Բանտարկված ադրբեջանցի ակտիվիստ. «Համաներումը կնպաստի խաղաղության օրակարգի առաջմղմանը»
Բանտում գտնվող ադրբեջանցի ակտիվիստի նամակը
Ադրբեջանցի հասարակական ակտիվիստ Բախտիյար Հաջիևը բանտից JAMnews-ի խմբագրություն ուղարկած նամակում գրում է, որ վերջերս միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր վերլուծական կենտրոնների կողմից ավելի ու ավելի հաճախ է բարձրացվում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը։
Նա ընդգծում է, որ չլուծված խնդիրը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի հետ խաղաղության օրակարգին և «Ազատությանն աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկմանը։ Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են արդարացնել քաղհասարակության առաջնորդների, ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունները՝ նրանց ներկայացնելով որպես իշխանության համար սպառնալիք և խաղաղության գործընթացի խոչընդոտ։
Հասարակական ակտիվիստը կարծում է՝ այս մոտեցումն անհիմն է, մասնավորապես՝ հիմնված է հորինված սպառնալիքի վրա։ Նրա կարծիքով՝ իրական խնդիրներն են միջազգային կազմակերպությունների կողմից հետևողական քննադատությունը, վատթարացող հարաբերությունները, ներքին դժգոհության աճն ու իշխանությունների ինքնամեկուսացման քաղաքականությունը։
Հաջիևն առաջարկում է քաղբանտարկյալներին դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես ռեսուրս և պոտենցիալ գործընկեր։
Նա կարծում է, որ լայն համաներման մասին հրամանագիրը կօգնի պահպանել խաղաղության օրակարգը, նվազեցնել ներքին լարվածությունը և ճանապարհ հարթել այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսին է, օրինակ՝ «Ազատությանն աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկումը։
Հեղինակն ընդգծում է, որ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանում պահվող մի քանի հայ բանտարկյալների արտահանձնումը Հայաստան կարող է դառնալ կարևոր ներդրում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի և խաղաղության գործընթացի առաջմղման գործում։
Ո՞վ է Բախտիյար Հաջիևը
Բախտիյար Հաջիևը հայտնի ադրբեջանցի հասարակական ակտիվիստ է, երիտասարդական շարժման նախկին մասնակից և քաղբանտարկյալ։
2010 և 2020 թվականներին նա մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ որպես անկախ թեկնածու։ Հաջիևը նաև Positive Change երիտասարդական շարժման համահիմնադիրն էր։ 2011-2012 թվականներին նա երկու տարվա ազատազրկման է դատապարտվել զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Միջազգային կազմակերպությունները նկատել են, որ գործն ունի քաղաքական դրդապատճառներ։
2022 թ․-ի դեկտեմբերին Բախտիյար Հաջիևը կրկին ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 221.2.2 (խուլիգանություն՝ հասարակական կարգը պահպանելու պարտականություններ կատարող անձին դիմադրություն ցույց տալով) և 289.1 (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք) հոդվածներով։
2023 թ․-ի հունիսի 16-ին ակտիվիստի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել։ Դրանք հիմնականում կապված են ֆինանսական հարցերի, մասնավորապես՝ դրամաշնորհային միջոցների չարաշահման հետ։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 192-րդ (անօրինական ձեռնարկատիրություն), 193-1 (հանցավոր գործունեությամբ ձեռքբերված գույքի օրինականացում), 206-րդ (մաքսանենգություն) և 320-րդ (կեղծ փաստաթղթերի օգտագործում) հոդվածներով։
Բախտիյար Հաջիևը հերքում է առաջադրված բոլոր մեղադրանքները։ Ակտիվիստը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ձերբակալվել է հրամանով և պատժվել է Ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովին քննադատելու համար։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International-ը և Freedom Now-ն, նրան ճանաչում են որպես քաղբանտարկյալ և պահանջում են ազատ արձակել Հաջիևին։ Հաջիևն ակտիվորեն բարձրաձայնել է քաղհասարակությանը վերաբերող հարցեր և բազմիցս ենթարկվել բռնաճնշումների։
Հաջիևի նամակը
Հրապարակում ենք տեքստն ամբողջությամբ
«Վերջերս տարբեր կազմակերպությունների և հեղինակավոր վերլուծական կենտրոնների կողմից ավելի ու ավելի հաճախ է բարձրացվում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Ընդգծվում է, որ չլուծված խնդիրը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, խաղաղության օրակարգի առաջմղմանը և «Ազատությանն աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկմանը:
Ադրբեջանի իշխանությունները փորձում են արդարացնել քաղաքացիական հասարակության առաջնորդների, ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունները՝ նրանց ներկայացնելով որպես սեփական իշխանության սպառնալիք և Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հնարավոր խոչընդոտ:
Միևնույն ժամանակ, այն պնդումները, որ քաղբանտարկյալները սպառնալիք են իշխանության համար կամ խոչընդոտ են հանդիսանում խաղաղության գործընթացի համար, չեն համապատասխանում իրականությանն ու հիմնված են հորինված սպառնալիքի վրա: Իրական խնդիրները միջազգային կազմակերպությունների հետևողական քննադատական հայտարարություններն են, վատթարացող հարաբերությունները, ներքին դժգոհության աճը և իշխանությունների վարած ինքնամեկուսացման քաղաքականությունը:
Հաշվի առնելով սա՝ իշխանությունները պետք է արմատապես վերանայեն քաղբանտարկյալների հարցի նկատմամբ իրենց մոտեցումը:
Քաղաքացիական հասարակությունում իրենց փորձով, գիտելիքներով, հմտություններով և միջազգային կապերով, ինչպես նաև հասարակական կարծիքի վրա ազդելու կարողությամբ հայտնի անհատներին պետք է դիտարկել ոչ թե որպես սպառնալիք կամ Արևմուտքի հետ առևտրի առարկա, այլ որպես ռեսուրս և պոտենցիալ գործընկերներ։ Ես վստահ եմ, որ քաղբանտարկյալների շրջանում կան բազմաթիվ հայտնի անհատներ, որոնք կարող են դրական ներդրում ունենալ Եվրամիության, ԵԽԽՎ-ի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման, ինչպես նաև 907-րդ հոդվածը չեղարկելու և Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ տանելու գործում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն պլանավորում քաղբանտարկյալներին պահել ցմահ կամ երկար ժամանակով։ Միևնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ միջազգային կազմակերպությունների հայտարարություններում և զեկույցներում հիշատակված հայկական ծագում ունեցող անձինք կարող են ինչ-որ փուլում արտահանձնվել Հայաստան, օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը կարևորագույն նշանակություն ունի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Հաշվի առնելով Հայաստանում ընթացող լարված քարոզարշավն ու արտաքին միջամտության բարձր հավանականությունը՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ Ադրբեջանում պահվող մի քանի հայերի արտահանձնումը Հայաստան կարող է ծառայել որպես փրկօղակ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի և խաղաղության օրակարգի առաջմղման համար։
Եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես դիտարկում են ապագայում այդ անձանց արտահանձնելու հնարավորությունը, հիմա ամենահարմար պահն է դրա համար։
Միևնույն ժամանակ, լայն համաներման մասին հրամանագիրը, որը կտարածվի նաև քաղաքական և կրոնական բանտարկյալների վրա, կարող է օգնել պահպանել խաղաղության օրակարգը, նվազեցնել ներքին դժգոհությունները, դադարեցնել ինքնամեկուսացման քաղաքականությունը և ճանապարհ հարթել բազմաթիվ խնդիրների լուծման, այդ թվում՝ «Ազատությանն աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկման համար»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Բանտում գտնվող ադրբեջանցի ակտիվիստի նամակը