140.000 ադրբեջանցի պետք է վերադառնար Ղարաբաղ, բայց միայն 40.000-ն է հետ եկել. ինչո՞ւ
Ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանը կնշի (Ղարաբաղյան երկրորդ պատերազմում) Հաղթանակի օրը։ Այս տարվա վերջին կավարտվի «Մեծ վերադարձ» առաջին պետական ծրագիրը։ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչև հոկտեմբերի 1-ը Ղարաբաղ է վերադարձել 40.520 նախկին բնակիչ։
Այնուամենայնիվ, ծրագիրը նախատեսում էր 140.000 մարդու վերադարձ մինչև 2026 թվականի ավարտը։ Ծրագրի ավարտից երեք ամիս առաջ դրա ընդամենը 29%-ն է կատարվել։
2025 թ.-ին JAMnews-ն արդեն գրել էր նախկին բնակիչների վերադարձի հետ կապված սոցիալական խնդիրների մասին։ Այս անգամ որոշել ենք ուսումնասիրել մեկ այլ թեմա.
Ինչո՞ւ առաջին պետական ծրագրի ավարտին հնարավոր չեղավ իրականացնել նույնիսկ ծրագրի մեկ երրորդը, և ի՞նչ կարող է փոխել երկրորդ ծրագիրը։
Ի՞նչ են ասում թվերը
| Ցուցանիշ | Նախանշված արդյունք | Վերջին տվյալները |
|---|---|---|
| Վերադարձած անձանց թիվը | Մոտ 140.000 | 40.520 (հոկտեմբերի 1-ի դրությամբ) |
| Բնակեցված տարածքների թիվը | 100 | 47 (սեպտեմբերի դրությամբ) |
| Ականազերծված տարածք | 280.000 հեկտար | Մոտ 300.000 հեկտար (սեպտեմբերի դրությամբ) |
| Ֆինանսավորում | Ավելի քան 32 միլիարդ մանաթ (մոտ 18.8 միլիարդ դոլար) | Ավելի քան 25 միլիարդ մանաթ (մոտ 14.7 միլիարդ դոլար) (2020–2026 թթ.) |
Աղբյուրներ՝ կառավարության պաշտոնական պորտալ, Պետական վիճակագրական կոմիտե, վարչապետ Ալի Ասադով, Ականազերծման գործակալություն (ANAMA):
Ղարաբաղից հեռացած անձանց վերադարձի տեմպերն աճում են: Տարեսկզբին նրանց թիվը կազմել է 26.014: Այսպիսով, առաջին ինը ամիսների ընթացքում տարածաշրջան է վերադարձել ևս 14.506 մարդ: Եթե ներկայիս տեմպը շարունակվի, մնացած մոտավորապես 100.000 մարդկանց վերադարձի համար կպահանջվի ևս 5 տարի:
Հաճախ մեջբերվող 96.068 թիվն արտացոլում է տարածաշրջանում ապրող, աշխատող և սովորող մարդկանց ընդհանուր թիվը։ Հունվարին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ տարեվերջին այնտեղ կարող է ապրել և աշխատել «120, 130, 140 հազար մարդ»։ Սակայն նա խոստովանեց, որ ծրագրի իրականացումը կարող է ձգձգվել.
«Ես բոլորին ասել եմ, և հիմա կարող եմ հանրությանն էլ ասել, որ երբեք որևէ ժամկետ չեմ սահմանել»։
Այնուամենայնիվ, ծրագրում որպես թիրախային նպատակին հասնելու վերջաժամկետ է սահմանված 2026 թ.-ի ավարտը։
«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ռազիմ Ամիրասլանլին Meydan TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 47 բնակավայրերից մոտ 20-ը վերականգնվել են, իսկ մնացածը գյուղեր են, որոնք 2023 թ.-ին են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նույն թվականին տարածաշրջանի մոտավորապես 100.000-120.000 հայ բնակիչներ ստիպված եղան բռնի տեղահանվել իրենց տներից և վերաբնակեցվել Հայաստանում։ Երևանը տեղի ունեցածն անվանում է էթնիկ զտում, մինչդեռ Բաքուն ասում է, որ հայերը կարող են վերադառնալ՝ ընդունելով Ադրբեջանի քաղաքացիություն։
Ինչի՞ վրա է ծախսվել գումարը
Սեպտեմբերին վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ 2020 թվականից ի վեր շրջանի վերակառուցման համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 25 միլիարդ մանաթ (մոտ 14.7 միլիարդ դոլար)։
Այս տարվա բյուջեով հատկացվել է 3.5 միլիարդ մանաթ (մոտ 2.06 միլիարդ դոլար)։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ առաջին ինը ամիսների ընթացքում ծախսվել է 1.76 միլիարդ մանաթ (մոտ 1.035 միլիարդ դոլար)։ Այս գումարից 891.8 միլիոն մանաթը (մոտ 524.6 միլիոն դոլար) հատկացվել է ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ ևս 692.5 միլիոն մանաթը (մոտ 407.35 միլիոն դոլար) հատկացվել է կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում իրականացվող նախագծերին։
Իլհամ Ալիևը հատկացման գործընթացը պարզաբանել է հետևյալ կերպ. «Ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը զուգընթաց, բնականաբար, ավելի շատ միջոցներ կհատկացվեն բնակարանաշինությանը»։
Այնուամենայնիվ, քննադատները որպես հիմնական խնդիր մատնանշում են թափանցիկության բացակայությունը։ Meydan TV-ի տվյալներով՝ ծրագրի իրականացման վերաբերյալ հրապարակային տարեկան հաշվետվություններ չկան, իսկ կայքը, որը պատասխանատու է մոնիթորինգի համար, չի հրապարակում դրա արդյունքները։
Որքանո՞վ են ականները հանդիսանում նշանակալի խոչընդոտ
Ըստ Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA)՝ միայն հոկտեմբերին հայտնաբերվել է 979 ական և 3070 չպայթած զինամթերք։ Գործակալությունը նախկինում հայտնել էր, որ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլ ականներից և պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից վիրավորվել է 421 մարդ, որոնցից 72-ը մահացել են։ Սեպտեմբերին ANAMA-ի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել էր, որ ջրհեղեղների հետևանքով գրանցվել են նաև արդեն մաքրված տարածքներ ականների վերադարձի դեպքեր։
Լրագրող Թափդիգ Ֆարհադօղլուն «Կովկասյան հանգույց»-ին ասել է, որ տարածքի զգալի մասը կարող է բնակելի դառնալ 10-15 տարվա ընթացքում, մինչդեռ լեռնային տարածքների լիարժեք վերականգնումը կարող է տևել 20-30 տարի։
Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին, սակայն, կարծում է, որ ադրբեջանցիների վերադարձի ներկայիս տեմպն արդարացված է։ Նույն պարբերականի հետ զրույցում նա վստահություն է հայտնել պաշտոնական վիճակագրության նկատմամբ և նշել, որ բնակչության փուլային վերադարձը հեշտացնում է անվտանգության մոնիթորինգը։ Նա պնդել է, որ պետք չէ կենտրոնանալ ժամանակացույցի և քանակական ցուցանիշների վրա, քանի որ «սրանք խորհրդային հնգամյա ծրագրեր չեն»։
Բնակարան կա, իսկ աշխատա՞նք
Վերլուծաբան Թողրուլ Ջուվարլին «Կովկասյան հանգույց» պարբերականին ասել է, որ անհնար է լիարժեք գյուղատնտեսություն իրականացնել 12 հեկտար հողատարածքի վրա, որը ներառում է նաև տունը։ Միևնույն ժամանակ, խոշոր գյուղատնտեսական ձեռնարկությունները ցածր վարձատրվող աշխատատեղեր են առաջարկում տեղի բնակիչներին։ Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին հիշեցնում է, որ 1990-ականների վերջին կայացած գյուղատնտեսական բարեփոխումների ժամանակ ներքին տեղահանված անձինք հողամասեր չեն ստացել։ Նա կարծում է, որ նրանց այժմ պետք է հողի մասնավոր սեփականության իրավունք տրվի։
«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ռազիմ Ամիրասլանլին Meydan TV-ին տված հարցազրույցում իրավիճակը նկարագրել է հետևյալ կերպ.
«Գյուղում բնակարան կա, բայց աշխատանք չկա, հողօգտագործման հնարավորությունները սահմանափակ են, բիզնես սկսելը դժվար է, և մարդիկ ստիպված են կրկին մեկնել այլ քաղաքներ՝ գումար վաստակելու: Սա դժվար է լիարժեք Մեծ վերադարձ անվանել»։
Աղդերեի շրջանի Վենգլի գյուղում վերաբնակեցված Այթաջ Ամիրջանլին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ տասը ամիս է, ինչ հաշվառված է զբաղվածության ծառայությունում: Նրա խոսքով՝ գյուղում ո՛չ դեղատուն կա, ո՛չ էլ հասարակական տրանսպորտ: Նա պնդում է, որ «բնակիչների մեծ մասն արդեն փակում է իր տան դռները և մեկնում Բաքու»:
Նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, իր հերթին, բնակիչներին խորհուրդ է տվել բողոքները ներկայացնել անմիջապես պետական պաշտոնյաներին, այլ ոչ թե ձայնագրել և տարածել իրենց բողոքների տեսանյութերը:
Հոկտեմբերի 30-ին պատգամավոր Ագիլ Աբբասը խորհրդարանում հայտարարել է, որ Աղդամի մոտ 10.000 բնիկներ գրանցված չեն քաղաքում և չունեն ներքին տեղահանվածի կարգավիճակ: Խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան հակադարձել է.
«Այդքան մեծ աշխատանք է կատարվել, ինչո՞ւ եք այն սևացնում»:
Ի՞նչ կարող է փոխել երկրորդ ծրագիրը
Սեպտեմբերին վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ երկրորդ ծրագրի նախագիծը ներկայացվել է նախագահին։ Նա նաև առաջին ծրագրի իրականացումը հաջողված անվանեց։ Նոր ծրագրի նպատակները դեռևս չեն հրապարակվել։ Ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ 2027-2030 թվականներին տարածաշրջանի վերականգնմանը նախատեսվում է ուղղել 13,2 միլիարդ մանաթ (մոտ 7,765 միլիարդ դոլար)։
Հուլիսին հաստատված փոփոխությունների համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով հրաժարվում է պետության կողմից տրամադրվող բնակարաններից, զրկվում է ներքին տեղահանված անձի կարգավիճակից։ Իրավապաշտպանները սա համարում են կամավոր վերադարձի սկզբունքի խախտում, մինչդեռ կառավարամետ լրատվամիջոցները փոփոխությունները ներկայացնում են որպես սեփականության իրավունքի վերականգնում։
Ռազիմ Ամիրասլանլին կոչ է անում առաջին ծրագրի լիարժեք աուդիտ անցկացնել։ Նրա կարծիքով՝ նոր ծրագիրը պետք է հաշվի առնի ոչ թե կառուցված շենքերի քանակը, այլ աշխատող քաղաքացիների և հողամասեր ստացած ընտանիքների քանակը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ