Հայաստանի նոր խորհրդարանը. իշխող ուժի տեխնոլոգիաներն ու ընդդիմության փակուղին
Ուժերի հարաբերակցությունը ՀՀ նոր խորհրդարանում
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամրապնդեցին քաղաքական համակարգի շարունակականությունը, բայց նաև բացահայտեցին խորը կառուցվածքային հակասություններ։ Քաղաքական պայքարը, ի վերջո, բերեց կոշտ բևեռացման։ Ազգային ժողովը կարող է բարձրագույն օրենսդիր մարմնից վերածվել փոխադարձ մեղադրանքների հարթակի՝ նմանվելով հեռուստատեսային շոուի։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությունն այն մասին, թե ինչպիսի խորհրդարան է ձևավորվել, ինչ մարտավարություն են ընտրել իշխանությունն ու ընդդիմությունը երկրի առջև ծառացած մարտահրավերների ֆոնին։
- Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը՝ առանց կաթողիկոսի. կարևոր դրվագներ
- «Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց
- «Ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ, խաչմերուկ է»․ Փաշինյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությունը
Իշխանության ազդեցության սահմաններն ու ընդդիմության մասնատվածությունը
«Նոր գումարման Ազգային ժողովը պահպանել է նախորդի հիմնական առանձնահատկությունը։ Սահմանադրությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տալիս է գրեթե ցանկացած որոշում միանձնյա կայացնելու լիազորություն, բացառությամբ սահմանադրական մեծամասնություն պահանջող հարցերի։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանն» ու գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը», ունեն հասանելիություն լրատվամիջոցներին, հանրային ելույթների հարթակ և հնարավորություն՝ բացահայտ արտահայտելու իրենց դիրքորոշումները, քննադատելու կառավարությանը։ Սակայն նրանք չունեն քաղաքականության վրա ազդելու իրական լծակներ։
Ընդդիմադիր ուժերի միջև տեղի է ունեցել ռոտացիա։ Եթե 8-րդ գումարման խորհրդարանում Քոչարյանի խմբակցությունը մանդատների քանակով ամենամեծն էր, նոր գումարման ԱԺ-ում այն դարձել է փոքրաքանակ։ Երկու ընդդիմադիր ուժերը դժվար թե կարողանան ձևավորել կայուն կոալիցիա ծագումնային տարբերության և գործնականում միավորվելու իմաստի բացակայության պատճառով։ Իսկ եթե անգամ ընդդիմադիրները միավորվեն, չեն ստանա նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար անհրաժեշտ 50%-ը։ Նրանց երկարաժամկետ դաշինքն անհնար է։ Երրորդ հանրապետության 35 տարվա պատմության մեջ ընդդիմության միավորման հաջող օրինակ չի եղել, ուստի փոքրամասնությունը կարող է միայն փորձել պահպանել բողոքի մակարդակը»։
Իշխանության լեգիտիմությունը, ընտրազանգվածը և խոսույթները
«Իշխող կուսակցությունը հենվում է հսկայական արտաքին լեգիտիմության վրա։ Այդ շարքում է ընտրությունների արդյունքների ճանաչումը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Նիկոլ Փաշինյանին չճանաչելու գործընթացի բացակայությունը։ Ավելին, իշխող կուսակցությունը հենվում է բյուրոկրատական ապարատի աջակցության վրա։ Ընդ որում, բյուրոկրատական լեգիտիմությունն անգամ ամրապնդվել է։ Բյուրոկրատական ապարատը հստակ հասկանում է իր կապը քաղաքական ղեկավարության հետ և հասկանում է էլիտայի փոփոխության ռիսկերը։
Միևնույն ժամանակ, կառավարության սոցիալական լեգիտիմությունը մնում է ցածր։ Քոչարյանը ստացել է 10%՝ չնայած բարձր հակառեյթինգին։ Իսկ Կարապետյանի կուսակցությունը, որը շտապ ստեղծվել էր վեց ամսվա ընթացքում՝ իր առաջնորդի ձերբակալության պայմաններում, ստացել է ձայների մեկ քառորդը։ Եվ դա տեղի է ունեցել ընտրություններին բարձր մասնակցության ֆոնին։ Սա հասարակության դժգոհության մակարդակի լուրջ ազդանշան է։
Գիտակցելով, որ աջակցությունը չի աճի՝ իշխանությունը հրաժարվեց գաղափարախոսական պայքարից։ Քաղտեխնոլոգները պրագմատիկորեն մերժեցին «բարձր պահանջներ ունեցող երևանյան մտավորականությանը», որը միևնույն է չէր քվեարկելու իշխող կուսակցության օգտին։ Հետևաբար, իշխող ուժը կենտրոնացավ իր թիրախային լսարանի վրա։ Դա փոքր քաղաքների և գյուղերի բնակիչներն էին՝ ցածր կրթական մակարդակով, երիտասարդները և ավագ սերունդը։
Վերահսկողությունը պահպանելու համար կառավարությունն օգտագործեց հետևյալ խոսույթները.
«Խաղաղությունն ընդդեմ պատերազմի»՝ հակառակորդներին հայտարարելով «պատերազմի կուսակցություն», վախեցնելով ընտրողներին այն մտքով, որ ընդդիմության հաղթանակը սեպտեմբերին կհանգեցնի նոր պատերազմի։
«Դեմոկրատներն ընդդեմ օլիգարխների»՝ ընտրողաբար հանցագործ հռչակելով գործարարներին։ Իշխանություններին աջակցող խոշոր ձեռնարկատերերին անվանում են պարզապես «խոշոր գործարարներ», մինչդեռ ցանկացած հարուստ հակառակորդ ավտոմատ կերպով պիտակավորվում է որպես «օլիգարխ»։
«Դեպի Եվրոպա՝ ընդդեմ Ռուսաստանի»՝ համակարգված կերպով ամբողջ ընդդիմությանը կապելով Մոսկվայի հետ (Կարապետյանին, քանի որ նա եկել է Ռուսաստանից, Գագիկ Ծառուկյանին՝ Բելառուսում ունեցած կապերի համար, Քոչարյանին, քանի որ նա Պուտինի ընկերն է)։
Վերջապես, հնչեցրեց մեղադրանք, որ ընդդիմությանը ձայն տված բոլոր ընտրողները քվեարկել են գումարի դիմաց։ Բևեռացման այս նոր մակարդակն իր տեղը գտավ նաև իշխանության պաշտոնական հայտարարություններում»։
Իշխանությունների աշխարհաքաղաքական դիսկուրսը և փակուղին, որի մեջ հայտնվել է ընդդիմությունը
«Հակառուսական դիսկուրսի վրա իշխանությունների կատարած խաղադրույքն աշխատեց, քանի որ դրա համար բերրի հող էր նախապատրաստվել։ Այս տրամադրությունները վաղուց էին ձևավորվել։ Իսկ 2020 և 2023 թվականների իրադարձությունները [ղարաբաղյան պատերազմը, որին հաջորդեց Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության բռնի տեղահանությունը] միայն ամրապնդեցին դրանք։
Միևնույն ժամանակ, «եվրոպական» բառը հետխորհրդային տարածքում ավանդաբար ընկալվում է որպես որակի և զարգացման հոմանիշ (եվրոպական առողջապահություն, եվրոպական կրթություն, եվրոպական մեքենաներ և այլն)։ Եվ սա լավագույնս օգտագործվում է իշխանության կողմից։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի կողմից Փաշինյանին հանրային աջակցություն հայտնելը նույնպես էական դեր խաղաց։
Ընդդիմությունը հայտնվեց ռազմավարական փակուղու մեջ․ չէր կարող իրեն թույլ տալ բացահայտ հայտարարել՝ «մենք Ռուսաստանի կողմից ենք» կամ «մենք Ռուսաստանի կողմից չենք»։ Չկարողանալով հերքել հասարակության մեջ տարածված աշխարհաքաղաքական միտումը՝ ընդդիմադիր կուսակցությունները ստիպված էին հարմարվել և կրկնել, որ իրենք «ևս կողմ են Եվրոպայի հետ համագործակցությանը, բայց ավելի հավասարակշռված քաղաքականություն վարելու պայմանով»։
Կենցաղային մակարդակի կոմպրոմատներ՝ այլընտրանքային ծրագրերի փոխարեն
«Բովանդակային աշխատանքի փոխարեն ընդդիմությունը խորանում է բացասական դիսկուրսի և անձնական քննարկումների մեջ. մեկը կաշառակեր է, մյուսը՝ կնոջն է լավ աշխատանքի դասավորել, ով ինչ բնակարան է գնել, ով նախկինում «նույնիսկ լվացքի մեքենա չի ունեցել»։ Հայ հասարակությունը լավ գիտակցում է բյուրոկրատիայի ուղղահայաց կառուցվածքը, նման «բացահայտումներն» անարդյունավետ են։ Այս բոլոր սկանդալային պոռթկումները ձեռնտու են միայն իշխանություններին․ նրանց թույլ են տալիս հայտարարել. «Տեսեք, թե ում հետ ենք ստիպված աշխատել խորհրդարանում»։
Կառուցողական այլընտրանք կարող է լինել առողջապահոության, տնտեսության, ռազմական և այլ ոլորտներում կոնկրետ ծրագրերի մշակումը։ Նույնիսկ եթե իշխող մեծամասնությունը մերժի, օրինակ՝ 15 նման մասնագիտական ծրագրեր անընդմեջ, լուծումների համակարգային առաջարկը, ի վերջո, կսկսի ընդունվել հասարակության կողմից։ Այժմ քաղաքականությունը փոխարինվում է թրոլինգով»։
Իրական խնդիրներ․ անվտանգություն, էներգետիկա, մերիտոկրատիա
«Մինչ խորհրդարանը զբաղված է թրոլինգով, երկրի հիմնական խնդիրները մնում են չլուծված։ Մասնավորապես՝ անվտանգության հարցը։
Սխալ է Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը խաղաղություն անվանելը: Իսկական խաղաղությունը տեսանելի է սահմանին, օրինակ՝ Վրաստանի հետ. ազատ անցում նույնականացման քարտով, տրանսպորտային միջանցքների, եվրոպացի դիտորդների, զինված անվտանգության և բետոնե պատերի բացակայություն, չնայած սահմանի 30%-ը դեռ սահմանազատված չէ: Իսկ Բաքվի հետ հարաբերությունները կարելի է գնահատել ընդամենը որպես «ոչ պատերազմական»: Դա խաղաղությունից հեռու հասկացություն է: Միաժամանակ Ադրբեջանը կատաղի տեմպով զինվում է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմաօդային:
Անհրաժեշտ է կայացնել արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումներ և գտնել էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու ուղիներ։
Մեր բոլոր հարևանների հետ (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան և Իրան) հարաբերությունները ճգնաժամային են։ Հայ-ամերիկյան TRIPP [«Թրամփի ուղի»] նախագծի առաջխաղացումը դեռևս մնում է հռետորաբանության մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ, նոր հզորությունների գործարկումը (օրինակ՝ Հրազդանում արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծումը) կարող է էլեկտրաէներգիայի լուրջ պակաս առաջացնել, ինչը չի կարող հաղթահարվել միայն ամերիկյան մոդուլային ատոմակայանների մասին խոսակցություններով։
Firebird AI-ի արհեստական բանականության գործարանը բացվել է Հայաստանի Հրազդան քաղաքում։ Այն տարածաշրջանի ամենամեծ տվյալների կենտրոնն է։ Ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը հագեցած է առաջատար համաշխարհային արտադրող NVIDIA-ի սարքավորումներով։ Որոշ փորձագետներ կարծում են, որ գործարանի բացումը կարող է ծանրաբեռնվածություն առաջացնել երկրի էներգետիկ համակարգի համար։
Այս մարտահրավերները հաղթահարելու համար պետությանն անհրաժեշտ է բանիմաց և գործունյա աշխատակազմ։
Երկրում պետք է հաստատվի մերիտոկրատիա՝ նշանակումները պետք է կատարվեն կոմպետենտության հիման վրա, այլ ոչ թե հավատարմությունից ելնելով։
Վերջապես, կարևոր է, որ երկրի ղեկավարությունը վերանայի իր վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր բնակիչների վարչապետն է, այլ ոչ թե միայն «Քաղաքացիական պայմանագրի» ընտրողների։ Այն դիսկուրսը, որ կառավարության դեմ քվեարկելը հնարավոր էր միայն գումարի դիմաց, կեղծ է և թունավոր։ Իշխանությունն այժմ բախվում է իրական խնդիրների հսկայական շերտի, և առաջին բանը, որ պետք է անի, այդ ծավալը լիարժեք պատկերացնելն է ու գործի անցնելը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ուժերի հարաբերակցությունը ՀՀ նոր խորհրդարանում