«Քաղաքական դիակների հավաք». Փաշինյանն ու թիմակիցները՝ ընդդիմության համախմբման մասին
Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ հանրային քրեական հետապնդումից և նրա կալանավորումից հետո Հայաստանի մի շարք ընդդիմադիր ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ընդդիմադիրները հայտնել են համազգային համախմբման ձևավորման մասին՝ որպես առաջնային նպատակ հռչակելով նաև «Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը»:
«Ինչ լինում է, դուրս են գալիս, ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը: Հակապետական մարդիկ են, ովքեր ընդամենն ուզում են իրենց թալանածը ծածկել»,- ընդդիմադիրների համախմբմանն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ուշադրություն է հրավիրել հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերի վրա և կարծիք հայտնել, թե պատկերն ամբողջական կլիներ, եթե «ներառված լիներ նաև Կտրիճ Ներսիսյանը [Ամենայն հայոց կաթողիկոսի աշխարհիկ անունը]»:
Կեսկատակ-կեսլուրջ ասել է, թե այդ դեպքում ընդդիմադիր ձևաչափի հաջողության շանսերը կտրուկ կմեծանային:
«Ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր ՀՀ-ում հեղափոխություն և իշխանափոխություն իրականացնել: Բայց հիմա էլ ուշ չէ: Եթե այսօր իրիկուն այդ ֆորմատով հավաքվեն, կարծում եմ՝ կիրակի իրիկուն արդեն հեղափոխություն կլինի»,- արձագանքելով հնարավոր իշխանափոխության մասին հարցին՝ հեգնել է վարչապետը:
Սամվել Կարապետյանը ձերբակալվել է նոյեմբերի 4-ին: Կարապետյանի և ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀԷՑ-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 64 միլիարդ 585 միլիոն դրամ։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանից հայտնել են, որ Կարապետյանը մեկ ամսով կալանավորվել է:
Ի՞նչ են հայտարարել ընդդիմադիրները, Փաշինյանի և իշխող ուժի ներկայացուցիչների գնահատականները
- «ՀՀ-ին անկախությունից զրկելու հերթական փորձն է նախապատրաստվում»․ Փաշինյան
- «Ամեն ինչ չափ ու սահման ունի»․ Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին
- Ընտրակաշառք՝ աշխատավարձի և բարեգործության քողի ներքո․ «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող վարույթը
Ընդդիմության 4 առաջնային նպատակները. հայտարարություն
Նախօրեին Սամվել Կարապետյանի տանն էին հավաքել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Քննարկումից հետո նրա եղբորորդին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հրապարակել է այդ ուժերի համատեղ հայտարարությունը:
«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդդիմադիրների փոխանցմամբ՝ իրենք համախմբվել են 4 առաջնային նպատակի շուրջ: Դրանք են՝
- «Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
- խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
- ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
- ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։
Քաղաքական ուժերը համաձայնել են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բացի այդ, բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ են արել մաս կազմել «ազգային համախմբմանը»:
Հայտարարությունը ստորագրել են 12 ուժեր։ Այդ թվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, «Ապրելու երկիր», «Ժառանգություն» կուսակցությունները։
«Ով փաստարկ չունի, ասում է՝ Ալիևը, Ադրբեջանը». Փաշինյան
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է պնդումներին, թե Կարապետյանի կալանքով ինքը փորձում է ընդդիմադիրներին համոզել նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու հարցում: Շեշտել է՝ ինքը խոսել է համոզելու, այլ ոչ թե ճնշելու մասին:
Նրա դիտարկմամբ՝ իշխող ուժն ուզում է, որ ՀՀ ժողովուրդը իր պատմության մեջ առաջին անգամ ազատ քվեով ընդունի Սահմանադրություն, իսկ ընդդիմությունը հայտարարոււմ է, թե դա «Ալիևի Սահմանադրությունն է».
«Իրենց նպատակն է պետությունը նսեմացնել, ինքնիշխանությունը, ժողովրդի իշխանության ուժը նսեմացնել, որպեսզի Հայաստանում պետություն չլինի»:
Վարչապետը շեշտել է՝ ինքը պայքարում է կարծրացած երևույթների դեմ, օրինակ՝ այն երևույթի դեմ, որ «պսևդոէլիտաներն իրենց նեղ շահերից ելնելով կեղծ հայրենասիրական թեզերով են սնում հանրությանը»: Դա, ըստ նրա, ընդդիմության գործելակերպն է:
«Ով փաստարկ չունի, ասում է՝ Ալիևը, Ադրբեջանը: Պետք է ուշադրություն դարձնենք, որ աշխարհին նայում ենք ուրիշի՝ երբեմն արևմուտքի, արևելքի, երբեմն հյուսիսի, հարավի առաջարկած ձևակերպումներով և հայացքներով»,- նկատել է նա:
Ասում է՝ մեր սեփական հայացքով պետք է նայենք աշխարհին ու մեր պետությանը և կենտրոնացած լինենք մեր պետության շահերի վրա: Փաշինյանի համոզմամբ՝ այդ շահերի առանցքն ու ողնաշարը պետության հարատևությունն է:
Լրագրողները վարչապետից հետաքրքրվել են նաև Սամվել Կարապետյանի և ևս 35 անձի դեմ հարուցված քրեական հետապնդման մասին, որն ընդդիմությունը քաղաքական է համարում: Նա արձագանքել է՝ նշելով, որ գնահատական տալուց առաջ պետք է պատասխանել մեկ հարցի՝ այդ 64 մլրդ դրամ չարաշահումը եղե՞լ է, թե՞ չի եղել:
«Եթե ՀՀ իրավապահ մարմինները գնացել են այդպիսի քայլի՝ իմանալով, որ լինելու են նման շահարկումներ, նշանակում է՝ որոշակի ծանրակշիռ հիմք ունեն այս գործընթացն սկսելու»:
Վարչապետի գնահատմամբ՝ տասնյակ տարիներ Հայաստանում թալանը քողարկելու համար «գործածվում են ինչ-որ տերմիններ՝ Ադրբեջան, Ալիև, Թուրքիա և այլն»:
«եթե 64 մլրդ-ի չարաշահումը եղել է, ուրեմն ի՞նչ, ՀՀ իրավապահ համակարգն ի՞նչ պիտի անի: Պիտի գործի, և դա ժողովրդի պահանջն է: Ի՞նչ կապ ունի այդտեղ Ալիևը, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել»,- հարցրել է նա:
Ըստ Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակը շատ լավ առիթ է ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև մյուս, «այսպես կոչված, բարերարների ծագումնաբանությունը» մինչև վերջ հասկանալու համար:
«Քաղաքական դիակները հավաքվել են». իշխող ուժի գնահատականները
Ընդդիմադիր ուժերի համախմբման մասին հայտարարությանն արձագանքել են նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։
«Սամվել Կարապետյանի տանը՝ Կարապետյանները, ՀՀԿ-ն, Քոչարյանը, ԼՏՊ-ն ու մնացածը ձևավորեցին «Սերժի ճակատը»՝ ՍՃ։ Շնորհավորում եմ գործընկերներիս այս փայլուն ձեռքբերման համար»,- գրել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
Իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանն էլ նշել է, որ անհամբերությամբ սպասում է ընդդիմության փողոցային շարժման մեկնարկին.
«Սամվել Կարապետյանի տանը քաղաքական պանիխիդա է, հավաքվել են քաղաքական դիակները։ Անհամբեր սպասում եմ, թե երբ են փողոցային շարժում սկսելու ու իշխանություն զավթելու, իրենց ասելով 50+ տոկոս ձայն ունեն»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Լիլիթ Մինասյանի բնորոշմամբ՝ ընդդիմությունը նվեր է իշխող ուժի համար։
«Գրողը տանի, դուք նվեր եք, նվեր… Կոչ եմ անում բոլոր երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, Հայաստանում «ծնված» տղաներին և աղջիկներին. մտեք մեծ քաղաքականություն, զբաղվեք ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ: Սենց չի լինի»,- նշել է պատգամավորը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին