Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը
TRIPP համաձայնագրի վավերացում Հայաստանում
Հայաստանի խորհրդարանն այսօր վավերացրեց «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախաստորագրվել էր 2026 թվականի մայիսի 26-ին, ստորագրվել՝ ընդամենը օրեր անց։
Վավերացման որոշումն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ միայն իշխող ուժի ձայներով։
TRIPP կամ «Թրամփի ուղի» նախագիծը ենթադրում է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում։ Նախատեսվում է, որ ապաշրջափակման արդյունքում Հայաստանը հնարավորություն կունենա Ադրբեջանի տարածքով կապվել երրորդ երկրների հետ, ինչպես նաև ապահովել ներպետական երկաթուղային հաղորդակցություն։ Ադրբեջանն, իր հերթին, Հայաստանի տարածքով կապ կստանա Նախիջևանի հետ։
Խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե էր հայտարարել, որ կողմ չի քվեարկելու որոշմանը։ Ընդդիմադիրների գնահատմամբ՝ փաստաթղթում արտացոլված են Նահանգների, Ադրբեջանի, բայց ոչ Հայաստանի շահերը։
Իշխող ուժը, սակայն, վստահեցնում է՝ նախագծի շնորհիվ փոխադարձության սկզբունքով ապաշրջափակվելու են տարածաշրջանի հաղորդակցության ուղիները, Հայաստանը տնտեսական օգուտներ է ստանալու։ Ընդդիմությունը հակադարձում է՝ ասելով, թե հնարավոր օգուտների վերաբերյալ ֆինանսական հաշվարկներ չկան:
Քվեարկությանը նախօրեին TRIPP-ի թեման բուռն քննարկվեց ԱԺ-ում։ Հարցի քննարկման համար ընդամենը 2 ժամ էր հատկացվել։ Այնուհանդերձ, ընդդիմադիրները հասցրել էին բարձրացնել իրենց մտահոգությունները, ինչպես նաև առաջարկներով հանդես գալ։
Խորհրդարանական քննարկումների մանրամասները, նախապատմություն
- TRIPP+ հիմնադրամի ղեկավարը Հայաստանում է․ ի՞նչ է քննարկվել
- «Թրամփի ուղի». Արևմուտքի պատրա՞նք, թե՞ Հարավային Կովկասի պատմության շրջադարձային պահ
- «Թրամփի ուղին» ներդրումային նոր հնարավորություններ կբացի»․ հայ տնտեսագետ
- «TRIPP-ը կդառնա Հայաստանի անվտանգության նոր բաղադրիչ». Փաշինյան
Ընդդիմադիր պատգամավորը՝ ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի շահերի մասին
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հիշեցրել է՝ TRIPP-ի շուրջ ստորագրվել է երկկողմ՝ ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթ։ Միևնույն ժամանակ նկատել է՝ բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը՝ Ադրբեջանը:
«Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել ՀՀ շահը»,- պնդել է նա։
Գրիգորյանը նաև փորձել է պատասխանել հարցին, թե նախագծի գործարկման արդյունքում ի՞նչ է ստանում կողմերից յուրաքանչյուրը։ Ըստ նրա՝
- «ԱՄՆ-ն ստանում է ուղիղ ներկայացվածություն տարածաշրջանում, այն լինելու է Իրանի հետ սահմանին՝ կարևոր ստրատեգիական հատվածում,
- Ադրբեջանն ստանում է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև կապ, մի բան, որ եղել է Ադրբեջանի ու Թուրքիայի երազանքը»։
Գրիգորյանը, սակայն, դժվարացել է պատասխանել «ի՞նչ է ստանում Հայաստանը» հարցին։
«Այդ հարցին, երբ փորձում է քաղաքական մեծամասնությունը պատասխանել, առաջին բառը լինում է ապաշրջափակում։ Հողի վրա որևէ կոմունիկացիա չի ապաշրջափակվում, որևէ սահման չի բացվում: Այսինքն՝ առաջին պատասխանն արդեն իսկ սխալ է»,- շեշտել է նա։
TRIPP-ի գործարկում VS խաղաղության պայմանագրի ստորագրում. պե՞տք է լինեն փոխկապակցված
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մտահոգություն է հայտնել, թե «Թրամփի ուղու» գործարկումից հետո Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրման մոտիվացիա չունենալ․
«Այն, ինչ Ադրբեջանը ստանալու էր, ստանում է, իսկ այն, ինչ մենք պետք է ստանանք՝ խաղաղությունը, կարող է ձգվել 5 տարի, 10 տարի։ Ո՞րն է նրա մոտիվացիան Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, եթե ինքն արդեն իր ճանապարհը դեպի Նախիջևան ստանում է»։
Պաշտոնական Երևանը չի բացառում, որ «Թրամփի ուղին» կարող է գործարկվել նաև նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ երկու կարևոր հարցերը բաժանելու կարիք չկա։
Խորհրդարանական քննարկումների ժամանակ Կարապետյանն առաջարկել է TRIPP-ի վերաբերյալ համաձայնությունը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է՝ շատ լավ է, որ TRIPP-ի իրագործումը կախված չէ խաղաղության պայմանագրի ստորագրումից։
«Եթե պնդում եք, որ այս նախագիծը չիրագործենք, որպեսզի ստանանք խաղաղության պայմանագիր, սա նշանակում է՝ մտածում եք, թե TRIPP-ը վատ ծրագիր է Հայաստանի համար։ TRIPP-ն ամենևին վատ ծրագիր չէ ՀՀ համար»,- նշել է նա։
Իշխող ուժի ներկայացուցչի խոսքով՝ շատ լավ է, որ խաղաղության մյուս բաղադրիչները, որոնք արտահայտվում են գետնի վրա, կարող են իրագործվել և կախված չեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից։ «Խաղաղության բաղադրիչ» ասելով Ռուբինյանը նկատի ունի ինչպես «Թրամփի ուղու» գործարկումը, այնպես էլ երկու երկրների միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
«Թրամփի ուղին»․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ
ՀՀ հարավով անցնող «Թրամփի ուղին» (TRIPP) Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություն է։ Բացի այդ, այդ ճանապարհն Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ։
Նախատեսվում է, որ ՀՀ տարածքով անցնող շուրջ 43 կիլոմետրանոց հատվածը կներառի երկաթուղի, էներգետիկ ենթակառուցվածքներ և թվային կապուղիներ։
Հայաստանի տարածքում նախատեսվող բոլոր ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Վավերացված շրջանակային համաձայնագրով նախատեսվում է ստեղծել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն», որն էլ զբաղվելու է նախագծի մշակմամբ և իրականացմամբ։
Սկզբնական ժամանակահատվածում զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ավարտից հետո՝ համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգելու պարագայում Հայաստանի բաժնեմասը կդառնա 49%։
Հայաստանը «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը» տրամադրելու է TRIPP-ի համապատասխան տարածքներում 49 տարվա բացառիկ հողօգտագործման, զարգացման և անհրաժեշտ այլ իրավունքներ։
Հայտնի է, որ պետք է համաձայնեցվեն և ընդունվեն նաև ընկերության կանոնադրությունն ու բաժնետերերի համաձայնագիրը։
Կան նաև դեռևս անպատասխան մնացած հարցեր։ Օրինակ՝ հայտնի չէ, թե սահմանային անցման ինչ մեխանիզմներով են Նախիջևանի տարածքով տեղափոխվելու ՀՀ քաղաքացիները։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածքով գնալ-գալու տեխնիկական մանրամասները համաձայնեցված չեն։
«Դետալները դեռ պետք է քննարկվեն Ադրբեջանի հետ, դա Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների տիրույթ է»,- նախօրեին հայտարարել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
TRIPP համաձայնագրի վավերացում Հայաստանում