Տնտեսությունը՝ ազդեցության լծակ․ ընտրություններից առաջ ՌԴ-ն ճնշում է Հայաստանին
Տնտեսական ճնշում ՌԴ-ից ՀՀ-ի վրա ընտրություններից առաջ
Մայիսի 30-ից Ռուսաստանն արգելելու է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը: 2026 թվականի գարնանից ՌԴ-ն հետևողականորեն ներմուծման սահմանափակումներ է մտցնում հայկական արտադրանքի նկատմամբ: Սկզբում սահմանափակումներ կիրառվեցին «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ, ապա՝ որոշ ալկոհոլային խմիչքների: Ավելի ուշ ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտարարեց Հայաստանից ծաղիկների և դեկորատիվ բույսերի ներմուծման ժամանակավոր արգելքի մասին: «Ռոսսելխոզնադզորը» հայտնեց նաև հայկական բանջարեղենի, մրգերի և որոշ անասնապահական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին:
Որոշումները պաշտոնապես բացատրվում են սանիտարական և բուսասանիտարական խախտումներով: Սակայն Հայաստանի փորձագիտական համայնքը կարծում է, որ Ռուսաստանի տնտեսական ճնշումն ունի քաղաքական դրդապատճառներ: ՌԴ-ն նախկինում նմանատիպ միջոցներ է կիրառել նաև Վրաստանի և Մոլդովայի նկատմամբ:
Բացի այդ, վերջերս Հայաստանը նամակ է ստացել Ռուսաստանից՝ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը կասեցնելու հնարավորության մասին:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այնտեղ ասվում է.
«Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցությունը խորացնելուն ուղղված շարունակական գործնական քայլերը և ՀՀ կառավարության հայտարարած՝ ԵՄ-ին միանալու ձգտումը սպառնում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության բարձր մակարդակի պահպանմանն ու զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նամակը «կուսումնասիրվի, և հայկական կողմը կարձագանքի անհրաժեշտության դեպքում»։
Մեկնաբանելով իրավիճակը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ նմանատիպ խնդիրներ պարբերաբար առաջացել են նաև նախկինում։ Նա ընդգծել է, որ Երևանը մտադիր է լուծել առաջացող խնդիրները «կառուցողական և գործընկերային մթնոլորտում»՝ շարունակելով տնտեսության դիվերսիֆիկացիան և նոր շուկաների որոնումը։
Վերջերս Ռուսաստանից հաճախ են հնչում մտահոգություններ Հայաստանի եվրոպական ուղու վերաբերյալ։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ պահանջում են արագ որոշում կայացնել՝ երկիրը մնո՞ւմ է ՌԴ հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), թե՞՝ լքում է այն Եվրամիություն մտնելու ակնկալիքով։
ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հասկանում են երկու կազմակերպություններին միաժամանակ անդամակցելու անհնարինությունը։ Մշտապես շեշտել են նաև, որ ընտրություն կկատարվի, երբ ժամանակը գա։ Հնչել է բացատրություն, որ երկիրը դեռ պետք է լուծի եվրոպական չափանիշներին համապատասխանության խնդիրը, իսկ դա երկար և բարդ ճանապարհ է։ Հայտարարվել է, որ տնտեսության պատրաստ լինելուն պես հայ ժողովուրդն իր ընտրությունը կկատարի։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Հայաստանը չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն։ Ավելին, նրա խոսքով՝ ՀՀ վրա ճնշում գործադրելու փորձեր կատարողները «փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը»։
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն այսօր անհրաժեշտ է թե՛ Արևելքին, թե՛ Արևմուտքին, թե՛ Հյուսիսին և թե՛ Հարավին։ Նա շեշտել է, որ գերտերությունները պետք է մրցակցեն՝ Հայաստանին լավագույն պայմաններ առաջարկելու համար, իսկ վերջնական որոշումը կայացնելու է ՀՀ ժողովուրդը։
«Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի սպառնում. միլիարդավոր դոլարների ներդրումներ են սպասվում։ Եվ մեր ռազմավարությունը մնում է նույնը։ ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ էլ ենք տեսնում, և էլի ասում եմ՝ մենք առանց նյարդի, գործընկերային, հանդարտ աշխատելու ենք և բոլոր հարցերը լուծենք»,- ասել է Փաշինյանը։
Փորձագիտական շրջանակները վերջին իրադարձությունները կապում են ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևանի վրա ճնշումն ուժեղացնելու Մոսկվայի մտադրության հետ։
Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև ռուսամետ քաղաքական ուժեր։ Ըստ երևույթին, ՌԴ իշխանությունները փորձում են բարձրացնել նրանց վարկանիշը։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ դա ավելի շատ հակառակ ազդեցությունն է ունենում։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Հայաստանի վրա տնտեսական ճնշումը ժամանակավոր բնույթ է կրում։ Միևնույն ժամանակ, կարծում է, որ այն հնարավոր է դարձել ՀՀ-ի՝ ռուսական շուկայից կախվածության պատճառով։ Այն հաղթահարելու համար առաջարկում է շարունակել տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի ներկայիս ընթացքը։
- «Հակված չենք լարվածության»․ Երևանի արձագանքը Մոսկվայից հնչող հայտարարություններին
- «Տիգրանաշենի հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում»․ Փաշինյանի ասուլիսի դրվագները
- Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
Տնտեսական սահմանափակումները՝ քաղաքական ճնշման գործիք
«Մենք պետք է հիշենք 2004-2005 թվականների իրավիճակը, երբ Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո Ռուսաստանը հանկարծ սկսեց խոսել «Բորժոմի» հանքային ջրի մեջ ենթադրյալ վնասակար նյութերի առկայության մասին: Այն ժամանակ հայկական «Ջերմուկը» համարվում էր որակյալ այլընտրանք: Այժմ իրավիճակը հայելային է: Այժմ Հայաստանի իշխանություններն են ձեռնարկում քայլեր, որոնք Մոսկվային դուր չեն գալիս, և «Ջերմուկն» է դառնում «խնդրահարույց»:
Ռուսաստանի նման քաղաքականությունը նորություն չէ Հայաստանի համար: Կարծում եմ, որ այս իրավիճակը կտևի առավելագույնը մի քանի շաբաթ: Խորհրդարանական ընտրություններից հետո Մոսկվան, հավանաբար, կամ աստիճանաբար, կամ անմիջապես կվերացնի հայկական արտադրանքի սահմանափակումները: Հայ արտադրողները պարզապես պետք է մի փոքր սպասեն:
Ըստ իս՝ սահմանափակումներն ուղղակիորեն կապված են ընտրությունների հետ: Ռուսաստանը փորձում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ երկրի ներսում ռուսամետ քաղաքական ուժերին աջակցելու և կառավարությանը քննադատելու համար նրանց լրացուցիչ թեմա տալու համար: Միևնույն ժամանակ, Մոսկվան հայ հանրությանը ցույց է տալիս, որ դժգոհ է Երևանի ներկայիս կուրսից, փորձում է ազդել ՀՀ քաղաքացիների ընտրության վրա»:
Մոսկվայի հետընտրական ծրագիրը
«Ինչո՞ւ եմ խոսում մի քանի շաբաթվա մասին, որովհետև ընտրություններից հետո Հայաստանի վրա ճնշումը շարունակելն այլևս իմաստ չի ունենա Մոսկվայի համար։ Ռուսաստանն ընդամենը կարող է մի քանի օր սպասել որոշակի հետընտրական ցնցումների։ Սակայն, չեմ կարծում, որ դրանք հնարավոր են։ Դա կպահանջի զանգվածային հանրային մոբիլիզացիա, իսկ ռուսամետ քաղաքական ուժերը չունեն նման մարդկային ռեսուրսներ։
Facebook-ում, Instagram-ում կամ TikTok-ում առցանց քարոզարշավները չեն կարող փոխարինել իրական հանրային շարժմանը։ Հետևաբար, երբ Մոսկվան հասկանա, որ նույնիսկ հետընտրական իրավիճակը չի փոխում Հայաստանի ներքին հավասարակշռությունը, այնտեղ, հավանաբար, կանցնեն «պլանի Բ»-ին՝ պահպանել աշխատանքային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ դեպքում ռուսական կողմը կսկսի ձեռնարկել քայլեր, որպեսզի պահպանի Երևանի հետ հարաբերությունների գոնե ներկայիս մակարդակը»։
Ռուսաստանն ինքն է հետաքրքրված հայկական արտադրանքով
«Իրականում Ռուսաստանի համար ձեռնտու չէ երկար ժամանակ պահպանել հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները։ Այո, Հայաստանից ներմուծման ծավալը կրիտիկական մեծ չէ ռուսական տնտեսության համար։ Այնուամենայնիվ, սրանք այն ապրանքներն են, որոնք նիշային են և ունեն կայուն պահանջարկ։ Դրանց թվում են հանքային ջուրը, գյուղատնտեսական արտադրանքը և ալկոհոլային խմիչքները։ Մասնավորապես՝ հայկական կոնյակը, որը շարունակում է լավ դիրքեր գրավել ռուսական շուկայում։
Մենք պետք է հաշվի առնենք նաև Ռուսաստանի առանձնահատկությունները։ Նույնիսկ սահմանափակումների դեպքում այս ապրանքների որոշակի մասը կհայտնվի ՌԴ շուկայում տարբեր ուղիներով, քանի որ պահանջարկը պահպանվում է։ Կրեմլը դա հիանալի հասկանում է։ Մոսկվայում նաև գիտեն, որ երկարատև ճնշումը չի հանգեցնի էական քաղաքական արդյունքների Հայաստանում։ Հետևաբար, նման միջոցները, ամենայն հավանականությամբ, կլինեն ժամանակավոր»։
Նոր շուկաներ և արտադրանքի մրցունակություն
«Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը չունի այլընտրանքային շուկա, որը կարող է նույն ծավալով փոխարինել ռուսական ուղղությունը հայկական արտադրանքի համար։ Սակայն կառավարության խնդիրն է ստեղծել ավելի դիվերսիֆիկացված արտահանման համակարգ և փնտրել նոր շուկաներ հայ արտադրողների համար։
Միևնույն ժամանակ, արտադրողներն իրենք պետք է աշխատեն բարելավել արտադրանքի որակը՝ իրենց ապրանքների մրցունակությունը բարձրացնելու և այլ շուկաների չափանիշներին համապատասխանելու համար։ Ես, առաջին հերթին, նկատի ունեմ եվրոպական շուկան։ Պետք է դիտարկել նաև արաբական երկրները, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն ու Հյուսիսային Ամերիկան։
Օրինակ՝ Կանադան հետաքրքրություն է ցուցաբերել հայկական չրերի ներմուծման հարցում։ Սակայն, գործնականում պարզվել է, որ Հայաստանը դեռևս չի կարողանում ապահովել պահանջվող մատակարարման ծավալները։ Չնայած նրան, որ լուծված են եղել լոգիստիկ խնդիրները և առկա է եղել պահանջարկ՝ հայկական ընկերությունները չեն կարողացել ապահովել շուկայի պահանջարկի նույնիսկ 10%-ը։
Այլ կերպ ասած՝ պոտենցիալ շուկաներ կան, բայց դրանցից օգտվելու համար անհրաժեշտ են համակարգված ջանքեր։ Արտադրողները պետք է բարելավեն իրենց արտադրանքի որակը և ծավալը։ Իսկ իշխանությունները պետք է զարգացնեն արտաքին տնտեսական կապերը։ Երկարաժամկետ հեռանկարում դա Հայաստանին թույլ կտա ավելի վստահ զգալ իրեն և կրիտիկական կախվածություն չունենալ մեկ շուկայից։
Այսօրվա դրությամբ լոգիստիկան մնում է լուրջ խոչընդոտ հայկական արտահանման համար։ Արտաքին առևտրի զգալի մասը կախված է Վերին Լարսի երթուղուց։ Արտահանման հնարավորություններն ընդլայնելու համար կարևոր է, որ Երևանն աշխատի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացման ուղղությամբ։ Սա զգալիորեն կհեշտացնի դեպի եվրոպական շուկա մատակարարումները և կնվազեցնի հայ արտադրողների տրանսպորտային ծախսերը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Տնտեսական ճնշում ՌԴ-ից ՀՀ-ի վրա ընտրություններից առաջ