«Թրաֆիքյոր կարող է դառնալ և սեփական ամուսինը». թրաֆիքինգի դեմ պայաքարը Հայաստանում
Թրաֆիքինգի դեմ պայաքարը ՀՀ-ում․ անձնական պատմություն
Վերջին 4 տարիներին Հայաստանում արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի 109 դեպք։ Միջազգային զեկույցները փաստում են՝ Հայաստանը ջանքեր է գործադրում թրաֆիքինգի կանխարգելման, աջակցության ծրագրերի ուղղությամբ, միևնույն ժամանակ իրավական տիրույթում կառավարության հակաթրաֆիքինգային ջանքերը նվազել են։
Անձնական պատմություններով, թվերով ու փաստերով ներկայացնում ենք Հայաստանում թրաֆիքինգի ծավալները։ Նաև պատմում ենք թրաֆիքինգի զոհերին աջակցություն ցուցաբերող ծրագրերի մասին, որոնք կյանքեր են փոխում։
- «Հիմա եմ հասկանում՝ ինչ է կատարվել ինձ հետ»․ թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում
- Հայ տղամարդու «նոր» կերպարը․ պատկերացումները Հայաստանում փոխվում են
- Հայաստանում ընտանեկան բռնության մասին ահազանգերն ավելացել են․ ո՞րն է պատճառը
Անկողնում՝ թշնամու հետ
«Ամուսինս անձամբ էր ինձ տանում նշված հասցեներով, իր մեքենայով։ Սպասում մեքենայի մեջ, մինչև որ ես կավարտեի աշխատանքս և դուրս կգայի։ Հենց մեքենայի մեջ խլում էր ողջ գումարը ու տանում հաջորդ հասցեով»,– հիշում է Ա․–ն (կնոջ խնդրանքով անունը չենք նշում)։
Աշխատանք ասելով` Ա․–ն նկատի ունի սեռական ծառայությունները։ Հիշում է՝ ամուսինը երբեք աշխատասիրությամբ աչքի չի ընկել։ Ամուսնությունից հետո կնոջ նախկին փորձառությունը սեքս ծառայությունների ոլորտում ամուսնու համար ընդունելի զբաղմունք դարձավ՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Իրավիճակը չփոխվեց անգամ երեխայի ծնունդից հետո։
Ընտանեկան կյանքը վերածվել էր դժողքի ոչ միայն կնոջ համար, այլև նորածին երեխայի․
«Ես օր ու գիշեր աշխատում էի, բայց իրավունք չունեի բողոքելու կամ հրաժարվելու։ Ու խոսքը միայն սեռական շահագործման մասին չէր, այլև ֆիզիկական, հոգեբանական ու տնտեսական բռնության, վախի ու տագնապի, որի մեջ անցնում էր կյանքս։ Նա կարող էր ինձ ծեծել կամ վերջին բառերով հայհոյել բոլորի ներկայությամբ, հետո փաղաքշել, սիրաշահել, ասել, որ մենք ընտանիք ենք։ Բայց հաջորդ օրը կրկին տանում էր այլ տղամարդկանց մոտ։ Ես օրերով չէի տեսնում երեխայիս: Նրա դաստիարակությամբ զբաղվում էին տարբեր օտար կանայք»,– ասում է Ա․–ն։
Տարիներ տևած շահագործումը, ֆիզիկական և հոգեկան ծայրահեղ հյուծվածությունը, ծեծն ու հոգեկան տառապանքը, բայց առավելապես երեխայի համար տագնապը ստիպեցին կնոջը փախչել ամուսնուց և դիմել ոստիկանություն։
Ա․–ն ասում է՝ իր համար այդ որոշումը անասելի դժվար էր․
«Ոստիկանությունում հիմնականում տղամարդիկ են աշխատում։ Ու շատ ծանր էր ինձ հետ կատարվածի՝ բռնության, սեռական ծառայությունների բոլոր մանրամասների մասին տղամարդկանց մոտ խոսելը, պատմելը։ Տպավորություն էր, որ նորից եմ վերապրում ամեն ինչ։ Ամոթից խեղդվում էի, բայց հասկանում էի, որ ես այլ ելք չունեմ»։
Հենց ոստիկանության ուղղորդմամբ Ա․–ն հայտնվեց նաև թրաֆիքինգի ենթարկված անձանց ապաստարանում, որտեղ բնակվում է մինչ օրս։
Կացարանի բնակիչները և նրանք, ովքեր փրկիչ չեն
Թրաֆիքինգի ենթարկված անձանց կացարանի և աջակցության մյուս ծառայությունները մատուցում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ 2025 թ․–ին կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորել է ՀԿ-ի կողմից գործարկվող ապաստարանը, և ծառայությունների մատուցումն առավել կայուն դարձնելու նպատակով առաջին անգամ ՀԿ-ի հետ կնքել եռամյա պայմանագիր։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» սոցիալական աշխատող Մանե Չոբանյանը կացարանում բազմաթիվ նման պատմությունների ականատես է եղել։ Խոստովանում է՝ սոցիալական աշխատանքի մեջ ամենաբարդը ընկալումն է, որ դու փրկիչ չես․
«Սոցիալական աշխատանքի սկզբունքներից մեկը շահառույի փոխարեն որոշում չկայացնելն է։ Ես՝ որպես մասնագետ, կարող եմ միայն ուղղորդել, ցույց տալ հնարավոր լուծումները, ուղիները, բայց երբեք չեմ կարող ազդել նրանց կայացրած որոշումների վրա։ Դա, իհարկե, երբեմն շատ բարդ է, որովհետև դու չես կարող վստահ լինել, որ ամիսներ, գուցե և տարի տված աշխատանքդ ապարդյուն չի լինի, և մարդը, կացարանից դուրս գալուց հետո, կրկին չի ընտրի նույն ճանապարհը, չի հավատա բռնարարին կամ թրաֆիքյորին և չի հայտնվի նույն իրավիճակում»։
Այնուամենայնիվ, անգամ այդ դեպքում ոչ մի օր չի փոշմանել այն ջանքի համար, որ ներդնում է այստեղ հայտնված մարդկանց կյանքը փոխելու համար։
Մանեն ասում է՝ վախի և սպառնալիքի մթնոլորտը երբեմն ստիպում են մարդկանց մնալ այնպիսի իրավիճակում, երբ իրենց թրաֆիքինգի են ենթարկում։ Սա առավել նկատելի է աշխատանքային շահագործման դեպքում, երբ առանց այդ էլ խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց համար հրամայական է դառնում աշխատանքը կորցնելու վախը։
«Եթե սեռական շահագործման ենթարկված անձանց հետ աշխատանքի ընթացքում առավելապես փորձում ենք ցույց տալ միջավայրը փոխելու, այլ աշխատանքի անցնելու հնարավորություններ, ապա աշխատանքային շահագործման դեպքում առաջնային է դառնում մարդկանց իրենց իրավունքների մասին իրազեկելը»,– բացատրում է նա։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը»՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ֆինանսավորմամբ ոչ միայն կացարանի հնարավորություն է տալիս, այլև տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հոգեբանական, առողջապահական և այլն։ Մանեի խոսքով՝ կացարանի բնակիչներից շատերն են ասում՝ եթե իմանային աջակցության այս ծրագրերի մասին, ավելի շուտ կփորձեին դուրս գալ այդ իրավիճակից։
Եթե դուք կամ որևէ մեկը հայտնվել է իրավիճակում, որը նման է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, զանգահարեք «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ» +37477991280 հեռախոսահամարով։
ԱՄՆ պետդեպարտամենտն ու ԳՐԵՏԱ–ն փաստում են՝ կառավարության ջանքերը բավարար չեն
Աշխարհում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ամենամյա զեկույց է հրապարակում ԱՄՆ պետդեպարտամենտը։ Չորս տարին մեկ պարբերականությամբ խնդրին անդրադառնում է նաև Եվրոպայի խորհրդի GRETA փորձագիտական խումբը։
Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ այս երկու առանցքային զեկույցներն էլ նշում են՝ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն նշանակալի աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ:
ԱՄՆ պետդեպարտամենտն իր զեկույցում դրական է գնահատել այն, որ կառավարությունը մշակել է 2026–2028 թթ. ազգային գործողությունների նոր ծրագիր, որը, սակայն, դեռ չի ընդունվել։ Միևնույն ժամանակ զեկույցը անբավարար է գնահատում երկրի ջանքերը իրավական ոլորտում։
Քրեական օրենսգրքի 188 և 189 հոդվածներով քրեականացվում է թե՛ սեռական, թե՛ աշխատանքային թրաֆիքինգը։ Այդ հոդվածներով նախատեսվում է 5-ից 8 տարվա ազատազրկում, եթե զոհը չափահաս է, և 7-ից 10-ը տարվա ազատազրկում, եթե զոհն անչափահաս է։ Սա համարելով բավականին լուրջ պատիժ, ԱՄՆ պետդեպը ներկայացնում է վիճակագրություն, որն արտացոլում է պատժի մեխանիզմների անարդյունավետությունը․
«2025 թ.–ին իրավապահ մարմինները քննել են թրաֆիքինգի 29 գործ, որից 15-ը սեռական թրաֆիքինգի գործեր էին, 13-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի, իսկ 1-ով թրաֆիքինգի տեսակը հստակեցված չէր։ Պատկան մարմինները շարունակել են քննությունները նախորդ տարիներին հարուցված 11-ը գործերով։ Քրեական հետապնդում է իրականացվել թրաֆիքինգի մեջ ենթադրաբար մեղադրվող 8 անձի նկատմամբ, որից 7-ը մեղադրվում էին սեռական թրաֆիքինգի, իսկ 1-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի մեջ։ Դատարանի կողմից 2025 թ. դատապարտվել է 2 հոգի՝ սեռական թրաֆիքինգի համար։ Դատարանի կողմից թրաֆիքինգում մեղավոր ճանաչվածներից մեկը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, իսկ մյուսը՝ մահացել է նախքան դատապարտումը»։
Եվրոպայի խորհրդի GRETA փորձագիտական խումբը՝ ամփոփելով նախորդ 4 տարիները, նշում է, որ 2022–2025 թթ․մարդկանց թրաֆիքինգի զոհի կարգավիճակ է ստացել ընդհանուր առմամբ 90 անձ։
Նրանց թվում եղել է 22 երեխա։ Նույնացված զոհերի մեծ մասը կանայք են եղել, բացառությամբ 2025 թ․–ի։ Թրաֆիքինգի ենթարկվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են եղել՝ 84 %։ Նրանք հիմնականում թրաֆիքինգի են ենթարկվել երկրի ներսում, իսկ ավելի փոքր թվով դեպքերում՝ Ռուսաստանի Դաշնությունում։
«Ոստիկանության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունների առնչությամբ հարուցված քրեական վարույթների թիվն աճել է՝ 2022 թ՝ 8, 2023 թ․՝ 19, 2024 թ․՝ 36, իսկ 2025 թ․՝ 27։ Քննությունների մեծ մասը վերաբերել է աշխատանքային շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգին։ Մի քանի քննություն առնչվել է երեխաների՝ սեռական շահագործմանը, հարկադիր մուրացկանությանը կամ տնային ստրկությանը։ 2022–2025 թթ․ մարդկանց թրաֆիքինգի համար կայացվել է ընդհանուր առմամբ 11 մեղադրական դատավճիռ, որոնցից 6-ը՝ աշխատանքային շահագործման, իսկ 5-ը՝ սեռական շահագործման դեպքերով»,– ասվում է ԵԽ զեկույցում։
GRETA-ն, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս արձանագրում է, որ Հայաստանում թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման իրավունքի իրացումը շարունակում է անարդյունավետ մնալ։ Մինչ օրս քրեական վարույթների շրջանակում ոչ մի զոհի փոխհատուցում չի տրամադրվել։ Իսկ պետության կողմից միանվագ դրամական աջակցություն տրամադրվում է տարեկան առավելագույնը 7 մարդու։
Պետության ջանքերի մասին՝ բավարար և անբավարար
Հայաստանում 2025 թ.–ին նույնացվել է 59 զոհ, մինչդեռ 2024 թ. զոհերի թիվը 25 էր։ Նույնացված 59 զոհերից 16-ը եղել են սեռական թրաֆիքինգի զոհ, իսկ 43-ը՝ հարկադիր աշխատանքի։ Նրանցից 18 կանայք են եղել, 27-ը՝ տղամարդ, 7-ը՝ տղա, 7-ը՝ աղջիկ։ Կառավարությունը 4 տարվա մեջ առաջին անգամ նույնացրել է 14 օտարերկրացի զոհի։
2026 թ․ առաջին 9 ամիսներին 19 մարդ է ճանաչվել թրաֆիքինգի զոհ։ Նրանցից 15–ը կանայք են, 4–ը՝ տղամարդիկ։ Նրանցից 3–ը երեխաներ են, որոնցից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Երեխաներից 2–ը սեռական շահագործման են ենթարկվել, 3–րդը՝ աշխատանքային։ 9 մարդու դեպքում խոսքը սեռական շահագործման մասին է, մյուսների դեպքում՝ աշխատանքային։ Թրաֆիքինգի ենթարկվածներից 7–ը Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ են եղել։
«Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում թե՛ ռազմավարական ծրագրերը, թե՛ ծառայությունները պլանավորում և իրականացնում է թրաֆիքինգի ենթարկված անձի անվտանգության և ապահովության առաջնահերթությամբ։ Այսինքն՝ ծառայությունների տրամադրումը պայմանավորված կամ սահմանափակված չէ դեպքի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներով։ Սա նշանակում է, որ պետության կողմից ըստ կարիքի աջակցություն ցուցաբերվում է և՛ զոհերին, և՛ հավանական զոհերին»,– ասում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Գենդերային հիմնահարցերի քաղաքականության վարչության պետ Արմինե Ալավերդյանը։
2026 թ․-ին, ինչպես և նախորդ տարի, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 32 մլն դրամ։
Այս գումարի շրջանակում թրաֆիքինգի ենթարկված անձանց կամ հավանական զոհերին տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝
- կացարանի տրամադրում,
- բնաիրային օգնություն,
- անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում,
- բժշկական օգնություն և սպասարկում,
- հոգեբանական օգնություն,
- խորհրդատվական օգնություն,
- իրավաբանական օգնություն,
- խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում,
- թարգմանչական ծառայությունների մատուցում,
- հիմնական կրթության ապահովում,
- միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում,
- աշխատանքի տեղավորմանն աջակցում,
- անվտանգ վերադարձի կազմակերպում,
- միանվագ դրամական աջակցություն՝ 250.000 դրամի սահմանում։
Արմինե Ալավերդյանն ասում է՝ որքան ավելանում են թրաֆիքինգի դեպքերը, այդքան մեծանում է կացարանի պահանջարկը։
Այստեղ մարդիկ կարող են մնալ մինչև մեկ տարի, բայց, կարիքի դեպքում, նրանց հավելյալ ժամանակ է տրամադրվում․
«Պետության կողմից տրամադրվող աջակցությունը բավականին ճկուն է։ Մենք ունեցել ենք դեպք, երբ անձը կացարանում բնակվելիս խախտել է համակեցության բոլոր կանոնները, դուրս եկել, բայց մեկ շաբաթ հետո ցանկություն է հայտնել վերադառնալու։ Բնականաբար՝ վերադարձել է։ Երբեմն, առաջնային խորհրդատվություն ստանալուց հետո մարդը հրաժարվում է աջակցության մյուս տեսակներից։ Սեռական շահագործման դեպքում, բնականաբար, բժշկական ծառայություններն են ավելի կարևոր դառնում։ Միանվագ դրամական աջակցություն այս տարի ստացել է միայն մեկ մարդ»։
Ճակատագիր, որը հնարավոր եղավ փրկել
Օտարերկրացի Ս․–ն Հայաստանում հայտնվեց ընկերների խորհրդով։ Շատ կարճ ժամանակում աշխատանքի ընդունվեց՝ չկասկածելով, թե ինչ է իրեն սպասվում հետագա ամիսների ընթացքում։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» սոցիալական աշխատող Մանե Չոբանյանը հիշում է՝ այն, ինչ տեղի էր ունեցել Ս․–ի հետ սարսափ ֆիլմ էր հիշեցնում․
«Մարդը հայերեն ոչ մի բառ չգիտեր։ Հայտնվել էր իր համար օտար երկրում, օտար մշակույթում, որտեղ իրենից վերցրել էին բոլոր փաստաթղթերը, սահմանափակել տեղաշարժը, բռնացել, ստիպել աշխատել, իսկ հետո հրաժարվել վճարել կատարված աշխատանքի համար։ Երբ Ս․–ն հայտնվեց կացարանում, պարզ էր, որ առաջնայինը նրա համար անվտանգ միջավայրի ապահովումն էր և աշխատանքային իրավունքների վերականգնումը»։
Ս․–ն կացարանում ապրեց մեկ տարուց ավելի։ Այդ ընթացքում ինքնուրույն հայերեն գրել–կարդալ սովորեց, կացարանի մյուս բնակիչներին ծանոթացրեց իր ազգային խոհանոցին։ Մանեն ասում է՝ չնայած բոլոր փորձություններին, Ս․–ն չէր կորցրել մարդկանց նկատմամբ հավատն ու ապրելու ցանկությունը։ Այսօր էլ կացարանի աշխատակիցների օգնությամբ հրաշալի աշխատանք ունի՝ ադմինիստրատիվ ոլորտում։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» սոցիալական աշխատողն ասում է՝ նրա պատմությունը միայն անհատական հաղթանակի մասին չէ, այլ թիրախային ու նպատակային ծառայությունների, որ կարող են ճակատագրեր փոխել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թրաֆիքինգի դեմ պայաքարը ՀՀ-ում․ անձնական պատմություն