը վտանգավոր են շահագործման համար, և դրանով ամեն ինչ ավարտվել է»:

Բնապահպանները կարծում են, որ Հայաստանի կառավարությունը պետք է հրաժարվի հանքաարդյունաբերական ճյուղի հետագա զարգացումից և դադարեցնի նավթագազային ոլորտում որոնողական աշխատանքները: Սակայն ներդրողները և, առաջին հերթին, արտասահմանյան ներդրողները, նախընտրում են գումար ներդնել հենց հանքաարդյունաբերության ոլորտում՝ սպասելով արագ արդյունքի, ինչն, օրինակ, ի վիճակի չէ ապահովել զբոսաշրջությունը, որի զարգացման անհրաժեշտության մասին երկում շատ է խոսվում, սակայն քիչ բան է արվում:

4-lus_jermuk_kurort

Լսուսանկարը՝ Լուսի Սարգսյանի

Հայտնի է, որ ցանկացած օգտակար հանածոյի պաշար, որն արդյունահանվում է հարստահարիչ տարբերակով, վաղ թե ուշ ավարտվում է, իսկ դրա արդյունահանման վայրում անապատ է մնում: Եվ իրական վտանգ կա, որ երբ ընդերքը սպառվի, կպարզվի, որ երկիրը զրկվել է զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացման վրա հույս դնելու հնարավորությունից, քանի որ շրջակա միջավայրին անդառնալ վնաս է հասցվել:

5-lus_jermuk_people

Լսուսանկարը՝ Լուսի Սարգսյանի

Ստացվում է, որ կարճաժամկետ շահերի և զարգացման երկարաժամկետ թրենդի միջև այսօրվա ընտրությունը հիրավի ռազմավարական է: Ավելի ու ավելի շատ են այն մարդիկ, որոնք դա հասկանում են: Եվ բնապահպանների ներկայիս բողոքի ակցիաները հատկանշական են: Չէ որ ոչ հեռավոր 1988թ-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով հզոր քաղաքական շարժումը, որն արդյունքում հանգեցրեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն, նույնպես սկսվել է8 բնապահպանական ակցիաներից:

Հրապարակվել է 28.12.2016


Կարդալ ավելին JAMnews-ում