«Ավելի լավ ընկեր չունենք, քան ՀՀ-ն է»․ Իրանի փոխնախագահի այցի արդյունքները
Իրանը փոխնախագահի այցը Հայաստան
Հայաստանում էր Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին։ Թեև նա Երևանում էր Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին մասնակցելու առիթով, սակայն հայ լրագրողները հասցրել են պաշտոնյային հարցեր ուղղել ոչ միայն տնտեսության, այլև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, մասնավորապես՝ հայ-ամերիկյան TRIPP («Թրամփի ուղի») նախագծի վերաբերյալ։
ԶԼՄ ներկայացուցիչները, մասնավորապես՝ հետաքրքրվել են, թե ինչո՞վ է պայմանավորված TRIPP-ի վերաբերյալ Իրանի հոգևոր և աշխարհիկ իշխանության դիրքորոշումների տարբերությունը:
Սեյեդ Համիդ Փուրմոհամադին ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումն արտացոլված է Իրանի ԱԳՆ կողմից տարածվող հայտարարություններում։
«Թեհրանի համար կարևոր է, որ տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը ապահովվի և պահպանվի տարածաշրջանի երկրների միջոցով: Իրանը կընդառաջի ցանկացած քայլի, որը կաջակցի տարածաշրջանի երկրների խաղաղությունը և անվտանգությունը պահպանելուն և ամրապնդելուն»,- հայտարարել է Իրանի փոխնախագահը։
Անդրադառնալով TRIPP-ի հետ կապված իրանական կողմի մտահոգություններին՝ շեշտել է․
«Հայաստանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ համար վստահելի են, և մենք իրենց հետ կապի մեջ ենք»։
Օրեր առաջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդականը TRIPP նախագծի համար կոշտ քննադատել էր Հայաստանի վարչապետին: Ալի Աքբար Վելայեթին Փաշինյանին մեղադրել էր Արևմուտքից կախվածությունն ավելացնելու մեջ, պնդելով, թե դա «բացում է թշնամանքի և լարվածության նոր գլուխ Հարավային Կովկասում»:
Վելայեթիի այս պնդումներին հաջորդել էր Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունը։ Վերջինս ընդգծել էր՝ Հայաստանի իշխանությունները ներկայացրել են երաշխիքներ, որ Իրանի հարևանությամբ TRIPP-ի իրականացումը չի նախատեսում տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժերի տեղակայում և սահմանների փոփոխություն։ Խոսնակն ընդգծել է, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, սակայն ուշադիր կհետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հրապարակայնորեն կհայտնի իր դիրքորոշումը։
Իրանի փոխնախագահի հայտարարությունները, երևանյան այցի օրակարգը
- «Դեմոկրատները TRIPP-ը չեն դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի նախագիծ»․ կարծիք Երևանից
- Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը
- «Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար
Պաշտոնյաները՝ Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացման մասին
Հայաստան մատակարարվող ռուսական գազի հնարավոր թանկացման շուրջ խոսակցությունների ֆոնին լրագրողներն Իրանի փոխնախագահին հարցրել են՝ Իրանը կարո՞ղ է ավելի շատ գազ արտահանել ՀՀ, ե՞րբ և ի՞նչ գնով։
«Իրանը աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է, և եթե ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը, որ արտահանենք»։
Սեյեդ Համիդ Փուրմոհամադին տեղեկացրել է, որ հայ-իրանական համագործակցության շրջանակում ստեղծված հանձնաժողովներից մեկը զբաղվում է էներգետիկ ոլորտով։ Ասում է՝ քննարկվել են էներգետիկ ոլորտի համագործակցության բոլոր ուղղությունները՝ գազ, դիզվառելիք, ինչպես նաև ՀՀ երկարաժամկետ էներգետիկ ապահովմանն առնչվող հարցերը:
Իրանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով համանախահագում է նիստը, միայն հայտնել է․
«Չկա մի ոլորտ, որի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերված չլինեք։ Ոլորտները՝ առևտուր, էներգետիկ ոլորտ, այդ թվում՝ գազ, էլեկտրաէներգիա, գործարքի նախագծի իրականացման ընդլայնման հնարավորություններ, ենթակառուցվածքների փոխկապակցում և զարգացում»։
Իրան-Հայաստան գազատարը տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու կարողություն ունի, սակայն օգտագործում է իր կարողության չնչին մասը։
Գազատարի հայկական հատվածը 2015 թվականից գտնվում է ռուսական «Գազպրոմ» ընկերության վերահսկողության ներքո։ Փորձագետները նշում են, որ առանց ՌԴ համաձայնության իրանական գազի արտահանման ծավալների ավելացում հնարավոր չէ։ Այս տարվա հուլիսին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում հայկական կողմը սահմանափակումներ չունի, իսկ իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։
Միջակառավարական նիստի արդյունքները
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին հետևյալ ոլորտներում՝
- էներգետիկայի,
- տրանսպորտի,
- առևտրի,
- ենթակառուցվածքների,
- գործարար կապերի։
Իր խոսքում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը, և համոզմունք հայտնել, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը «նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար»։
ՀՀ փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Կապակցվածության թեման՝ երկկողմ հանդիպումների օրակարգում
Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը շեշտել է, որ հաջողությամբ իրականացվող համատեղ ծրագրերը նպաստում են «երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»։ Փոխգործակցության ընդլայնման կարևորությունը շեշտադրել է նաև իրանցի պաշտոնյան։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր»,- հայտնել են աշխատակազմից։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։
Հաղորդուղիների բացման թեման առաջնային է եղել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Անդրադարձ է արվել նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար առկա «մեծ ներուժին», երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար առկա «ամուր հիմքերին»։
Էլ ո՞ւմ հետ է հանդիպել Իրանի փոխնախագահը
Երևանյան այցի շրջանակներում Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին հանդիպել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։
Նշվում է, որ Փուրմոհամմադին կարևորել է երկու երկրների միջև կրթամշակութային կապերի ամրապնդումը, պատմական ժառանգության պահպանումն ու զարգացումը: Կողմերը քննարկել են՝
- երկու երկրներում անցկացվող գրքի փառատոներին փոխադարձ մասնակցությունը, ժամանակակից գրականության թարգմանությունները, շնորհանդեսների կազմակերպումը,
- ֆիլմարտադրությանը և կինոփառատոների անցկացմանն ուղղված ծրագրերի խթանումը,
- երիտասարդության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը։
«Անդրադարձ է եղել նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման խթանմանը: Կարևորվել են պարսկերեն ուսումնական նյութերի մշակումը, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումն ու փորձի փոխանակումը»։
Իրանի փոխնախագահը Երևանի Կապույտ մզկիթում մասնակցել է Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսին, հանդիպել իրանահայ անվանի կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ։
Հայաստանում Իրանի դեսպանության փոխանցմամբ՝ Փուրմոհամմադին նաև առաջարկել է երկու երկրների իրանագետների, հետազոտողների և արվեստագետների մասնակցությամբ ՀՀ-ում հիմնել «Շահնամեի տուն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Իրանը փոխնախագահի այցը Հայաստան